Հայկ Սարգսյան. «2017 թ.–ին կապրենք մեր կարպետի գյորա»

- in Մամուլ
119
Hashvark

Ֆինանսների նախարարը նախորդ տարի նշել էր, 2016 թ. պետական պարտքն ավելացել է մոտ մեկ միլիարդ դոլարով՝ հասնելով 5 միլիարդ 905 միլիոնի: Պաշտոնական տվյալներով էլ 2016 թ. տնտեսությունն աճել էր ընդամենը 0,5%–ով:

«Փաստը» զրուցեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Հայկ Սարգսյանի հետ՝ պարզելու վերջինիս կանխատեսումները 2017 թ.–ի համար:

«Փաստի» այն հարցին, թե ի՞նչ պետք է սպասել 2017 թ.–ին տնտեսական առումով Սարգսյանը պատասխանեց, որ բյուջեի դեֆիցիտը դեռևս կանխագծված շրջանակներում է: «Այդտեղ մեզ վտանգ չի սպառնում և ընդհանրապես վտանգ դեֆոլթի հետ կապված, որովհետև նման հարցադրումներ շատ են շրջանառվում, մեզ չի սպառնում: Մենք կունենանք շատ ցածր տնտեսական աճ: Իմ կանխատեսումներով 2017 թ. կարող է լինել 1–3% տնտեսական աճի տարի, որը շատ լուրջ խնդիրներ չի լուծելու այս տարվա համար, հատկապես՝ սոցիալական հատվածում, բայց ստեղծելու է ավելի շատ նախադրյալներ հետագա տարիներին տնտեսական աճ ունենալու համար»,– նշեց «Փաստի» զրուցակիցը:

Տնտեսագետի համոզմամբ, այս առումով վճռորոշ են լինելու արտաքին գործոնները, մասնավորաբար՝ եվրասիական տնտեսական տարածքի գործունեությունը, համաշխարհային գները՝ մետաղների շուկայում մեր արտահանման հետ կապված, հնարավոր տրանսֆերների աճը, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսական իրավիճակը:

Ըստ նրա՝ գործոնների այս համախմբում էլ կորոշվի 2017 թ. տնտեսական զարգացումը: Վերջինս չի կարծում, որ տնտեսական ասպարեզում հոսանքները սպառվում են: Բայց միևնույն ժամանակ սոցիալական առաջընթաց նույնպես չի լինի 2017 թ. նախանշված բյուջեի հնարավորություններով: «Այնպես որ կապրենք մեր կարպետի գյորա»,– հավելեց նա:

Քանի որ տարին նաև նախընտրական է, տնտեսագետը համոզված է, որ այն պասիվության տարի կարող է լինել՝ կապված այդ շրջանի հետ:

«Փաստի» այն հարցին, թե արդյո՞ք կան տարբերակներ, մեխանիզմներ պետական պարտքի ավելացումը դադարեցնելու կամ գոնե որոշ չափով նվազեցնելու համար, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ դադարեցնելը կամ նվազեցնելը բառացիորեն աննպատակահարմար է:

«Ես իմ պատասխանատվությամբ, որպես տնտեսագետ, ասում եմ, որ պարզապես պետք է հնարավորինս շատ պարտքեր վերցնել, եթե այդպիսիք տալիս են, սակայն դրանք արդյունավետ օգտագործել՝ հետագայում տնտեսական աճ ունենալու համար: Տնտեսական աճը նաև փոխառնական միջոցներ է պահանջում»,– հավելեց նա: