Gyumri

Հայաստանի ամենաթեժ ընտրատարածքներից մեկը թերևս կարող է լինել Շիրակի մարզը: Ռեյտինգային ընտրակարգով այստեղ առաջադրվող թեկնածուներն այնքան խայտաբղետ են, մի մասն էլ վտանգավոր, որ ապրիլյան ընտրություններն այդ ընտրատարածքում ու հատկապես մարզկենտրոն Գյումրիում խոստանում է պայթունավտանգ իրավիճակ առաջացնել:

Եվ հատկապես այդ մարզում առաջադրումները որևէ բարոյական սկզբունքի չեն ենթարկվում: Այստեղ գործում է միայն շահը՝ պաշտոնը պահելու կամ պաշտոնի գալու ակնկալիքը: Կոնկրետ Գյումրիում Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուները հայտնի են՝ Ֆելիքս Ցոլակյան, Արման Սահակյան, քաղաքապետ` «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Սամվել Բալասանյանի որդին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Մարտուն Գրիգորյան: Վերջին երկուսը, ինչպես տեսանք, իրենց քաղաքական ու տնտեսական շահերն ապահովելու համար կուսակցություն են փոխել: Փոխարենը, ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դեմ է հանելու իր նախկին անդամ ու նախկին քաղաքապետ և կրիմինալ աշխարհի ոչ պակաս ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանին: Վերջինս տարիներ շարունակ սպասեց, որ ՀՀԿ-ն իրեն նորից պաշտոն կտա, բայց հուսախաբ դիմեց Գագիկ Ծառուկյանին:

Գյումրիում ԲՀԿ-ի մյուս թեկնածուն Վարդևան Գրիգորյանն է՝ Ապարը, ով անցած աշնանը մասնակցեց նաև քաղաքապետի ընտրություններին: Վերջինս նույնպես համարվում է կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի ընտրություններից առաջ սպանված կամ ինքնասպան եղած հայտնաբերվեց նրա որդին: Գյումրիում ԲՀԿ-ն կարող է առաջադրել նաև քաղաքում ՀԱՕԿ ստորաբաժանման ղեկավար, մարզիկ Արմեն Բադեյանին: Վերջինս, հիշեցնենք՝ աշնանը պետք է առաջադրվեր նաև որպես քաղաքապետի թեկնածու, բայց ԲՀԿ-ն վերջին պահին ընտրեց Վ.Գրիգորյանին:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո այս կուսակցությունը մտադիր է իր ռեյտինգային ցուցակում ներառել նաև «Գազպրոմ Արմենիա» և ՀԷՑ ընկերությունների տարածքային կառույցների ներկայացուցիչներին: Կոնկրետ Գյումրիում, մեր տեղեկություններով, որպես նոր դեմքեր, առաջադրվելու են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակի մարզի կառույցի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանը և ՀԷՑ-ի տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Ֆարզադյանը: Այս պաշտոնյաներն իրենց ղեկավարած ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների, ինչու չէ նաև սպառողների շրջանակներից կփորձեն ձայներ բերել ՀՀԿ-ի օգտին: Իսկ այդ հանգամանքը պարզապես հնարավորություն կստեղծի, որ նրանք ոչ թե պատգամավոր դառնան, այլև շարունակեն պաշտոնավարել իրենց տեղերում:

Շիրակի մարզում հայտնի է ՀՀԿ-ի ևս մի թեկնածու՝ Աշոցքի ավտոճանապարհային ՓԲԸ սեփականատերն Մարսել Կարապետյանը: Վերջինս առաջադրվելու է Աշոտ Աղաբաբյանի փոխարեն: ՀՀԿ-ի կողմից ցանկանում է առաջադրվել նաև քաղաքապետի ընտրություններում պարտված նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը: Իհարկե, այլ թեկնածուներ նույնպես կլինեն, բայց միայն այս անունները բավական են, որ պայքարը խիստ վտանգավոր լինի: Պայքարը շատ թեժ է լինելու ոչ միայն կուսակցությունների միջև, այլև նույն կուսակցության մեջ արդեն թեկնածուների միջև: Եվ անկախ այն հանգամանքից, թե նրանք ինչ հարաբերություններ ունեն միմյանց հետ, կամ կուսակցությունները նրանց ինչպես կզսպեն միմյանց դեմ դուրս չգալու համար, միևնույնն է, հնարավորինս շատ ձայներ ստանալու համար կենաց ու մահու պայքար է լինելու:

Հատկապես որ ով շատ ձայն բերի, նա պատգամավոր դառնալու մեծ հավանականություն կունենա: Վ.Ղուկասյանն ու Ծառուկյանը անողոք պայքար կմղեն եթե ոչ ՀՀԿ-ին հաղթելու, այլ գոնե երկրորդ տեղը զբաղեցնելու, որ խորհրդարանում մեծ խմբակցություն ունենան: Նաև հայտնի է, որ Մ.Գրիգորյանն ու Վ.Ղուկասյանը թշնամական հարաբերություններ ունեն, նրանց կլանների միջև անգամ սպանություն է տեղի ունեցել: Եվ նրանց՝ ձայներ տանելու մոլուցքը կարող է նաև միջկուսակցական ու կլանային տուրուդմփոցի ու կրակոցների հասցնել:

«Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը: Ես դա չարեցի 2009թ-ին՝ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից ընտրելով Բարգավաճը և ոչ Հանրապետականը, որի մարզային խորհրդի նախագահն էր նա»,- երեկ հայտարարել էր Մ.Գրիգորյանը:

Շիրակի մարզում թեկնածուներ կառաջադրի նաև «Օրինաց երկիր» կուսակցությունը: Գյումրիից ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջադրվելու է ինքը, և որոշում կա, որ ռեյտինգային ընտրակարգով պետք է առաջադրվեն հիմնականում մարզային կառույցների ղեկավարները: Մարզում կարող են թեկնածուներ առաջադրել նաև այլ կուսակցություններ կամ դաշինքներ, բայց առայժմ որևէ մեկի դեպքում դեռ հիշատակում չկա: Եվ Շիրակում ակտիվ կլինեն հատկապես այն կուսակցությունները, որոնք աշնանը ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինչ-որ արդյունք են գրանցել:

Հավելենք նաև, որ Շիրակի մարզը ավանդաբար համարվում է ՀՀ սոցիալապես ամենաապահով մարզերից մեկը, որտեղ ընդդիմադիր էլեկտորատը բավականին մեծ է: Եվ վերջին համապետական ընտրություններում իշխանությունները հատկապես Գյումրիում միշտ պարտվել են: Մինչդեռ, պատկերը փոխվեց քաղաքապետի ընտրությունների ժամանակ, որտեղ, ինչպես գիտենք, հաղթեց ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Բալասանյան դաշինքը: Ինչ կլինի այս անգամ՝ դժվար է ասել, հատկապես, որ համապետական ընտրությունները ՏԻՄ ընտրությունների համեմատ բովանդակային որոշակի տարբերություն ունեն: Ամեն դեպքում՝ դատելով վերը նշված անուններից և այն հանգամանքից, որ կուսակցությունները հնարավորինս հեղինակավոր մարդ են փնտրում, որ առաջադրեն, կարելի է ասել, որ այստեղ նույնպես անձի գործոնը մեծ դեր է ունենալու:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.