Ինչո՞ւ է ԱՄՆ-ը փոխում իր առաջնային քաղաքականությունը Սիրիայում

- in Կարծիք
usa-spitak-tun

Ինչո՞ւ ԱՄՆ-ը բավականին արագ փոխեց իր առաջնային քաղաքականությունը Սիրիայում. ի՞նչը նպաստեց այդ փոփոխությանը, և ինչպիսի՞ն կլինեն հետևանքները:

ԱՄՆ-ը սիրիական ճգնաժամի հենց սկզբից Բաշար Ասադի նկատմամբ հստակ քաղաքականություն էր վարում՝ պնդելով, որ սիրիական ճգնաժամի կարգավորման բանալին Ասադի պաշտոնաթողությունն է: Ընդհանրապես Սիրիայում ԱՄՆ վարած քաղաքականությունը կարելի է հետևյալ երեք բաղադրիչներով բնութագրել՝

1. Բաշար Ասադի պաշտոնանկությունը,
2. ԴԱԻՇ-ի դեմ պայքար,
3. Ասադի հակառակորդ, այսպես կոչված՝ «չափավոր ընդդիմությանն» աջակցություն:

ԱՄՆ-ը, հետևելով իր քաղաքականության վերոնշյալ բաղադրիչներին, որոնք էականորեն տարբերվում են Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումներից, սկսեց իր ներկայությունը Սիրիայում ապահովել «համբերել և սպասել» սկզբունքի համաձայն: Մնալով «ստվերում»՝ նրանք փորձեցին նպաստավոր պայմաններ ստեղծել տարածաշրջանում իրենց դաշնակիցների համար՝ Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի համար:

ԱՄՆ-ի համար կարևոր էր Սիրիայում չընդհատվող պատերազմը, քանի որ այդ պատերազմում միմյանց դեմ դուրս եկան ԱՄՆ-ի թշնամիները՝ մի կողմից Ալ-Քաիդան, մյուս կողմից Սիրիան՝ իր դաշնակիցներով՝ Իրանի և Հեզբոլլահի հետ:

ԱՄՆ-ը հույս ուներ, որ երկարատև հակամարտությունը կթուլացներ այդ ուժերին և կնվազեցներ հետագայում ռազմական գործողությունները շարունակելու նրանց պատրաստակամությունը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը ճիշտ չէր հաշվարկել. Բաշար Ասադը, չնայած իրեն բաժին ընկած խնդիրների ծանրությանը, կարողացավ շարունակել իր քաղաքական գույությունը, ընդ որում արդյունավետ՝ Իրանի և Հեզբոլլահի աջակցությամբ վերադարձնելով կորցրած որոշ դիրքեր:

Ռուսաստանի մուտքը Սիրիա և Իրանի բազմաբաղադրիչ ներկայությունն այնտեղ թուլացրին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դիրքերը: Հալեպի ազատագրումից հետո ստեղծված իրավիճակը խառնեց բոլոր խաղաքարտերը և սպառնալիքի տակ դրեց ԱՄՆ-ի բոլոր ծրագրերը: Նման պարագայում միանգամայն բնական է սեփական նպատակները իրագործելու նոր ուղիների փնտրտուքը՝ Սիրիայում իր դիրքերը ինչ-որ կերպ ամրացնելուն ուղղված նոր ռազմավարության մշակումը:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը վերջին շաբաթում նշեց, որ Ասադի նկատմամբ որոշ քաղաքական իրականություն է ձևավորվել, որը պետք է իրենք ընդունեն՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը: «Այժմ մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակի վրա. դա կլինի մեր առաջնահերթությունը»,- ասել է նա:

Սիրիայում, այսպիսով, ԱՄՆ-ի քաղաքականության առաջնահերթության փոփոխությունը կարևոր նշան է. Իրականում ԴԱԻՇ-ի դեմ պայքարը այն ընդհանուր քաղաքականությունն է, որ միավորում է ԱՄՆ-ին և Ռուսաստանին: Վաշինգտոնը, գնալով Ռուսաստանի հետ համագործակցության, փորձում է առաջ տանել իր քաղաքականությունը, որը կարող է հանգեցնել հետևյալին.

1. Ռուսաստանի հետ համագործակցելով՝ նա կարող է մասնակցել Սիրիայի ապագային վերաբերող համաձայնությանը:
2. Իրանին հիմնական խաղացողից կվերածի պասիվ խաղացողի: Եվ այս նոր իրավիճակում արդեն Սիրիան կդադարի լինել ԱՄՆ-ի և Ռուսաստանի մարտադաշտը. այն կդառնա որոշակի համակեցության դաշտ: Բաշար Ասադի դիրքերի ամրապնդմանը, Ասադին եվրոպական երկրների լուռ, ոչ ցուցադրական աջակցությանը զուգահեռ ԱՄՆ-ն ստիպված էր ընդունել նոր իրականությունը և աստիճանաբար փոխել իր դիրքորոշումը Ասադի վերաբերյալ:

Մյուս կողմից էլ Ռուսաստանը աստիճանաբար փոխում է իր դիրքորոշումը սիրիական ռեժիմի հակառակորդների նկատմամբ, որոնց ԱՄՆ-ը «չափավոր ընդդիմություն» է համարում: Այս երկու մոտեցումները կարող են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ աստիճանաբար վերանան երկու կողմերի տարաձայնությունները Սիրիայի հարցում: Իհարկե, ԱՄՆ-Ռուսաստան համագործակցության հեռանկարը վերոնշյալ պայմանավորվածության շրջանակներում դեռ հարց է, թե ինչի կհանգեցնի. դա պարզ կլինի Սիրիայում իրադարձությունների հետագա զարգացումից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments