Էրդմանը խիստ քննադատորեն էր տրամադրված խորհրդային իրականության հանդեպ

- in Մշակույթ
Brnutyun

“Ես ի՞նչ, ա’յ, բանաստեղծը Կոլյան է”,- մի առիթով ասել է Սերգեյ Եսենինը: Սակայն Նիկոլայ Էրդմանը միայն մեծատաղանդ բանաստեղծ չէր: Չափազանցություն չի լինել ասել, որ նա 20-րդ դարի ռուսական խոշորագույն դրամատուրգներից էր:

Ցավոք, նրա անունն այսօր քչերին է հայտնի: Ստալինյան բռնատիրության ճիրաններում Էրդման-դրամատուրգի ձայնը մեկընդմիշտ լռեց, ու նրա կյանքի վերջին 40 տարիներից շատ քիչ ստեղծագործություններ են մեզ հասել, ավելի շատ` սցենարներ, ինտերմեդիաներ և բանավոր պատմություններ:

Գերմանացի հոր և գերմանա-հրեական ծագման մոր զավակ Էրդմանը սովորել է Պետրոպավլովյան ռեալական առևտրային ուսումնարանում: Կարմիր բանակից զորացրվելուց հետո սկսել է զբաղվել գրական գործունեությամբ, միացել իմաժինիստների գրական խմբակին: Նրա ընկերներից էին Եսենինը, Շոստակովիչը, Մայակովսկին, Մեյերխոլդն ու Բուլգակովը:

1924 թ. Էրդմանը գրեց իր առաջին մեծ պիեսը` “Մանդատ”, որը Մեյերխոլդի անվան թատրոնում բեմադրվելուց հետո մեծ հռչակ բերեց հեղինակին: Ներկայացման ընթացքում հանդիսատեսը ծիծաղում և ծափահարում էր միջինը չորս րոպեն մեկ: Դերասաններից Էրաստ Գարինը` հմայված Էրդմանով ու նրա արտասանությամբ, այսուհետ իր հերոսներին էլ օժտում էր էրդմանական կակազող, փոքր-ինչ դանդաղկոտ խոսքով (դրա տիպիկ օրինակներից է “Հաջողության ջենթլմենները” ֆիլմում նրա` հնագետի դերակատարումը): Պիեսի հաղթարշավը շարունակվեց ԽՍՀՄ այլ քաղաքներում, իսկ 1927-ին այն բեմադրվեց Բեռլինում:

1928 թ. Էրդմանը գրեց “Ինքնասպանը” պիեսը. այս գլուխգործոցը նկարագրում էր ահագնացող պետական բռնաճնշումների պայմաններում հասարակական մթնոլորտի հեղձուկը, ապրելու անկարողությունը:

“Մի՞թե մենք ինչ-որ բան անում ենք հեղափոխության դեմ: Հեղափոխության առաջին օրվանից մենք ոչինչ չենք անում: Միայն միմյանց հյուր ենք գնում և ասում, որ մեզ դժվար է ապրել: Որովհետև մեզ ավելի հեշտ է ապրել, եթե մենք ասում ենք, որ մենք դժվար ենք ապրում: Ի սեր Աստծո, մի զրկեք մեզ գոյության վերջին միջոցից, թույլ տվեք մեզ ասել, որ դժվար ենք ապրում: Դե, գոնե այս ձևով, շշուկով. “Մեզ դժվար է ապրել”: Ընկերներ, խնդրում եմ ձեզ միլիոնավոր մարդկանց անունից. մեզ շշուկով խոսելու իրավունք տվեք: Շինարարությամբ զբաղված` դուք դա նույնիսկ չեք լսի: Հավատացնում եմ ձեզ: Մենք մեր ամբողջ կյանքը շշուկով կապրենք”,- սրանք պիեսի գլխավոր հերոս Պոդսեկալնիկովի խոսքերն են: Մեկ այլ հերոս էլ հաստատում է. “Նայեք մեր մտավորականությանը: Ի՞նչ եք տեսնում: Շատ բան: Իսկ ի՞նչ եք լսում: Ոչինչ: Իսկ ինչու՞ դուք ոչինչ չեք լսում: Որովհետև այն լռում է: Իսկ ինչու՞ է այն լռում: Որովհետև նրան ստիպում են լռել: Իսկ այ մեռածին չես ստիպի լռել, քաղաքացի Պոդսեկալնիկով: Եթե մեռածը խոսի: Ներկայումս, քաղաքացի Պոդսեկալնիկով, այն, ինչ կարող է մտածել ապրող մարդը, արտահայտել կկարողանա միայն մեռածը”:

Ստանիսլավսկին, կարդալով “Ինքնասպանը”, Էրդմանին դրեց Գոգոլի կողքին: 1931 թ. աշխարհահռչակ ռեժիսորը խնդրեց Ստալինին՝ թույլատրել բեմադրել Էրդմանի պիեսները ՄԽԱՏ-ում, մինչ պատասխան նամակում “ժողովուրդների հայրը” “Ինքնասպան” պիեսն անվանեց “վնասակար”: Արդյունքում բեմադրությունն արգելվեց, Մեյերխոլդի թատրոնում այն ևս ընդամենը մեկ փակ ցուցադրություն ունեցավ:

Էրդմանին համարում էին Մոսկվայի ամենասրամիտ մարդկանցից մեկը. նրա` Վ. Մասսի հետ գրված սրամիտ առակներից մեկն էլ (այն ընթերցել էին Ստալինին) պատճառ դարձավ, որ Էրդմանին աքսորեն Ենիսեյսկ: Սիբիրում կատակասեր Էրդմանը ևս մի առակ է գրում` հետևյալ վերջաբանով. “Առակս ինչ ցուցանե. առակ պետք չէ”:

1928 թ. Էրդմանը ծանոթանում է ՄԽԱՏ-ի երևելի դերասանուհիներից Անգելինա Ստեպանովայի հետ. չնայած երկուսն էլ ամուսնացած էին, նրանց միջև սկսվում է սիրավեպ, որն անասելի դաժան պայմաններում տևում է յոթ տարի: Այսօր այդ սիրավեպն առավել հայտնի է նրանց նամակագրության շնորհիվ. իր սիրելիի շուրջ 280 նամակները Էրդմանը սիբիրյան աքսորում միշտ իր մոտ էր պահում:

Ստեպանովան ոչ միայն իր աքսորյալ սիրեցյալին նամակներ էր գրում, այլ նույնիսկ այցելեց նրան, ինչն այդ տարիներին հերոսություն էր: “Այնուհանդերձ խելահեղ կինն այսօր ուղևորվել է Ենիսեյսկ ու ինձ դարձրել դեկաբրիստ…”,- նամակներից մեկում գրում էր Էրդմանը: Ստեպանովայի բարեխոսությամբ Էրդմանին տեղափոխեցին Տոմսկ: Սակայն կարճ ժամանակ անց նրանց կապը մեկընդմիշտ խզվեց, Ստեպանովան էլ դարձավ Ալեքսանդր Ֆադեևի կինը: Աքսորից վերադառնալուց հետո անհաջող ամուսնացած Էրդմանը Յուրի Լյուբիմովի պնդմամբ` “միայնակ էր ապրում` երկուսով”:

Էրդմանը նաև հայտնի էր  «Ուրախ տղաներ», «Վոլգա– Վոլգա», «Կայեն XVIII» ֆիլմերի ու  «Ոսկե այծքաղ», «Ձյունե թագուհին», «Կատվի տունը», «Մատնաչափիկը» մուլտֆիլմների փայլուն սցենարներով: Թեկուզ միայն «Կայեն XVIII»-ում այսպիսի գոհարներ կան. “Բոլորը կհարստանան: Բացի աղքատներից” և “Կերակրել պետք է միայն անզեններին, զինված ռազմիկն ինքն իրեն կկերակրի…”

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Էրդմանն ընկերացավ դերասան և ռեժիսոր Յուրի Լյուբիմովի հետ, 1960-ականներին գրում էր ինտերմեդիաներ Տագանկայի թատրոնի համար, թատրոնի գեղարվեստական խորհրդի կարևորագույն անդամներից էր:

Մինչև իր կյանքի վերջը (1970) Էրդմանը խիստ քննադատորեն էր տրամադրված խորհրդային իրականության հանդեպ: Լյուբիմովն իր հարցազրույցներից մեկում պատմում է, թե ինչպես Էրդմանն իրեն մի անգամ ասել է. “Կներեք, ես մեղավոր եմ Ձեր առաջ (մի բաժակ կոնյակ է լցնում): Ես Ձեզ ասում էի, որ Դուք կհասցնեք ինչ-որ բան տեսնել Ձեր կյանքում: Ես սխալվում էի, կներեք, Դուք էլ չեք հասցնում…

                                                Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Отображается файл "erdman_02.png"

Please follow and like us:
18642