Սերժ Սարգսյանը պետք է փոխի ՀՀԿ մեծամասնությունը, որպեսզի կարողանա ապահովել հետագա վերահսկողություն իշխանության նկատմամբ

- in Հրապարակ
224
serzh-sargsyan

Խորհրդարանի առաջիկա ընտրությունն իշխանության համար, իհարկե, ունի անչափ մեծ նշանակություն` վերարտադրության իմաստով, հատկապես սոցիալ-տնտեսական ծանր վիճակի և զրոյական լեգիտիմության պայմաններում:

Սակայն ընդհանուր իշխանական ռազմավարության շրջանակում այն ընդամենը հանգրվան է, որը պետք է անցնել, ինչի համար ձեռնարկվում են տարաբնույթ միջոցներ, այդ թվում՝ խթանելով տարբեր նոր սուբյեկտների ներգրավումը նախընտրական մրցակցության մեջ և այդպիսով հնարավորինս ընդհանրացնելով և խայտաբղետ դարձնելով պատկերը: Առավել ընդգրկուն իմաստով, իշխանության բուն խնդիրը աստիճանաբար պարփակվում է հիմնական եռանկյունում, այսպես ասած՝ լոկոմոտիվ եռանկյունում, որը քաշում է ներիշխանական զարգացումների գնացքը: Այդ եռանկյունու երեք բևեռներն են` Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, ՀՀԿ-ն իր ներկայիս մեծամասնությամբ: Այդ երեք անկյունները մտնում են միմյանց միջև հարաբերությունների պարզաբանման առավել վճռորոշ մի փուլ, որը խորհրդարանի ընտրությամբ ոչ թե ավարտվելու է, այլ ավելի է մոտենալու «կուլմինացիային»: Թեև, որպես այդպիսին, «կուլմինացիա» դասական իմաստով տեղի չի ունենա, հազիվ թե լինի այդպիսի զարգացում: Հարցերը կլուծվեն աստիճանական կարգով: Իսկ ահա թե ով ում հարցը կլուծի, կամ ովքեր ում հարցը, արդեն ժամանակի և պայքարի խնդիրն է:

Ակնհայտ է, որ սեփական հարցերը լուծելու համար եռանկյունու անկյունները պետք է լուծեն մյուս անկյուններից առնվազն մեկի հարցը: Սերժ Սարգսյանը պետք է փոխի ՀՀԿ մեծամասնությունը, որպեսզի կարողանա ապահովել հետագա վերահսկողություն իշխանության նկատմամբ` նախագահի պաշտոնը թողնելուց հետո, առավել ևս, եթե հավակնի վարչապետի պաշտոնի: Ավելին, Սերժ Սարգսյանը չի էլ թաքցրել, որ իր համար կա այդ խնդիրը: Նա Կարեն Կարապետյանին նշանակելիս հայտարարել է, որ նրա հետ քննարկել է ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու հարցը, իսկ դա նշանակում է նոր ստատուս-քվո ՀՀԿ-ում: Այսինքն, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի մեծամասնության չեզոքացման, փոփոխության, ստատուս-քվոյի փոփոխության խնդիրը մտադիր է լուծել Կարեն Կարապետյանի միջոցով: Կարեն Կարապետյանը, անկասկած, գիտակցում է, որ իր միջոցով լուծելով այդ խնդիրը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի, Սերժ Սարգսյանը հետո էլ փորձելու է լուծել իր հարցը` Կարապետյանն արեց իր գործը, նա կարող է հեռանալ: Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանը գիտակցում է նաև, որ ՀՀԿ-ի ներկայիս մեծամասնության փոփոխությունը, ՀՀԿ-ում ներքին ստատուս-քվոյի հիմնովին փոփոխությունը այսպես, թե այնպես հանդիսանում է իր համար նվազագույն խնդիր, քանի որ դա տեղի չունենալու դեպքում էլ Սերժ Սարգսյանը այդ մեծամասնության հետ պայմանավորված հեռացնելու է իրեն: Բայց Կարեն Կարապետյանին հարկավոր է նաև ինքնուրույնություն, որպեսզի ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելուց հետո Սերժ Սարգսյանը չկարողանա հեռացնել իրեն, այլ կամ գտնվի առնվազն համատեղ գոյակցության տարբերակ` հավասարազոր երկու բևեռների կարգավիճակով, կամ Սերժ Սարգսյանն ինքը ստիպված լինի հեռանալ, թեկուզ աստիճանաբար, ժամանակի ընթացքում ՀՀԿ-ի ամբողջ իշխանությունը հանձնելով Կարապետյանին:

Իշխանությունը, անկասկած, շատ ավելի լուրջ խնդիրներով և նվազ կենսունակությամբ է մոտենալու 2022 թվականի խորհրդարանի ընտրությանը, եթե 2017-ից հետո չկարողանա լուծել այդ խնդիրները, որ պարփակված են եռանկյունու երեք անկյունների միջև: Ինչ խոսք, դա այն պարագայում, երբ իշխանությունը կարողանա լուծել նախ 2017-ի վերարտադրության, իսկ դրա դեպքում էլ` հետագայում որևէ այլ ֆորս-մաժոր թույլ չտալու խնդիրը: Իսկ դա, չնայած ներկայումս իշխանության համար բարենպաստ թվացող պայմաններին, ամենևին բացառված չէ: Բայց վերարտադրության հարցը մեծ հավանականությամբ իշխանության համար լուծելի է, հաշվի առնելով առկա իրողությունները, քաղաքական դաշտը, հանրության մոտ քաղաքական գործընթացների հանդեպ որոշակի անտարբերությունն ու հիասթափությունը, նաև ընտրությունների խորհրդարանական բնույթը: Խորհրդարանի ընտրությունը իշխանությանը միշտ էլ տրվել է առավել հեշտ, մի շարք գործոնների բերումով: Այս անգամ իշխանությանը բուն դժվարությունը սպասում է խորհրդարանի ընտրությունից հետո, բայց ոչ թե Ազատության կլոր հրապարակից, այլ ներիշխանական «եռանկյունուց»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20