Հայաստանի իշխանությունը ներկայումս հույս չի ներշնչում

- in Կեղտոտ լվացք
143
Serzh Aliyev

Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը հայտարարել է, որ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կրճատվել է նավթի գնի անկման հետևանքով: Այս իրողությունը պատկերացնելու համար, իհարկե, Ալիևի հայտարարությանը սպասել պետք չէր, քանի որ ինքնին պարզ է՝ նավթագազային դոլարների վրա հենված Ադրբեջանի համար նավթի գնանկումը պետք է բերեր այդպիսի կորստի:

Ալիևը, ընդամենը, ստիպված է արձանագրել իրականությունը: Իրականություն, որը Երևանում, օրինակ, պետք է արձանագրել ոգևորությամբ, նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը հենց նավթագազային ռեսուրսների շնորհիվ է կարողացել մի կողմից միլիարդների սպառազինություն կուտակել և ռազմական դիվանագիտությունը, ասել է թե ռազմական շանտաժի քաղաքականությունը առաջ տանել՝ հասցնելով Ապրիլյան պատերազմի, մյուս կողմից առաջ տանել խավիարային դիվանագիտությունը, որը ևս, պետք է խոստովանել, որ անպտուղ չի անցել:

Վերջիվերջո հարկ է հիշել, որ Ապրիլյան պատերազմին նախորդել էր Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որը ըստ էության հանդիսացավ Ալիևի ապրիլյան ագրեսիայի դե ֆակտո փաստաթղթային «ուղեցույցը»: Իսկ ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որտեղ ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն առավելագույնս է ծաղկել: Սա իհարկե չի նշանակում, որ Հայաստանն իր հերթին արել է հնարավորն ու անհնարը, և միայն նավթի ու գազի շնորհիվ է, որ Ադրբեջանը հնարավոր է դարձրել իր համար ինչ-ինչ բաներ: Իրականում Ադրբեջանի նավթագազային առավելությունը «բացարձակ» չէ և Հայաստանը չնայած այդպիսի ռեսուրսների բացակայությանը, ուներ և ունի իր ռեսուրսները, որոնք ոչ միայն պակաս չեն նավթից ու գազից, այլ ժամանակակից աշխարհի ներկայիս զարգացումների տրամաբանության մեջ նույնիսկ ավելին են:

Հայաստանն ունի մարդկային, տեխնոլոգիական, քաղաքակրթական ահռելի ռեսուրս, որի զարգացման համար պետք է ժողովրդավարություն, պետք է ազատականություն, որի զարգացման համար պետք է օրենքի և իրավունքի միջավայր, ազատ մրցակցություն և անկախ արդարադատություն, կոռուպցիայից զերծ կառավարում: Բաներ, որոնք գետնի տակից չէ, որ պետք է դուրս բերել և չկան, այլ բաներ, որոնք պետք է լինեն մարդկային մտքի և կամքի արգասիք: Դրա շնորհիվ Հայաստանը ոչ միայն կարող էր համարժեք կերպով հակազդել Ադրբեջանի նավթին ու գազին, այլ պարզապես Ադրբեջանը կունենար Հայաստանի հետևից հասնելու կարիք: Սակայն այդ ռեսուրսով հարուստ Հայաստանում իշխանությունը վարել և վարում է մի քաղաքականություն, որը այդ ռեսուրսը պարզապես վերածում է մսխվող ժամանակի, աճող արտագաղթի, փոխարենը՝ այդպիսի ռեսուրսով հարուստ Հայաստանը ընկնում է նավթագազային այն կախվածության մեջ, ինչի մեջ է Ադրբեջանը:

Պարզապես, եթե Ադրբեջանը կախված է իր նավթից ու գազից՝ Հայաստանը իր իշխանության վարած երկու տասնամյակների քաղաքականության հետևանքով կախված է ռուսական նավթից ու գազից: Եվ նավթի ու գազի գնանկումը խնդիրներ առաջացնելով ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի տնտեսության համար, խնդիրների առաջ է դրել նաև Հայաստանի տնտեսությունը՝ կրճատելով Ռուսաստանից եկող տրանսֆերտները, որոնք Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչն են: Այսպիսով՝ չզարգացնելով իր ռեսուրսները, Հայաստանն այսօր հայտնվել է մի հակասական վիճակում, երբ մի կողմից ցանկալի է նավթի և գազի գնանկումը, քանի որ դա Ադրբեջանի համար բերում է տնտեսական կարողությունների կորստի, իսկ Ադրբեջանը Հայաստանին պատերազմով սպառնացող պետություն է, մյուս կողմից, սակայն, Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ օրինակ՝ 2017 թվականի համար նախատեսված ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճի հույսը նաև նավթի գների բարձրացումն ու Ռուսաստանի տնտեսության վիճակի որոշակի բարելավումն է: Ընդ որում, նավթի գները կարող են բարձրանալ, և այս դեպքում, եթե Հայաստանը լինելու է դրանից Ռուսաստանի ստանալիք օգուտի այսպես ասած՝ որոշակի տոկոսների հույսին, ապա Ադրբեջանը նավթի գների բարձրացման դեպքում կմնա իր նավթի ու գազի գնաճից ստացվող ուղղակի օգուտի հույսին:

Այս պարադոքսալ վիճակից Հայաստանն իհարկե այժմ էլ ունի ելք, և երբեք ուշ չէ կատարել համակարգային փոփոխություններ, որոնք Հայաստանի տնտեսությունը դուրս կբերեն Ռուսաստանի նավթի և գազի կախվածությունից, նավթագազային տոկոսների հույսից: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը ներկայումս հույս չի ներշնչում, թե ունի նման փոփոխությունների կամք, ցանկություն և համարձակություն, և կարող է Հայաստանի տնտեսական իրապես լուրջ և խորքային դիվերսիֆիկացիայի համար մի պահ ստորադասել սեփական իշխանական շահերը: