Միջազգային քաղաքականությունը արդարության և անարդարության, արդարի կամ անարդարի, բարոյականի կամ անբարոյի խաղ չէ

- in Հասարակություն
142
em

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել 2016 թվականի տարեվերջին Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ՝ կողմերին կոչ անելով դադարեցնել փոխադարձ մեղադրանքները, հավատարիմ մնալ հրադադարի պարտավորությանն ու հայկական կողմին կոչ անելով մարդասիրություն ցուցաբերել և վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին:

Հայտարարությունը Հայաստանում արդեն իսկ հասցրել է արժանանալ թե՛ իշխանական, թե՛, այսպես ասած, ընդդիմության ներկայացուցիչ պատգամավորների բացասական վերաբերմունքին՝ այն պատճառաբանությամբ, որ հերթական անգամ դրվում է հավասարության նշան և մատնացույց չի արվում կոնկրետ պատասխանատուն:

Ինչ խոսք, այդ հանգամանքը առկա է, և այս իմաստով բնական է Հայաստանից հնչող դժգոհությունը, երբ միջնորդները խուսափում են կոնկրետ պատասխանատվության հարց դնել հրադադարի խախտումների դիմող Ադրբեջանի համար: Մյուս կողմից՝ հավասարության նշանից դժգոհելու երևանյան գիծը դառնում է սովորություն, որին միջնորդները կամ որևէ միջազգային կառույց այդքան էլ ուշադրություն չեն դարձնում: Մինչդեռ սա էական է, և հարկ է հասկանալ, թե ինչու է այդպես:

Միջազգային քաղաքականությունը արդարության և անարդարության, արդարի կամ անարդարի, բարոյականի կամ անբարոյի խաղ չէ, հանելուկ չէ, միջազգային քաղաքականությունը փաստերի, եզրակացությունների, հետևությունների մի շղթա է, որը շարունակվում է, և դրանում հաջողություն կամ արդյունք ակնկալելու համար պետք է զերծ մնալ սովորույթի մեջ ընկնելուց:

Հետևաբար հարկ է հասկանալ մի քանի պարզ բան: Հայաստանը երբեք չի կարող լուծել հավասարության նշանի խնդիրը, քանի դեռ այդ խնդիրը չի կարողանում ոչ միայն լուծել, այլև լիարժեք բարձրացնել անգամ այն կառույցներում, որոնք, ասպես ասած, հանդիսանում են տնտեսական և ռազմաքաղաքական դաշինքներ: Խոսքը առաջին հերթին ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մասին է: Եվ եթե սեփական դաշնակիցները ոչ միայն հավասարության նշան են պահում, այլև հաճախ նույնիսկ անհավասարություն են ցուցաբերում Հայաստանի օգտին, ապա այստեղ արդեն միջազգային այլ ֆորմատներից կոնկրետություն և հասցեականություն պահանջելը որքան էլ արդարացի, այդուհանդերձ՝ անիրատեսական է: Թեև արդարացիության հարցն անգամ այստեղ բաց է, քանի որ տվյալ պարագայում Հայաստանի առաջ կարող է հարց դրվել՝ իսկ արդարացի՞ է մեզնից որևէ բան ակնկալել, եթե նույնը բարձրաձայն, հասցեական ու հստակ չեք պահանջում ձեր դաշնակիցներից, ինչը նրանց պարտավորությունն է:

Սրանից զատ՝ հարցն ունի, իհարկե, ավելի լայն ասպեկտ: Բանն այն է, որ Հայաստանը միջազգային հասցեականության հասնելու համար ունի Ադրբեջանի նկատմամբ քաղաքակրթական անվիճելի առավելության հասնելու խնդիր: Այսօր Բաքուն և Երևանը իրենց պետական, ժողովրդավարական մակարդակներով տարբեր են, իհարկե, Հայաստանն անհամեմատ առաջ է այդ իմաստով, սակայն ոչ այնքան, որը թույլ կտար այդ առավելությունը վերածել արդեն քաղաքական առավելության միջազգային ասպարեզում: Մինչդեռ, օրինակ, Ղարաբաղյան առաջին պատերազմում այդ առավելությունն ակնհայտ էր, և դա արտահայտվում էր միջազգային դիվանագետների, հեղինակավոր մամուլի արտահայտությունների տեսքով, որոնցում անթաքույց համակրանքը հայկական կողմում էր:

Մինչդեռ այժմ Հայաստանն այդ առավելությունը զարգացնելու փոխարեն՝ շարժվել է հետ դեպի խորհրդային ժամանակաշրջան՝ եվրասիական փաթեթավորումներով: Այդ պարագայում անիրատեսական է ակնկալել հասցեականություն, երբ միջազգային հանրությունից աշխարհաքաղաքական իմաստով հավասարապես եվրասիական հեռվում են թե Հայաստանը, թե Ադրբեջանը: Միջազգային հանրությունից այդ հեռավորությունն է, որ պետք է կրճատել գլոբալ առումով՝ մեզ առավել մոտիկ դիրքորոշումներ իրատեսականորեն ակնկալելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20