34-ամյա Ռոմանը Հրազդանի կիրճում քեֆի ժամանակ խոհանոցային դանակը մխրճել է Մանուշի ծնկի մեջ

- in Իրավունք
249
danakaharutyun

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Ռոման Դ.-ի գործի դատական քննությունը:

34 –ամյա Ռոմանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1–ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Ռոմանը Հրազդանի կիրճում մասնակցել է քեֆի, որի ժամանակ Մանուշ Ա.-ի (անունը փոխված է) հետ «անձնական փոխհարաբերությունների շուրջ» վիճաբանության մեջ է մտել:

Վեճի ընթացքում Ռոմանը վերցրել է սեղանին դրված խոհանոցային դանակը ու դիտավորյալ հարվածել է Մանուշի ձախ ծնկին՝ պատճառելով նրա առողջության ծանր վնաս՝ ձախ ծնկահոդի շրջանի կտրած վերք՝ ուղեկցված քառագլուխ մկանի և ազդրային զարկերակի վնասումով:

Զարկերակի վնասում առաջացնելով ու տուժողի վիճակը տեսնելով՝ Ռոմանը Մանուշին անմիջապես տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ կնոջը ցուցաբերվել է բժշկական օգնություն և փրկվել է նրա կյանքը:

Ռոմանը հատուցել է տուժողի բուժման ծախսերը:

Ընդհանուր իրավասության դատարանում Ռոման Դ.-ն լիովին մեղավոր է ճանաչել իրեն, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժողը չի առարկել, նա Ռոմանի նկատմամբ բողոք, պահանջ չի ներկայացրել:

Դատարանը հաշվի է առել, որ Ռոման Դ.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 8 և 6 տարեկան:

Ռոման Դ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 4  տարի ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Ռոմանին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20