Եթե 3 ուժերից մեկը չհաղթահարի անցողիկ շեմը, ապա իշխանությունները կորոշեն, թե օրենքի որ իմաստը կիրառել

Yntrutyun

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժեր՝ Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքն ու Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը:

ՀՀԿ-ի ցուցակը դարձյալ գլխավորում է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք»-ի ցուցակը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ Զ. Փոստանջյանն էլ գլխավորում է իր կուսակցության նախընտրական ցուցակը:

Երևանի ավագանու ընտրություններն առայժմ ընկալվում են որպես Երևանի քաղաքապետի ընտրություններ: Այլ բան, որ Երևանի քաղաքապետն ընտրվում է ոչ թե ուղղակիորեն ժողովրդի կողմից, այլև ընտրված ավագանու անդամների կողմից: Պարզապես ավագանու այդ կառույցը դեռ կայացած չէ և քաղաքի ղեկավարման հարցում շատ ցածր դերակատարում, քաղաքապետի որոշումների վրա շատ փոքր ազդեցություն ունի: Դրա համար էլ երևանցիների մոտ այս ընտրություններն ընկալվում են որպես քաղաքապետի և ոչ թե որևէ կուսակցության առաջադրած ավագանու թեկնածուների ընտրություններ:

Երևանի ավագանին ունի 65 անդամ: Եվ այն կուսակցությունը, որը ընտրությունների արդյունքում մեծամասնություն է կազմելու, նա էլ իր ցուցակից առաջադրելու և ընտրելու է քաղաքապետին: Իսկ Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը 6 տոկոս է, իսկ դաշինքինը՝ 8 տոկոս: Այսինքն՝ տվյալ դեպքում «Ելք»-ը 8 տոկոսի շեմը պետք է հաղթահարի, որ ավագանու կազմում մանդատներ ստանա: Եթե, իհարկե, ավելի շատ ձայն չստանա և ՀՀԿ-ին լուրջ մրցակից չլինի: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում գրանցած արդյունքը պետք է, որ «Ելք»-ին լավ հեռանկար ապահովի նաև Երևանի ընտրություններում: Եվ այս դաշինքի քաղաքական ձեռքբերումները կարծես թե հայտնություն են Հայաստանի քաղաքական կյանքում:

Բայց այս ընտրությունների մյուս հետաքրքիր դրվագն էլ այն է լինելու, որ անկախ արդյունքներից կամ վերը նշված 6-8 տոկոս նվազագույն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունից, առաջադրված երեք ուժերն էլ կմտնեն Երևանի ավագանու կազմ: Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն՝ ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 6, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Բայց «եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները»:

Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, որ տվյալ ուժերից որևէ մեկը, ասենք՝ «Երկիր ծիրանի»-ն չհաղթահարի նվազագույն շեմը, վերը նշված բանաձևի համաձայն՝ նա հայտնվելու է Երևանի ավագանու կազմում: Իհարկե, չի բացառվում, որ այս կուսակցությունը Զ. Փոստանջյանի հեղինակության արդյունքում շատ ավելի ձայներ ստանա ու պատկառելի ներկայացվածություն ունենա, քան թե հիմա «Ժառանգություն» կուսակցության ընդամենը 5 հոգանոց խմբակցությունն է:

Բայց սա այնքան էլ միանշանակ չէ, քանի որ նախկին Ընտրական օրենսգրքում այդ դրույթը շատ ավելի հստակ էր ձևակերպված: «Եթե Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչև 3 կուսակցություն, կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները»: Իսկ այս դեպքում որոշակի անորոշություն է թողնվել, հավանաբար այն պատճառով, որ հետո օրենքը երկակի իմաստով մեկնաբանելու հնարավորություն լինի: Այդպիսով, եթե այս երեք ուժերից մեկը հանկարծ չհաղթահարի անցողիկ շեմը, ապա իշխանությունները կորոշեն, թե օրենքի որ իմաստը կիրառել:

Եվս մի հետաքրքիր հանգամանք՝ նույն Ընտրական օրենսգրքի համաձայն՝ «եթե այս ուժերից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում է երկու կուսակցություն (կուսակցությունների դաշինք), սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որը ստացել է առավել թվով մանդատներ: Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև»:

ԸՕ-ի այս դրույթի նկատմամբ բազմաթիվ քննադատություններ ու դժգոհություններ են հնչել, թե այդպիսով իշխանություններն ամեն ինչ արել են, որ քաղաքապետի ընտրություններում էլ իրենց հաղթող չլինի: Այսինքն՝ իրենք իրենց վարչական ու այլ ռեսուրսներով եթե կարողանան 40 տոկոս ստանալ, ապա նրանց կտրվի լրացուցիչ այնքան բոնուսներ, որ կարողանան միայնակ մեծամասնություն կազմել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments