Հայաստանի ներքին և արտաքին մտահոգությունները՝ ո՞ւմ կողմից

- in Վերլուծական
220
hayastan-armenia

Հայաստանում շարունակում են եռալ ընտրական կրքերը, որոնք խորհրդարանական ընտրություններից անցում են կատարում քաղաքապետի ընտրությունների:

Մինչ հասունանում են հերթական նախընտրական եւ ընտրական ինտրիգները, նոր դիմակայությունները, միջազգային ասպարեզում էլ իրավիճակը թեժանում է, ընդ որում այնպիսի մասշտաբներով, որոնք կամաթե ակամա, ստիպում են հայացք գցել դրանց վրա, քանի որ պարունակում են Հայաստանին առնչվող բավականին շոշափելի հեռանկարներ: Խոսքը, մասնավորաբար, Սիրիայում զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում քիմիական զենքի կիրառման մասին է, որն Արեւմուտքի կարծիքով՝ Սիրիայի կառավարական ուժերի՝ Ասադի ձեռքի գործն է, եւ որին հետեւեց ԱՄՆ առաջին ուղղակի ռազմական հարվածը Սիրիայի ուժերին: Այսպիսով, սիրիական դիմակայությունն ըստ էության կանգնել է նոր փուլի շեմին: Կանցնի՞ իրավիճակը այդ շեմից, թե՞ ոչ: Այս հարցը հավանաբար զգալիորեն կորոշակիանա վաղը Մոսկվայում սպասվող բանակցություններում, որը կվարեն ՌԴ ժամանող ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Բոլոր դեպքերում, արդեն իսկ նկատելի են Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության նոր ալիքի առաջին դրսեւորումները: Արեւմտյան երկրները, մասնավորապես՝ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Մեծ Բրիտանիան Ռուսաստանի վրա են դնում Սիրիայում քիմիական զենքի կիրառման պատասխանատվությունը, հայտարարելով, որ Մոսկվան չի կատարել այդ զենքի չեզոքացման մասով ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները, չի բռնել Ասադի ձեռքը: Խոսվում է Մոսկվայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների մասին: Այդ ամենի ճակատագիրը երեւի թե կախված է Թիլերսոն-Լավրով բանակցությունների ընթացքից: Սա ըստ էության հակառակն է այն ամենի, ինչ սպասվում էր ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի հայտնվելուց հետո: Ինքն իրեն այդ կապակցությամբ շնորհավորող Մոսկվան այսօր արդեն հայհոյում է Թրամփին, իսկ ռուսաստանցի պրոպագանդիստներն արդեն սկսել են այսպես ասած՝ երանությամբ հիշել Օբամայի եւ Քերիի քաղաքականությունը: Ի՞նչ է այս ամենը, ստվերային, կուլիսային ինչ-ինչ զարգացումները քողարկող առերեւույթ լարում, թե՞ այդուհանդերձ մենք գործ ունենք Արեւմուտք-ՌԴ դիմակայության նոր, եւ դատելով Սիրիայում ծավալված ռազմական զարգացումներից՝ վտանգավոր բախման հավանականություն պարունակող լարվածության հետ:

Հայաստանն այս կապակցությամբ ունի մտահոգության երկու առարկա, կամ երկու բաժին: Մեկն իհարկե այն է, թե այդ լարումը ինչպիսի արձագանք կունենա ղարաբաղյան խնդրում, ինչպես կազդի այս խնդրում ԱՄՆ ու Ռուսաստանի պահվածքի վրա, եւ արդյո՞ք կա վտանգ, որ Ադրբեջանը կարող է փորձ անել օգտվել այս հակասությունների սրացումից: Եվ մյուս բաժինն այն է, որ Հայաստանն անկասկած հույս ուներ ԱՄՆ-Ռուսաստան եթե ոչ կարգավորումից, ապա կայունացումից ստանալ նաեւ որոշակի տնտեսական էֆեկտ՝ ՌԴ տնտեսության կայունացման շնորհիվ: Ակնհայտ է, որ այս էֆեկտը մեղմ ասած հայտնվում է կասկածի տակ, համենայնդեպս քանի դեռ խոսք է գնում նոր պատժամիջոցների մասին, որ կարող է կիրառվել ՌԴ դեմ: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը կշարունակի լինել տնտեսական ծանր վիճակում, ինչը իր անդրադարձը կունենա Հայաստանի վրա:

Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք Հայաստանի իշխող համակարգի կապիտալիստները ձեռքները կտանեն գրպանն ու կփորձեն այնտեղից ներդրումներ կատարել Հայաստանում: Նախընտրական շրջանում նրանք շռայլորեն միլիարդների մասին էին խոսում, սակայն հետընտրական իրավիճակում այդ խոսակցությունները կարծես թե կտրվել են: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա այստեղ, իհարկե, իրավիճակն ընդհանուր առմամբ կախված լինելով միջազգային իրադրությունից, այնուհանդերձ ուղղակիորեն առաջնահերթ իմաստով կախված է մի բանից՝ որքանով է հայկական առաջնագիծը զգոն եւ պատրաստ ադրբեջանական որեւէ սադրանքի:

Եթե կա այդ պատրաստվածությունը, ապա միջազգային անգամ վտանգաշատ իրադրության պայմաններում Ադրբեջանը չի գնա ռիսկի: Խոսքն իհարկե մարտական պատրաստության մասին չէ: Այդ առումով որեւէ մեկն իհարկե չի կասկածում հայկական զինված ուժերի մարտական պատրաստվածության, մարտունակության, խիզախության վրա եւ նրանք դա ապացուցել են այսպես ասած լիուլի: Խնդիրը ռազմա-տեխնիկական եւ ինժեներական պատրաստության մասին է: Այս առումով էլ, ապրիլից հետո իհարկե տեղեկությունները հուսադրող են, իսկ գործունակությունն էլ ապացուցվեց փետրվարի 25-ին Ադրբեջանի գրոհի փորձին հասցված կանխարգելիչ հարվածով: Սակայն, ակնհայտ է, որ այստեղ իհարկե անհրաժեշտ են առաջանցիկ տեմպեր, հատկապես միջազգային վատ իրադրության պարագայում: Միեւնույն ժամանակ, այդ տեմպերի համար էլ անհրաժեշտ է արդյունավետ կառավարում եւ տնտեսական արդյունավետ քաղաքականություն, այսինքն՝ պետք է տնտեսական կյանք, աշխուժություն, որպեսզի առաջնագիծը չզգա ռեսուրսների պակաս եւ տեմպի դանդաղում:

Միով բանիվ, ամեն ինչ իհարկե փոխկապակցված է եւ ընդհանուր հաշվով, անկասկած, համաշխարհային դիմակայության սրումը Հայաստանից պահանջում է զգոնության եւ ջանքերի լարման նոր չափաբաժին։ Այս տեսանկյունից սակայն խնդրահարույցը այն է, որ քաղաքական ուժերի համար, որոնք վարակված են կամ նախընտրական կամ հետընտրական կրքերով ու ինտրիգներով, միջազգային իրադրության թեմաներն ու խնդիրները կարծես թե գոյություն չունեն, համենայնդեպս տեղ չունեն օրակարգում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20