ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ընդունում է ՀՀԿ առաջարկը և առաջիկա խորհրդարանական ընտրություններին ոչ կուսակցականի կարգավիճակով կընդգրկվի ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում:

Նա նաև անդրադարձել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով Շիրակի մարզում առաջադրվելու է «Ծառուկյան» դաշինքով:

«Գագիկ Ծառուկյանի վերադարձից շատ ավելի անսպասելի էր նրա որոշումը՝ կապված առաջիկա ընտրությունների հետ. մարզում ԲՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկել ոչ ավել-ոչ պակաս Գյումրու նախկին քաղաքապետին: Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը: Ես դա չարեցի 2009թ.-ին՝ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից ընտրելով «Բարգավաճը» և ոչ Հանրապետականը, որի մարզային խորհրդի նախագահն էր նա»,- նշված է հայտարարության մեջ:

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հայտարարության՝ իր հասցեին ուղղված հատվածին՝ նշեց. «Բարեպաշտություն, խաղաղություն, համերաշխություն, ամենալավ բաներն այդ երիտասարդներին, բոլորին: Համերաշխ գնում ենք քարոզարշավին, ինչ եք ուզում, ինչի եք կռվացնում: Լավ եղեք, համերաշխ եղեք, երջանիկ եղեք»: Նա հավելեց, որ բոլորին, այդ թվում՝ Մարտուն Գրիգորյանին, ցանկանում է աստվածային օրհնություն:

Արդյոք թե՞ժ ընտրապայքար է սպասվում՝ հարցին Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Կգա ժամանակը, ես բոլորը կասեմ, ես չեմ էլ պատկերացնում՝ թեժ-մեժ լինի, ամեն մարդ իր ապրած կյանքը, իր կատարած գործունեությունը թող ցույց տա, ես էդպես եմ գնում պայքարի: Այսինքն՝ իմ արածը ցույց եմ տալիս, վերհիշել եմ տալիս ժողովրդին, մնացածն էլ ժողովուրդը ոնց գտնի, այնպես էլ կանի: Ինչի եք խառնվել իրար»:

Դիտարկմանը՝ անակնկալ չի՞ եղել Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի համար, վերջինս պատասխանեց: «Դուք ինձ վատ կամեցեք, ես ձեզ բարին եմ կամենում: Համերաշխություն, սեր, միաբանություն ամբողջ հայ ժողովրդին: 96-ից իմ կարգախոսն է՝ հավատ, հույս և սեր»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.