Ընդդիմությունը՝ ոռոգելով իշխանության դաշտերը

- in Կարծիք
Tatron

Հայաստանում լեգիտիմ ընդդիմությունը խորհրդարանից դուրս ընդդիմությունն է, օրերս հայտարարել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը:

Թե որ ուժի, երևի թե այնքան էլ կարևոր չէ, թե տվյալ ուժի ներկայումս ունեցած և զբաղեցրած դիրքի առումով, և նաև այն առումով, որ ըստ էության խորհրդարանից դուրս մնացած մի քանի ուժ են զարգացրել այս հետընտրական թեման՝ «լեգիտիմ ընդդիմության» թեման, հետևաբար, խնդիրը մեկ ուժը չէ: Իսկ այն, որ թեման խնդիր է, անկասկած է: Ներկայիս հետընտրական իրավիճակում թեմայի թիրախ է դարձել ընդդիմադիր դաշտից խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարած միակ ուժը՝ «Ելք» դաշինքը, որին մեղադրում կամ կասկածում են իշխանության հետ պայմանավորվածության, իշխանության աջակցությամբ խորհրդարան անցած լինելու համար: Տվյալ պարագայում, սակայն, խնդիրը «Ելք»-ի թիրախավորումը չէ, նրան ուղղված մեղադրանքները չեն: «Ելք»-ն ունի ամբողջ հինգ տարի ժամանակ, այդ ամենին գործով պատասխանելու, կամ էլ հաջորդ ընտրությանն արդեն ինքն էլ մեղադրողների շարքերը համալրելու համար: «Ելք»-ի պաշտպանությունը՝ «Ելք»-ի գործն է: Տվյալ պարագայում կա ավելի լայն պաշտպանության խնդիր՝ հանրությանը կեղծ և անկեղծ ընդդիմադիրների «որոնման» կամ «հայտնաբերման» դիսկուրսից ազատելը:

Բանն այն է, որ «լեգիտիմ» և «ոչ լեգիտիմ» ընդդիմության շուրջ մեղադրանքները, կասկածները, քննադատությունները, անգամ հայհոյախոսությունը հայաստանյան ներքաղաքական դաշտում ամենևին նոր երևույթ չեն: Դրանք կան արդեն տարիներ շարունակ և դրանց թիրախում այսօր մի ուժ է, երեկ մեկ այլ ուժ, վաղը մի երրորդ ուժ կլինի: Բանն այն է, որ այդ մեղադրանքները, կասկածները, ընդհանրապես այդ քաղաքական այսպես կոչված զբաղմունքը պայմանավորված է ըստ էության բովանդակային դատարկությամբ, այսպես ասած՝ պարապությամբ, որ առկա է հայաստանյան քաղաքական կյանքին մասնակից սուբյեկտների շրջանում: Սեփական անարդյունավետությունն ու անհաջողությունը քաղաքական ուժերը փորձում են պայմանավորել այլ թիրախ գտնելով: Ու քանի որ իշխանությամբ պայմանավորելն այլևս այդքան էլ կենսունակ մեթոդ չէ, հասարակությունն այլևս այդքան էլ մեծ խանդավառությամբ չի կլանում այդ մեղադրանքները, որովհետև դրանք ձանձրացրել են և մարդիկ գործ են ուզում տեսնել, որևէ կարող բան՝ զուտ մեղադրանքներից և քննադատությունից բացի, որոշակի պահից ի վեր շրջանառության մեջ ակտիվացել է «կեղծ» ընդդիմություններին սեփական անհաջողության ուղղակի կամ անուղղակի պատճառ ներկայացնելը, կամ մեկ այլ ընդդիմադիր ուժի հաշվին հաջողություն կառուցելը: Եվ չնայած որպես կանոն դա որևէ արդյունք չի բերում, չի ավարտվում որևէ հաջողությամբ, այդուհանդերձ, տարբեր փուլերում հայաստանյան այսպես ասած ընդդիմադիր դաշտում դիրքավորված տարբեր ուժեր կիրառում են նույն մեթոդը միմյանց հանդեպ: Քանի որ այժմ համեմատական հաջողություն արձանագրել է «Ելք»-ը, իսկ մյուսները չեն հաղթահարել անցողիկ շեմը, մեղադրանքները ուղղված են «Ելք»-ին:

Պարզ է, որ դա իշխանությունից բացի, օգուտ չի տալու որևէ մեկին, բայց այլ անելիք չկա: Եվ այստեղ է նաև հայաստանյան ներքաղաքական կյանքի մի շարք խնդիրների արմատը, ընդդիմադիր դաշտում ճգնաժամի արմատը: Բանն այն է, որ քաղաքական սուբյեկտները մշտապես փորձում են հաջողության հասնել ոչ թե սեփականը կառուցելով, այլ դիմացինը քանդելով: Այդպես էին փորձում պայքարել իշխող համակարգի դեմ, ինչի արդյունքում համակարգը միմիայն ավելի բյուրեղացավ և կարծրացավ, այժմ էլ այդպես փորձում են նվազագույն խնդիր լուծել՝ պահել իրենց տեղը արևի տակ, բայց կրկին ոչ թե կառուցելով սեփականը, այլ փորձելով քանդել մրցակիցներին, այլ ընդդիմադիր ուժերի: Ընդ որում, ամենևին չի բացառվում, որ այդ մեղադրանքները տարբեր փուլերում, տարբեր ուժերի մասով եղել են և միանգամայն իրավացի, և իսկապես այս կամ այն դրվագում այս կամ այն ուժը եղել է դրածո, կամ եղել է իշխանության հետ գործակցող, կամ վստահություն չի ներշնչել, չի եղել անկեղծ, իշխանությունից ընդամենը ունեցել է անձնական նեղացածություն, բայց մնացել է լիովին կառավարելի: Այս ամենը հնարավոր է, և գուցե կարող ենք թվարկել անգամ օրինակներ ու անուններ: Սակայն ամեն ինչ շատ ավելի հստակ է՝ սեփական ասելիքի և անելիքի բացակայությունն այլոց ուղղված մեադրանքներով և բացահայտումներով փոխարինելը չի բերել որևէ հանրային արդյունքի, որևէ կերպ չի դյուրացրել իշխող համակարգի դեմ հանրային պայքարի գործընթացը, չի բարձրացրել դրա արդյունավետությունը և չի օգնել լուծել հանրության և պետության առաջ կանգնած և ոչ մի խնդիր: Այդ մեղադրանքները ընդամենը մեծացրել են հասարակության հիասթափությունը թե՛ քաղաքականությունից, թե՛ քաղաքական ուժերից, ինչը նոր հնարավորություններ է բացել միայն իշխանության, իշխող համակարգի առաջ: Խնդիրն այն է, որ հասարակության համար նոր հնարավորություններ պետք է բացել նոր առաջարկներով, նոր գաղափարներով ու նախաձեռնություններով: Որևէ մեկը չի կարող ասել, թե ընդդիմադիր ուժերը չպետք է մրցակցեն միմյանց հետ: Ամենևին: Չեն կարող լինել լռության արհեստական պատկերներ, արհեսական համախմբումներ:

Ընդդիմությունն իշխանության առաջ մրցունակ լինելու համար պետք է մրցունակ լինի նախ իր դատում: Բայց դրա ճանապարհը այդ դաշտում թիրախներ հայտնաբերելն ու դրանց վրա ինքնահաստատվելու, դրանց վրա ռեաբիլիտացվելու անպտուղ փորձը չէ: Դրա ճանապարհը նոր գաղափարներով, նոր նախաձեռնություններով, հանրությանն ուղղված նոր առաջարկներով մրցակցելն է, դրանցով հանրության վստահությունը շահելն ու ընդդիմադիր դաշտում առաջատարության հասնելը: Այլ կերպ ասած, ընդդիմադիր գործունեության հաջողության գրավականը պետք է լինի աշխատանքը, ոչ թե այլոց հաշվին մակաբուծելը: Դրանով է, որ երևույթը խնդրահարույց է հասարակական մասշտաբով, քանի որ հանդիսանում է հանրային անտարբերության և քաղաքական դեստրուկցիայի անսպառ աղբյուր, ոռոգելով իշխանության դաշտերը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments