1997թ. Հադրութ թափանցած դիվերսիոն-լրտեսական խմբի գործի մանրամասները

- in Հասարակություն
389
zinvor

1998 թվականին ԼՂՀ գերագույն դատարանի դատական կոլեգիան դատավճիռ է կայացրել լրտեսության և դիվերսիա ձեռնարկելու գործով՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 60 և 63 հոդվածներով:

Ամբաստանյալը Ագիլ Մուրազ օղլի Ահմեդովն էր՝ 1976 թվականին Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի Գմըր գյուղում ծնված:

Ահմեդովն ազգությամբ ծախուր էր, չնայած անձնագրում նրա ազգային պատկանելությունը նշված էր՝ «ադրբեջանցի»:

Ծախուրները լեզգիական լեզվախմբին պատկանող հյուսիսկովկասյան ազգություն էր, որը, ինչպես և  հյուսիսկովկասյան այլ ազգություններ՝ ռութուլները, ագուլները, ստալինյան բռնապետության ժամանակ մասնատվել ու մասամբ բռնակցվել էին Ադրբեջանին և խորհրդային տարիներին ուծացվել էին:

Դատական ակտում արձանագրված է, որ ազգությամբ  ծախուր Ահմեդովը ծառայել է Ադրբեջանի ՊՆ N զորամասի հատուկ նշանակության գումարտակում:

1995 թվականի օգոստոսից մինչև 1996 թվականի հունիսը Թուրքիայից ժամանած հրահանգիչների ղեկավարությամբ նա անցել է հետախուզական պատրաստության դասընթացներ:

1997 թվականի մարտի 31-ին 8-ական հոգուց բաղկացած 2 խմբի հետ Ահմեդովը թափանցել է սահմանամերձ գոտի:

Ահմեդովի խումբը գլխավորում էր Էլխան Աղաևը:

Խմբի նպատակն էր՝ անցնել հայերի թիկունքը և ծավալել լրտեսական ու դիվերսիոն գործունեություն: Խմբի առաջ խնդիր էր դրված հավաքել և ադրբեջանական հատուկ ծառայություններին հայտնել ԼՂՀ –ի վերաբերյալ գաղտնի ու կարևոր տեղեկություններ, հրկիզումների, պայթեցումների և այլ եղանակներով վնաս հասցնել ԼՂՀ պետական ունեցվածքին, իրականացնել բնակչության զանգվածային ոչնչացումներ:

Խումբը զինված էր ««Մուխա» տիպի նռնակներով, «Կալաշնիկով» տեսակի գնդացիրով, «Դրագունով» մակնիշի դիպուկահար հրացանով, խլացուցիչներ ունեցող ինքնաձիգներով, ռադիոկապով, լուսանկարչական սարքով, հեռադիտակով, քարտեզներով:

1997 թվականի ապրիլի 7-ի գիշերը, անցնելով սահմանը, խումբը թափանցել է ԼՂՀ  Հադրութի շրջան:

Երեք օրվա ընթացքում կատարել են նկարահանումներ և քարտեզանշումներ:

Ապրիլի 10-ին, կեսօրից հետո դիվերսիոն խումբը նկատել է ուղևորատար մեքենա, որը հաց էր տեղափոխում զինվորների համար: Դիվերսանտները ձեռնարկել են մեքենան ոչնչացնելու գործողություն:

Մեքենայի վրա կրակել են նռնականետով, և այդ կրակոցը բացահայտել է նրանց: Հայ սահմանապահների ու դիվերսանտների միջև ծավալվել է մարտ, որի ընթացքում հայ զինվորները ծուղակի մեջ են գցել դիվերսանտներին:

Որպեսզի գերի չընկնեն՝ վեց դիվերսանտներ իրենց կյանքին վերջ են տվել նռնակ պայթեցնելով: Դիվերսանտներից մեկը զոհվել է փոխհրաձգության ժամանակ: Ութերորդ դիվերսանտը՝ Ագիլ Ահմեդովը, բռնվել է ծանր վիրավոր վիճակում և տեղափոխվել է հոսպիտալ:

Լրտեսության և դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվել է նախաքննություն:

Դատավարությունը տեղի է ունեցել Ագիլ Ահմեդովի լրիվ ապաքինումից հետո՝ 1998 թվականի փետրվարի վերջին:

Դատական քննության ժամանակ Ահմեդովը խոստովանել է իր կատարած հանցանքը: Նա չի խնդրել իր նկատմամբ մեղմ վարվել:

Դատավճիռը կարդացվել է ռուսերեն:

Ագիլ Մուրազ օղլի Ահմեդովը լիովին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է առավելագույն պատժի՝ մահապատժի՝ գնդակահարության միջոցով:

Դատավճռի հրապարակումից հետո Ահմեդովը ադրբեջաներեն արտաբերել է արևելյան մի իմաստախոսություն. «Օտարի հողը օտարի համար միայն գերեզման է»…