Armen Martirosyan

1988-ն էր: Իմ սիրած աղջիկը ընտանիքի հետ պիտի տեղափոխվեր Ամերիկա, որտեղ հարուստ պապ ուներ։ Ասաց` արի գնանք, մինչև կյանքներիս վերջ կլինենք ապահով և հարուստ։ Գժի պես սիրում էի։ Առաջարկն անելուց հետո էլ սիրում էի, բայց էլ չէի ձգտում։ Ինչ-որ բան կոտրվեց մեջս։

Ու հետո էլ երբ լսում էի, որ ընկերներիցս մեկն ու մեկը լքում է Հայաստանը, ներսիս այդ դրական կայծը հանգչում էր։ Շատ առաջարկներ եմ ստացել մասնագիտական, բիզնես, անգամ` պետական կարիերայի համար շատ նպաստավոր պայմաններով այլ երկրի քաղաքացիություն ընդունել։ Միշտ հրաժարվել եմ։ Ձայնս տաք տեղի՞ց է գալիս, կասեք։ Ձեզ է թվում. այդ տարիները դուք մինչև հիմա ցուրտումթի եք անվանում։ Ուղղակի, ապրածդ տեղը տաքանում է։ Երբ անգամ ժամանակավոր լքում ես, սառչում է։ Է, սա չափվող պարամետրի մասին եմ խոսում։ Իսկ այն բանե՞րը, որոնք սարքերով չափելի չեն։ Սերը, հոգին, խիղճը, խանդավառությունը, խիզախումը, վախը, դրա հաղթահարումը։ Թե՞ եթե ջերմաչափ չկա, չափելու այլ ձև չգիտենք։ Բա շուրթերով ճակատին հպվե՞լը, բա ձեռքը ճակատին դնելով զգա՞լը։ Իմ նախկին ընկերներից շատերը, որ այսօր ամերիկացի կամ ռուսաստանցի՝ այլաստանցի են դարձել, գիտեն, որ կապս իրենց հետ անմիջապես կտրում եմ։ Երբ հարցնում են ինչու, պատասխանում եմ, որ խրամատս մեկ անձով պակասեց, նույնն է, որ մեկ զինվոր զոհվեց, բա էլ զոհված զինվորի հետ ոնց շփվեմ կամ ընկերություն անեմ։ Ու՞… Ու սկսում են, ուզում էի ասել բացատրությունները, բայց չեմ ասի, քանի որ ոչ ոք չի կարող ինձ բացատրել, թե իր հիվանդ ծնողին կամ երեխային ոնց թողեց-գնաց։

Այո, սրանք արդարացումներ են, ես կասեի` մանտրա, իրենք իրենց համար են արտասանում, և իրենց նմանների, ով լքեց, լքեց. լքեց իր ծնողին ու բալիկին՝ հայրենիքը։ Մի ամերիկացի ընկեր ունեի, հայտնի դիզայներ, ասում էր` ինչ տարբերություն, ես Ամերիկայից ավելի շատ բան կարող եմ անել։ Սիրելիս, դու այնտեղից լինելով այլաստանցի, ընտրություններին ո՞նց ես ընտրատարածք պահելու, ո՞նց ես ապրեցնելու, ո՞նց ես ամեն օր հարևանիդ բարլուս ասելու, ոչ թե որ խելագարվում ես նրա համար, այլ քանի որ ոգևորել է պետք. սրա աչքն էլ է դուրս նայում։ Ի վերջո, քո բալիկի կամ ծնողի տաքությունը որ բարձրանա՝ ո՞վ է շտապ բժշկի տանելու։ Սիրելիս, իսկ խրամատ ո՞նց ես էդպես արագ գալու (Քառօրյա պատերազմում այդպիսի մարդիկ եղել են, ասում են շատ, բայց եկել են երկրորդ օրը, երբ արդեն 80 զոհված կար և կորցրած դիրքեր), հատկապես եթե քո այլաստանի դեմ ենք պատերազմելու։ (Խոսքս խոպանչիներին չի վերաբերվում, հատկապես նրանց, ովքեր ընտրություններին Հայաստանում են լինում։ Ասածս այլ պետությունների քաղաքացիների մասին է, անկախ նրանից` ՀՀ համաքաղաքացի են, թե ոչ): Ամենատարածված հիմար պատասխանը, միգուցե նույն չափ հիմար հարցիս, թե ի՞նչ եք անելու, եթե ձեր պետության հետ Հայաստանը պատերազմի, հետևյալն է. «Ռուսաստանը կամ Ամերիկան՝ այլաստանը, Հայաստանի դեմ երբեք չեն պատերազմի»։ Այ միամիտներ, որ մեզ եք միամիտի տեղ դրել, բա ուկրաինացին ի՞նչ համառությամբ երկու տարի առաջ կասեր, որ Ռուսաստանը իրենց վրա չի հարձակվի, բա վրացին ինչքա՞ն կպնդեր մինչև 08.08.08-ը, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվի Վրաստանի վրա, տեսա՞ք ինչ եղավ։ Այս դեպքում էլ ունեն պատասխան՝ մենք Հայաստանի կողմից կկռվենք։ Հիշո՞ւմ եք քաջ ամուսնուն դավաճանած Թմկա տիրուհուն, որին շահառու շահը սպանել տվեց։ Այդպես էլ դուք, պարոնայք, եթե Այլաստանին երդում եք տվել, ո՞նց եք դրժելու ձեր երդումը։ Ասում են` բա երեխեքի ապագա՞ն։ Մենք երեխա չունե՞նք։ Մի քուրդ կին Թուրքիայում պատմում էր, որ 12 երեխա է ունեցել, որ 6-ը զոհվեն հայրենիք ունենալու համար, իսկ մյուս վեցն ապրեն այդ հայրենիքում, ժառանգ տան։ Դրա համար նրանց հայրենիքը չի քչանում ու չի փոքրանում: Ճիշտ է, ճանաչված պետականություն դեռ չունեն, բայց հայրենիք ունեն՝ էն որ մենք Արևմտյան Հայաստան ենք կոչում։

Վերադառնամ երեխաների ապագային։ Դուք կարծում եք անհայրենիք ապագան լավ է։ Դուք կարծում եք անարմատ ճյուղը օտար հողում կաճի՞։ Գիտելի՞ք եք ուզում տալ՝ տվեք։ Դպրոց չունե՞նք՝ պայքարենք, ստիպենք, բողոքենք, կառուցենք։ Անարդա՞ր է։ Իսկ դուք տանը արդա՞ր եք, իսկ կաշառք չե՞ք առաջարկել, իսկ հարց չե՞ք դասավորել, մաղարիչ չե՞ք արել, վերաբերմունք չե՞ք ցույց տվել, դասարանցուն կամ խնամուն արտոնության համար չե՞ք դիմել, ընտրակեղծիքում չե՞ք ներգրավվել։ Բա, ո՞նց լինի արդար։ Բա՝ ապականել եք, հիմա էլ գնում եք։ Գիտեք մենա՞կ եք։ Ընտրակեղծարարների մեծ մասը լքել են Հայաստանը։ Թալանչի պաշտոնյաները պաշտոնը կորցնելուց հետո նույնպես լքում են Հայաստանը: Կարծում եք դրսում կրթություն ստացած, բայց միաժամանակ արմատը կորցրած այդ իշխանավորներն էս վարկը վարկի վրա վերցնելուց ու լափը ապահովելուց հետո, հենց մի արդար ընտրություն լինի՝ չե՞ն թողնելու ու «ս» լինեն։ Բա խի չեք մտածում, որ էս երկրի արտաքին պարտքը նաև ձերն է, ու երբ ջհանդամվում եք, ձեր բաժին $2000 պարտքը մարեք նոր գնացեք։ Ի՞նչ երեխեք, ի՞նչ բան։ Ձեր երեխեն ձեր նման է դառնալու, անգամ ավելի բեթար։ Ռուսաստան թռչելիս՝ լսեք, – հայ երեխաներն էլ հայերեն չեն կարողանում խոսել։ Կարծում եք դուք առաջի՞նն եք, որ երեխային կտրում եք իր արմատից։ Թուրքն այդպիսի երեխայից ենիչերի էր պատրաստում։ Հենց այդ տեսակը մեր մշակույթը բռնաբարեց, թալանեց, նվաստացրեց՝ իրենց ժեկի կեղծ տեղեկանքներով ու կեղծ ընտրություններով։ Բա գիտեք ենիչերին պոզով պոչով է լինո՞ւմ։ Ձեր որդիները Հայաստանին վերաբերվելու է այնպես, ինչպես երևանյան փողոցներով մեքենան է վարում ռուսաստանյան պետհամարանիշով մեքենայի վարորդը՝ շահագործող, անհարգալից, անխնա։ Հավատացեք, այդ տղայի հայրը ձեզնից վատ տղա չէր՝ ուղղակի գնաց, որ տղան լավ ապրի։ Հայրենիքը երեխա է ու միաժամանակ՝ ծնող։ Ասում եք` եթե ծնողը ծեծում է, բա ո՞նց չգնանք՝ նկատի ունենալով իշխանությանը։ Մոլորյալներ, այդ՝ ծնողը չի ծեծում, այլ մեր ընտանիքում մեր իսկ թողտվությամբ իրեն տղամարդ հռչակած հարևանը, իսկ մեր ծնողին՝ հայրենիքին, ստորացնում է դրսում, թե ներսում։ Դուք չկարողացաք զավթիչ հարևանին տարբերել ծնողից։ Առիթ-անառիթ խոսում եք հայրենասիրությունից, կարծելով, որ հայրենասիրության չափիչ չկա։ Կա՛. հայրենիքում ապրելն ու գիտակցաբար հայրենի կյանքը վերափոխելը, լավացնելը, հարևանի վատ ամուսնուն դուրս շպրտելն ու քո տանը տիրոջ ու ծառայի իրավունքով ապրելը։ Հայաստանում ապրող եզդին, քուրդը, հրեան, ասորին, ռուսը, ուկրաինացին, որ ինձ հետ կրում է «հայրենիքի բեռը», իմ աչքի լույսն են։ Ու Հայաստանը իրենց ու իմ պետությունն է։ Պետությունը էթնոս չի ճանաչում, քաղաքացիություն է ճանաչում։ Ես, իմ հայրենակից եզդին, քուրդը, հրեան, ուկրաինացին, ռուսը – մենք ենք տերը այս երկրի, որ այս տարածքում թույլ չենք տալիս ջերմությունը պակասի ու լույսը հանգչի։ Մենք՝ հայաստանաբնակներս ենք որոշելու այս երկրի ապագան։ Մենք ենք պատասխանատու այս խայտառակ վիճակի և կայուն առողջ ապագայի համար։ Մենք մնում ենք։ Ընտրում ենք։ Մաքրում ենք։ Կառուցում ենք։ Պաշտպանում ենք։ Ապրում ենք: Հայաստանում։

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ; Ֆեյսբուք

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.