Yntrutyun

Պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ռեյտինգային ընտրակարգով պատրաստվում է առաջադրվել Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։

Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից «ողնաշար ջարդելու» հանձնարարություն ստացած Սահակյանը ընտրատարածքի խոշորացման պատճառով ոչ այնքան նախանձելի վիճակում է հայտնվել։ Արաբկիրից մեծամասնական ընտրակարգով մշտապես առաջադրվել է Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, Դավիթաշենից՝  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը։ Թեպետ վերջին երկուսը դեռ ռեյտինգայինով առաջադրվելու  որոշմամբ հստակ հանդես չեն եկել, նախընտրական կրքերը, մասնավորապես, Աջափնյակում արդեն սկսվել են՝ Արման Սահակյանն արձակուրդ է վերցրել և անցել գործի։

Հանրապետական կուսակցությունից ռեյտինգայինով առաջադրվելու որոշում ունի նաև նաև Գերագույն խորհրդի պատգամավոր Թամարա Ալոյանի որդին՝ Աջափնյակում հեղինակություն ունեցող Տավրոս  Գևորգյանը։  Վերջինս ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի սանիկն է և, հավանաբար, իր  «շրջապատի» միջոցով բավականին մեծ թվով ձայներ կհավաքի։

Արման Սահակյանի կինը թիվ 156 մանկապարտեզի տնօրենն է, և առհասարակ այս վարչական շրջանի  բոլոր դպրոցների  ու մանկապարտեզների տնօրենները  մշտապես բարիդրացիական հարաբերություններ են ունեցել Սահակյանների ընտանիքի հետ, և ԱԺ նախագահի որդին այստեղ վարչական ռեսուրսի խնդիր դժվար թե ունենա։

Նույն ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի ամենահավանական թեկնածուն Աջափնյակում ոչ պակաս հեղինակություն ունեցող Վահան Կարապետյանն է՝ «Չերի» ռեստորանի սեփականատեր Վահան Կարապետյանը («Չերիի Վահան»), ով արդեն առաջադրվելու որոշում է կայացրել։ Նույն դաշինքով առաջադրվելու է  նախկին ՀՀԿ-ական, նախկին ՕԵԿ-ական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը։

Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, փաստորեն, ոչ միայն նոր ընտրակարգ է սահմանվել, այլև օրենքը բարդ իրավիճակի առաջ է  կանգնեցրել թաղային հեղինակություններին։ Եթե վերջիններս նախկինում ձայն էին ապահովում Հանրապետական կուսակցության, ինչպես նաև ԲՀԿ-ի համար, հիմա պետք է կողմնորոշվեն, թե հատկապես որ ՀՀԿ-ականի կամ ԲՀԿ-ականի համար պետք է քրտնաջան աշխատանք տանեն։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.