Երկիրը հասել է բավական վտանգավոր սահմանագծի

- in Կարծիք
eshelon ishxanutyun

Մեծն Վիլյամ Սարոյանը ասում էր. «Ես ոչ մեկին չեմ դիմում, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»: Քաղաքական մեկնաբանների, վերլուծաբանների, տեխնոլոգների արած վերլուծություններից, այնուամենայնիվ, ինչ-որ բան ճիշտ չեմ հասկանում: Այն, ինչի ականատեսն եմ եղել ակամայից՝ դեպքերի բերումով, և այն, ինչ այսօր հեռուստաէկրանից ներկայացվում է հանրությանը, կարծես քիչ աղերսներ ունեն, բավականին տարբեր իրականություններ լինեն:

900 ընտրող ունեցող գյուղում, որից ընտրություններին մասնակցել է 670-ը, բաժանվել է 12 մլն դրամ: Բաժանել են դաշնակ գյուղապետի, ՀՀԿ-ի երեք ներկայացուցիչների, որոնցից 2-ը հանրությանը շատ հայտնի դեմքեր են, ու արդեն նոր գումարման ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի համար: Փողը բաժանվել է մարտի 29-31-ը 6 խմբերի կողմից: ՀՀԿ թեկնածուների համար բաժանել են տարբեր խմբեր, Արգամի  համար՝ երկու խումբ, և երկու հոգի էլ՝ գյուղապետի: Վերջինիս շուրջ 100 հոգի խաբել են: ՀՀԿ-ի երեք թեկնածուների դեպքում էլ բաժանած փողի ու ստացած քվեների միջև լուրջ անհամապատասխանություններ են եղել, չնայած ամենամեծ խմբի պատասխանատուն մինչ այդ հավաստիացնում էր, որ ցուցակները մյուս փող բաժանողների հետ համակարգչով ստուգել են, որ նույն մարդը երկու տեղից փող վերցրած չլինի (հետո այլոք ճշտեցին, որ Արգամի համար աշխատողները հրաժարվել էին իրենց ցուցակները բացել  մյուսների համար):

Ընտանիքներից մեկը հայտարարել էր, որ հարսը ազգակցական կապեր ունի մարզպետ Գրիգորյանների հետ, և ընտրելու են Արայիկին: Բայց 50 հազար դրամ փող էր վերցրել գյուղապետից ու ընտրել Արգամ Աբրահամյանին (բնականաբար, ոչ հենց այնպես):  Ընտրության հաջորդ օրը վերջինից փողը հետ են պահանջել: Դպրոցի տնօրենը, որ Աբրահամյանի նախկին մտերիմներից է, աշխատում էր միանգամից և՛ սրա, և՛ Հանրապետականի թեկնածուներից մեկի, և՛ մարզպետի եղբոր համար: Եվ  վերոնշյալների «շտաբների» աշխատակիցները գլուխ էին կոտրում՝ հասկանալու համար, թե ում խոստացած ձայներից քանիսն է բերել:  Ակնարկում էին նաև, որ և՛ ՀՀԿ-ի, և՛ Ծառուկյանի պարագայում հրահանգ է եղել նույնիսկ կասկածելիների դեպքում փողը տալ, չխնայել ու շատ բանի հետևից չընկնել:

Ներկայացվածը փոքր դրվագ է գյուղերից մեկի այդ օրերի անցուդարձից: Նույնիսկ հարևան գյուղի դաշնակ գյուղապետը փող էր բաժանում և՛ Դաշնակցության, և՛ ՀՀԿ-ի թեկնածուի համար: Ընդ որում, եթե Դաշնակցության համար անձը կարևոր չէր այնքան, որ ձայները գնար կուսակցությանը (իսկ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը էկրանի առաջ կուրծք էին ծեծում, թե ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառքների բաժանումը փչացնում է ամեն ինչ), ապա ՀՀԿ-ի համար բոլորովին հակառակն էր:

Երրորդ՝ 1500 ընտրող ունեցող գյուղում (որից 1000-1100-ն է մասնակցում ընտրություններին) բաժանվել էր 20 մլն դրամ: Գրեթե նույն մեխանիզմով, նույն մոտեցումներով: Երեք գյուղերում էլ հաղթել է Արգամ Աբրահամյանը: Նշեմ, որ սրանցից յուրաքանչյուրում վերոնշյալ երեք կուսակցություններից զատ՝ մյուսները միասին ստացել են հազիվ 15-20 ձայն: Յուրաքանչյուր գյուղում առանց փողի քվեարկել է ընդհանուր թվով 50-60 հոգի. մի մասը՝ ընտրվողների հետ բարեկամական հարաբերությունների պատճառով, մի մասն էլ՝ պարզապես հարգելով իրենց:

Վերջին 3-4 օրերին խանութների, գազալցակայանների աշխատակիցները պատմում էին, որ  հաճախորդներին մանրը վերադարձնելու հնարավորություն չունեին, քանի որ միայն 20 հազարանոցներ էին շրջանառվում: Վերջին տարիներին այդ գյուղերում նման բան չէին տեսել: Ինչևէ: Գուցե գյուղերում «դրսի մարդուն» այդ անցուդարձը չներկայացնեն, բայց ցանկացած բնակավայրում բոլորը գիտեն, թե որ թեկնածուի համար ովքեր են աշխատել, փող բաժանել, ինչքան են բաժանել քանիսն են խաբել, քանիսն են երկու տեղից փող վերցրել: Հիմա արդեն փող բաժանողները իրենք էլ գրեթե հստակ գիտեն, թե ովքեր են խաբել:

Ամեն ինչ առավել քան «թափանցիկ» է: Գյուղում բոլորը ամենքի մասին ամեն ինչ գիտեն: Հատկապես նման իրավիճակներում:

Մարդիկ, որ լսել անգամ չէին ուզում ՀՀԿ-ի մասին, որ որոշ ղեկավարների անունները արտաբերելիս հայհոյախառն են արտասանում, հանկարծ ու համախմբված, խիստ կազմակերպված, դեռ լուսումութին շտապում էին ընտրատեղամաս՝ քվեարկելու նրանց օգտին: Հաստատ 95-ամյա,  արդեն 5 ամիս անկողնուն գամված կույր ծերունուն Դաշնակցության կամ ՀՀԿ-ի ծրագրերն ու չեղած գաղափարները չէին, որ բերել էր ընտրատեղամաս քվեարկության: 10 տարի առաջ գյուղում 35 անդամ ունեցող Դաշնակցությունը հազիվ  100 ձայն  էր տանում, հիմա գյուղում ընդամենը 3 անդամ ունեցող կուսակցությունը, խաբվելով հանդերձ,  150 ձայն է տանում:

Այս ֆոնի վրա հեռուստաընկերությունները տարբեր մեկնաբանների շուրթերով ընտրությունների համեմատաբար լավ կազմակերպված լինելու մասին են ճամարտակում: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱլեքսանդրԻսկանդարյանն էլ զարմանում է, թե «ԱԺ չանցած կուսակցությունների տոկոսների ընդհանուր  գումարը 5-ի չի հասնում, ինչի՞ց  դժգոհեն»:

Պարզ տրամաբանությամբ ընտրությունները նրա համար են, որ երկրի կյանքում ինչ-որ բան փոխվի: Եթե իշխող ուժը չի կարողանում դա անել, ընտրությունների արդյունքում գան նորերը, ու նրանք անեն՝ իրենց ձևով: ՀՀԿ-ի իշխանության 20 տարիներին  ամեն ինչ վատացել է՝ առավել քան հնարավոր էր: Շուրջ մեկ տասնամյակ բացարձակապես բոլոր ոլորտներում խոր ճգնաժամ է, երկիրը պարտքերով մի կերպ է գոյատևում: Հիմա գումարվեց նաև հասարակության բարոյական ճգնաժամը, որի ծիլերը ակտիվորեն զարգանում էին այս ընթացքում: Եվ ինչ գնահատական ուզում են տան, միևնույն է՝ դրանից երկրի վիճակը չի լավանում: Հաղթողներն էլ ի վիճակի չեն դրական առումով ինչ-որ բան փոխելու: Բաժանած 10-20 հազար դրամի «ծանրությունն» էլ  կարող է մարդկանց   առավելագույնը 10-20 օր լռեցնել, որ չդժգոհեն:

Իրավիճակը արագ ու կոնկրետ լուծումներ է պահանջում, որովհետև այդպես երկար չի կարող շարունակվել: Իսկ «մաքուրով հաղթած» երեք ուժերը լուծումները  չունեն: Ապացույցը՝ նրանք իշխանությունում են արդեն 20 տարի: Հերթական անգամ Հայաստանում ընտրություններով հարց չլուծվեց: Մինչդեռ երկիրը հասել է իրականում բավականին վտանգավոր սահմանագծի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments