Ծառուկյանի իշխանությունը գնում է ընտրական փորձարարության

- in Կարծիք
Gagik Carukyan

Հայտարարելով Երևանի քաղաքապետի ընտրությունից հրաժարվելու մասին և պատճառաբանելով, թե ժամանակ չկար ներկայանալու լուրջ ու հիմնավոր ծրագրով, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր նաև, թե իր բացակայությունը նաև հնարավորություն է նոր ուժերի դրսևորման համար:

Երևանի քաղաքապետի ընտրության շուրջ Ծառուկյանի բացակայությունը ստեղծեց իսկապես հետաքրքիր իրավիճակ, և, ինչպես լինում էր ավանդաբար, այս անգամ ՀՀԿ-ի և ընդդիմադիր ուժերի միջև չկա Ծառուկյան բուֆերը: Ինչ կփոխի այս իրավիճակը ընտրական գործընթացի տրամաբանության և արդյունքի առումով: Սա իսկապես հետաքրքիր հարց է և նույնիսկ ինչ-որ առումով էքսպերիմենտալ:

Վերջին տասնամյակում Գագիկ Ծառուկյանը դարձել էր այդ բուֆերը, որը կլանում էր ընդդիմադիր և դժգոհ ընտրազանգվածի ձայնը, կառավարում այն, այսպես ասած՝ բարձրավոլտից դարձնում օգտագործելի հոսանք՝ կատարելով յուրօրինակ բաշխիչ ցանցի դեր: Ընդամենը մի քանի օր առաջ Ծառուկյանը բուֆերի իր հերթական դերը կատարեց խորհրդարանական ընտրություններում: Ընդ որում, դրա համար նա «վերաբացեց քաղաքականության փակված էջը», իսկ Սերժ Սարգսյանը չնայած հայտարարեց, որ չի ողջունում Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, այնուհանդերձ՝ չխանգարեց այդ վերադարձին որևէ կերպ: Ավելին, Սերժ Սարգսյանն ընդունեց այդ վերադարձը և ձևակերպեց որպես խորհրդարանում ընդդիմության պատկառելի ներկայություն:

Այնուհանդերձ, ակնհայտ է, որ Ծառուկյանի բուֆերային հնարավորությունները սահմանափակ են՝ այն պարզ պատճառով, որ Ծառուկյանը քաղաքական բևեռ չէ, և հետևաբար երաշխավորված չէ այդ բևեռի, այսպես ասած, կայունությունը: Ավելին, այդ բևեռին թերևս սպասվում է եթե ոչ՝ լուծարում ժամանակի մեջ, ապա գոնե խորքային տրանսֆորմացիա:

Եվ այդ իմաստով Երևանի քաղաքապետի ընտրությանը ստեղծված վիճակն ինչ-որ առումով դառնում է, այսպես ասած, փորձարարական՝ էքսպերիմենտալ, որտեղ իշխանությունը կփորձի հասկանալ, թե ինչ է կարող առանց բուֆերի, ինչ կստացվի իր մոտ ընդդիմադիր ուժերի դեմ, այսպես ասած, մեն մենակ մնալու դեպքում, երբ բուֆեր չի լինի, չի լինի դժգոհ ընտրազանգվածի տրանսֆորմատոր:

Երևանի քաղաքապետի ընտրությունն այդ իմաստով երևի թե ամենահարմար ընտրությունն է՝ նկատի ունենալով այն, որ իր բնույթով լինելով կիսահամապետական՝ այդուհանդերձ, այդ ընտրությունը քաղաքական չէ և նաև ամենակարևորը՝ հեռու է միջազգային ուժային կենտրոնների աչքից, նրանք մեծ ուշադրության չեն արժանացնում այդ ընտրական պրոցեսը, և այստեղ արտակարգ իրավիճակի պարագայում իշխանությունը կարող է իրեն թույլ տալ լուծումներ և միջոցներ, որոնք չի կարող թույլ տալ համապետական ընտրություններում:

Այդպիսով, առանց Ծառուկյանի իշխանությունը գնում է ընտրական փորձարարության՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Այլ կերպ ասած՝ Երևանի քաղաքապետի ներկայիս ընտրական գործընթացն իշխանության համար վերածվում է լաբորատոր աշխատանքի՝ գուցե 2022 թվականի ընտրությունների սցենարային պաշարի համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments