Սննդակարգը շաքարային դիաբետի ժամանակ

- in Առողջություն
Aroxjutyun

Շաքարային դիաբետի ժամանակ բուժական սննդակարգի հիմնական սկզբունքները, որոնք ոչ միայն հեշտ իրագործելի են հիվանդի, այլև ընդունելի ու օգտակար ընտանիքի մյուս անդամների համար` այսպիսին են:

Հավասարակշռված, ռացիոնալ սննդի ապահովում, այսինքն` օրգանիզմի նորմալ գործունեության համար անհրաժեշտ բազմազան սննդամթերքների և սննդարար նյութերի (սպիտակուցներ, վիտամիններ, ճարպեր, ածխաջրեր և հանքային նյութեր) օգտագործում:

Օրաբաժնում պետք է լինեն հացահատիկային կուլտուրաներ, բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք, միս և մսամթերք, կարագ և ձեթ, բուսական և կենդանական յուղեր:  Սննդակարգի պահպանում: Օրվա ընթացքում պետք է սնվել 4-5 անգամ, առավոտյան անպայման նախաճաշել:

Ածխաջրերի սահմանափակում: Բացառվում են շաքարը և շաքար պարունակող սննդամթերքը (օրինակ` ջեմերը, մուրաբաները, շաքարով պատրաստած բնական հյութերը, պաղպաղակը, թխվածքը, գազավորված գունավոր ըմպելիքները): Գերադասելի են գլիկեմիկ ցածր ինդեքսով և բջջանյութով հարուստ սննդամթերքը և ըմպելիքները, օրինակ` բանջարեղենը, կանաչեղենը, թեփով հարստացված, ամբողջական, չկեղևազտված ցորենի ալյուրից պատրաստված մակարոնեղենը, բաց շագանակագույն (ոչ սև) չողորկված բրինձը:

Օգտագործվող կենդանական ճարպի քանակի սահմանափակում: Մսի և թռչնամսի վրայից հեռացրեք նկատելի ճարպը, ընտրեք ցածր յուղայնությամբ միս և կաթնամթերք, կերակուր պատրաստելիս յուղն օգտագործեք չափավոր: Խորհուրդ ենք տալիս կարդալ պիտակի վրա զետեղված սննդային արժեքի վերաբերյալ տվյալները: Սննդի պատրաստման խոհարարական կանոնների պահպանում: Սննդամթերքն օգտագործեք խաշած կամ եփած վիճակում:

Հրաժարվեք ախորժակը լավացնող համեմունքներից: Շաբաթը 2-3 օր հայտարարեք, այսպես կոչված` բեռնաթափման օրեր (ընդունեք ցածր կալորայնությամբ սնունդ` 600-800 կկալ): Դա նպատակահարմար է այն օրերին, երբ Ձեր ամուսինը նախորդ օրը մասնակցել է ճաշկերույթի, և բեռնաթափման օրը շատ ծանր աշխատանքային օր չէ:

Ալկոհոլի օգտագործման սահմանափակում, գերադասելի է բացառում: Այս խորհուրդներն ընդունելի են ընտանիքի բոլոր անդամների համար: Շաքարային դիաբետի ժամանակ սնունդը կարևոր է ոչ միայն որպես բուժման, այլև մի շարք բարդությունների կանխմանը նպաստող միջոց: Ճիշտ սննդակարգի շնորհիվ արյան մեջ նվազում է գլուկոզայի, գլիկոլիզացված հեմոգլոբինի, ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակը:

Այս խորհուրդներով առաջնորդվելու շնորհիվ նվազում է մարմնի քաշը, պակասում բուժման ընթացքում շաքարի մակարդակն իջեցնող դեղերի չափը, ընդհուպ մինչև դրանց ընդունման դադարեցումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20