Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը սիրով է փոխկապակցված իր երաժշտական գործիքի հետ, որը 5-րդ դարից է մեզ հասել, իսկ գերխնդիրն է պահպանել այն ու փոխանցել նոր սերունդներին: Դա Մարիաննա Գևորգյանը համարում է իր ամենակարևոր առաքելությունը:

– Շատ եմ սիրում քանոնը և հաճույքով եմ նվագում: Երբ ներկայացնում եմ որևէ ստեղծագործություն, ոչ թե զուտ ներկայացնում, այլ՝ ապրում եմ դրանով և փորձում ապրեցնել նաև հանդիսատեսին:

Երկար տարիներ է, ինչ զբաղվում եմ քանոն նվագարանով՝ դպրոցական տարիներից հաճախել եմ երաժշտական դպրոց, ավարտել եմ Սպենդիարովի անվան երաժշտանոցը, ապա Կոմիտասի անվան կոնսերվատորիայի բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրան՝ երեքն էլ կարմիր դիպլոմներով:

Գործունեությունս սկսել եմ Մանկական ֆիլհարմոնիայից, բախտ եմ ունեցել աշխատել այնպիսի մաեստրոների հետ, ինչպիսիք են քամանչահար Հրաչյա Մուրադյանը, Ռուբեն Նիկողոսյանը, այնուհետև գործունեությունս շարունակել եմ Արմեն – Ակոբ մշակութային կենտրոնում, համագործակցել եմ ժողովրդական արտիստների հետ, հիմա՝ Հնագույն երաժշտության Տաղարան համույթում, մաեստրո Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ:

Բացի քանոն նվագարանից, զբաղվել եմ նաև պարով, երգով: Իմ կարծիքով, երաժիշտ կատարողը պետք է բազմակողմանի զարգացած լինի, մեկով չես կարող ամեն բան ներկայացնել: Յուրքանչյուր մտքից է ծնվում ստեղծագործությունը և ապրեցվում այն: Շատ մաեստրոների հետ աշխատելու արդյունքում է, որ պատահել են դեպքեր, երբ տվյալ ստեղծագործությունն ինչպես զգացել, այդպես էլ առաջարկել եմ կատարել, ու շատ հաճախ ընդառաջվել է:

Ունենք քանոն նվագարանի կատարման առողջ սերնդափոխություն, նոր սերունդն էլ շատ լավն է, բայց կարևորը չմոռանանք քանոնահար, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանին, ով իմ սիրելիներից է, ում գործերը մենք միշտ կատարում ենք՝ Հնագույն երաժշտության Տաղարան համույթով:

Քանոնն այժմ կարծես կանացի գործիք է և ես լավ եմ ինձ զգում նրա հետ: Արևելքում տղամարդիկ են այն կատարում: Կարծում եմ, ինձ շատ սազում է իմ գործիքը, որի մասին նաև շատերն են ասել: Քանոնս շատ խանդոտ և նեղացկոտ է, երբ որոշ ժամանակ չեմ նվագում, կամ՝ փոխանցում եմ, որ այլ քանոնահարուհիներ նվագեն, հետո զգում եմ, որ այլ կերպ է հնչում, որոշ ժամանակ է պահանջվում, որ վերադարձնեմ իմ ուզած ձայնը:

Շատ լավ քանոնահարուհիներ ենք ունեցել, ովքեր նաև իմ մանկավարժներն են. առաջին քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը … մի ամբողջ դպրոց ենք ունեցել՝ Ալվարդ Միրզոյանը, Հասմիկ Լեյլոյանը, Ծովինար Հովհաննիսյանը, որոնց շատ – շատ շնորհակալ եմ, շատ գաղտնիքներ են իմ համար բացել՝ թե՛ կատարողական արվեստի նրբությունները, թե՛ վարպետությունը: Տվել են անմնացորդ, անշահախնդիր …

Իհարկե՝ եղել են նաև խոչընդոտներ, դեպքեր, որոնք այնքան են ազդել իմ վրա, որ բավական երկար ժամանակ չեմ նվագել, սակայն երբ մեկ անգամ վերցրել եմ քանոնս, զգացել եմ, որ այն իմն է:

Յուրաքանչյուր ստեղծագործություն տարբեր տարիքներում, տպավորություն ունեմ, որ մատուցում եմ յուրովի, ամեն անգամ առանձնահատուկ հուզմունքով եմ բեմ դուրս գալիս և ամեն ինչ անում, որ մատուցվող երաժշտությունը հասցնեմ ունկնդրի հոգուն՝ մաքուր և անաղարտ:

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.