Օհանյանը իշխանության համար լուրջ նախընտրական խնդիր չէ՞

- in Ով ով է ...
114
Seyran Ohanyan

Տարեմուտին ընդառաջ Սեյրան Օհանյանի շնորհավորական տեսաուղերձը իր ոչ այնքան բովանդակությամբ, որքան ավելի շատ ձևով նախընտրական հայտ էր՝ ուղղված ոչ այնքան սովորական ընտրողին, որքան իշխանությանը կամ իշխանական ռեսուրսին, որը գտնվում է որոշակի հարաբերական տիրույթում: Օհանյանն այդպիսով ներկայացրեց իշխանական երկրորդ բևեռի հայտ, որի նպատակն է ուղեցույց կամ փարոս հանդիսանալ վերոհիշյալ ռեսուրսի համար:

Պաշտպանության նախկին նախարարն ըստ ամենայնի լավ գիտակցում է, որ ընդդիմադիր դաշտում արմատական դիրքորոշմամբ խաղալու իր հնարավորությունները խիստ սահմանափակ են, հետևաբար այլ տարբերակ չկա, քան փորձել չափավոր ընդդիմադիր խաղ վարել իշխանական կամ իշխանամերձ ռեսուրսի ուղղությամբ: Ունի՞ այդ դաշտում Սեյրան Օհանյանը հաջողության շանս: Այստեղ, իհարկե, նրա համար առանձնապես մեծ լավատեսության հիմքեր չկան, և հեռանկարները հավասարապես թույլ են, ինչպես արմատական ընդդիմության դիրքերից հանդես գալու դեպքում: Արդյունքում ստացվում է, որ Սեյրան Օհանյանն իր քաղաքական գործունեությամբ և, մասնավորապես, նախընտրական գործընթացներում մասնակցությամբ լինելու է գործող իշխանության որոշակիորեն թույլ կրկնօրինակումը կամ, այսպես ասած, հայելային արտացոլումը, կրկնապատկերը:

Իշխանությունն ունի՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ պարզապես այդպիսի շրջանակում գործող Օհանյանը իշխանության համար լուրջ նախընտրական խնդիր չէ, հետևաբար չկա կարիք խանգարելու նրա քաղաքական ակտիվ գործունեությանը: Բացառված չէ, իհարկե, որ խնդիր և կարիք կա, քանի որ իշխանության ներսում իրավիճակը ամենևին հանգիստ չէ, և նոր տարին իր հետ բերելու է նոր անհանգստություններ, և այս իմաստով, իհարկե, համակարգի համար շատ կարևոր է, որ նեղացած կամ անհանգստացած, մոտիվացիայի կորստի վտանգի առաջ կանգնած ռեսուրսը գնալու տեղ ունենա և չդառնա առավել արմատական դիրքերից հանդես եկող սուբյեկտների հավանական «ընտրազանգված» կամ հենարան:

Այդ իմաստով Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությունը կարող է վերածվել իշխանության համար անվտանգության բարձիկի, բայց ի տարբերություն, օրինակ, Գագիկ Ծառուկյանի՝ Օհանյանը կապահովի այդ անվտանգությունը ոչ թե սոցիալական բողոքից, սոցիալական դժգոհություն ունեցող ընտրազանգվածից, այլ իշխանության ներսում առկա դժգոհ սեգմենտներից՝ լինեն դրանք ստորին, միջին, թե անգամ որոշակիորեն բարձր օղակներում:

Սեյրան Օհանյանի «շնորհավորական հայտը» հուշում է, որ նա դեմ չէ իրերի այդ դասավորությանը: Համենայնդեպս, նրա համար, իհարկե, դժվար է գտնել քաղաքական պահանջվածության կամ հրատապության այլ հենք: Իհարկե, հայաստանյան քաղաքականության մեջ առկա են քաղաքական-գաղափարական բազմաթիվ բաց հենքեր, բայց խնդիրն այն է, որ Սեյրան Օհանյանը գործնականում քաղաքականություն մուտքի առաջին իսկ պահից զերծ է մնացել դրանք շոշափելուց, դրանց մոտենալուց անգամ:

Չի բացառվում, որ դա մարտավարական զգուշավորություն է, ինչը հատուկ է հայաստանյան քաղաքական դաշտի գրեթե անխտիր բոլոր սուբյեկտներին՝ նոր, թե հին: Բայց փաստն այն է, որ առանց դրանց մոտենալու, Հայաստանում հնարավոր չէ հավակնել շոշափելի քաղաքական դերակատարման: