Yntrutyun

Նախընտրական շրջանում հայաստանցի ընտրողներին հուզող կարևորագույն հարցերից մեկը, թերևս, հետևյալն է` որքանով են ամպագոռգոռ խոստումներ շռայլող կուսակցություններն ի զորու իրականացնել դրանց թեկուզ մի մասը:

Այս հարցի պատասխանն անմիջականորեն վերաբերում է յուրաքանչյուր առանձին կուսակցության էությանը, դավանած արժեքներին, գործունեության սկզբունքներին և դրանց հավատարմության խնդրին: Ակնհայտ է, որ երկրում ժողովրդավարական բարեփոխումներ կարող են իրականացնել միայն իրենց էությամբ ժողովրդավարական կառույցները: Մինչդեռ ներկուսակցական ժողովրդավարության հիմնախնդիրը հայաստանյան կուսակցությունների ամենախոցելի կետերից է:

Նշյալի վկայությունն է ՀՀ քաղաքական կուսակցությունների գործունեության պատմությունը ՀՀ անկախ գոյության ժամանակահատվածում: Թափանցիկ ու հրապարակային գործունեության բացակայությունը, կուսակցությունների ընտրական ցուցակների ոչ միանշանակ, իսկ հաճախ` անհասկանալի սկզբունքներով կազմումը (գոնե հասարակական լայն զանգվածների համար), ներկուսակցական արագընթաց վայրիվերումները վկայում են, որ ժողովրդավարական արժեքները տակավին չեն դարձել նրանց կենսակերպի անքակտելի բաղկացուցիչը: Պատճառները բազմաթիվ են, որոնցից կարելի է առանցնացնել հետևյալ հիմնականները.

Անձնավորված կուսակցությունների առկայությունը: Անգամ հպանցիկ հայացքը հայրենական կուսակցություններին բավարար է նկատելու համար, որ դրանք հիմնականում ձևավորվում և գործում են մեկ անձի`§հարիզմատիկ լիդերի¦ շուրջ: Վերջինիս հետ և առանց նրա կուսակցության կշիռն ու հասարակական ընկալումը չափազանց տարբեր է: Այսպես, փորձելով պատկերացնել ՀՀ խորհրդարանական ներկայիս կուսակցություններից «Հանրապետական» կուսակցությունն առանց Ս. Սարգսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առանց Գ. Ծառուկյանի, «Օրինաց երկիրն» առանց Ա. Բաղդասարյանի, «Ժառանգությունն» առանց Ր. Հովհաննիսյանի, «Հայ Ազգային Կոնգրեսն» առանց Լ. Տեր – Պետրոսյանի` համոզվում ենք, որ նրանց հետ և առանց նրանց նշյալ կուսակցությունները միանգամայն այլ տեսք և կշիռ ունեն: Այսինքն` առկա է իշխանության, լիդերության հարիզմատիկ տիպը` դրան բնորոշ «հարիզմատիկ» լիդերով, որի գործունեությունը, կառավարման մեթոդներն ու ձևերը կարծես ենթակա չեն քննարկման կուսակիցների կողմից, ընդունվում են անվերապահորեն: Թվում է` նշյալն ամբողջությամբ չի վերաբերում «Դաշնակցությանը», որի գործունեության և վերնախավի ձևավորման խիստ գաղտնի և փակ բնույթը, սակայն, հնարավորություն չի տալիս համարժեքորեն գնահատել ներկուսակցական ժողովրդավարության մակարդակը:

Վերը նշյալ խնդրից բխում է դրա հետ սերտորեն փոխկապված մեկ այլ խնդիր`կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները: Հայաստանյան կուսակցություների ուսումնասիրությունից հստակորեն երևում է, որ դրանք, լինելով անձնավորված, այդպիսին են նաև իրենց ֆինանսական ռեսուրսապահովածության տեսանկյունից: Առկա են կուսակցության ֆինանսավորման մեկ, լավագույն դեպքում երկու-երեք կենտրոններ (անհատներ), որոնք այդ կերպ, բնականաբար կուսակցությունում վճռորոշ դերակատարում են ստանում: Արդյունքում կուսակցության վերնախավում հայտնվելու գլխավոր պայմանը դառնում է ֆինանսական համապատասխան ռեսուրսների առկայությունն ու դրանց օգտագործումը տարատեսակ` կուսակցության կշիռն ամրապնդող նպատակներով` ընտրարշավերի ֆինանսավորումից մինչև եկեղեցաշինություն:

Նշյալ խնդիրներից տրամաբանորեն բխում է ներկուսակցական ժողովրդավարության էության հետ անհամատեղելի ևս մեկ երևույթ`ներկուսակցական մրցակցության ու մրցունակության ցածր մակարդակը կամ դրա բացակայությունը: Հայտնի է` մրցակցությունը` այդ թվում ներկազմակերպական, ժողովրդավարության անխափան գործառնության կարևոր ու անհրաժեշտ գրավականներից է, մինչդեռ դրա պակասն էապես խոչընդոտում է ներկուսակցական ժողովրդավարությանը: Հայաստանյան կուսակցություններում առկա §հարիզմատիկ¦ առաջնորդների հետ բազմաթիվ կուսակիցներն իրենց տարատեսակ հնարավորություններով անկարող են մրցակցել: Սա գիտակցելով` նրանք, ըստ ամենայնի, բավարարվում կազմակերպությունում իրենց հատկացված երկրորդական տեղով ու դերով: Արդյունքում մրցակցության սկզբունքը փոխարինվում է «անվերապահ ենթարկման» և ստորադասության մոտեցումներով:

Ներկուսակցական ժողովրդավարության վրա բացասաբար է ազդում հայաստանյան կուսակցություններին ներհատուկ ևս մեկ երևույթ`անկանխատեսելիությունը` բացասական երանգավորմամբ: Այն կուսակցական բազմաթիվ գործիչների մոտ կուսակցությունում իրենց տեղի ու դերի ապագայի վերաբերյալ անորոշության զգացում է առաջացնում` խոչընդոտելով ներկազմակերպական ժողովրդավարության համար կարևոր փոխվստահության ու հանդուրժողականության մթնոլորտի ապահովմանը: Ստացվում է, որ անկախ գործունեության արդյունավետությունից կամ անարդյունավետությունից գործիչները կարող են դիրքափոխվել կուսակցական և պետական աստիճանակարգում, նշանակվել կամ ազատվել զբաղեցրած պաշտոններից (ուշագրավ են հատկապես Սուրիկ Խաչատրյանի ու Գագիկ Բեգլարյանի` պաշտոններից ազատման ու վերանշանակման դեպքերը): «Դասական» օրինակը ԱԺ նախկին նախագահ Տ. Թորոսյանի դեպքն է, ով, լինելով ՀՀԿ գլխավոր գործող անձանցից մեկը, հանկարծ ոչ միայն անհասկանալի պատճառով պաշտոնաթող եղավ, այլև առհասարակ լքեց կուսակցությունը: Սա հավասարապես վերաբերում է «անհասկանալի» պատճառներով ՀՀԿ-ը լքելու որոշում կայացրած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեպքին:

Նկատենք, որ առնվազն միջին վիճակագրական հայաստանցիների համար անհասկանալի էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունը լքելու և նույնքան անհասկանալի` վերադառնալու պատճառներն ու հիմնավորումները: Ուշագրավ էին հատկապես նրա կուսակիցների գերզգայական արձագանքներն իրենց առաջնորդի վերադարձի վերաբերյալ, ով կարծես միայնակ պետք է փրկի ալեկոծ ծովում խորտակվող «Հայաստան մակույկը»:

Այս և նմանօրինակ այլ երևույթներ ակնհայտ են դարձնում, որ հայաստանյան կուսակցությունները գործառութային առումով դեռևս հեռու են ժողովրդավարական կառավարման սկզբունքներից: Խիստ ուշագրավ է, թե որքանով է ի զորու նշյալ ոչ ժողովրդավարական գործելակերպից շեղվել նոր քաղաքական մշակույթ ձևավորելու հավակնություն հռչակող և առկա հակաժողովրդավարական բարքերն անխնա քննադատող «Ելք» դաշինքը: Մի բան ակնհայտ է` ժողովրդավարական արդյունավետ կառավարման կարևորագույն գրավականներից մեկը հենց ներկուսակցական ժողովրդավարության բարձր մակարդակն է:

Արամ Թերզյան

Քաղաքական գիտությունների թեկնածու

Spread the love
  • 42
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 42
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.