Axjik

Կիրակնօրյա ընթերցումներ.

Ամբողջ գիշեր տանիքի ծայրին նստած ծաղրասարյակը, որը մաքուր, սառը օդը լցնում էր իր երաժշտությամբ, արևածագին թռավ, հեռացավ։ Մղոններով տարածվող ավազոտ հարթավայրի վրա իջել էր խոր ու խորհրդավոր լռություն։ Ծառերի տակ, ցանկապատի սյուների շուրջը, սպիտակ ավազի վրա կրկին երևացին նախորդ օրվա ստվերները՝ ճյուղերի ու փայտե ցանկապատի ժանյակավոր նախշեր տարածելով գետնի վրա։ Արևը արագ բարձրացավ հորիզոնից, ասես շտապելով սոճիների կատարներից վեր, որպեսզի ջերմացնի հարթավայրը արևելքից մինչև ծովախորշ։

Ննջասենյակը լուսավոր էր ու տաք։ Նելլին արթուն էր այն պահից ի վեր, ինչ ծաղրասարյակը թռել֊հեռացել էր։ Նա պառկած էր կողքի՝ ձեռքը գլխատակին դրած։ Մյուս ձեռքով գրկել էր կողքին, բարձի վրա հանգչող գլուխը։ Նրա թարթիչները շարժվեցին։ Հետո մի պահ մնացին բոլորովին անշարժ։ Քիչ անց նրանք նորից թրթռացին, յոթ, ութ, թե ինն անգամ՝ արագ, մեկը մյուսի ետևից։ Նա համբերությամբ սպասում էր մինչև Վերնը արթնանար։

Երբեմն, երբ Վերնը տուն էր գալիս ուշ գիշերին, չէր արթնացնում նրան։ Նելլին սպասում էր, մինչև որ աչքերը փակվում էին և քնում էր նախքան Վերնի գալը։

Նրա կողքին՝ բարձի վրա հանգչող գլուխը հոգնած ու տանջահար էր թվում։ Վերնի ճակատը քթարմատի մոտ մի քիչ կնճռոտված էր լինում նույնիսկ քնած ժամանակ։ Աչքերի անկյունների մոտ մաշկն ավելի թուխ էր, քան դեմքի մնացած մասերում։ Նելլին հնարավորին չափ զգուշությամբ թեքվեց դեպի նրա այտը և համբուրեց։ Ուզում էր Վերնի գլուխն առնել իր բազուկների մեջ և երբեմն֊երբեմն համբուրել։

Նրա թարթիչները դարձյալ կամակոր կերպով թրթռացին։

— Վերն,— շշնջաց նա մեղմ,— Վե՛րն։

Վերնի աչքերը դանդաղորեն բացվեցին, բայց կրկին արագ փակվեցին։

— Վերն, սիրելիս,— մրմնջաց նա սրտատրոփ։

Վերնը դեմքը շրջեց նրա կողմը, գլուխը սեղմեց նրա կրծքի և բազուկների միջև։ Նելլին նրա շունչը զգաց իր պարանոցին։

— Օ՜, Վերն,— ասաց նա մի փոքր բարձրաձայն։

Վերնը իր աչքերին, այտերին, ճակատին, շրթունքներին զգում էր Նելլիի համբույրները։ Նա հաճույքից արթնացավ։ Ձեռքերով գտավ նրան, և նրանք ամուր սեղմվեցին իրար։

— Նա ի՞նչ ասաց, Վերն,— վերջապես հարցրեց Նելլին,— ի՞նչ ասաց, Վերն։

Վերնը արթնացավ, բացեց աչքերն ու նայեց Նելլիին։

Նա Վերնի դեմքի վրա կարդաց այն, ինչ ինքը պետք է ասեր։

— Ե՞րբ, Վերն,— հարցրեց նա։

— Այսօր,— պատասխանեց ամուսինը, աչքերը փակելով ու մի անգամ էլ գլուխը սեղմեց Նելլիի տաք մարմնին։

Երբ Վերնը պատասխանեց, Նելլիի շրթունքները փոքր֊ինչ դողդողացին։ Նա դժվարությամբ զսպեց իրեն։

— Ո՞ւր ենք տեղափոխվելու, Վերն,— հարցրեց նա փոքրիկ աղջկա պես, սպասելով պատասխանի։

Վերնը շարժեց գլուխը, սեղմեց այն նրա կրծքին՝ փակելով աչքերը։

Նրանք անշարժ պառկած մնացին երկար ժամանակ։ Արևը տաքացնում էր սենյակը ինչպես ամռանը։ Պատուհանի հողմահար գոգից սկսեցին տաք ալիքներ բարձրանալ։ Նախքան ձմեռնամուտը մի քիչ տաք էր լինելու։

— Դու նրան ասացի՞ր…— հարցրեց Նելլին։ Նա լռեց և նայեց Վերնի դեմքին։— Դու նրան ասացի՞ր իմ մասին, Վերն։

— Այո։

— Ի՞նչ պատասխանեց։

Վերնը լուռ էր։ Նա գլուխը դրեց Նելլիի կրծքին և ավելի ամուր գրկեց նրան, ասես դրանով ուզում էր ավելի ուժ ստանալ, որպեսզի կարողանար վեր կենալ ու կանգնել միայնակ դատարկ սենյակում։

— Նա ոչինչ չասա՞ց, Վերն։

— Պարզապես ասաց, որ ոչինչ չի կարող անել կամ ինչ֊որ նման մի բան։ Ես չեմ հիշում, թե նա ինչ ասաց, բայց գիտեմ, թե ինչ նկատի ուներ։

— Նրան չի՞ մտահոգում իմ վիճակը, Վերն։

— Կարծում եմ՝ ոչ, Նելլի։

Նելլին քար կտրեց։ Մի պահ սարսռաց, սակայն մարմինը այնպես էր ընդարմացել, կարծես կորցրել էր նրա նկատմամբ ունեցած հսկողությունը։

— Բայց ինչ էլ որ ինձ հետ պատահի, դու կհոգաս իմ մասին, այնպես չէ՞, Վերն։

— Օ, հարկավ,— ասաց նա։— Դա միակ բանն է, որ հիմա մտահոգում է ինձ։

Եթե որևէ բան պատահի…

Երկար ժամանակ նրանք պառկած էին գրկախառնված՝ տարված իրենց անհանգիստ մտքերով։

Առաջինը Նելլին վեր կացավ։ Մինչ Վերնը գլխի կընկներ, թե որքան արագ է ժամանակն անցնում, Նելլին հագնվեց և դուրս եկավ սենյակից։ Նա դուրս ցատկեց անկողնուց, հագնվեց և շտապեց խոհանոց՝ վառարանը վառելու։ Երբ կրակը վառվեց, Նելլին արդեն կարտոֆիլ էր մաքրում։

Նախաճաշելիս նրանք շատ չէին խոսում։ Պետք է տեղափոխվեին, տեղափոխվեին հենց այդ օրը։ Ուրիշ բան չէր մնում անել։ Կահույքը իրենցը չէր, և այնքան քիչ շոր ունեին, որ դրանք տանելը մի առանձին անհանգստություն չէր պատճառի։

Մինչ Վերնը իրերն էր պատրաստում, Նելլին լվաց ամանները։

Մնում էր իր բանվորական հագուստն ու վերնաշապիկները մի կապոց անել, իսկ Նելլիի հագուստները՝ մեկ ուրիշ, և մեկնել։

Երբ արդեն պատրաստ էին մեկնելու, Նելլին կանգնեց դարպասի մոտ և ետ նայեց տանը։ Նրան մեծ վիշտ չէր պատճառում, որ մեկնում էին այդտեղից, թեև դա միակ բնակարանն էր, որ նրանք երբևէ ունեցել էին Վերնի հետ։ Տունն այնքան հին էր, որ հավանաբար մի քանի տարուց փլվեր։ Տանիքը կաթում էր, մի կողմը սահել֊հեռացել էր հիմնասյուներից, պատշգամբի առջևի մասը թեքվել էր գետնին։

Վերնը սպասում էր, մինչև Նելլին պատրաստ լիներ մեկնելու։ Երբ Նելլին շրջվեց, արտասուքներ կային նրա աչքերում, սակայն այլևս ետ չնայեց։ Մի մղոն գնալուց հետո ճանապարհը թեքվեց և տունը մնաց սոճիների ետևում։

— Ո՞ւր ենք գնում, Վերն,— հարցրեց նա արցունքների միջից։

— Կգնանք այնքան, մինչև տեղ գտնենք,— պատասխանեց Վերնը։ Նա հասկանում էր, որ իր նման Նելլին ևս լավ գիտեր, որ սոճիներով ու ավազով ծածկված այդ վայրերում ագարակներն ու տները երբեմն իրարից հեռու են տասից֊տասնհինգ մղոն։

— Ես չգիտեմ, թե որքան հեռու կլինի այդ տեղը։

Ավազոտ ճանապարհով դժվարությամբ քայլելիս Նելլին զգում էր իր շուրջը տարածված ուշ ամռան ծաղիկների բուրմունքը։ Վայրի բույսերն ու թփուտները մեծ մասամբ նրանց թաքցնում էին տեսողությունից, սակայն յուրաքանչյուր առիթի դեպքում նա կանգնում էր մի պահ և խրամառուների ափերին ծաղիկներ փնտրում։ Վերնը չէր կանգնում, և Նելլին, նախքան որևէ ծաղիկ կգտներ, վազում էր հասնելու նրան։

Կեսօրվա մոտ հասան մի առվակի, որտեղ զով էր ու ստվերոտ։ Վերնը պառկելու տեղ գտավ նրա համար։ Մինչ Նելլին հանգստանալու համար կհաներ կոշիկները, Վերնը սոճու չոր տերևներ հավաքեց, որպեսզի Նելլին պառկի, և ծառերից մամուռ պոկեց գլխատակին դնելու։ Առվակից Նելլիի համար բերած ջուրը տերևների ու խոտի համ ուներ, բայց սառնորակ էր ու մաքուր։ Խմելուց հետո Նելլին իսկույն քնեց։

Կեսօրն արդեն անցել էր, երբ Վերնը արթնացրեց նրան։

— Երկու֊երեք ժամ քնեցիր, Նելլի,— ասաց նա,— մինչև մութն ընկնելը կարող ես մի փոքր էլ քայլել։

Նելլին նստեց, հագավ կոշիկները և հետևեց նրան։ Երբ ոտքի կանգնեց, գլխապտույտ զգաց։ Այդ մասին ոչինչ չասաց Վերնին, չէր ուզում անհանգստացնել։ Յուրաքանչյուր քայլը ցավ էր պատճառում նրան։ Երբեմն ցավը դառնում էր անտանելի։ Ցավեցնելու աստիճան կծում էր շրթունքները, սեղմում բռունցքները, բայց քայլում էր Վերնի ետևից այնպես, որ նա չնկատեր այդ ամենը։

Մայրամուտին նա կանգ առավ և նստեց ճանապարհի եզրին։ Զգում էր, որ այլևս ի վիճակի չէ քայլել։ Ցավից նրա դեմքը գունատվել էր, թվում էր, թե մարմնի անդամները ձգվում֊անջատվում են իրարից։ Նախքան կգիտակցեր այդ ամենը, ուշագնաց եղավ։

Երբ աչքերը բացեց, Վերնը ծնկի էր եկել իր առաջ և գլխարկով հով էր անում։ Նելլին նայեց նրան և աշխատեց ժպտալ։

— Ինչո՞ւ ինձ չէիր ասում, Նելլի,— հարցրեց նա,— չգիտեի, որ դու այդքան հոգնած ես։

— Ես չեմ ուզում հոգնած լինել,— ասաց Նելլին,— պարզապես չիմացա, թե ինչպես կատարվեց դա։

Վերնը որոշ ժամանակ նայում էր Նելլիին՝ շարունակելով հով անել։

— Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է դա պատահել, նախքան որևէ տեղ կգտնենք,— հարցրեց նա հուզված։— Ի՞նչ ես կարծում, Նելլի։

Նելլին փակեց աչքերը և աշխատեց չմտածել։ Առավոտվանից նրանք ճամփա էին ընկել և ոչ մի ագարակի կամ տան չէին հանդիպել։ Նելլին չգիտեր, թե որքան հեռու էր այդտեղից մինչև քաղաք և վախենում էր նույնիսկ մտածել, թե որքան հեռու կարող էր լինել առաջին հանդիպող տունը։ Այդ միտքը սարսափեցնում էր նրան։

— Ինձ թվում է, թե ասացիր, որ դա կլինի երկու շաբաթից…— ասաց Վերնը։— Ճիշտ չէ՞, Նելլի։

— Ինձ էլ էր թվում,— ասաց նա,— բայց հիմա երևում է, որ այդպես չէ, երբ ամբողջ օրը քայլում ես…

Գլխարկն ընկավ Վերնի ձեռքից, և նա խուճապահար շուրջը նայեց։ Չգիտեր ինչ անել, բայց գիտեր, որ Նելլիի համար ինչ֊որ բան պետք է աներ և այն էլ՝ առանց հապաղելու։

— Ես չեմ կարող դիմանալ,— ասաց նա,— ինչ֊որ բան պետք է անեմ։

Նա ձեռքերի վրա առավ Նելլիին և անցավ ճանապարհը։ Մի սոճու տակ նրա համար պառկելու տեղ գտավ և ցած դրեց։ Հետո բացեց կապոցները և իրենց շորերի մի մասը դրեց նրա գլխատակին, մի մասն էլ՝ ոտքերի վրա։

Արևը մայր էր մտել։ Սկսեց մթնել։ Վերնը չգիտեր՝ հետո ինչ անել։ Նա վախենում էր մենակ թողնել Նելլիին, բայց հասկանում էր, որ օգնություն էր պետք նրան։

— Վերն,— ասաց Նելլին՝ ձեռքը նրան պարզելով։ Վերնը իր ձեռքերի մեջ առավ այն և սկսեց շփել նրա մատներն ու դաստակը։

— Ի՞նչ է պատահել, Նելլի։

— Վախենում եմ, որ սկսվի… կսկսվի հենց հիմա,— ասաց նա թուլացած, փակելով աչքերը։

Վերնը կռացավ և տեսավ նրա անարյուն շրթունքները, անչափ գունատ դեմքը, որպիսին երբեք չէր տեսել։ Մինչ նայում էր նրան, Նելլիի մարմինը պրկվեց և ցավից չճչալու համար նա սեղմեց շրթունքները։

Վերնը վեր ցատկեց և վազեց դեպի ճանապարհը, նայեց շուրջը։ Մութն այնքան արագ էր իջել, որ նա ի վիճակի չեղավ իմանալ՝ կա՞ր այնտեղ որևէ դաշտ կամ մշակված տեղ, որ վկայեր, թե մարդ էր ապրում մոտակայքում։

Մարդու կամ տան ոչ մի հետք չէր երևում։

Նա ետ վազեց Նելլիի մոտ։

— Ո՞նց ես,— հարցրեց նա։

— Եթե կարողանայի քնել,— ասաց Նելլին,— ինձ թվում է, որոշ ժամանակ լավ կլիներ։

Վերնը պառկեց կողքին և իր գիրկն առավ նրան։

— Եթե իմանայի, որ չես վախենա, ճանապարհով կգնայի, մինչև որ մի տուն հանդիպեր, մեքենա կվերցնեի կամ որևէ բան՝ քեզ տանելու համար։ Ես չեմ կարող ամբողջ գիշեր քեզ այստեղ թողնել՝ գետնին պառկած։

— Իսկ եթե ժամանակին չվերադառնա՞ս,— ճչաց Նելլին մոլեգին։

— Կշտապեմ որքան հնարավոր է, կվազեմ, մինչև մեկին գտնեմ։

— Եթե երկու կամ երեք ժամից վերադառնաս,— ասաց Նելլին,— թերևս դիմանամ։ Ավելին չեմ կարող։

Վերնը վեր կացավ։

— Գնում եմ,— ասաց նա։

Ճանապարհով վեր վազեց, որքան կարող էր արագ, հիշելով, թե ինչպես էր խնդրել մի քիչ էլ ապրելու այն տանը, որպեսզի Նելլին չընկներ նման վիճակի մեջ։ Միակ պատասխանը, որ ստացել էր, գլխի բացասական շարժումն էր եղել նույնիսկ այն ժամանակ, երբ բացատրել էր Նելլիի դրությունը։ Դրանից հետո խնդրելն անօգուտ էր։ Իրեն դուրս էին շպրտել, և անկարող էր եղել որևէ բան անել։ Նա համոզված էր, որ այդ աշնանը իրեն բաժին ընկնող բերքից որոշ գումար պետք է ստանար, մի քանի դոլար, բայց գիտեր, որ այդ մասին վիճելն ավելորդ էր։ Նախորդ գիշեր տուն էր եկել, իմանալով, որ պետք է հեռանային այդտեղից։

Վերնը սայթաքեց և հասակով մեկ փռվեց ճանապարհին։

Երբ ոտքի կանգնեց, լույս տեսավ առջևում։ Դա լույսի մի թույլ ճառագայթ էր, որ թափանցում էր կիպ ծածկված լուսամուտից։ Այնուամենայնիվ, տուն էր, և մարդ էր ապրում այնտեղ։ Նա վազեց դեպի լույսը։

Երբ հասավ տանը, մի շուն հաչաց, բայց Վերնը ոչ մի ուշադրություն չդարձրեց նրա վրա։ Շունը դուրս պրծավ տեղից և սկսեց խածոտել Վերնի ոտքերը։ Նա աշխատում էր ոտքով ետ վանել նրան, սակայն շունն էլ իր պես համառում էր և ավելի կատաղի հարձակվում Վերնի վրա։ Վերջապես նա հրելով բացեց դուռը։

Սենյակում թաքնվել էին մի քանի նեգր։

— Ինձնից մի վախեցեք,— ասաց նա հնարավորին չափ հանգիստ,— ես օգնության համար եմ եկել։ Հիվանդ կնոջս թողել եմ ճանապարհին։ Նրան ապաստան է պետք։ Նա պառկած է գետնին։

Սենյակում եղածներից ամենատարեցը՝ հիսունին մոտ ալեխառն մազերով մի նեգր, դուրս սողաց մահճակալի տակից։

— Ես քեզ կօգնեմ, բո՛ս,— ասաց նա։— Երբ աղմուկով եկաք, չգիտեի, թե ինչ եք ուզում, դրա համար էլ չբացեցի դուռը և ներս չթողեցի ձեզ։

— Սայլակ կամ նման բան ունե՞ք,— հարցրեց Վերնը։

— Ես մի ձիասայլակ ունեմ,— ասաց նեգրը։— Ջո՛րջ, դու և Փիթը գնացեք և ջորին լծեք սայլակին։ Շտապեք։

Երկու նեգր տղա դուրս եկան իրենց թաքստոցից և ետևի դռնից վազեցին դուրս։

— Ներքնակ կամ նման բան է պետք,— ասաց Վերնը։

Նեգրուհին անկողնու վրայից քաշեց ծածկոցները, և ներքնակը վերցնելով, Վերնը դուրս եկավ մուտքի դռնից։ Մինչ տղաները կհանեին սայլակը, Վերնը ետ ու առաջ էր քայլում, աշխատելով համոզել իրեն, որ ամեն ինչ լավ կվերջանա։

Երբ սայլակը պատրաստ էր, բոլորն էլ տեղավորվեցին այնտեղ և անմիջապես ճանապարհ ընկան, հնարավորին չափ շտապեցնելով ջորուն։ Մոտ կես ժամ հետո հասան այն անտառակը, ուր Վերնը թողել էր Նելլիին։ Վերնը միայն նոր հասկացավ, որ երեք ժամից ավելի էր, ինչ գնացել էր։

Նա ցատկեց սայլակից, ձայն տվեց Նելլիին։ Նելլին չպատասխանեց։ Վերնը վազեց առվակի ափը, ծունկի եկավ նրա մոտ։

— Նելլի՛,— ձայն տվեց, ցնցելով նրան,— վեր կաց, Նելլի՛, Վերնն է, Նելլի՛։

Նելլին չէր պատասխանում։ Երեսը մոտեցրեց կնոջ դեմքին, զգաց, որ այն սառն էր։ Ձեռքը դրեց ճակատին, նույնպես սառն էր։ Հետո բռնեց Նելլիի դաստակը, ականջը մոտեցրեց կրծքին։

Վերջապես նեգրին հաջողվեց ետ պահել նրան։ Որոշ ժամանակ չէր հասկանում, թե որտեղ է ինքը, և ինչ է պատահել։ Թվում էր, թե կատարելապես կորցրել է հիշողությունը։

Նեգրն աշխատում էր խոսել նրա հետ, բայց Վերնը ի վիճակի չէր լսել նրան։ Գիտեր, որ ինչ֊որ բան է պատահել, որ Նելլիի դեմքն ու ձեռքերը սառն են, որ սիրտը չի բաբախում։ Նա գիտեր, սակայն չէր կարողանում հավատալ, որ այդ ամենը իրականություն է։

Վերնը փլվեց գետնին, դեմքը սեղմեց սոճու տերևներին, մատները խրեց փափուկ ու խոնավ հողի մեջ։ Նա լսում էր իր գլխավերևում հնչող ձայները, կարողանում էր տարբերել բառերը, որ նրանք արտասանում էին, սակայն ոչ մի բան իմաստ չուներ։ Երբեմն, շատ վաղուց, նա սովորաբար հարցնում էր իրենց երեխայի մասին, Նելլիի մասին։ Գիտեր, որ շատ ժամանակ էր պետք, մինչև կարողանար կրկին նման բան հարցնել։ Շատ ժամանակ էր պետք, մինչև բառերը նորից իմաստ ստանային։

Spread the love
  •   
  • 73
  •  
  •  
  •  
  •  
    73
    Shares
  • 73
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.