Առաջիկա երկու օրերին կհրապարակվի Գյումրիից ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվող թեկնածուների ցանկը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ Շիրակի մարզի կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը:

Շրջանառվող լուրերը, թե Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ Չինաստանում կրթություն ստացած կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը չի առաջադրվելու, ՀՀԿ Շիրակի մազի կառույցի ղեկավարը չցանկացավ մեկնաբանել. «Չեմ կարող պատասխանել որևէ անձի հետ կապված հարցին, մինչև քննարկումները չավարտվեն: Հիմա քննարկումները ավարտել ենք, բայց չենք հրապարակում, առաջիկա երկու օրերի ընթացքում կլինի: Քննարկումները ավարտել ենք, հնարավոր է՝ դեռ վերադառնանք խնդրին: Կհրապարակենք մեկ-երկու օրից»։ Արդյո՞ք ամեն վայրկյան իրավիճակ է փոխվում, Սահակ Մինասյանն արձագանքեց. «Մենք ամենաստաբիլ քննարկողներից ենք, ամեն վայրկյան իրավիճակ չի փոխվում, բայց հավուր պատշաճի, առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում ամփոփ ձեզ կներկայացվի»:

Գյումրիից ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող Մարտուն Գրիգորյանը, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք նախագահականում պայմանավորվածություն է ձեռք բերվել ընտրապայքարից դուրս թողնել Սամվել Բալասանյանի որդուն, վերջինս ընտրություններին կաջակցի՞ իրեն, ասաց. «Ճիշտն ասած, անձնական հանդիպումների վերաբերյալ չեմ ուզում ինֆորմացիա տրամադրել: Այս պահին որևէ հստակություն չկա: Երբ հստակություն կմտնի, թե ով կառաջադրվի, իսկ ով ոչ, այդ ժամանակ նոր կտեսնենք՝ ով ում կսատարի, ով ինչ կանի: Իսկ այս պահին այդ առումով որևէ հստակություն չկա»:

Արդյո՞ք Վարդան Ղուկասյանի՝ ընտրապայքարի մեջ մտնելը փոխել է խաղաքարտերը.«Ձեր ասած մարդու հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ և պետք է խնդրեմ՝ որքան հնարավոր է այդ ուղղությամբ ինձ հարցեր չտաք»։

«Ծառուկյան» դաշինքով առաջադրվող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հիմնական մրցակցությունը իր և Մարտուն Գրիգորյանի միջև է լինելու, արձագանքեց. «Կապրենք, կտեսնենք: Բոլորի քաշը կերևա՝ ով ինչքան հարգանք ունի ժողովրդի մոտ, ով ինչ է արել, ով չի արել, բայց ասում է արել է, ով արել է, բայց շատ չի խոսել…Ժողովուրդը բոլորի տեղը գիտի, կապրենք կտեսնենք: Դրանից ճիշտը չկա»։ «Ծառուկյան» դաշինքից առաջադրվող այլ թեկնածուների հետ էլ որևէ խնդիր չի տեսնում. «Ի՞նչ է պատահել, թող մի քանի հոգի լինեն, եթե օրենքը էդպես է, ուրեմն այդպես էլ կլինի: Այստեղ կապ ունի՝ ով ինչքան գործ է արել, ով ինչքան հարգանք ունի, ըստ այդմ էլ ժողովուրդն իր գնահատականը կտա»:

Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը նույնպես կառաջադրվի «Ծառուկյան» դաշինքով: Համամիտ չէ, որ ընտրապայքարը հիմնականում Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի միջև է ծավալվելու. «Գուշակություններ անելն այնքան էլ պատվաբեր գործ չէ: Բացի այդ՝ ընտրության արդյունքները ցույց կտան, թե ով ում հետ է պայքարում, ինչ մրցակցություն է լինելու: Դա ժողովրդի կամքն է, և կարծում եմ՝ որևէ մեկը ժողովրդի կամքի վրա այսօր չի կարող բռնանալ»:

Հարցին՝ արդյո՞ք Վարդան Ղուկասյանի՝ ընտրապայքարի մեջ մտնելը թուլացնում է Վարդևան Գրիգորյանի դիրքերը, արձագանքեց. «Իմ դիրքերը, ով էլ ուզում է մասնակցի, երբեք չի թուլացել և չի թուլանալու: Գրիգորյան Վարդևանը 1990 թվականից մասնակցում է ընտրություններին: 1990 թվականին 4200 ընտրողից 3700-ը Գրիգորյան Վարդևանին է ձայն տվել: Գրիգորյան Վարդևանը ՏԻՄ վերջին ընտրություններին 10000 ձայն է հավաքել: Այսինքն՝ որևէ մեկը չի կարող թուլացնել Գրիգորյան Վարդևանի դիրքերը: Գրիգորյան Վարդևանը ունի իր դիրքը այդ քաղաքում, այդ մարզում, և որևէ մեկը այն չի կարող թուլացնել»:

Վարդևան Գրիգորյանը նշեց, որ թեժ ընտրապայքար է սպասվում Գյումրիում՝ հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր կուսակցություն մարզում մինչև 15 թեկնածու է առաջադրելու: «Կլինեն 100-ից ավելի թեկնածուներ վարկանիշային համակարգով, և իհարկե այս բոլոր թեկնածուների մեջ կլինի լուրջ մրցապայքար: Ես բոլորին էլ մրցակից տեսնում եմ, նույնիսկ այն կանանց, ովքեր մեր կողմից վարկանիշային համակարգով առաջադրվելու են: Եթե մտել են այս պայքարի մեջ, ուրեմն անպայման մրցակից են: Եթե չլինի մրցապայքար՝ ինքնանպատակ է դառնում առաջադրվելը»,- հավալեց Վարդևան Գրիգորյանը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.