Մինսկի խմբի վերջին հայտարարությունը ձևական է ու անատամ

- in Կարծիք
94
Tevan Poghosyan

Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հերթական անատամ հայտարարությունն էր, որը թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել տարածաշրջանում իրավիճակը լարելու իր քաղաքականությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը: «Մի կողմից կարող ենք հասկանալ, որ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից երկուսը փոխել են համանախագահներին և ռոտացիոն խնդիր կա, սակայն նրանք պետք է գիտակցեն, որ Մինսկի խմբի աշխատանքները և դերը պետք է գնահատվեն ըստ արժանվույն, ինչը չի արվում: Նրանք հղում են անում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, սակայն շատ լավ գիտեն, թե որ կողմն է խուսափում այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց և ալարում են մեկ տողով նշել այդ մասին»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` Մինսկի խմբի համանախագահները պետք է առաջին հերթին  կենտրոնանային այն հանգամանքի վրա, որ հարձակումն այս անգամ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա, ոչ թե հայկական կողմից պահանջեին վերադարձնել Հայաստանի տարածքում մնացած ադրբեջանցի դիվերսանտի դիակը: «Ադրբեջանը պահանջում է իր դիվերսանտի դիակը, սակայն այդ երկիրը նախ պետք է բացատրություն տա, թե ինչպես է այդ դիակը հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում և միայն դրանից հետո իրավունք կունենա պահանջելու դիակը»,- ընդգծել է Պողոսյանը:

Պատգամավորն այն կարծիքին է, որ նման հերթապահ հայտարարություններ տարածելով` Մինսկի խումբը ինքն իր պատվի հետ է խաղում: «Մենք գնահատում ենք այն աշխատանքը, որ Մինսկի խմբի համանախագահները կատարել են մայիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, սակայն նրանք պետք է պահանջատեր լինեն, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Նրանք շատ լավ գիտեն, թե որ կողմն է մերժում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունները: Եվ լա վ կլինի, որ նրանք Ադրբեջանին ստիպեն հավատարիմ մնալ այն պայմանավորվածություններին, որոնք իրենց իսկ ջանքերով ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ»,- հավելել է Թևան Պողոսյանը:

Եզրափակելով խոսքը` պատգամավորը ցավով նշել է, որ Մինսկի խմբի վերջին հայտարարությունն ուղղակի ձևական բնույթ ունի և նպաստում է տարածաշրջանում լարվածություն առաջացնելու Ադրբեջանի քաղաքականության շարունակականությանը: