Ի՞նչ կատարվեց Ֆրանսիայում

- in Վերլուծական
249
France

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցել են քաղաքական կուսակցություններ եւ խմբեր, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի խայտաբղետ խճանկարը:

Ընտրություններն ուղեկցվել են խայտաբղետ ու ոչ այնքան հասկանալի կատեգորիաներով: Այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու են «Ազգային ճակատ» կուսակցությունը շարունակում ռադիկալ աջ անվանել, կարծես թե այն կոչ է անում վերաբացել համակենտրոնացման ճամբարներն ու կառափնարանները Փարիզի հրապարակներում:

Ժամանակին կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենը շատ կոշտ հայտարարություններ էր անում, որը Ֆրանսիայում եւ Եվրոպայում հասարակության տարբեր շերտերի վրդովմունքն էր հարուցում:

«Ազգային ճակատի» ներկայիս առաջնորդը կարողացել է վերակազմավորել կուսակցությունը եւ թույլ չի տալիս այդպիսի կոչեր: Այժմ ֆրանսիացիները դժվարությամբ են այդ կուսակցությունը ռադիկալ անվանում՝ չնայած նոր կատեգորիաներ դեռ չեն ընտրել:

Այդպես էլ չի պարզվել, թե որ ճամբարին է պատկանում ընտրությունների առաջին փուլի առաջատար Էմանուել Մակրոնը:

Անկասկած, նա ֆրանսիական ապարատային բուրժուազիայի էլիտային է պատկանում, իր ամուր տեղն ունի իսթեբլիշմենթում, երիտասարդ է ու վստահ իր ուժերին: Սակայն նրա մասնակցությունն ընտրություններին քողարկում է առավել խոշոր կուսակցությունների դերը, որոնք հին ավանդույթներ ու ամուր սոցիալական կապեր ունեն:

Մակրոնն ինչ-որ չափով ներկայացնում է հասարակության այն շերտերը, որոնք ձանձրացել են ավանդական քաղաքական խմբերից:

Նրանք հիմնականում երիտասարդ սերունդն են եւ իրական գիտատեխնիկական իսթեբլիշմենթը: Նրա առաջատարությունը վկայում է, որ Ֆրանսիան խորը պրոֆեսիոնալ ու սոցիալական արդիականացման կարիք ունի:

Ֆրանսիացիները որոշ հույսեր ունեն, որ հասարակությունում առաջ կգան նոր ու առաջադեմ երիտասարդ քաղաքական գործիչներ: Հասկանալի է, որ նրա հետեւում Ռոտշիլդն ու իր խմբավորումն են կանգնած, որը հասկանում է, որ Ֆրանսիայի ներկայիս հնացած առաջնահերթությունները Ֆրանսիային հերթական անգամ հետ կթողեն եւ կզրկեն ինդուստրիալ կարգավիճակից:

Կարելի է ենթադրել, որ Մակրոնը որոշ չափով հիշեցնում է Դոնալդ Թրամփին, որը հաղթահարել է ավանդական հանրապետական պոստուլատները եւ փորձում է երկիրը տանել արդիականացման ուղղությամբ:

«Ազգային ճակատը» շատ առումներով սխալ վիճակում է հայտնվել՝ Մարին Լը Պենը սխալներ է արել կարգախոսների մասով՝ նախեւառաջ ժխտելով եվրոպական նախագիծը, որ ֆրանսիական քաղաքականության հիմքն էր: Ֆրանսիացիները ոչ մի կերպ չէին կարող ընդունել դա, ինչպես բրիտանացիները, որոնք մինչեւ հիմա վստահ չեն բրէքզիթի հարցում:

Ֆրանսիայում, սակայն, Եվրամիության նկատմամբ վերաբերմունքը լրիվ այլ է, քան Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիան Եվրամիության բազային պետությունն է: Եթե չլինեին հակաեվրոպական թեզերը, հնարավոր է «Ազգյային ճակատն» ավելի լայն աջակցություն կունենար:

Բացի այդ, Մարին Լը Պենը ամբողջությամբ «վաճառվել է» ռուսներին, այսինքն՝ Վլադիմիր Պուտինին, ինչը լուրջ քաղաքական ճգնաժամ է ստեղծել իր համար: Ռուսներն իրենց գործողություններով շատ խորը խնդիրներն են ստեղծել թե ամերիկացիների, թե ֆրանսիացիների համար: Դա դաս կլինի Արեւմուտքի շատ քաղաքական ուժերի համար:

Այսպես թե այնպես, «Ազգային ճակատն» ընտրություններին 6 միլիոն ձայն է հավաքել, եւ դա հնարավոր չէ ժխտել: Այս կուսակցությունն արդեն չի կարող մարգինալ կոչվել, եւ, հնարավոր է, հաջորդ ընտրություններին կարողանա կոալիցիա ձեւավորել ձախ կամ աջ կուսակցությունների հետ, այսինքն՝ կտրուկ տրամադրվածների հետ:

Հետաքրքրություն է ներկայացնում Ժան-Լյուկ Մելանշոնը, որը գլխավորում է «Աննվաճ Ֆրանսիա» շարժումը եւ ստացել է ձայների 18 %-ը, եւ ումից շատ բան կարող է կախված լինել ընտրություններում: Անկասկած, Մելանշոնն ինչ-որ չափով կոմունիստներին եւ բազմաթիվ ձախ կազմակերպությունների ու խմբերի է ներկայացնում: Պետք է հասկանալ, որ հենց նրա խումբն է կանգնած ուժերի քաղաքական դասավորության մյուս բեւեռում:

Հնարավոր է, այս կուսակցություններն կընթանան ֆրանսիական քաղաքականության մեջ ուժեղանալու ճանապարհով:

Չգիտես ինչու, ասում են, որ Էմանուել Մակրոնը սոցիալ-դեմոկրատ է, հավանաբար այն պատճառով, որ աշխատել է Ֆրանսուա Օլանդի կառավարությունում: Հաշվի առնելով նրա կապերն ու շփումները՝ դժվար է այդպիսի բան պնդել: Ավելի շուտ, Մակրոնը ներկայացնում է եվրոպական նախագծի գաղափարախոսությունը եւ պատրաստ է զարգացնել Եվրամիության պոստուլատները:

Արտաքին քաղաքականությունում Մակրոնն ամենայն հավանականությամբ ամուր կապեր կունենա ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ եւ քննադատաբար կվերաբերվի Ռուսաստանին, որքանով դա հնարավոր լինի ֆրանսիացիների համար: Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը, ներառյալ տարածաշրջանայինը, ավելի ակտիվ կդառնա՝ հենվելով ֆրանսիական շահերի վրա եւ հաշվի առնելով Եվրոպայի շահերը:

Այսպիսով, կասկած չկա, որ Ֆրանսիայում հաղթել է քաղաքական լիբերալիզմը՝ հաշվի առնելով նաեւ այն, որ «Ազգային ճակատի» եւ ձախ կուսակցությունների դիրքորոշումները լսվելու իրավունք ունեն, իսկ ցանկությունները՝ կյանքի կոչվելու, որոնց հետեւում միլիոնավոր մարդիկ են կանգնած:

Մինչեւ հիմա անհասկանալի է մնում, թե ինչու չեն կարողացել միավորվել Ֆրանսուա Ֆիյոնն ու Էմանուել Մակրոնը, որն է խնդիրը, սակայն երեւում է շուտով հասկանալի կդառնա այն, ինչ ընտրությունների ժամանակ հանելուկ էր մնում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20