Հայաստանում գազի գնի նվազեցման գործոններից մեկն էլ նշվում էր ակնկալիքը, թե կնվազի նաև Վրաստանի տարածքով տարանցման գինը

- in Տնտեսական
130
Gaz

Վրաստանն ու «Գազպրոմ»-ը համաձայնության են եկել Հայաստան գազի տարանցման պայմանների շուրջ: Վրաստանը «Գազպրոմ»-ից պահանջում էր տարանցվող գազի 10 տոկոսը թողնել Վրաստանում, իսկ «Գազպրոմ»-ը ակնկալում էր տարանցման համար պարզապես փող վճարել:

Հունվարի 1-ին լրացավ նախկին պայմանավորվածության ժամկետը, ըստ որի՝ «Գազպրոմ»-ը հենց 10 տոկոսն էր թողնում Վրաստանին: Թե ինչու էր Մոսկվան ցանկանում փոխել պայմանն ու վճարել ոչ թե գազով, այլ փողով՝ դժվար է ասել, սակայն քանի որ «Գազպրոմ»-ը Ռուսաստանի համար քաղաքական գործիք է, ապա կասկած չկա, որ բուն ենթատեքստում քաղաքականությունն էր և Վրաստանի վրա քաղաքական ազդեցության որոշակի տարածումը:

Այսպես, թե այնպես՝ տևական ժամանակ անորոշ բանակցությունից, մի քանի տարբերակների շուրջ անհամաձայնությունից հետո կողմերը եկել են համաձայնության, ինչը կնշանակի, որ իրավիճակը հեռու է ճգնաժամից և Հայաստանի գազամատակարարման շուրջ կոլապսային իրավիճակից: Ընդ որում, ոչ միայն մատակարարման, այլ նաև գնի:

Բանն այն է, որ Հայաստանում գազի գնի նվազեցման գործոններից մեկն էլ նշվում էր ակնկալիքը, թե կնվազի նաև Վրաստանի տարածքով տարանցման գինը: Հայաստանի կառավարությունը, «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարությունը հայտարարել էր, թե այդպիսի բան տեղի չունենալու դեպքում Հայաստանում գինը չի թանկանա, և «Գազպրոմ»-ը իր վրա կվերցնի գնի նվազման, այսպես ասած, կորուստը: Այստեղ, իհարկե, առաջանում են ռիսկեր, քանի որ այդ դեպքում կստացվի, որ «Գազպրոմ»-ը Հայաստանի համար «բարեգործություն» է անում:

Դա, մեղմ ասած, մյուս անհեթեթությունը կլինի, իսկ հետո էլ այդ բարեգործությունը շատ թանկ կնստի Հայաստանի վրա, երբ դրա դիմաց կպահանջվեն արդեն քաղաքական և, առավել ևս, ռազմաքաղաքական բնույթի զիջումներ: Տնտեսական զիջումներ Ռուսաստանին այստեղ այլևս հետաքրքիր չեն, Մոսկվան վերցրել է այն, ինչ քիչ թե շատ արժեք ունի: Հայաստանի տնտեսության մեջ Կրեմլին հետաքրքիր ոչինչ այլևս երևի թե չկա: Վրաստանի և Ռուսաստանի համաձայնությունը կարծես թե գոնե նվազագույնի է հասցնում այդպիսի դասավորությունն ու ռիսկերի հավանականությունը:

Մյուս կողմից՝ եթե անգամ չկար այդպիսի ռիսկ, այսինքն՝ ռազմաքաղաքական զիջումների պահանջի վտանգ, ապա առաջանում էր զուտ ֆինանսական առողջության խնդիր Հայաստանի գազամատակարարման համակարգի համար: Այ, որ Երևանը ռիսկեր սպասում էր, վկայեց օրերս կառավարությունում տեղի ունեցած մի հանդիպում:

Կարեն Կարապետյանը հունվարի տոներից անմիջապես հետո ընդունեց միանգամից Իրանի և Թուրքմենստանի դեսպաններին՝ նրանց հետ համատեղ քննարկելով եռակողմ գործակցության հեռանկարներ, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Չի բացառվում, որ Երևանը «Գազպրոմ»-ի ցուցումով կամ թույլտվությամբ դիտարկում էր այլընտրանքային գազային տարբերակներ, եթե հանկարծ չստացվի «Գազպրոմ»-ի պայմանավորվածությունը Վրաստանի հետ:

Հետաքրքրական է՝ երբ տեղի է ունեցել Վրաստան-«Գազպրոմ» համաձայնություն, ինչ զարգացում կունենա Թուրքմենստան-Իրան-Հայաստան ֆորմատը, որը ինքնին, որպես ուղղություն, մրցակցային է «Գազպրոմ»-ի համար: Հայաստանն ունա՞կ է քննարկելու այդ էներգետիկ վեկտորը ինքնուրույն, առանց «Գազպրոմ»-ի հետ խնդիրներից տագնապելու կամ խուսափելու:

Տվյալ պարագայում բանն այն է, որ ընդհանրապես Հայաստանի ինքնիշխանության պարագայում Վրաստան-«Գազպրոմ» բանակցությունը Հայաստանի համար չպետք է պարունակեր ճգնաժամային ռիսկեր կամ կոլապսի թեկուզև փոքր հեռանկար, քանի որ ունենալով անմիջական հարևան գազ արդյունաբերող Իրան՝ Հայաստանը՝ ի դեմս Իրանի, ոչ թե Ռուսաստանի պետք է ունենար գազի հիմնական մատակարար: Հատկապես, որ Թեհրանը հայտնել է Հայաստանի հետ էժան գազի շուրջ բանակցելու պատրաստակամություն: Բայց Իրանի հետ բանակցելու փոխարեն՝ Հայաստանը մնացել է Վրաստան-Ռուսաստան բանակցության «հույսին»:

Սա՝ ընդհանուր իրավիճակի տրամաբանության, ոչ թե կոնկրետ զարգացման իմաստով: Բանն այն է, որ զարգացումը հանգուցալուծվեց, իսկ ահա իրավիճակի տրամաբանությունը մնում է նույնը, և թեկուզ Երևանը թեթևացած շունչ կքաշի, բայց իրավիճակը դրանից խորքային առումով թեթև չի դառնա, քանի դեռ չկա հստակ հայ-իրանական բանակցություն՝ հագեցած և կոնկրետ օրակարգով: