Yntrutyun

2017 թվականի խորհրդարանի ընտրական գործընթացի առանձնահատկությունը հիմնականում դաշինքային բնույթի մասնակցությունն է, որ թելադրված է մի շարք հանգամանքների առկայությամբ: Դաշինքային մասնակցության առատությունն էլ առատ է դարձրել խոսակցություններն այն մասին, թե որքանով են գաղափարական և հեռանկարային կազմվող դաշինքները:

Հիմնական դաշինքները կարծես թե երեքն են՝ «Ծառուկյան» դաշինք, պայմանական «Օհանյան» դաշինք, «Ելք» դաշինք: Գործնականում բոլոր երեք դաշինքների կազմերն էլ այնպիսին են, անդամների՝ նախկինում ունեցած այնպիսի փոխհարաբերությունների «պատմությամբ», որ գործնականում բոլորի պարագայում հնարավոր է բարձրացնել գաղափարական ընդհանրության կամ սկզբունքային ներքին և առավել ևս արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ մոտեցումների ընդհանրության կամ տարակարծությունների հարցը: Մի դեպքում հարցադրումների հիմքերը շատ են, մյուս դեպքում՝ գուցե քիչ, սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ դրանք կան բոլոր պարագաներում:

Գաղափարականությունն ու սկզբունքայնությունը քաղաքականության մեջ կարևորագույն գործոններ են, որոնք օգնում են հանրությանը ինչ-որ առումով վերահսկել, պատասխանատվության տիրույթում պահել քաղաքական ուժերին: Մյուս կողմից, սակայն, Հայաստանում և հատկապես ներկայումս գաղափարականության մասին առատորեն հնչող դատողություններում կա հստակեցման կարիք: Ի՞նչ հեռանկարի, ի՞նչ խնդրի համար ենք շեշտադրում գաղափարականությունը: Անհրաժեշտ է հստակ տարբերակել՝ շեշտադրման նպատատակետը խորհրդարանական ընտրությո՞ւնն է, թե՞ կա այլ՝ ավելի հեռանկարային և ավելի լայն նպատակակետ: Գաղափարականությունը ինչի՞ գործիք ենք դիտարկում՝ խորհրդարանում հայտնվելո՞ւ, թե՞ հանրությանն առավել ընդգրկուն մի գործընթացի բերելու, որի խնդիրը պետք է լինի Հայաստանում նախ՝ իրավիճակ, հետո նոր այդ իրավիճակի փոփոխությամբ իշխանություն, համակարգ փոխելը:

Այս հարցերը բացակայում են գաղափարականության և սկզբունքների շուրջ ընդհանրությունների մասին թե՛ հարցադրումներում, թե՛ նույնիսկ պատասխաններում, որ այս կամ այն դաշինքը հնչեցնում է այդ հարցադրումների վերաբերյալ: Եթե գաղափարականության, արժեքային ընդհանրության հարցը դիտարկում ենք զուտ խորհրդարանական ընտրության խնդիրների համատեքստում, ապա այստեղ, իհարկե, դրա վերաբերյալ հարցադրումները ձեռք են բերում առավելապես արհեստական բնույթ, որովհետև ընտրական հայաստանյան գործընթացներում ամենևին գաղափարներն ու արժեքները չեն, որ կարող են արդյունավետորեն հակադրվել Հայաստանի ընտրակեղծարար համակարգին: Հետևաբար դաշինքների պարագայում այստեղ բուն խնդիրը ամենևին գաղափարական ընդհանրությունը, արժեհամակարգային ընդհանրությունը չէ:

Հայաստանում ընտրակեղծարար համակարգին հակադրության խնդիրը պահանջում է բոլորովին այլ գործիքներ, բոլորովին այլ համաձայնություններ: Գաղափարական, արժեհամակարգային ընդհանրությունը առարկայական է դառնում հանրության հետ երկարատև, երկարաժամկետ, հեռանկարային աշխատանքի ռազմավարության պայմաններում, երբ կա՛մ չկան համակարգին ավելի կարճաժամկետ կտրվածքով դիմադրություն ներկայացնելու գործիքներ, կա՛մ չկա արմատական տարբերակների ընտրության ցանկություն՝ տարբեր պատճառներով: Այս դեպքում, իհարկե, գաղափարական, արժեհամակարգային հենքը որևէ ֆորմատի պարագայում դառնում է կարևոր, միաժամանակ ինքնին շատ կարևոր է դառնում, թե հատկապես ինչ գաղափարի և արժեքների շուրջ է այդ հենքը, ինչ բովանդակության, որքանով է այն հանրության համար գրավիչ, պահանջված: Հաջորդ փուլն, իհարկե, արդեն վերաբերում է մասնակցային մեխանիզմների ձևավորմանը:

Ահա այս հարցերն են, որ Հայաստանի հանրային «դիսկուրսում» նախ ունեն հստակեցման կարիք՝ խոսակցություններն ու հարցադրումները առարկայական և արդյունավետ դաշտ բերելու համար: Իսկ հնարավո՞ր է համատեղել՝ երկուսը մեկում, այսինքն՝ գաղափարականության խնդիրը կիրառելի գործիք դարձնել թե՛ նախընտրական, թե՛ երկարատև ռազմավարական ֆորմատներում: Տեսականում հնարավոր է, սակայն գործնականում անհնար է երկու ժամկետային կտրվածքներում հավասարաչափ արդյունավետություն, որովհետև հանրության հետ գաղափարա-արժեքային աշխատանքը օբյեկտիվորեն պահանջում է տևական ժամանակ՝ կայուն արդյունք ակնկալելու համար:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.