Թուրքիան հեղափոխության շեմին է

- in Վերլուծական
149
Turkia

Թուրքիայի հանրաքվեից հետո վստահ պնդումներ են արվում Էրդողանի «սուլթանատի» ու սպասվող դիկտատուրայի վերաբերյալ.

Իհարկե, հանրաքվեն անց են կացրել հենց այդ նպատակով, եթե դիտարկենք պետական հեղաշրջման ճնշման մեթոդները:

Թուրքիայի ներկայիս կառավարող էլիտան խիստ անհանգստացած էր հեղաշրջման կապակցությամբ եւ հասկացել է, որ ներկայիս Թուրքիայում բողոքի հնարավոր գործողությունները ճնշելու այլ միջոցներ չեն լինելու, եթե չլինեն իշխանական նոր լիազորություններ:

Իշխող ռեժիմը ռեպրեսիվ նոր գործողություններ է պատրաստում թուրքական հասարակության դեմ, ինչն անխուսափելի է դառնում մոտ ժամանակներս: Ուշադրություն չի դարձվում Թուրքիայի իշխող շրջանակների հայտարարություններին, ըստ որի՝ «եվրոպական նախագիծը»՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացն, ավարտված է:

Իհարկե, եթե Եվրոպան ավելի վաղ համաձայնվեր թուրքական «եվրոպական նախագծին», հնարավոր է իրավիճակի նման կտրուկ շրջադարձ չէր լինի: Սակայն դա թանկ կարժենար եվրոպացիներին, ինչպես նաեւ հարկ կլիներ ընդունել թուրք միլիոնավոր ներգաղթյալների:

Եվրոպան վերջնականապես թուրքական կդառնար, եւ դա կհանգեցներ լիովին այլ արդյունքների Եվրոպա-Թուրքիա հարաբերություններում: Եվրոպական քաղաքական գործիչները, հատկապես Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում ու Բենիլյուքսում, դա չէին ցանկանում եւ բացահայտ դեմ էին նման արդյունքներին:

Թուրքիան բավականաչափ փակ երկիր է, թուրքերն արտագաղթելու տեղ պարզապես չունեն, եւ հարկ է կիրառել ներքին քաղաքականության վերափոխման հեղափոխական մեթոդներ:
Թուրքիայի բնակչության կեսը դեմ էր «վերափոխումներին», եւ այս բազմամիլիոնանոց զանգվածը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել:

Միեւնույն ժամանակ, միլիոնավոր մարդիկ լիովին գոհ են հանրաքվեի արդյունքներից եւ Թուրքիան գերադասում են տեսնել «մեծ երկիր», որտեղ իշխանության են բռնատիրական՝ կենտրոնամետ գործիչներ:

Վիրավորված թուրքերի համար շովինիզմը լիովին ընդունելի է դարձել, այդ թվում երկրի այն քաղաքացիների համար, ովքեր հեռանկարը դիտարկում են իրենց մենթալ կամ ունեցվածքային պայմաններից:

Պետք է ասել, որ կողմ են քվեարկել միլիոնավոր մարգինալներ, միջին դասի ներկայացուցիչները, ինչպես նաեւ բնակչության շովինիստական շերտերը: Այս մարդկանց միամտություն է համարել էլեկտորատ, քանի որ նրանց համար միեւնույն է, թե ուր է տանում Թուրքիան ներկայիս իշխող էլիտան:

Այս խմբավորումները հիշեցնում են ֆուտբոլային ֆանատներին, ովքեր մշտապես աջակցում են կառավարական շովինիզմին: Նորմալ մարդիկ չեն կարող ժողովրդավարական սկզբունքների վերացման կողմնակից լինել, եւ լիովին ակնհայտ է, որ Թուրքիան հանրաքվեին ներկայացել է քաղաքացիական հասարակության զարգացման ու այլընտրանքային քաղաքական ուժերի հեղինակության բավական ցածր մակարդակի պայմաններում:

Բայց պետք է ասել, որ եթե մարգինալներն ու միջին դասը դեռ փոխելու են իրենց հայացքները, ընդ որում՝ շատ շուտով, ապա Էրդողանի խմբավորման հակառակորդները պնդում են, որ բնակչության ներկայիս էլեկտորալ շերտերը հեռու են քաղաքականությունից եւ չեն կարող արտահայտել քաղաքական ժամանակակից հայացքներ:

Թուրքիային անկասկած հեղափոխություն է սպասվում, ընդ որում՝ այդ հեղափոխության առաջատար հարվածային ուժերը լինելու են ոչ միայն բնակչության ժողովրդավարական շերտերը, այլեւ քեմալիստների նախկին ու ներկա խմբավորումները, ներառյալ զինված ուժերի մի մասը:

Իհարկե, իշխող էլիտան կկիրառի հեղափոխական իրադարձությունների ճնշման ամենաարմատական ու կոշտ մեթոդները, ինչը Թուրքիան կկանգնեցնի քաղաքական-տարածքային ամբողջականության պահպանման հարցի առաջ:

Թուրքիայում դժվար չէ «գունավոր» կամ այլ տիպի հեղափոխություն ստեղծել: Միայն Սորոսը բավական է այդ իրադարձությունները կազմակերպելու համար, կգտնվեն այլ շահագրգիռ շրջանակներ:

Ներկայիս սահմանադրական «վերափոխումների» արդյունքում Թուրքիան կդառնա ավելի միլիտարիստական եւ պատրաստ կլինի լոկալ պատերազմների, ընդ որում՝ բավական լայն շրջագծով: Այս հանգամանքը չի կարող չանհանգստացնել Բալկանների, Մերձավոր Արեւելքի ու Կովկասի պետություններին:

Թուրքիան փորձում է հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ, նկատի առնելով, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը արտաքին քաղաքականության մասով դառնում է առավել արմատական:

Թուրքերին թվում է, որ Օբամայի պացիֆիզմի ժամանակներն անցել են, եւ եկել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի փոխըմբռնման ժամանակաշրջանը: Ընդ որում, Թուրքիան պատրաստ է արմատականության արտաքին քաղաքականության ասպարեզում:

Էրդողանն ասել է, որ Թուրքիայի այդ քաղաքականությանը պետք է աջակցեն նրա դաշնակիցները: Բայց ովքեր են թուրքերի դաշնակիցները: Երեւում է Իսրայելը եւ Պաղեստինյան ինքնավարությունը: Դժվար է պատկերացնել որեւէ երկիր, որը կաջակցի «նոր» Թուրքիային:

Անկասկած, Թուրքիայի լիովին համարժեք դաշնակիցն Ադրբեջանն է, որը հույս ունի, որ Թուրքիան կմիջամտի Հարավային Կովկասի գործերին: Երեւում է դաշնակիցների թվում նկատի է առնվել նաեւ Ռուսաստանը, որը հույսեր է կապում թուրքական հակաամերիկանիզմի հետ:

Ակնհայտ է, որ ռուսները փորձում են ուրախանալ թուրքական փոփոխություններով, սակայն ռուսներն արդեն թուրքերի հետ գործընկերության փորձ ունեն եւ զգույշ են վարվելու, պահպանելով իրենց դիվանագետներին, մարզիկներին ու զբոսաշրջիկներին:

Արդյոք ԱՄՆ-ն շտապելու է եզրակացությունների հարցում: 1999 թ. ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հմուտ ու արդյունավետ միջոցներ կիրառեցին Թուրքիային ֆինանսական օգնությունը սահմանափակելու հարցում, որը դրա կարիքն ուներ: Թուրքիան կարողացավ դուրս գալ այդ ծանր վիճակից, բայց ոչ անմիջապես, եւ այդ խնդիրները կան մինչ այժմ:

Սակայն խնդիրն ԱՄՆ-ն չէ: Հարցն այն է, թե ինչպես է արձագանքելու թուրքական տնտեսությունն այս փոփոխություններին: Թուրքիայի տնտեսությունը վաղուց ազատականացման կարիք ունի, ինչպես ասում են թուրք տնտեսագետները՝ Թուրքիան ազատական երկրորդ կամ երրորդ հեղափոխության կարիք ունի:

Երեւում է ազատական տրամադրությունները դառնալու են ամենակարեւորը ներկայիս Թուրքիայում, եւ ապագա հեղափոխությունը լինելու է ազատական եւ ոչ թե ազգայնական, թեեւ ազգայնականությունը նույնպես օգտագործվելու է:

Խնդիրն այն է, որ Թուրքիայում սկսում է գերիշխել ոչ թե ազգայնականությունը, այլ ազատական տրամադրությունները: Ըստ ամենայնի, այդ հեղափոխությունը միանշանակ չի լինի եւ արմատական ազդեցություն կունենա երկրի ճակատագրի վրա:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...