LGHH

Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին մասնակցում էր նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Այս այցը փաստորեն նախորդեց երկու հայկական պետություններում սպասվող ներքաղաքական կարևոր իրադարձություններին՝ օրեր անց Արցախում սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, իսկ երկու ամիս հետո Հայաստանում՝ կարևորագույն խորհրդարանական ընտրությունները։

Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ այցի ընթացքում տարբեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը։

Հարցին, թե պաշտոնական Ստեփանակերտը որևէ դիրքորոշում կունենա՞ Հայաստանում սպասվելիք ընտրությունների հետ կապված, արդյոք քաղաքական ուժերի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ ազդեցություն կունենա՞ որևէ որոշում կայացնելիս, Դավիթ Բաբայանն ընդգծեց. «Պաշտոնական Ստեփանակերտը երբեք չի խառնվել Հայաստանի ներքին գործընթացներին։ Մենք պարզապես ուզում ենք, որ ամեն ինչ նորմալ լինի, որպես հայ ուզում ենք, որ մայր Հայաստանում բոլոր գործընթացները լինեն կառուցողական, փոխադարձ հարգանքի մթնոլորտում և բերեն պետության զարգացման։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա, կարծում եմ, հիմնականում քաղաքական ուժերն ունեն միասնական մոտեցում։ Ես չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որը կարող է քարոզել այս կամ այն հարցը, որը կվնասի մեր պետությանն ու ապագային»։

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի մոտեցմանը, ապա Դավիթ Բաբայանը ընդգծեց. «Հարցը կոնկրետ ՀԱԿ-ը չէ, Լիպարիտյանն էլ է ինչ-որ բաներ խոսել… թող բոլոր քաղաքական ուժերն էլ ներկայացնեն իրենց տեսակետը, թե ինչպես են պատկերացնում լուծումը։ Մենք ունենք մեր տեսակետը՝ բոլոր գործընթացները պետք է նպաստեն Արցախի հզորացմանը։ «Տարածքներ կարգավիճակի դիմաց»-ը հնացած մոդել է, հարցը պետք է լուծվի համապարփակ ձևով, չի կարող լինել վերադարձ անցյալին»։

Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը ևս այն կարծիքին է, որ պաշտոնական Ստեփանակերտը որևէ աջակցություն ցույց չի տա Հայաստանում ընտրություններին մասնակցող այս կամ այն քաղաքական ուժին։ Ինքը՝ Իսագուլյանը, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հնարավոր է մասնակցի ընտրություններին, բայց հարցը նախևառաջ պետք է հստակեցնի իր վերադասի՝ Բակո Սահակյանի հետ։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի միջամտելու Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ Ես ԼՂՀ պաշտոնյա եմ, բայց ՀՀ քաղաքացի. շատ ակտիվ կմասնակցեմ նախընտրական, հետընտրական շրջանի զարգացումներին։ Այդ հարցը քննարկում եմ Բակո Սահակյանի հետ։ Իմ ապագա որոշումը կայացնելիս անպայման իր հետ կքննարկեմ։ Կան առաջարկներ, մենք դրանք քննարկում ենք։ Ես չեմ թաքցնում, որ այդ առաջարկները անպայման քննարկելու եմ Բակո Սահակյանի հետ, և առաջիկայում կհայտարարեմ այդ մասին։

Ավելի վաղ Իսագուլյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե մասնակցի ընտրություններին, ապա «Ծառուկյան» դաշինքի հետ։

Իսագուլյանը հավելում է, որ Ստեփանակերտի համար կարևոր է, թե որ քաղաքական ուժը ինչ դիրքորոշում կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ «Բայց առայժմ որևէ դաշինք կամ քաղաքական ուժ չի ներկայացրել իր նախընտրական ծրագիրը, ոչ էլ իր տեսակետը՝ առայժմ դրա հետ կապված քննարկում Ստեփանակերտում չկա»,- ասաց նա։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքական գործընթացներին ներգրավվելու վերաբերյալ էլ մեր զրուցակիցն ասաց. «Դուք ուզում եք, որ ես նշեմ, թե Ստեփանակերտը այս կամ այն գործչին է սատարելու, բայց նման բան չկա»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.