Խորհրդարան մտած ուժերի ներսում գզվռտոց է

- in Կարծիք
Aram Manukyan

ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, անդրադառնալով անցկացված խորհրդարանական ընտրություններին, դրանք համարեց պետական աննախադեպ կազմակերպված հանցագործություն։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այսօր դիմում կներկայացի Սահմանադրական դատարան՝ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով.  «Սահմանադրական դատարան դիմելու փաթեթը բավականաչափ ծավալուն է… Այս մասին հայտարարություն կտարածենք։ Դիմումում ներկայացված բոլոր փաստերը, որոնք 10 անքուն գիշերվա աշխատանք է, այնուհետեւ դրանք կհրապարակվեն մամուլում»:

Նա նաև նշեց, որ իրենց դիմումի մեջ ներկայացվելու է նաև երեկ մամուլում հրապարակված ՀՀԿ տարածքային պատգամավոր ընտրված, «ՍԱՍ գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի շտաբի ձայնագրությունը. «Հունական մի ասացվածք կա. ասում է՝ ստրուկը ստրուկ չի ուզում մնալ ոչ թե ազատության համար, այլ սեփական ստրուկն ունենալու համար։ Այսպիսի մարդիկ ստրուկ են, իրենք էլ իրենց ստրուկին են ուզում ունենալ… Այսօր իշխանության ներսում գզվրտոց է: Ասում են՝ շատ ձայն հանաքածները կարող է դիմում գրեն, դուրս գան: Ոչ միայն ՀՀԿ-ում, արդեն խորհրդարան մտած ուժերի ներսում էլ է գզվրտոց»:

Արամ Մանուկյանն, անդրադառնալով անցկացված ընտրություններին, դրանք համարեց պետական աննախադեպ կազմակերպված հանցագործություն. «Սա իշխանության հաղթանակն էր սեփական ժողովրդի նկատմամբ: Սա մեր երկրի մեծագույն հարստության` ըմբոստ քաղաքացու ոչնչացում էր: Ցանկացած երկրի ամենամեծ հարստությունը մարդն է և նրա ազատությունը, իսկ իշխանությունն իր պոլիցայների միջոցով ամեն ինչ արեց ազատ մարդուն ոչնչացնելու համար: Աղքատությունը, թշվառությունը, արտագաղթը այս իշխանությունների զենքերն են: Իշխանագողությունը անհետևանք չի մնա»:

Նա ընդգծեց, որ իրենց ուսումնասիրած նյութերի համաձայն`ամեն տեղամասում միջինում ընտրողների 5 տոկոսը օգնության կարիք է ունեցել. «5 տոկոսը կույր է եղել: Գյուղերում կույրերի քանակը ավելի շատ է, և ակնաբուժարաններ պիտի կառուցեն: Միայն Արաբկիրում մոտ 100 հոգի չտեսնելու պատճառով օգնություն է խնդրել, որոնց օգնել է 28 հազար դիտորդ: Դրանք բոլորը թաղի խուժաններ են եղել: Փող բաժանողը, տեղամասերում վերահսկողություն իրականցնելու նպատակով, դիտորդ էր աշխատում»:

Մարիամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments