ara-babloyan

ԱԺ-ում Առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ընտրացուվակում թիվ 4-ը լինելը զարմացրել է ոմանց, իսկ մեզ զարմացրել է նրանց զարմանալը:

Գործող խորհրդարանում և՛ օրենսդրական նախաձեռնություններով ակտիվ, և՛ առողջապահության ոլորտում երկարամյա մշակ ու հմուտ կազմակերպիչ Արա Բաբլոյանը թերևս արժանիներից մեկն է, եթե ոչ ամենաարժանին, որ ներկայանա ՀՀԿ համամասնական ընտրացուցակի առաջնային հորիզոնականում է:

Խնդիրը թերևս այն է, որ ոմանք դա դիտարկում են ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ նրանց համատեղ աշխատանքի արդյունք, իսկ մեզանում շատ հաճախ աշխատանքն անձնական հովանավորչության հետ է կապվում, ցավոք:

Մենք զրուցեցինք պարոն Արան Բաբլոյանի հետ և խնդրեցինք մանրամասնել Ռիտա Սարգսյանի հետ գործակցության և իր բնորոշմամբ՝ ինչո՞ւ ՀՀԿ 4-րդ տեղով առաջադրվելու պատճառները:

Պարզվում է, Արա Բաբլոյանը որևէ կերպ չի էլ միջամտել, կամ՝ մարդ մեջ գցել, որ հայտնվի հենց ՀՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականում, որովհետև ո՞ւմ համար պարզ չէ, որ ՀՀԿ-ն՝ լինելով իշխող քաղաքական ուժը Հայաստանում, բնականաբար՝ տիրապետելով ադմինիստրատիվ և վարչական ռեսուրսներին, արված դրականին, հաստատապես՝ համամասնական ընտրացուցակով մոտ երեք տասնյակի հասնող պատգամավորներ կունենա առաջիկա խորհրդարանում, այնպես որ՝ 4-րդը, թե՝ 24-րդը, անցողիկ է այս խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի համար, մեր կարծիքով:

– Ես երբեք ինձ թույլ չեմ տվել խառնվել ցուցակների կազմման գործին: Ավելին՝ կարծում եմ, որ սխալ է այդպիսի միջամտությունը: Ինչո՞ւ, որովհետև կուսակցությունում քաջատեղյակ են և պատկերացնում են յուրաքանչյուրի գործունեությունն ու դրանց արդյունքները՝ կարևորությունը պետության կառուցման գործում: Ասում են՝ ինչպե՞ս է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում 20-րդն էի, հիմա՝ 4-րդը, երևի թե լավ է, որովհետև գտել են, ուրեմն, որ այս ընթացքում ավելի լավ եմ աշխատել: Սակայն միևնույն ժամանակ չմոռանանք, որ 2007 թ. խորհրդարանական ընտրություններում, ես 10-րդն էի ՀՀԿ համամասնական ընտրացուցակում, իսկ կարգախոսս, որ մայրաքաղաքի գլխավոր գովազդային վահանակների վրա էր՝ <Իմ զենքը՝ Ձեր առողջությունն է>:

Այսօրվա իմ կարգախոսն է. <Ձևավորենք առողջ և կրթված հասարակություն, որ ունենանք հզոր պետություն>: Այսինքն՝ իմ համար կարևոր է, որ մասնակցություն ունենամ մեր հասարակության ձևավորման գործում: Ես չեմ կարող գործունեություն ծավալել այն բնագավառներում, որտեղ փորձս թերի է, փոխարենն՝ այնտեղ, որտեղ իմ հնարավորությունները մեծ են:

– Ի՞նչ է արել Արա Բաբլոյանն առողջապահության բնագավառում:

– Դրա համար պետք է գնահատել ոչ միայն այն ժամանակահատվածը՝ 1991 – 1997 թթ., երբ եղել եմ ՀՀ առողջապահության նախարարը, այլ երբ առաջին անգամ Հայաստանում երիկամի պահպանման վիրահատություն կատարեցի, որն անցած դարի 70-ականների վերջին էր: 1975 թ. սկսած ներդրել եմ մանկական ուռոլոգիայի ոլորտում զարգացման արատների վիրաբուժական շտկումը, որի արդյունքում <Արաբկիր> բժշկական համալիրն այսօր միակն է, որտեղ իրականացվում է երիկամի պատվաստում:

Միևնույն ժամանակ՝ պետք է հասկանանք, որ առողջապահությունը չի սահմանափակվում միայն հիվանդությունների հայտնաբերմամբ և բուժմամբ: Առողջապահությունը՝ լայն և համալիր միջոցառումների խումբ է, որն ուղղված է հիվանդությունների չառաջացմանը, կանխարգելմանը: Իսկ դրանում հաշմանդամ երեխաներով զբաղվելը շատ անգամ եղել է ոչ բոլորի կողմից ուժի և կարողությունների տեսակետից հետևողական աշխատանք: Շատերը սիրում են կարճաժամկետ աշխատանքով՝ արագ արդյունք, որպեսզի հասարակությունը շուտ գնահատի:

Ահա այստեղ, այո, Ռիտա Սարգսյանի հետ մենք գործընկերներ ենք: Նա ձեռք է մեկնում ոչ միայն իմ կնոջն ու ինձ, այլև՝ բոլոր հաշմանդամ երեխաներին, չարորակ հիվանդություններով տառապող երեխաներին, որոնք կարող էին մահանալ, եթե ՀՀ առաջին տիկինը չնախաձեռներ <Նվիրիր կյանք> բարեգործական հիմնադրամն ու աշխատանքներն այդպիսի երեխաներին օգնելու ուղղությամբ:

Երբ ես ու գործընկերներս սկսեցինք խոսել աուտիզմի մասին, այնժամ որևէ մեկը չէր էլ հաավատում և համարում էին, որ Հայաստանում աուտիզմ չկա, սակայն մենք կարողացանք հաստատել, որ կա և դրանով պետք է զբաղվել, որի հարցում, բարեբախտաբար, ևս գործընկեր դարձավ Ռիտա Սարգսյանն, ով օգնեց մեզ և աուտիզմով երեխաների ծնողների ասոցացիային, որպեսզի կարողանանք բազմաթիվ ծրագրեր իրականացնել, դպրոց ստեղծել այդպիսի խնդիր ունեցող երեխաների համար:

Շատ անգամ, ես վիրաբուժությանը զուգահեռ զբաղվելեմ առողջապահության կազմակերպման գործով, որն իր պոպուլիզմով շահեկան չէ անձի համար, բայց իմ գործունեությունն ուղղված է ոչ թե պոպուլիզմին, այլ՝ արդյունքներին:

Մի քանի օրինակ. 2005 թ.-ին մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում խորը մտավոր հետամնացությամբ 1050 քաղաքացիներ կան՝ բնածին հիպոթերիոզի պատճառով: Արդյունքում, մենք՝ շվեյցարիացիների հետ միասին ներդրեցինք մի ծրագիր, որով ամբողջ հանրապետությունում, երեխայի ծննդյան երրորդ օրը, նրանից վերցվում է մեկ կաթիլ արյուն, հետազոտվում է և պարզվում՝ ունի՞ այդպիսի հիվանդություն, թե՝ ոչ: Հայտնաբերման դեպքում՝ ամիսը 1000 դրամի դեղ ստանալով, այնուհետ այդ երեխան խնդիր չի ունենում և առողջ զարգանում է: Ներկայումս ունենք 124 երեխաներ, որոնք բացառապես առողջ են զարգանում: Ստացվում է, որ տարեկան միջինը 15 այդպիսի երեխաների հայտնաբերելով, կարողանում ենք կանխարգելել նրանց մոտ այդպիսի հիվանդությունը: Իսկ ամեն տարի, այդ ծրագրի արդյունքում, պետությունը խնայում է 1 մլրդ դրամ: Խնդիրը ոչ միայն դրամների խնայման, այլև՝ առողջ քաղաքացու, հասարակության լիարժեք անդամ լինելու, երեխայի և այնուհետ քաղաքացու իրավունքի պատպանման մեջ է:

Մեկ այլ ծրագիր. 2003 թ. <Արաբկիր> բժշկական համալիր – դեռահասների առողջության ինստիտուտում ստեղծվեց պարբերական հիվանդության կենտրոնը, այն ժամանակ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդպիսի առողջական խնդիր ունեցող երեխաների 16 տոկոսի դեպքում հետագայում զարգանում է ամիլոիդոզ, որը վտանգավոր է այնքանով, որ կարող է հանգեցնել տարբեր օրգանների և առաջին հերթին երիկամների ֆունկցիաների խանգարմանը: Ավելի պատկերավոր ներկայացնելու համար ասենք, որ 100 երեխաներից 16-ի մոտ կարող է զարգանալ ամիլոիդոզ, որից 5-ի մոտ մինչև 18 տարեկանը և երեխան կարող է հայտնվել դիալիզում: Մեր համալիր ծրագրի իրագործման արդյունքում, պարբերական հիվանդությամբ տառապող երեխաների թիվը 500-ից կարողացանք հասցնել 3 հազարի, և տարեկան 1 մլն Կոլխիցին ենք անվճար հիմունքներով հատկացնում նրանց: Այդպիսի երեխաների համար բոլոր խորհրդատվություններն ու լաբորատոր քննություններն անվճար են իրականացվում՝ պետության հովանավորությամբ ու՝ ի շնորհիվ մեր գործընկերների, <Կարագյոզյան> հիմնադրամի ու ՀՕՖ-ի: Արդյունքում՝ 2005 – 2016 թթ. մեր դիսպանսեր հսկողության տակ գտնվող 3000 երախայից որևէ մեկի մոտ ամիլոիդոոզ չի զարգացել:

Մենք ոչ թե մտածում ենք, թե ինչ անենք, որ մի բան ցույց տանք՝ հաշմանդամ երեխաների համար, այլ մտածում ենք ինչպե՞ս իրագործել այնպիսի համալիր ծրագիր, որպեսզի մի կողմից հաշմանդամությունը կանխարգելենք, մյուս կողմից՝ ինչպե՞ս վաղ հայտնաբերենք և վաղաժամ սկսենք միջամտել, այնուհետ՝ հասցնել այդպիսի երեխային դառնալ հասարակության լիարժեք անդամ: Այս առումով՝ դուրս ենք եկել զուտ առողջապահության շրջանակներից և Մալաթիա – Սեբաստիա համայնքի թիվ 92 մանկապարտեզում ստեղծել ենք այն կլասիկ մոդելը, թե ինչպես պետք է սկսվի նախադրոցական ուսուցումն այդպիսի երեխաների, հետագայում՝ ներառական հանրակրթության համար: Ի դեպ, այդ մանկապարտեզը մեր սեփականությունը չէ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ՝ համայնքային հաստատություն է: Մենք չենք կարող կանգ առնել, մենք շարունակում ենք ծրագրեր իրականացնել և դրական արդյունքներ արձանագրել: Մենք սկսել ենք հաշմանդամ երեխաների հետ աշխատանքն ու այն պետք է հասցնենք մինչև վերջ, ինչպես վիրահատության ժամանակ չի կարելի մարդու որովայնը բացել, ասենք՝ կույրաղիքը հեռացնել ու բացվածքը չփակել, այնպես էլ՝ երեխաների հաշմանդամության խնդիրների լուծումը մեզ համար շարունակական է:

Այս առումով, այո, մենք գործընկեր ենք Ռիտա Սարգսյանի հետ: Եվ ափսոս, որ այս ամենը ոմանք չեն նկատում …

Ինչ վերաբերում է ՀՀ առողջապահության նախարար աշխատած տարիներիս, ապա պետք է հիշենք, որ 1991 – 97 թթ. ամենաբարդ տարիներն էին՝ պատերազմ, շրջափակում, բյուջեի խիստ սակավություն, եթե ոչ բացակայություն, և այդ պայմաններում՝ վիրավորների ու առհասարակ հիվանդությունների բուժում՝ առանց համաճարակների, որը եթե չեն տեսնում, հիշում ու գնահատում, ապա ասելիք չունեմ:

Ինչ վերաբերում է վերջին տասը տարիներին իմ խորհրդարանական գործունեությանն, ապա իմ ջանքերն ուղղված են առողջապահությանը, մայրությանն ու մանկությանը, որտեղ համագործակցելով Կրթության … և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների հետ՝ փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի կրթված և առողջ հասարակություն լինի, որն էլ կկարողանա ստեղծել հզոր, զարգացող, արդար պետություն:

Ես հազարավոր քաղաքացիների եմ հանդիպում փողոցներում, ովքեր հաճույքով ժպտում են ինձ, բարևում և շնորհակալ են, որ ժամանակին օգնել եմ և իրենք հիմա առողջ են:

Հիմա՝ շատ հաճախ հարցնում են, թե ինչպե՞ս պետք է պայքարեք նախընտրական շրջանում: Ես կարծում եմ, որ մեզ նախընտրական պայքար պետք չէ, այլ՝ ներկայացնել ծրագրեր, որոնք ցույց կտան հասարակության զարգացումը, որն էլ պետք է ներկայացնեն մարդիկ, ովքեր իրենց ապրած կյանքով ցույց են տվել դրա օրինակները:

Վերջում, ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ռիտա Սարգսյանին, որ նա աջակցում է ծրագրերի իրականացմանը …, բազմաթիվ երեխաների կյանքի փրկմանը …, իսկ հաշմանդամ երեխաներին՝ հասարակության մեջ ներառմանը … Այստեղ, իրոք, մենք շատ սերտ համագործացում ենք:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.