grqer

Կիրակնօրյա ընթերցումներ. 

Նախաբան

Գյուղը թաքնված էր անտառոտ բլուրների արանքում: Միայն մի քանի տանիքներ ու հնամյա եկեղեցու գմբեթը կղզիների նման վեր էին խոյանում սաղարթի միջից: Ամեն առավոտ կիսաքուն քահանան լուռ աղոթքով քաշում էր պարաններից, ու անտառոտ ձորակը լցվում Էր զանգերի ղողանջով: Գյուղը արդեն արթուն էր, մարդիկ շտապում էին մրջյունների նման, ու ամենօրյա հրաշքը նրանց չէր երևում: Ոչ ոք չգիտեր, որ հենց այդ պահին երկնքում զանգերի երգից արթնանում էին հրեշտակները և, ամպերի վրա նստած, նայում փոքրիկ գյուղի իրարանցմանը: Հրեշտակները քահանայի աղոթքներին ձայնակցում էին երկնքում՝ զանգերի հնչյուններին ճիշտ համապատասխան ու հաշվում, թե քանի մարդ է շտապում եկեղեցի:

Մարդիկ արագ խաչակնքվում էին, դուրս շտապում ու ցեխոտ փողոցներով իրենց քայլերն ուղղում դեպի տուն, գոմ, դպրոց, որն էլ՝ հանդ կամ անտառ: Գյուղը լցվում էր վառարանների սպիտակ ծխով, որ մառախուղի պես փակում էր այն: Հեռվից նայողը այդ պահին անգամ չէր էլ կարող նկատել, որ անտառապատ ձորակում մարդ կա: Ձորակի մարդիկ ծնվել ու ապրում էին` երազելով մեծ քաղաքների, նրանց լույսերի, հարուստ  կրպակների մասին, որտեղ չկան ցեխոտ փողոցներ, ու աշխատանքը այդքան ծանր ու միապաղաղ չէ:

  • Այնտեղ` քաղաքում, – ասում էին, – մարդիկ կարող են զբոսնել մաքուր, գեղեցիկ փողոցներով, ընթրել շքեղ ռեստորաններում ու լինել ազատ: Ոչ ոք ոչ մեկին չի խանգարում, ու ոչ ոք  ոչ ոքի չի էլ ճանաչում… 

Անտառի տնակի գաղնիքները

Իսկ ձորակից շատ-շատ հեռուհեռավոր Կանադայի անծայր անտառներում ձգվող ճանապարհով, սլանում էր Կիկոն: Նա մերթընդմերթ  հայացք Էր նետում միապաղաղ կապույտ ներկված անտառին ու մգացած երկնքին, որոնք իրենց ողջ գեղեցկությունը թողնում Էին Կիկոյի ակնոցների ապակուն: Նրա երկաթե ձին մռնչում Էր ոլորանների վրա մեքենայում հնչող երաժշտության հետ մեկտեղ խլացնելով անտառային մեղեդին:  Կիկոն երբեք չէր եղել հեռավոր գյուղում ու անգամ չէր էլ լսել նրա մասին:

Նա ծնվել ու մեծացել էր աղմկոտ քաղաքում: Առաջին հայացքից աչք էր զարնում նրա սուր հայացքը: Կիկոյի մուգ շագանակագույն աչքերը երկարավուն հոնքերի տակից միշտ ուղիղ ու քննող հայացք էին ձգում դիմացինների վրա: Նա բարձրահասակ էր, սպիտակադեմ, փոքր-ինչ գանգուր սև մազերով:  Թեպետ Կիկոն հաջողակ էր աշխատանքի մեջ ու սիրում էր իր քաղաքը, բայց ամեն հարմար առիթի դեպքում լեռները պոկում էին նրան Վանկուվերից: Միայնակ կամ ընկերների հետ, որոնք այդքան էլ շատ չէին, Կիկոն սիրում էր լեռներն արշավել: Ոչինչ այդքան հանգստացնող ու գերող չէր, ինչքան բնության գրկում մեն-մենակ մնալը աստղազարդ երկնքի հետ: Միայն այդ ժամանակ նա կարող էր լինել ազատ ու երազել: Միայն լեռներում խփած իր վրանի կողքին Կիկոն ժամեր շարունակ կարող էր նստել խարույկի դիմաց ու նայել կրակի պարը: Օդը լեռներում մաքուր էր ու թեթև, այնտեղից բացվում էին հորիզոններ, որտեղ նա երբեք չէր եղել ու չէր լինի: Իսկ գիշերն …

Գիշերն այնտեղ այլ էր. այն ոչ թե պատում, այլ իջնում էրսեղմվելով իր վրանին: Հերիք էր միայն նայել վեր, որպեսզի մանկությունը վերադառնար: Աստղերը  վառ շողում էին տիեզերքի եթերում, հմայում, գերում միտքը ստիպելով չմտածել: Կիկոն ժամեր շարունակ պառկած կարող էր նայել, մինչև որ ձեռքը կմեկներ գիշերվա պարզած ձեռքին, ու քունը կփակեր նրա աչքերն ու  կբացեր նրա երազների տեսիլքները:  Հաճախ նա տեսնում էր, թե իր վրանը  կտրվել է երկրից ու մոլորակների հետ հոսում է երկնային հունով: Նա բացում էր վրանի մուտքն ու տեսնում վառվող  խարույկից երկինք ձգվող  շիկացած ածուխների կայծերը: Դրանք վառվող աստղերի պես հեռանում ու կորչում էին ինչ-որ տեղ: Չկար մի ազատ օր, որ Կիկոն չնվիրեր լեռներին:

Եվ ահա այդ օրը,  ինչպես միշտ էր անում, վերցրեց վրանն ու անհրաժեշտ ամեն բան, տեղավորեց մեքենայի մեջ ու որոշեց ճանապարհ ընկնել: Նա երբեք նախօրոք ճանապարհ չէր ընտրում, ու այս անգամն էլ  բացառություն չեղավ: Կիկոն նախընտրում էր ընտրությունը թողնել պատահականությանը: Նա պարզապես վարում էր մեքենան անհայտ ճանապարհներով:  Շրջում էր ղեկը մեկ աջ, մեկ ձախ` երբեմն մի ամբողջ օր անցկացնելով ճանապարհին: Այդպես նա սպասում էր այն պահին, երբ կերևա գրավիչ ու խորհրդավոր կղզին: Այն միշտ հայտնվում էր լեռան կամ բլրի տեսքով ու միայն իրենց հայտնի նշանով կանչում Կիկոյին իր մոտ:

Օրն ամպամած էր,  ու առջևում ճանապարհն արդեն թացանում էր անձրևի առաջին կաթիլներից: Ճանապարհն անցնում էր գետին զուգահեռ ոլորաններով:  Կիկոն արդեն բավական հեռացել էր իր քաղաքից: Մեքենաներ ավելի ու ավելի քիչ էին հանդիպում: Ամեն ինչ կարծես լավ  էր, մինչև որ հերթական ոլորաններից մեկում, ինչպես հաճախ պատահում է ամենից անհարմար պահին, դավաճանաբար զանգ հնչեց ու Կիկոյի ուշադրությունը  շեղեց դեպի բջջայինը: Մեկ ակնթարթը  հերիք էր, որպեսզի Կիկոն կորցնի կառավարումը: Նա միանգամից հասկացավ, որ դա կարող է վերջը լինել:  Հանկարծ ամեն տեսակ ձայն խլացավ. նա չէր լսում ո՛չ հեռախոսի, ո՛չ բարձր երաժշտության ձայնը: Միայն սրտի բաբախոցի խուլ արձագանքն էր ուղեղում:

Աչքերի առաջ ողջ տեսադաշտը արագ նեղացավ մի կետի շուրջ ու …

Կիկոն կորցրեց գիտակցությունը: Նրա մեքենան գլորվեց ձորակի մեջ` արմատախիլ անելով բազմաթիվ ծառեր, մինչև որ բախվեց ծեր կաղնու բնին: Եթե կաղնին չպահեր Կիկոյի մեքենան, այն կխորտակվեր գետում, որ հոսում էր մի փոքր ավելի ներքևում …

  • Ուսուցի՛չ ,  ես այստեղ կտնկեմ իմ վերջին ծառը :

Ինչ-որ ներքին համոզմունք լսվեց Յահհայի ձայնում: Նա հաճախ էր անսպասելի որոշումներով զարմացնում բոլորին: Ու անգամ հիմա` այդ տարիքում, Յահհան չէր դադարում մտածել ու գործել շատերի համար անհասկանալի  ձևով: Բայց ո՛չ իր ուսուցչի համար, ով լավ գիտեր, ու ինքն էր շատ բաներ սովորեցրել նրան: Յահայի աչքերում խորամանկ փայլ զգացվեց. ասես նա ինչ-որ բան էր ծրագրել իր մտքում: Նման փայլող աչքեր նրա տարիքի մարդկանց մոտ սովորաբար չեն լինում: Սովորաբար ծեր մարդիկ տխուր ու հոգնած հայացք են ունենում: Բայց ոչ Յահհան: Նա վառվռուն սև աչքեր ուներ, արծվի հայացք: Հնդկացու ավանդական հագուստի տակից երևում էր նրա լայն թիկունքն  ու վկայում  երիտասարդ տարիների նրա մեծ ուժի մասին: Եվ դա այդպես էր: Նա իրենց ցեղի ամենից հաջողակ որսորդն էր ու ամենաուժեղ տղամարդը: Ջլուտ ձեռքերի հին սպիները խոսում էին նրա քաջության մասին: Կար ժամանակ, երբ նա միայնակ կարող էր կռիվ տալ լուսանի, գայլի,  անգամ արջի հետ:

  • Ինչու՞  այստեղ, Յահհա: Գետի վրա կախված՝ դժվար կլինի նրա համար:
  • Նրա պտուղները գետը կիջեցնի հովիտ: Նրանցից շատերը կգտնեն ափն ու կաճեն:

Ուսուցիչը ժպտաց միշտ բարի ժպիտով.

  • Այդ դեպքում քեզ լավ պտուղ է հարկավոր: Քերծի պռնկին ուժեղ սերմը կաճի միայն:

Այդ ասելով` նա մեկնեց ձեռքի կաղինը, որը ծերունի Յահհան դողդողացող ձեռքերով վերցրեց ու զգուշորեն ծածկեց աղքատիկ հողի տակ:

  • Ա՛յ, կտեսնե՛ս՝ այստեղ նա շատ պետքական կլինի: Նա անպայման կաճի: Կաղնիները ուժեղ են, նրանք կլցնեն հովիտը: Մի օր դու կտեսնես, որ այստեղ հենց նրա տեղն է:

Ծերունի Յահհան վերջին անգամ էր շրջում իր ուսուցչի հետ այս լանջերում: Քերծի պռնկին նստած` նրանք ինչ-որ կարևոր բան էին խոսում: Երբ վերջացրին, Յահհան իր փոքրիկ ընկերոջը  վերադարձրեց ուսուցչին:

  • Մոմոն քեզ հետ թող մնա: Նվերները չեն վերադարձնում, բայց Մոմոն արդեն նվեր չէ, նա իմ անբաժան ընկերն է, որին ուզում եմ քեզ մոտ թողնել:

Ուսուցիչը գրկեց Մոմոյին: Նա իրեն կհիշեցներ իր և Յահհայի բարեկամության մասին: Հետո նրանք հաջողություն մաղթեցին իրար և ուսուցիչը խոստացավ ետ չդառնալ: Ծերունի Յահհան բոլոր հնդկացիների պես զգում էր հողը: Նա գիտեր, որ իր ժամանակը  մոտենում է, ու նա որոշել էր մնալ գետի վրա կախված այս տեղում, ուր տնկեց իր վերջին ծառը: Ուսուցիչը կատարեց իր խոստումը. նա երկար ժամանակ չէր գնում այդ լանջը: Հեռվից միայն տեսնում էր հսկա կաղնին, որ տարիներ անց ամեն աշուն գետը լցնում էր հարյուրավոր կաղիններով: Դրանք լողում էին դեպի հեռավոր դաշտերն ու, Յահհայի ասածի պես, կյանք տալիս հովիտներին:

Շատ տարիներ էին անցել այդ օրերից ու, չգիտես ինչու, արդեն մի քանի օր ուսուցիչը տեսնում էր նույն երազը: Նա տեսնում էր Յահհայինիր կաղնու տակ նստած: Յահհան սովորականի պես նստած չէր. նա կարծես իր ուսերով պահում էր հսկա ծառը ու շարունակ լուռ ժպտում: Ուսուցիչը կարդում էր երազը, բայց չէր հասկանում մինչ այն օրը, երբ Մոմոյին փնտրելիս տեսավ նրան Կիկոյի ջարդուխուրդ եղած մեքենայի վրա նստած: Մոմոն բոլոր կատուների պես հաճախ էր բացակայում, բայց միշտ մինչ մութն ընկնելը վերադառնում էր: Միայն վերջին երկու օրը նա չկար, ու դա նույնպես ինչ-որ նշան էր: Յահհայի ուսուցիչը միանգամից գնաց գետի վրա կախված քերծի մոտ: Նա լուռ նայեց վթարված մեքենային, հետո Մոմոյին, որ հսկում էր այն, ու հասկացավ բոլոր նշանների իմաստը: Ճզմված մեքենան բանտարկած պահում էր ծանոթ երիտասարդին, որին նա արդեն տեսել էր լեռներում ամիսներ առաջ:

Կիկոյին ուշքի բերեցին տնակի պատուհանից նրա դեմքին իջնող արևի շողերը: Գլխացավն անտանելի Էր, ամբողջ մարմինը բռնված էր, ոտքերը գրեթե անզգայացել էին: Կիկոն փորձեց փակել աչքերը, շրջվել մյուս կողքի վրա ու նոր երազ տեսնել: Աղմկոտ քաղաքում նրա քունը հաճախ էր խանգարվում, ու նա վեր էր կենում գլխացավով ու ժամերով շրջում փողոցում: Կամ շարունակ շուռ ու մուռ էր լինում անկողնում, մինչև որ նորից կքներ: Շատ չանցած նա հասկացավ, որ քնած չէ, և կատարվածն  էլ երազ չԷ:  ‹‹Դա իրականություն էր››, – մտածեց նա ու սկսեց չորս բոլորը նայել: Տեսածի անսպասելիությունը մի պահ մոռացության տվեց գլխացավը:

Դա մի փոքրիկ սենյակ էրմոտ յոթ քայլաչափ երկարությամբ և հինգ լայնությամբ: Հռոմի շքեղ զարդարված տաճարներում, ոչ էլ Փարիզի ու Վիեննայի պալատներում նման պատկերներ նա չէր տեսել: Այդպիսի գույներ իրենց կտավների վրա կերազեին ունենալ անգամ աշխարհի մեծանուն նկարիչները: Առաստաղի կենտրոնում պատկերված էր ամպերով շջապատված պայծառ արև, որից դուրս եկող վառ գույները տարածվում էին ամբողջ առաստաղով մեկ ու հետո սահուն իջնում պատերի վրա: Իրենք պատերը, պատված էին տարբեր գեղեցիկ բնանկարներով, որոնք լցվում ու ընդգծվում էին առաստաղիարեգակից իջնող լույսի տակ: Մի կողմում անապատի ավազուտներ էին, որ հետզհետե միաձուլվում էին Ալպյան բարձրաբերձ լեռներին: Մյուս կողմում առաստաղից իջնող շողերը թափանցում էին անտառի խորքը լուսավորելով հաստաբուն ծառերի բները ու նրանց տակ ցրված ծաղիկները:  Հատակը մուգ կապույտ էրհամարյա սև, ինչպես աստղազարդ երկինքը: Կենտրոնում պատկերված էր լիալուսին, իսկ նրա չորս բոլորը վառվռում էին աստղեր ու տարբեր մոլորակներ, որոնցից Կիկոն ճանաչեց միայն Սատուրնը: Ավելի ճիշտ նրա հռչակավոր գոտին:

Բուխարուց (որի վրա պառկած էր)  ելնող կրակի լույսը պարում էր ամբողջ սենյակում, ու Կիկոյին թվում էր, թե պատկերները կենդանի են ու շարժվում են: Նա ինքնամոռաց նայում էր չորս կողմը:

Ուղիղ նրա դիմաց գտնվում էր էլիպսաձև դուռը և երկար նեղ կամար հիշեցնող փոքրիկ պատուհանը: Սենյակի կենտրոնում երկու փայտե աթոռ ու սեղան կար: Սեղանը ծառ էր հիշեցնում. նրա ոտքերի փոխարեն ծառի գեղեցիկ բուն էր, որից վեր բարձրացող ճյուղերը պահում էին կլորավուն երեսը: Աթոռը նույն սեղանի փոքր տեսքն ուներ:  Սեղանի վրա դրված էր մի սափոր, որի մեջ բարակ վրձին հիշեցնող մի փայտիկ կար ու մի քանի հաստափոր գրքեր` ինչ-որ անհասկանալի գրություններով: Նման տառեր Կիկոն չէր տեսել:  Ինքը պառկած էր տաք բուխարու վրա, որ ռուսական վառարան էր հիշեցնում, բայց մի տարբերությամբ, որ դիմացից բուխարու պես մեծ բացվածք ուներ:  Բուխարին տաք էր: Կիկոն ամբողջ մարմնով զգում էր հաճելի ջերմություն: Սպիտակ քարերը բացվածքի մոտ թույլ վարդագույն երանգ էին ստացել կրակի ջերմությունից: Բայց նուրբ բարակ պարաններով գործած ծածկոցը, որի վրա պառկած էր Կիկոն, բուխարու ջերմության զգալի մասը թողնում էր իր տակ եղած քարերի վրա:

Իր ոտքերի տակբուխարու կողքին զուգահեռ կանգնած փոքրիկ պահարանը Կիկոն չէր նկատել: Դա փայտե պահարան էր զարդարված տարբեր մրգերի ու կենդանիների քանդակներով և ուներ հորիզոնական երեք դարակներ` գնդանման բռնակներով:

Մի փոքր անց գլխացավը նորից հիշեցրեց իր մասին, ու տղան մտածեց, որ ամենայն հավանականությամբ ուղեղի ցնցում ունի: Մինչ նա մտածում էր, թե ինչպես և ով բերեց իրեն այստեղ, և ում տանն է հիմա, զգաց, որ բուխարու տակ ինչ-որ շարժում կա: Չգիտես ինչու, նա վախեցավ: Անօգնական ու թույլ մարդու դերում Կիկոն առաջին անգամ էր: Մի պահ շունչը պահեց, վախից չէր կարողանում անգամ թարթել, բայց և անմիջապես սթափվեց`փորձելով սառը դատել. ‹‹Ով էլ լինի, եթե վնասելու լիներ, հիմա ես այստեղ պառկած չէի լինի››: Նա թեքվեց դեպի հատակն ու ցածր ձայնով հազաց:

Ահա բուխարու տակից դանդաղ ու անտարբեր քայլերով դեպի սեղանն առաջացավ մի հսկա սպիտակ կատու: Կատուն անգամ չնայեց բուխարու կողմը, անցավ սեղանի մոտ, մի թեթև ցատկով նստեց սեղանին, ձգվեց, ապա մի պտույտ գործելուց հետո պառկեց մեջքով դեպի Կիկոն: Դա  տնական կատու էր՝ ամբողջովին սպիտակ, բացի սև պոչից, եթե չլիներ մի ‹‹բայց››: Այդ կատուն սովորական կատուներից մոտ երկու անգամ ավելի մեծ էր ու բավականին տարօրինակ  էր թվում այդ սենյակում:

  • Փիսո՛,  փիսո՛, – անվստահ կանչեց Կիկոն կատվի ետևից:

Կատուն թեքեց գլուխը, մուգ կանաչ աչքերով շատ սառն ու անտարբեր նայեց Կիկոյին: Հետո  դանդաղ վեր կացավ տեղից, ցատկեց հատակին, կանգնեց ետևի թաթերի վրա ու գնաց դեպի դուռը: Վստահաբար քաշեց բռնակից, կիսաբաց արեց, թաթը բռնակին դրած թողեց, մյուսը դրեց կոնքին ու  հենվեց դռանը: Ճիշտ ինչպես մարդ: Կիկոն շփոթվեց:

Կատուն կարողանում է քայլել ետևի թաթերի վրա, դռներ բացել և, առհասարակ, այնպես է իրեն պահում,  ասես մարդ լինի:

  • Է՛յ,  դու՛, լսու՞մ ես ինձ, – հրամայական կանչեց Կիկոն:
  • Քեզ հետ եմ, ի՛նձ նայիր:
  • Բայց կատուն միայն պոչով աջ ու ձախ էր անում  կատարյալ անտարբերությոամբ:  Կիկոն փորձեց վեր կենալ: Ոտքերը չափազանց թույլ էին, ու Կիկոն հասկացավ, որ իր ուժերից վեր է: Քիչ անց ինչ-որ շարժ նկատեց անտառում: Նա լարեց հայացքը. ‹‹Հը՜մմ , սա ո՞վ է››, – մտածեց Կիկոն, երբ տեսավ, որ ծառերի ետևից ինչ-որ մեկը մոտենում է տնակին: Հեռվից նա միայն շարժվող ուրվագիծ էր տեսնում, քանի որ  անտառում կիսամութ էր: Շուտով եկողը հասավ դռանը: Կատուն ուրախ ընդառաջ գնաց նրան չորս թաթի վրա, ու նրանք միասին ներս մտան: Անծանոթը փակեց դուռը, շոյեց կատվին ու մոտեցավ բուխարուն:

    • Պառկի՛ր, պառկի՛ր, տեսնում եմ՝ դու ապաքինվում ես, – դիմելով Կիկոյին հանդարտ, բայց խռպոտ ձայնովասաց նա: Դա մի բարձրահասակ, փոքր ինչ թուխ դեմքով մարդ էր: Հագին մուգ կապույտ շոր ուներ, որ նման էր եկեղեցականի սքեմի: Այն բավական գեղեցիկ էր նայվում անծանոթի վրա ձգվելով ուսերից մինչև սրունքները: Ոտքերին ոչինչ չուներ: Գոտկատեղին երկու ոսկեգույն բարակ ու նուրբ պարաններ իրար զուգահեռ ամուր գոտու դեր էին տանում: Անծանոթը կլիներ հիսուն տարեկանին մոտ, նրա մազերն ու կարճ մորուքը լի էին սպիտակ մազերով:  Հաստ հոնքերը գրեթե ամբողջությամբ ճերմակ էին: Նրանց տակից արտասովոր ջերմություն էին ցոլում մուգ կապույտ աչքերը:

    Անծանոթի թե՛ հագուստը, թե՛ խնամված կոկիկ դեմքը, մազերը … ամենևին ցույց չէին տալիս, որ նա անտառի բնակիչ է: Նա քայլում էր  ասպետական քայլվածքով, բայց, միևնույն ժամանակ, շատ զգույշ ու թեթև՝ իր հսկա կատվի պես: Բնության մեջ ուժի ու նրբագեղության այդպիսի համադրում ունեն միայն առյուծները: Երբ նա մոտեցավ և տաք ափը դրեց Կիկոյի գլխին, տղան տարօրինակ ջերմություն զգաց: Ամեն տեսակ վախ ու կասկած անհետացան նրա միջից: Կիկոն շարունակ ջանում էր որսալ նրա հայացքն ու ավելի խոր նայել այդ մարդու աչքերին, բայց անծանոթը շարունակ, ասես դիտմամբ, խուսափում էր նայել Կիկոյին: Նա կռացավ բուխարու առջև, և Կիկոն ջրի քլքլոց լսեց: Հազիվ էր ուզում հարցնել, երբ անծանոթը գեղեցիկ ծաղիկներով փորագրված կավե ծանր բաժակը մոտեցրեց.

    • Սա թուրմ է, կօգնի քեզ արագ ապաքինվել ու գլխիդ ցավը կմեղմի:

    Այդ ասելով` անմիջապես շրջվեց, պահարանի վերին դարակից վերցրեց ինչ-որ գիրք՝ այն գրքերի նման, որ ուներ սեղանի վրա, ու առաջացավ սեղանի մոտ: Այդ ընթացքում Կիկոն վերջապես հավաքեց մտքերն ու արտաբերեց.

    • Շատ շնորհակալ եմ, պարո՛ն: Իմ անունը Կիկո է: Ես…

    Ուզում էր ավարտել, երբ կատուն պահարանի ստորին դարակից հանեց մոմ հիշեցնող, բաց դեղնավուն մի գլանակ: Ետևի թաթերի վրա հանգիստ քայլով մոտեցավ բուխարուն, վառեց այն, ապա նույնքան հանգիստ տարավ իր տիրոջ  մոտ ու փոխանցեց նրան: Անծանոթը վերցրեց այդ մոմը, դրեց իր առջև ու շոյեց կատվին: Այդ տեսնելով` Կիկոն վախեցավ: Անգամ ձեռքերում դող զգաց: ‹‹Մի՞թե  սա կախարդ է, և ինչպե՞ս կարող է կատուն չվախենալ կրակից ու դեռ ավելին …››, – մտածեց նա, և նրա կոկորդից դուրս թռավ.

    • Ո՞վ եք դուք, ի՞նչ է նշանակում այս ամենը, ի՞նչ եք ուզում ինձնից, որտե՞ղ եմ ես…

    Կիկոն դեռ երկար կշարունակեր այդ հարցերի շարանը` սրտի խորքում հասկանալով, որ այդ չէ, որ կուզենար հարցնել: Բայց այդ ընթացքում   տանտերը, առանց հայացքը գրքից կտրելու, ինչ-որ նշումներ արեց վրձին հիշեցնող փայտիկով, որ սափորի մեջ էր դրված, և շատ հանդարտ ասաց.

    • Ես, ես եմ: Այս ամենը նշանակում է, որ դու ողջ ես և գտնվում ես իմ տնակում: Ես կուզեի, որ դու շուտ լավանաս: Բայց թե ի՞նչ է ուզում քեզնից Մոմոն՝ ես, ավաղ, չգիտեմ: Ինքդ նրանից հարցրու:

    Կատուն, որ այդ պահին նստած էր տանտիրոջ ոտքերի մոտ, մռռոց հանեց, և անծանոթը, քթի տակ թեթև ժպտալով, ավելացրեց.

    • Ախ հա՜, Մոմոն ինձ արդեն ասել էր, երբ ես ներս մտա, որ չի ցանկանում, որ դու իրեն ‹‹փիսո՛, փիսո՛›› կանչես:

    Անծանոթն այնպես խոսեց, ասես մեծահասակ երեխայի պարզագույն հարցին պատասխանելիս լիներ: Նրա հայացքն անգամ չէր կտրվում գրքից, երբ նա ժլատ մի քանի բառ էր նետում վախի ու զարմանքի մեջ հայտնված հյուրին: Կիկոն ավելի վախեցավ:

    • Ի՞նչ է նշանակում՝ ես ես եմ, և ինչպե՞ս է Մոմոն, – շեշտված ասաց Կիկոն, – մոմ վառում և խոսում Ձեզ  հետ: Դուք մո՞գ եք, ո՞վ է Ձեզ ուղարկել:

    Կիկոն վախեցած էր ոչ այնքան անծանոթից կամ նրա կատվից, որքան իր վիճակից: Նա չափազանց թույլ էր ու գրեթե անշարժ: Անպաշտպան ու տկար լինելու զգացումը ներսից ճզմում էր նրան: Չնայած անսահման բարությանը, որ զգացվում էր այդ սենյակում, միևնույն է, ինչ-որ տարօրինակ բան կար այնտեղ, ու անծանոթի պահվածքն ավելի էր խորացնում երիտասարդի կասկածները: Տանտերը շարունակում էր չպատասխանել նրա հարցերին, ու դա վիրավորում  էր երիտասարդի հպարտությունը: Շուտով Կիկոն դադարեցրեց իր հարցերի տարափը: Անծանոթը գրում ու գրում էր` ետ ու առաջ անելով էջերը: Նրա կատուն հանդարտ նայում էր Կիկոյին՝ քննող հայացքով, ու նույնքան հանդարտ խաղացնում սև պոչը: Սենյակի միապաղաղությունը խախտվեց, երբ խորհրդավոր տանտերը վերջացրեց գրել:

    • Հը՜մ,  հըըը, – քթի տակ մրմնջաց  նա ու մի վերջին շտրիխից հետո վրձինը դրեց սափորի մեջ: Այնուհետ բարձրացրեց գիրքը, փչեց էջի վրա` թանաքը չորացնելու համար և վերջապես փակեց այն: Նա վեր կացավ, գիրքը դրեց իր տեղում  ու Կիկոյի համար շատ անսպասելի հարցրեց.
  • Մո՞գ:  Իսկ ի՞նչ է մոգը:
  • Հանկարծ միամիտ ու անկեղծ հարցրեց տանտերը:  Կիկոն քիչ էր մնում մի պահ հավատա, թե ծերունին իսկապես չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Ասես նոր բառ լսած լիներ ու ակնկալում էր ստանալ բացատրություն: Բայց Կիկոն չափազանց վախեցած ու չափազանց զարմացած էր տեսածից: Նա ինքն էր բացատրությունների սպասում: Նրանց զրույցն ակնհայտորեն չէր ստացվում.  ասես տարբեր լեզուներով խոսելիս լինեին: Եվ, ի վերջո, տանտերը հոգնած վեր կացավ և, շրջվելով դռան կողմը, ասաց.

    • Քանի որ դու իմ անկողնում  ես, ապա ես կգիշերեմ իմ մյուս տանը, իսկ առավոտյան դու պետք է որ ավելի լավ լինես: Մոմոն կմնա և հոգ կտանի քեզ մինչ արևածագ, իսկ հիմա խմիր  թուրմը: Սառը վիճակում այն այդքան էլ օգտավետ չէ:

    Այս ասելովնա շրջվեց դեպի կատուն,  հայացքով ինչ-որ բան ասաց, հետո հանգցրեց մոմն ու դուրս եկավ տնակից: Կիկոն այդ ընթացքում խոսում ու խոսում էր, մատ թափ տալիս փորձելով ամեն կերպ խոսքի բռնվել: Բայց ապարդյուն. անծանոթը ոչ մի բան չավելացրեց: Բացի բուխարու կրակից ու անտառի խուլ ձայներից, տնակում ոչինչ չէր լսվում: Կիկոն ևս լռեց: Մոմոն պահարանի վրա տեղավորվեց ու փակեց աչքերը:

    Կիկոն երբեք իրեն այդքան անորոշ վիճակում չէր զգացել: ‹‹Ես անտառի մեջ կառուցված հեքիաթային տնակում եմ այս տարօրինակ կատվի ու խելագար ծերուկի հետ, գրեթե ամբողջովին անշարժացած ու անօգնական: Բայց այս երկուսը,  չգիտես ինչու, այսքան հարազատ են թվում ինձ: Ի՞նչ անել››, –  մտածեց նա ու հասկացավ, որ, բաժակի անուշահոտ թուրմից բացի, իր ձեռքերում այլ բան չկար:

    ‹‹Հը՜մ, ինչ լինելու է, թող լինի››, – մտածեց ու բերանում զգաց գոլացած հյութի աննկարագրելի համը: Դա շատ դուրեկան քաղցրահամ հյութ էր, որի համը զգացվում էր անգամ կոկորդում: Կիկոն զգաց, որ  ինչ-որ մաքուր բան է լցվում իր մարմինը: Տարօրինակ կերպով նա զգում էր երակներում արյան հետ միասին վազող  հրաշագործ դեղը: Առաջին մի քանի կումից հետո Կիկոն իրեն լավ զգաց, ագահությամբ, մի շնչով խմեց մուգ կարմիր հյութը և հասկացավ, որ ապաքինվում է:  Գլխի ցավը թմրեց, ու նա թեթևացած զգաց իրեն:

    Գիշերն անտառում շատ խաղաղ էր: Քամին սահում էր ծառերի սաղարթի վրայով ու աշնան առաջին տերևները ցած թափում: Շուտով կրակի ճայթյունների ձայները փակեցին տղայի աչքերը, և նա քնեց:

    Արդեն կեսօր էր, երբ Կիկոն խորը քնից արթնացավ: Երբ բացեց աչքերն ու տեսավ նկարազարդ պատերն ու առաստաղը, մի պահ չհավատաց, որ եղածն իրական է: Նա մենակ էր, գիշերվա խորը քունը լավ էր ազդել նրա վրա: Իսկ թուրմն իսկական հրաշք էր գործել. Կիկոն ամբողջապես ապաքինվել էր, ավելին՝ նա երբևիցե այդքան առույգ չէր զգացել իրեն: Դա հրաշքի էր նման: Դեռ երեկ նա անշարժ պառկած էր, ու անտանելի ցավերը տանջում էին նրան: Իսկ հիմա վթարից հետք անգամ չէր մնացել, անգամ կապտուկներ չէին մնացել: Կիկոն տարակուսած էր, բայց այլևս չարացած չէր անծանոթի վրա: Հույս ուներ ամեն բան պարզել ու հնարավորինս արագ: Կյանքը եռում էր նրա մեջ. Կիկոն ուժ ու մեծ էներգիա էր ստացել: Նա վեր կացավ ու հույս ուներ գոնե կատվին տեսնել բուխարու տակ, բայց սենյակում ոչ ոք չկար: Անվստահ քայլերով նա առաջացավ դեպի դուռը:

    Անտառը շատ գեղեցիկ էր: Տնակի դիմաց փոքրիկ բացատ կարլուսավոր ու կանաչ, իսկ ինքը տնակը, ամբողջովին պատված էր փաթաթվող բույսերով: Կիկոն պտտվեց տան չորս  բոլորը ու ոչինչ չգտավ, ինչը  կարող էր հետաքրքրել իրեն: Ետևի անկյունումտանիքի տակ, մի մեծ տակառ կար, որտեղ, ըստ ամենայնի, անձրևի ջուրն էր հավաքվում: Նա կռացավ տակառի վրա ու հայտնաբերեց, որ ջուրը մաքուր է ու պիտանի ոչ միայն լվացվելու, այլ նաև խմելու համար: Հետո նա նստեց տան շեմին վստահ լինելով, որ, ուր որ է, ծերունին պիտի հայտնվի: Կիկոն այլևս չէր վախենում: Նա վստահ էր, որ ծերունին իրեն ոչ մի վատ բան չի անի: Նախ զգացողությունն էր հուշում իրեն, և երկրորդ Կիկոն հասկանում էր, որ կյանքով ու առողջությամբ է պարտական այդ մարդուն: Իհարկե, դա չէր վերացնում երիտասարդի զգուշավորությունը, բայց ներքուստ Կիկոն որոշել էր անպատճառ ընկերանալ այդ խորհրդավոր մարդու հետ, իմանալ թուրմի գաղտնիքը: Ինչպես այդ դեղը կարողացավ բուժել այդպիսի վերքերն ու վերականգնել իրեն մեկ գիշերվա ընթացքում: Բացի դա, Կիկոն կռահում էր, թե ով է նկարազարդ սենյակի հեղինակը, բայց կուզեր ավելին տեսնել ու իմանալ:

    Երբ սպասելը  հոգնեցրեց Կիկոյին, նա որոշեց ներս գնալ ու տնակում մի բան գտնել, որը կօգներ  իրեն ինչ-որ բան հասկանալ այս ամենից:  Նա  ներս մտավ: Սկզբում նրա աչքերն ընկան երեկվա գրքերի վրա:

    Մուգ շագանակագույն փայտե պատյանի տակ հաստ էջեր էին, ինչ-որ գրություններով, որոնք կարդալ չհաջողվեց: Նա նման տառեր երբեք չէր տեսել: Վերից վար ձգվող աղյուսակներում գրությունները հաշվարկ էին հիշեցնում: Տառերը ոչ այնքան գրված, որքան նկարված էին հաստ ու սահուն գծերով: Դրանք նման չէին ոչ մի այբուբենի: Գրությունների մի մասը գրված էր սև գույնով, իսկ մյուս մասը` բաց ու մուգ կանաչ:

    Ինչ-որ թաքնված իմաստ գտնել հատակի աստղազարդ երկնքում` նույնպես չհաջողվեց: Ամեն ինչ անհասկանալի ու խորհրդավոր էր: Կիկոյին նույնիսկ թվաց, թե առաստաղի երեկվա արեգակը ավելի պայծառ է, քան այսօր: Կարծես ամպերը այդքան շատ չէին, ինչպես երեկ: Բայց նա արագ հեռացրեց այդ միտքը, քանի որ անգամ այս խորհրդավոր տնակում չափազանց շատ կլիներ, որ ներկված պատկերները ինքնուրույն փոփոխվեին գիշերվա ընթացքում:

    Կիկոն ճեմում էր սենյակումհայացքը գետնին ու փորձում բացատրություններ գտնել: Նա կանգ առավ այն մտքի վրա, որ հյուսեց իր մարդկային բանական միտքը, ըստ որի վթարից հետո ուշագնաց եղած երիտասարդին պատահաբար գտել ու տնակ էր բերել այդ մարդը, որը, հավանաբար, այն արկածախնդիրներից է, ովքեր փախչում են քաղաքակրթությունից: Անկասկած բարի ու խելացի մեկն է` շնորհներով օժտված: Կիկոն վառ երևակայություն ուներ ու կարող էր ամեն բան պատկերացնել, բայց մոգերի ու կախարդների երբեք չէր հավատացել: Իհարկե, նրա համար շատ տարօրինակ էր այս ամենը: Իսկ  ամենից զարմանալին թուրմն էր, որ մի գիշերում բուժեց իրեն, բայց դրան նույնպես կարելի էր բացատրություն գտնել:

    Մոմոն նույնպես հասկանալի չէր, բայց կրկեսում կենդանիները ավելի դժվար հնարքներ էին կատարում: Ու Կիկոն որոշեց, որ, ամենայն հավանականությամբ, Մոմոն ցեղական կատու է ու լավ վարժեցված: Ու որ պետք չէ դրա վրա շատ ծանրանալ:

    Այնքան տարված ու խորասույզ էր մտքերի մեջ, որ Մոմոյին նկատեց միայն դռների մեջ: Դա ուրախացրեց նրան: Եթե կատուն եկավ,  ուր որ է պիտի հայտնվեր նաև նրա տերը: Մոմոն ինքնավստահ էր՝ ինչպես միշտ: Նա անցավ սրահով շատ գոհ տեսքով` իր երկար սև պոչը բարձր պահած: Այնպիսի քայլվածքով, ասես զինվորական շքերթի դուրս եկած լիներ: Բուխարուց մեկ – երկու քայլ հեռավորության վրա նա ցատկեց իր սիրած տեղն ու հարմարվեց: Նա մուգ կանաչ աչքերով նայում էր տղային այնպիսի հայացքով,  ասես սպասում էր կարևոր բան լսել Կիկոյից.

    • Տեսնում եմ՝ արդեն լավ ես:

    Կիկոն շրջվեց դեպի ծանոթ ձայնը ու դռան մուտքի մոտ տեսավ անծանոթին: Նրա մի ձեռքում ծխամորճն էր, մյուս ձեռքում` փոքրիկ կտորե տոպրակ:

    • Ձեր թուրմը հրաշքներ է գործում: Ապա տեսեք՝ ես ամբողջովին ապաքինվել եմ, երբեք այսքան լավ չեմ զգացել ինձ: Դուք չե՞ք բացի ձեր գաղտնիքը.  ես անպատճառ ուզում եմ իմանալ, թե ով եք Դուք: Խնդրում եմ ասեք` ինչպես վարձահատույց լինել:
  • Չէ՛, չէ՛, մի՛ շարունակիր: Նախ՝ քեզ օգնել է Մոմոն ու հետո՝ օգնության փոխարեն չի կարելի վերցնել ոչինչ: Չի՛ կարելի: Եվ, վերջապես, դու ոչինչ չունես, ինչը կհետաքրքրեր Մոմոյին: Կատուների արքան բոլոր կենդանիների մեջ երևի ամենից ազնվական կեցվածքն ունի: Մի՛ փորձեք համոզել նրան:
  • Վերջնական, բայց հանդարտ տոնով ընդհատեց նրան տանտերը, այնպես, որ տղան չհասցրեց ներկայանալ: Կիկոն զարմացած նայեց Մոմոյի կողմը, որ այդ պահին բուխարու վրա փռված էր: Ազնվականության նշույլ անգամ չկար այդ պահին հսկա Միմոյի մեջ: Նա, սպիտակ գիրուկ փորը դեպի վեր պառկած, խորամանկ հայացքով լսում էր երկուսի խոսակցությունը: Ու,  միգուցե, դրա համար տանտիրոջ վերջին խոսքերը ակնհայտորեն զվարճալի թվացին Կիկոյին:

    Ինչ – որ բան Կիկոյին հուշում էր, որ այսօր զրույցը  նույնպես հեշտ չի լինելու: Բայց այս անգամ նա հարգանք ու, որ ամենակարևորն էր, վստահություն ուներ ծերունու նկատմամբ: Կիկոն լի էր վճռականությամբ ու պատրաստ համբերատար լինել: Բացի այդ, նա երախտագետ էր ու ցանկանում էր բարությանը բարությամբ պատասխանել: Դրա համար պետք էր ամեն կերպ փորձել հասկանալ խորհրդավոր անծանոթին:

    • Հիմա քեզ համար մասուրի թեյ կպատրաստեմ, – շարունակեց տանտերը:

    Նա տոպրակից հանեց երկու մեծ բուռ անտառային մասուր, լցրեց ջրով լի կաթսայի մեջ ու կախեց բուխարու կրակի վրա:

    Կիկոն ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց և՛ իր փրկության, և՛ բժշկության, և՛ թեյի համար: Եվ բարեկրթությունից ելնելով` հատուկ շնորհակալություն հայտնեց նաև Մոմոյին: Նա հայտնեց, որ բնակվում է Վանկուվերում, և պատմեց, թե ինչպես է վթարի ենթարկվել:

    • Իսկ Ձե՞րը, ի՞նչ է Ձեր անունը, – հանկարծ հարցրեց ծերունին.  ասես իր անունը արդեն հայտնած լիներ:
  • Կիկո, Կոստանտին Պելլեգրի, – ուրախ պատասխանեց Կիկոն,- իսկ Ձե՞րը:
  • Այդ պահին ծերունու դեմքին թեթև տխրություն նշմարվեց:

    Նա տարակուսած ձեռքերը թափ տվեց ու ամենայն լրջությամբ ասաց, որ անուն չունի: Տարբեր ժամանակ տարբեր մարդիկ իրեն տարբեր անուններով են կոչել: Իր բարեկամ Յահհան նրան Ուսուցիչ էր անվանում, իսկ Սահարայում բնակվողները՝ Դերվիշ ու էլի շատ անուններ:

    • Ինչպե՞ս կարող է մարդ անուն չունենալ:

    Կիկոն շատ հարցեր էր տալիս, որոնց ծերունին, ասես դիտմամբ, չէր պատասխանում: Նա մտածում էր` ինչ կարելի է ասել տղային և ինչպես: Երբ նրանք նստեցին թեյը խմելու, ծերունին վերջապես որոշեց փորձել: Նա գիտեր, որ պատահական ոչինչ չի լինում, և որ Մոմոն ամեն մարդու մոտ չէր գնա: Բացի դա, Կիկոյին արդեն տեսել էր մեկ անգամ: Եվ, ի վերջո, իր գործը  հենց մարդկանց օգնելն է, ուստի որոշեց չվանել Կիկոյին:

    • Օրեր առաջ ես երազ տեսա: Մի քանի օր ես տեսնում էի այդ նույն երազը` այն կաղնին, որին բախվել էր քո մեքենան: Ես տեսնում էի իմ հին բարեկամներից մեկին, որ մեջքով պահում էր ծառը: Սկզբում ես չէի հասկանում դրա նշանակությունը, բայց հետո Մոմոն կորավ: Նա երկու օր չերևաց: Ես սկզբում մտածեցի, որ մի բան է եղել նրա հետ, բայց հետո հիշեցի երազս ու անմիջապես գնացի այնտեղ: Մոմոն նստած էր քո մեքենայի վրա, նա հսկում էր քեզ: Չգիտեմ ինչու, բայց նա որոշել էր  քեզ անպայման փրկել, ու հետո իմ երազը նույնպես ցույց էր տալիս, որ ինչ-որ փոխկապված բան կա: Ես քեզ հանեցի մեքենայի միջից ու բերեցի այստեղ:

    Ծերունին չասաց Կիկոյին, որ իր երազները միշտ երկնքից են իջնում, ու որ ինքըերկինքն էր ընտրել Կիկոյին: Նա չասաց, որովհետև նախ՝ Կիկոն չէր հասկանա և երկրորդ չէր հավատա: Ծերունին լավ գիտեր մարդկանց, ու նախ ինքը պիտի հասկանար` ինչու էր ընտրվել հենց Կիկոն: Նա երկար տարիներ չէր ունեցել  նման նշաններ ու ոչ մի մարդու այդքան մոտ չէր եղել: Ոչ ոք չէր եղել իր տնակում ու թեյ խմել նրա հետ:  Ծերունին հասկանում էր, որ միայն երիտասարդին փրկելու գործը չէր տրված իրեն: Բայց նա չգիտեր, թե ինչ պիտի տար Կիկոյին, ու դա դժվարացնում էր ամեն ինչ:

    Մարդկանց հետ պետք էր լինել շատ զգույշ: Նրանք երեխաների նման ենթույլ ու փխրուն, բայց, միևնույն ժամանակ, ի տարբերություն երեխաների մեծերն ինքնավստահ են: Կիկոն բոլորի պես հետաքրքրասեր էր, նա ուզում էր իմանալ իմանալու համար: Իսկ ծերունին գիտեր, որ չի կարելի ասել ամեն ինչ հենց այնպես: Նա գիտեր, որ մարդիկ մեծ անփութությամբ կամենում են բացել ու մտնել բոլոր փակ դռներն ու սրտերը: Ու երբ հետաքրքրական ամեն բան սովորական է դառնում նրանց համար, շուտով լքում ու մոռանում են այն, ինչն այդքան շատ են կամենում բացահայտել: Նրանք այդպես են վարվում և միմյանց հետ, ու դա ցավ էր պատճառում հենց իրենց, բայց նրանք այդպիսին են:

    Միևնույն ժամանակ ծերունին գիտեր, որ աշխարհը դրված է բարի ու առաքինի մարդկանց ուսերին, ու որ առանց նրանց հնարավոր չէր մեծ գործեր կատարել: Հին ժամանակներում նրանք անգամ պատկերում էին աշխարհը փղերի ու կրիաների մեջքին դրված: Խորհրդանշական էր դա, որովհետև հին մարդիկ ավելին գիտեին, քան հիմա, նրանք փղերով ու կրիաներով խորհրդանշում էին մարդկանց առաքինությունները: Սակայն հետագայում շատերը մոռացան այդ ու անգամ ծաղրի ենթարկեցին` իրենց պապերի պատկերացումները համարելով հիմարություն: Իսկ Ատլասը. չէ՞ որ նա էլ մարդկային մեծ ուժի խորհրդանիշն էր, որ ամբողջ տիեզերքն էր պահում իր ուսերին:

    Ծերունին գիտեր դա. նա շատ բան գիտեր մարդկանց մասին, ու հիմա նրանցից մեկը նստած էր իր դիմաց ու սպասում էր իր խոսքերին: ‹‹Մեծ պատասխանատվություն կա ինձ վրա››, – մտածեց ծերունին` նայելով Կիկոյի՝ հետաքրքրությունից վառվող աչքերին: Այդ աչքերի փայլն իրենից էր կախված: Կփայլե՞ն արդյոք դրանք սիրով ու ուրախությամբ, կիմանա՞ նա ավելին, քան գիտի, թե՞ …

    Ծերունին գիտեր, որ չի կարող խաբել նրան, ինչպես մեծերը երեխաներին են խաբում: Դա բացառված էր ու դժվարացնում էր ամեն ինչ, բայց ծերունին գիտեր, որ երիտասարդը չի հարցնի այն, ինչ պատրաստ չի իմանալ: Նա կհարցնի այն, ինչ սովորաբար հարցնում են մարդիկ, ու ամեն բան կարելի կլինի հեշտությամբ վերջացնել: Բայց խնդիրը վերջացնելու մեջ չէր, այլ սկսելու:

    • Ավելի լավ է՝ պատմիր ինձ քո մասին, – հանկարծ շատ զվարթ դեմքով խոսեց ծերունին: – Ինձ մոտ, ինչպես տեսնում ես, հյուրեր հազվադեպ են լինում: Ինչպիսի՞ն է քո կյանքը:

    Կիկոն չգիտեր՝ ինչից սկսել ու որոշեց կարճ, մի քանի խոսքով պատմել իր մասին: Նա պատմեց իր ընտանիքի մասին, թե որտեղից են, ինչով են զբաղվում: Հետո երկար խոսեց իր աշխատանքի մասին: Նա աշխատում էր ինչ- որ մեծ ու կարևոր ձեռնարկությունում: Չնայած նա փորձում էր ցույց չտալբայց նրա ձայնը կամ աչքերը մատնեցին հպարտությունը: Ծերունին արագ զգաց այդ ակնթարթային փոփոխությունը, որ անցավ Կիկոյի դեմքով, երբ նա խոսեց իր զբաղեցրած դիրքի մասին: Հետո ծերունին իմացավ, որ Կիկոն սիրում է լեռներ արշավել ու օրեր շարունակ  մեն - մենակ մնալ  այնտեղ: Թեպետ ծերունին վաղուց էր կռահել այդ մասին: Կիկոն երկար չխոսեց, նա պատմեց այն, ինչ կար,  ու ծերունին կարծես այդքան էլ տպավորված չէր: Նրա կարծիքով Կիկոն միայնակ ու պարզ մեկն էր, որ խնամքով թաքցնում է իր բոլոր առաքինություններից կարևորագույնները, որպեսզի մարդիկ թույլ չկարծեն իրեն: Մարդիկ բոլոր ժամանակներում են այդպիսին եղել, բայց Կիկոյի հետ խոսելով ծերունին հասկացավ, որ հիմա նրանք ավելի են փակվել: Նրանք վախենում են, որ իրենց բարությունն ու պարզությունը կվնասի իրենց, ու դրա համար խնամքով պահում են դրանք օտարներից` միայն ամենից հարազատներին բացելով իրենց սիրտը:

    Կիկոն պատմում էր սովորական բաներ, բայց ծերունին ասես լսում էր ողջ մարդկության պատմությունը: Նա ցույց չէր տալիս, բայց այն, ինչ լսում էր, խորը հիասթափություն էր բորբոքում ծերունու սրտում: Իր աշխարհն ուրիշ աշխարհ էր, ու առաջնայնություններն ուրիշ էին: Ինքն ապրում էր առանց այն սահմանների, որ մարդիկ իրենք իրենց առջև էին դրել: Ինքը մարդկային համակարգից դուրս էր: Յուրայինների ու օտարների բոլորովին այլ շրջապատում էր ապրում: Բայց ծերունին գիտեր, որ ոչ բոլոր մարդիկ են խորը քնի մեջ ապրում ու բոլորը չէ, որ փակված են: Բացի դա, նա գիտեր, որ մարդկանց վրա մեծ ճնշում կա, ու նրանց դժվարությունները միշտ չէ, որ հենց իրենք են ստեղծում:

    Նա հասկանում էր, որ դժվար է ճանապարհ անցնել միայնակ, բայց շատ ավելի դժվար է այն անցնել միասին, եթե բոլորը չեն սկզբից սկսել: Չէ՞ որ մարդիկ անցնում են իրենց պապերի սկսած ճանապարհը, բայց առաջին քայլերը ոչ միայն չեն տեսել, անգամ չեն լսել դրանց մասին: Եթե նրանք իմանային, թե որտեղից են գալիս և ուր են գնում, հավանաբար ավելի հաստատամիտ կլինեին: Բայց մարդը թիթեռի նման է` ամեն օր նոր կյանք է սկսում, այն տարբերությամբ, որ մարդկային օրը շատ ավելի երկար է թիթեռի օրից: Ծերունին ականատես էր մարդկանց առաջին քայլերին ու որոշումներին և նրա համար օրը չէր վերջացել. նա վկայի պես միշտ դիտել էր մարդկանց: Մինչդեռ նրանք կորցրել էին առաջին որոշումների պատճառներն ու մոլորվել:

    Սկյուռիկները գիտեն, որ պետք է պաշար հավաքեն ձմռան համար, ու հավաքում են, բայց հիշողությունը չար կատակ է խաղում նրանց հետ: Նրանք մոռանում են իրենց հավաքած պաշարի մեծ մասի տեղը, և ստացվում է, որ իզուր օրեր շարունակ ջանք են թափել:  Մարդիկ հիմա նման են այդ սկյուռիկներին, որ, կորցնելով իրենց տրված մեծագույն շնորհների մի մասը,  շարունակ բնազդաբար ինչ-որ տեղ են շտապում ու ինչ-որ բան կառուցում: Նկարիչն, իհարկե, կուզեր, որ մարդիկ նման լինեին իմաստուն փղերի ու երկարակյաց կրիաների: Բայց դա այդպես չէր:

    • Դե, իսկ դու, ինչպե՞ս  ես ապրում դու, ինչու՞ միայնակ, ինչու՞  անտառում…, – հարցրեց Կիկոն, երբ վերջացրեց պատմել իր մասին: Ծերունին զարմացած դեմք ընդունեց, երբ լսեց նրա հարցը: Կարծես Կիկոն անկարելի մի բան   հարցրեց նրան ու միանգամից և՛ զարմացրեց, և՛ փոքր-ինչ վիրավորեց:
  • Միայնա՞կ, ինչպե՞ս կարելի է միայնակ լինել անտառում: Անտառում անհնար է միայնակ լինել:
  • Դե, ես նկատի ունեմ վայրի բնությունն ու գազանները: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այսպես ես ապրում:

  • Ծերունու դեմքին դժգոհություն երևաց: Նա անմիջապես ընդհատեց Կիկոյին` ասելով, որ բնությունը վայրի լինել չի կարող: Այդ մարդիկ են վայրիացել: Ինչպե՞ս կարելի է վայրի անվանել մի բան, որի մասնիկն ես կազմում ինքդ: Մի՞թե  մարդը չի ոչնչացնում բնությունն ու ապահովում իր ամեն տեսակ կարիք բնության հաշվին: Իսկ կենդանիները ամենևին գազաններ չեն, նրանք  գազանացել են մարդու պատճառով:

    • Եթե աշխարհում վայրի բան կա, ապա դա արարած չէ: Ոչ մարդը, ոչ էլ կենդանիները: Վայրին նա է, ով վայրի բարքերով է ապրում , իսկ այդպես կարող է ապրել նաև  մարդը:
  • Ես անտառում դժվար թե կարողանամ ապրել: Քաղաքը ինձ աշխատանք է տալիս, այնտեղ է իմ տունը: Բայց դու չասացիր ինձ քո մասին ոչինչ, ինչու՞, – անհարմար լռությունը կոտրեց Կիկոն:
  • Իսկ ի՞նչ ես դու՛ ուզում իմանալ:

  • Ուզում եմ իմանալ` ով ես դու, որտեղից ու ինչպես կարողացար այդպես արագ բուժել ինձ: Ինչպե՞ս է, որ կենդանիները քեզ չեն վնասում…

  • Հա՜, բայց դա քո ինչի՞ն է պետք :

  • Ես ուզում եմ իմանալ ճշմարտությունը:

  • Իսկ ի՞նչ է այն քեզ համար :

  • Կարծում եմ՝ այն լույսի պես մի բան է,   ու  քո աշխարհում այդ լույսն ավելի շատ է:

  • Եթե դու սիրում ես լույսը, ուրեմն դու ինքդ կգտնես ճշմարտությունը: Բայց դու պետք է սիրես այն ամբողջ սրտով, որպեսզի ոչինչ քեզ չկանգնեցնի նրա ճանապարհին: Դու ասացիր, որ իմ աշխարհում լույսն ավելի շատ է, բայց դու նախընտրում ես քո աշխարհը: Այն քեզ աշխատանք է տալիս, ու քո տունը այնտեղ է: Այդպես չէ՞, եթե այո, ապա դու ամբողջ սրտով չես սիրում լույսը:

  • Կիկոն մի պահ նեղսրտեց: Նա չգիտեր՝ ինչ պատասխանել: Ծերունու խոսքերը ճշմարիտ էին, բայց նա կցանկանար  ավելին իմանալ:

    • Դա նրանից է, որ քիչ բան գիտեմ քո աշխարհի մասին: Բայց ես շատ կուզեմ սովորել քեզնից, եթե դու սովորեցնես ինձ:
  • Ես կարող եմ քեզ օգնել բացել աշխարհը, բայց ճշմարտությունը նրանում դու ինքդ պետք է փնտրես: Միայն դու կարող ես գտնել այն, ու այն կլինի քեզ հետ:
  • Կիկոն մի բանում էր վստահ, որ այս անգամ պատահականությունն ամենից լավ ընտրությունն էր կատարել` վթարի ենթարկելով իրեն: Նա բացառիկ հաջողություն էր համարում նման մեկին հանդիպելն ու ամեն կերպ ուզում էր ավելին իմանալ ու երկար մնալ անծանոթի մոտ: Ո՞վ կպատկերացներ, որ նման բան կարող է պատահել: Նա երկար խնդրեց, մինչև որ ծերունին, հոգնած Կիկոյի ձայնից, վերջապես խոսեց: Նա որոշեց սկսել հենց սկզբից, բայց խիստ պայմանով, որ տղան  չընդհատի իրեն ու լսի մինչև վերջ:

    • Եթե միայն կարողանայիր լսել, – խորհրդավոր ասաց ծերունին ու շարունակեց, – մարդիկ փակվել են, նրանք չեն կարողանում լսել, իսկ խոսել սովորում են լսել իմանալուց հետո: Բայց փորձիր լսել ու լսել ինձ: Ես քո մասին շատ բան գիտեմ: Գիտեմ, որ դու սիրում ես ազատությունը, բայց շատերի նման չես կարողանում ընտրել այն: Քո հոգին սիրում է այն, բայց դու փակվել ես բոլոր մարդկանց նման:

    Դու փնտրում ես այն, ինչ կորցրել ես շատ վաղուց, ու եթե ուզես, ես կօգնեմ քեզ գտնել այն: Բայց, նախ, դու պետք է խոստանաս  իմ պայմանները կատարել: Նախերբեք ու ոչ մեկին չասես իմ մասին ու այն, ինչ ես կսովորեցնեմ քեզ: Երկրորդ դու չպետք է վախենաս ինքդ քեզնից, երբ պահը գա:

    Կիկոն այնքան էլ չէր հասկանում` ինչի մասին է երկրորդ պայմանը, բայց նա հետաքրքրությունից համաձայնեց, ու ծերունին շարունակեց.

    • ՆԱ մարդկանց ստեղծեց իր կերպարով ու շատ շնորհներ պարգևեց Ադամին: Մարդիկ հսկում էին ամբողջ Էդեմական պարտեզը, կարողանում կարդալ բնությունը, ու կենդանիները վստահում էին մարդկանց: Բայց երբ մարդիկ սկսեցին հեռանալ ու փակվել,  ամեն ինչ փոխվեց: Ադամի որդիները կամաց-կամաց մոռացան իրենց տրված շնորհներն ու փակվեցին: Նրանք դադարեցին հսկել  բնությունն ու սկսեցին ոչնչացնել այն: Ավելի ու ավելի էին հեռանում նրանքփախչելով իրենց ստեղծած թաքստոցները: Այդ ժամանակ Նա ստեղծեց մեզ, որպեսզի մենք օգնենք մարդուն ու պահպանենք անտառները: Այլապես մարդիկ իրենք իրենց կոչնչացնեին: Դա ութերորդ օրն էր: Ինձ բաժին հասավ հյուսիսը, իսկ եղբորս հարավը:

    Կիկոն մի պահ խելագարի տեղ դրեց ծերուկին, բայց որոշեց չընդհատել, իսկ անծանոթը բավականին լուրջ շարունակում էր.

    • Երբ Գիլգամեշը կտրեց Էդեմի վերջին այգիներն ու կառուցեց Ուրուկը, ես գնացի ավելի հյուսիս ու անտառներով լցրեցի անծայր դաշտերը: Հետո մարդիկ սկսեցին ավելի մեծ քաղաքներ կառուցել ու քարե մեծ պարիսպներով բաժանել դրանք աշխարհից: Այդպես մարդիկ սկսեցին պայքարել մի բանի  դեմ, ինչը կոչված էին պահպանելու: Ադամին տրվեց նաև անուններ գտնելու կարողությունը, բայց քանի որ մենք ստեղծվեցինք ավելի ուշ, երբ նրա որդիներն արդեն կորցրել էին այդ շնորհը, մենք անուն չստացանք: Տարբեր մարդիկ մեզ տարբեր անուններ էին տալիս:

    Կիկոն հետաքրքրությամբ էր լսում այն ամենը,  ինչ պատմում էր ծերունին: Նա պատմում էր շատ վառ գույներովնկարագրելով ամեն մանրուք: Այնպես, որ Կիկոն իր աչքերի առջև տեսնում էր հսկա Գիլգամեշին, որի նմանը չկար ամբողջ աշխարհում: Ոչ ոք չէր կարող մրցել նրա հետ ուժով կամ քաջությամբ: Նա տեսնում էր կառուցվող Ուրուկը, որ պարիսպներով բաժանվում էր աշխարհից: Մեծացող քաղաքը մեծացնում էր նրա տիրոջ փառքը, և Գիլգամեշն ավելի ու ավելի էր փակվում ամենքից: Ի վերջո, նա բախվեց հենց իր հետ հասկանալով իր սխալն ու տեսնելով ոսկե ցլին: Բայց բոլորին հաղթող դյուցազնը չէր կարող հաղթել ինքն իրեն: Նա չէր կարող քանդել այն, ինչը կառուցվում էր իր հրամանով: Նա չէր կարող քանդել սեփական փառքի տաճարն ու ցրել աշխարհով մեկ: Այդ տաճարում էր ոսկե ցուլը, ու այնտեղ էին շղթայված իր բոլոր վախերն ու թուլությունները:

    Այդպես անթիվ քարագործներ իրենց մուրճերով հարվածում էին քարերին, հղկում դրանք ու շարում իրար վրակառուցելով տաճարը: Օրերն անցնում էին, իսկ պարիսպները հաստանում: Դրան զուգահեռ աճում ու մեծանում էր և ոսկե ցուլը գրավելով մարդկանց սրտերը: Ու եկավ մի պահ, և ցուլն ամբողջությամբ տիրեց նրանց: Դա տեսավ Գիլգամեշը ու վերջապես վճռեց մենամարտել: Վախը մեծ էր, բայց հերոսը դեպի երկինք ուղղեց ձեռքերը, ու նրա սիրտը լցվեց երկնքով: Նա ավելի ամրացավ, ու նրա միտքը մաքրվեց: Գիլգամեշը նետվեց դեպի ցուլը, ու մենամարտը սկսվեց…

    Երկար էր ջանում Ուրուկի տիրակալը տապալել ցլին: Նա պինդ բռնել էր իր զորեղ ձեռքերով ոսկե պոզերը, բայց ցուլը լեռան պես անշարժ էր: Առաջին անգամ Գիլգամեշը պարտվեց ու ընկավ ծնկների վրա: Հուսահատ հսկան կրկին երկինք նայեց, ու երկինքը երկրորդ անգամ անսաց նրան:: Հյուսիսից եկած Էնկիդուն մեծ ուրախություն պարգևեց Ուրուկին: Մարդիկ արագ մոռացան պատված ցլին: Բայց Էնկիդուն տեսավ, որ վախն արդեն բույն է դրել մարդկանց սրտերում, ու միայն նրանք կարող են քշել այն:

    Ու որքան էլ նա մենամարտեր ցլերի հետ ու հաղթեր դրանց, միևնույնն է, ծնվում էին նոր ցլեր: Ի վերջո, մարդիկ մնացին մեն-մենակ իրենց վախերի ու փորձության ճանապարհի վրա: Բայց այդ ճանապարհն ավելի էր խորացնում  հակասությունընրանց տանելով ընդհարման հոգևոր ու աշխարհիկ աշխարհների հատման տեղում: Նրանք ուզեցին հասնել երկինք, որովհետև կարծեցին, թե երկիրն այլևս իրենցն է: Նրանք սկսեցին կառուցել աշտարակը, և որքան ավելանում էին աղյուսները, այնքան ավելի էին փակվում մարդկանց սրտերը: Նրանք այնքան հպարտացան ու կտրվեցին աշխարհից, որ սկսեցին կտրվել անգամ իրարից: Ու մի օր նրանք սկսեցին չհասկանալ իրար: Լեզուները խառնվեցին մարդկանց բաժանելով տարբեր ազգերի: Բայց Նա փրկեց նրանց`ավերելով աշտարակը, և մարդիկ ցրվեցին տարբեր կողմեր: Կիկոն տեսնում էր Բաբելոնը իր մեծության մեջ ու բոլոր մյուս քաղաքներն ու նրանց մարդկանց, որոնք այլևս բնության մաս չէին:

    Ծերունին ասում էր, որ ինքը պայքարում էր ու օգնում մարդկանց, բայց նրանք արդեն չափազանց ցրված էին ու չէին կարողանում լսել: Ուստի ինքը նույնպես կամաց-կամաց կտրվեց մարդկանցից` միայնակ մաքառելով աշխարհի համար: Միայն երբեմն-երբեմն բաց հոգով մարդիկ գտնում էին իրեն, ու ինքը խոսում էր նրանց հետ: Ծերունին պատմում էր, որ հիշում է իր տնկած ամեն մի ծառ: Ու որ խոսում է ծառերի հետ, որոնց համարում է իր երեխաները: Նա ասում էր, որ ամեն նոր կտրված անտառի հետ ինքը կորցնում է իր ուժը, և իր մազերը ճերմակում են: Ու  երբ անտառ այլևս չմնա,  ինքն էլ երևի չի լինի: Կիկոն լսում էր հետաքրքրությամբ, բայց ծերունու խոսքերին հավատալը դժվար էր: Ծերունին գիտեր դա, բայց շարունակում էր պատմել անհավանական բաներ այն մասին, որ անտառով շրջելիս  խոսում է ծառերի հետ, որոնք պատմում են նրան ամեն բան, թե  ինչքան երկար են սպասել արևածագին, որպեսզի կարողանան ձգվել արեգակին, ու որքան դժվար է պայքարել քամու դեմ . . . Նա խոսում էր և կենդանիների հետ, որոնց երբեք գազան կամ վայրի չէր անվանում:

    • Հիմա միայն լեռներն են կարողանում դիմանալ: Մարդիկ դեռևս չեն գնում դեպի լեռներ, ու դրա համար լեռներում են գտնվում ազատության վերջին կղզիները: Դրա համար ես դու սիրում փախչել այնտեղ, բայց և վերադառնում ես քաղաք, որտեղ գերված պահվում են քո վախերն ու շնորհները:

    Կիկոն լսում էր առանց ընդհատելու` չնայած որ երբեմն-երբեմն հարցեր ուներ տալու, որոնց, ըստ նրա, ծերունին չէր կարողանա պատասխանել: Բայց ամեն անգամ, երբ նա ուզում էր դա անել, հիշում էր, որ չպետք է ընդհատի, ու փոխարենը նա մասուրի թեյից կում էր անում:

    Հետո նա իմացավ, որ տարօրինակ գրություններով գրքերը մատյաններ են, որտեղ ծերունին նշումներ է անում: Սևովկորցված, իսկ բաց կանաչով նոր տնկված ծառերը: Մուգ կանաչով նշվում էր իսկական անտառը: Ծերունին կարող էր երկար խոսել ու պատմել բաներ, որոնց Կիկոն չէր հավատա: Նա գիտեր դա ու կարդում էր իր հյուրի աչքերում: Առաջին անգամը չէր, որ մարդիկ չէին հավատում իրականին:

    ‹‹Դե լավ, հերիք է պատմեմ նրան այն, ինչին նա չի հավատա: Մարդիկ այնպիսին են, ինչպիսին որ կան: Հավատալու համար նրանց անընդհատ հրաշք է պետք իբրև ապացույց››, – մտածեց ծերունին ու որոշեց Կիկոյին տալ այն, ինչ պարտադիր տրվում է մարդուն: Բայց, նախ, նա ուզում էր լսել տղային, ու հարցերը   չուշացան:

    Կիկոն արդեն մոոացել էր թուրմի մասին: Նոր լսածներն ավելի անհավանական էին, ու նա մոտ էր այն մտքին, թե ծերունին պարզապես խելագար է: Այն, որ ծերունին իսկապես կարող էր տեսած լինել իրեն լեռներում, ոչինչ չէր ասում Կիկոյին.  ով ասես կարող էր տեսնել իրեն:

    Կիկոն վստահ էր, որ  մտացածին  են, ու անիմաստ է խոսել ծերունու հետ այն ամենի մասին, ինչ նա լսեց: Բայց, այդուհանդերձ, նա որոշեց շարունակել զրույցը.

    • Ուրեմն, ըստ քեզ՝ մարդն ստեղծված է միայն այգեպան լինելու՞ համար: Մի՞թե  արվեստն ու գեղեցիկը քաղաքներում չեն ծնվում: Չէ՞ որ առանց դրանց չէր լինի զարգացում: Միայն պատկերացրու աշխարհն առանց մեծ արվեստի:

    Ծերունուն ակնհայտորեն դուր չեկավ Կիկոյի հեգնական հարցը, բայց նա ցույց չտվեց իր դժգոհությունն ու ասաց.

    • Սկզբում Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը, և երկիրն անձև ու դատարկ էր, Կիկո՛: Դու անգամ չես պատկերացնում, թե ինչ էր երկիրը ու, առավել ևս, ինչ է նշանակում այն, որ այն դատարկ ու անձև էր: Բայց իմացիր, որ երկիրը լցնելու ու այն զարդարելու գործում մեծ դեր ունեն մարդիկ: Դուք ստացել եք երկիրը ոչ թե ձեր կարիքների համար, այլ որպես առաքելություն: Հրեշտակները երկնքում են ծառայում, իսկ դուք պետք է երկրի մասին հոգաք: Երկիրը միայն երկիր մոլորակ չէ,  այն տիեզերքի կենտրոնն  է, նրա սիրտը: Եվ այդ կենտրոնում կանգնած է մարդը: Եթե դուք չկատարեք ձեր առաքելությունն ու չլցնեք երկիրը,  դուք կդառնաք անպիտան և շատ շուտով ինքներդ կոչնչանաք:

    Ու դա պարզապես այգեգործություն չէ: Կա երկիր, ու կա երկինք, և դրանցից մեկըերկիրը, ձեզ է վստահվել: Բայց դու փակ ես ու չես հասկանում  ինչ է դա նշանակում, ու ես չեմ կարող քեզ բացատրել, քանի դեռ դու չես սովորել լսել:

    Կիկոն իսկապես չէր կարողանում հասկանալ: Նա բոլորի պես երկիրը տեսնում էր այնպես, ինչպիսին որ այն կար: Նա չգիտեր, որ բառերն իրականում անուններ են՝ տրված Ադամի կողմից: Կիկոն գիտեր անուններ, բայց դրանց էությունն անհայտ էին իրեն, ու որ դրանք հասկանալու համար նա, ինչպես անծանթն էր ասում, պետք է նախ բացվեր:

    • Ուրեմն դու ուզում ես ասել, որ դու Արարչի ութերորդ օրվա արարու՞մն ես,  որ ապրել ես դեռևս Գիլգամեշի ժամանակներում: Եվ ի՞նչ է նշանակում փակ լինել, ինչու՞ են մարդիկ փակ :

    Ծերունին մտքում փորձեց գտնել այնպիսի պարզ բառեր, որ կարողանա բացատրել անբացատրելին: Կարճ դադարից հետո նա հանդարտ շարունակեց.

    • Այո՛, դա այդպես է: Մարդիկ փակվել են, որովհետև այլևս ազատ չեն: Անգամ հիմա, երբ մարդուն ուզում են զրկել ազատությունից, նրան բանտարկում են, այսինքն` փակում ինչ-որ տեղ: Ու դուք փակված եք, որովհետև գրեթե  կորցրել եք ձեր ազատությունը:

    –  Իսկ ի՞նչ է ազատությունը:

    • Ազատ լինել նշանակում է լինել պատասխանատու: Միայն պատասխանատու մարդը կարող է ազատ լինել, իսկ մարդիկ թերացել են այդ հարցում: Նրանք հաշիվ չեն տալիս իրենց, որ երկիրը խորտակվում է: Ու, եթե մարդուց պատասխան պահանջեն, նա ևս կկործանվի: Հոգին գիտի դա ու դրա համար փակվել է մարմնից: Դուք անվերջ մտածում եք աշխարհի վերջի մասին, բայց աշխարհի վերջը կբերեք  հենց դուք` ինքնե՛րդ:

    Կիկոն լսում էր ուշադիր: Նա սրտի խորքում հասկանում, բայց չէր կարողանում հավատալ:

    • Դա նման է սիրուն: Որքան շատ կին կա քո կյանքում, այնքան քիչ գիտես դու սիրո մասին: Միթե՞ այդպես չէ : Եթե դու իսկապես սիրեիր, կսիրեիր մեկին, ու երկրորդը չէր լինի: Բայց քանի դեռ կա երկրորդը, ուրեմն երկուսն էլ թերի են: Առաջինը բացառում է իսկական սերը երկրորդի նկատմամբ ու հակառակը: Այդպես է և ձեր մեծ արվեստի հետ: Դուք ժամանակ առ ժամանակ հիշում եք դրա մասին ու հետո հրաժեշտ տալիս դրան: Արվեստն ու գեղեցիկը առկայծում, բայց չեն վառվում:

    Արվեստի մասին լսելով Կիկոն նորից ուշադրություն դարձրեց սրահին: Նա որոշեց հարցնել սենյակի պատկերների մասին, որոնք չափազանց գեղեցիկ էին աչքին սովորական դառնալու համար: Եվ հետո նա ուզում էր փոքր-ինչ ցրել զրույցը: Այն սպառնում էր  փիլիսոփայական վեճ  դառնալ, ինչն ամենևին ցանկալի չէր երիտասարդի համար:

    • Իսկ ինչպե՞ս դու կարողացար նկարել այս ամենը,  որտեղի՞ց քեզ այսպիսի ներկեր:

    Ծերունու մուգ կապույտ աչքերը բարի, բայց և խորամանկ ժպտացին տղային:

    • Հա, ինչպես տեսնում ես անտառում ևս մեծ արվեստ կա, որովհետև այն ծնվում է շնորհիվ հոգու, այլ ոչ թե  քաղաքակրթության: Շնորհներն ի վերուստ են ու նման են հրաշքի. վառվող աստղի պես լուսավորում են մթությունը, անխնա ու անժլատ իրենց լույսն են ուղարկում անվերջություն: Փոխարենը մթությունը ոչինչ չի տալիս նրանց: Աստղերը վառվում են, ու մահն անգամ չի կանգնեցնում նրանց: Նրանք իրենց վերջին կտոր լույսն անվերադարձ զոհաբերում են ու հանգչում: Բայց Նա, ով տվել էր այդ լույսը, նորից է կյանք տալիս աստղին, ու այն ոչնչից նորից պայթում ու առաջվանից ավելի պայծառ է շողում: Շնորհը նման է այդ լույսին, իսկ աստղը` մարդուն:
  • Դե, ես էլ շնորհներ ունեմ: Եթե կուզես, ես քեզ կարող եմ ավելին ցույց տալ: Միայն թե չվախենաս ինքդ քեզնից:
  • Կիկոն ժպտաց ու հավաստիացրեց, որ չի վախենա: Ծերունին զարմացնելու կամ պարծենալու միտք չուներ: Նա տալիս էր, պարզապես տալիս Կիկոյին այն, ինչ կօգներ նրան: Այդպիսին էր Նա` աստղի պես հեռու ու լուսավոր: Ու նրանք, ովքեր մոտենում էին իրեն իր Տիրոջ կամքով, ստանում էին նրա լույսն ու ջերմությունը:

    • Դե, ուրեմն նայի՛ր, – ասաց ծերունին` կանգնելով սենյակի կենտրոնում:

    Նա  բարձրացրեց ձեռքերը դեպի առաստաղը, խորը շունչ առավ ու հետո ուժգին փչեց: Առաստաղին ոսկեգույն մանր շողեր երևացին, ու երբ ծերունին ձեռքերը շարժեց, արեգակի շուրջը հավաքված ամպերն ամբողջությամբ բացեցին այն: Սենյակի պատերը լցվեցին նրա լույսով, ու պատերի երանգները ավելի բացվեցին: Հետո ծերունին մեղմ փչեց, և ամպերը  սկսեցին սահել առաստաղի վրայով: Մեկ-երկու րոպե հետո նա նորից բարձրացրեց ձեռքերն ու այս անգամ հավաքեց ձյունաճերմակ ամպի կտորներն այնպես, ինչպես որ կար, ու կենդանացած երկինքը կրկին նկար դարձավ:

    Կիկոն չվախեցավ. նա ուրախ էր: Նա այնպես զմայլված ու հրապուրված էր, որ չէր կարողանում զսպել լայն ժպիտն ու խոսքեր գտնել: Ծերունին նույնպես ժպտաց, նրա մոտ հյուրեր շաաա՜տ հազվադեպ էին լինում, ու նա բոլորին չէ, որ զարմացնում էր իր փոքրիկ հրաշքներով: Նա ապրում էր հեղինակի ուրախությունը, երբ իրեն գնահատված էր զգում: Կիկոյի մեջ ամեն բան խառնվեց, նա այլևս չգիտեր՝ ինչ մտածել: Նրա միտքը պարզապես հանձնվել էր:

    • Դու իսկական վարպետ ես, ների՛ր ինձ, սկզբում ես չհավատացի քո խոսքերին, բայց հիմա … Ես աչքերիս չեմ հավատում, իսկ պատերը,  պատերը նույնպես կենդանանում են :

    Կիկոն երեխայի նման հրճվում էր: Նա անկեղծորեն ուզեց մնալ անծանոթի հետ ու լսել նրան, սովորել նրանից: Կիկոյի համար ծերունին այլևս խելագար չէր, ու ոչ էլ նրա խոսքերն էին ցնդաբանություններ: Կիկոյի համար դա երազի պես մի բան էր: Թեպետ չկար կախարդություն, բայց դա նման էր կախարդության: Այժմ նա կարծես մանկության մեջ լիներ, ուր ամեն բան հնարավոր է:

    Ծերունին ծիծաղեց ու մոտեցավ Կիկոյին: Նա մեջքով կանգնած էր դեպի պատին պատկերված անապատը: Ծերունին ձեռքերը պարզեց ու դիպավ պատին: Երբ պատի վրա երևացին ոսկեգույն մանր շողեր, նա փչեց պատի վրա ու ափերը սահեցրեց պատի վրայով: Թվում էր՝ պատը կերկփեղկվի՝ բաց անելով ինչ-որ միջանցք դեպի այլ աշխարհներ: Բայց նման բան չեղավ: Փոխարենը անապատից թեթև քամի փչեց ուղիղ սենյակում կանգնած Կիկոյի դեմքին: Ավազի ու երկնքի գույնը փոխվեց: Նախկինի՝ վառ նարնջագույնով ներկված  ավազն ու կապույտ երկինքն այլ էին:  Երկինքը նարնջագույն էր, իսկ ավազները  մուգ գույն ունեին: Ծերունին քայլ արեց ու անցավ ավազների մեջ:

    • Արի՛, Կիկո՛, Սահարայում նոր է լուսանում, մի՛ վախեցիր: Ե՛կ ինձ հետ:

    Կիկոյին արդեն թվում էր, թե ոչինչ չի կարող իրեն զարմացնել, բայց նա չէր դադարում զարմանալ, ու ինչ-որ բան հուշում էր նրան, որ դա վերջը չէ: Նա զգուշորեն քայլ արեց, ու այդ մի քայլը Կանադայի խուլ անտառից նրան հասցրեց Աֆրիկա: Երբ կանգնեց ավազների վրա ու տեսավ անծայր անապատը,  մի պահ քարացավ: Կիկոն արձանացել էր անգամ մտոք: Բայց թեթև քամին շշնջաց, որ դա երազ չէ: Նա կռացավ ու մի բուռ սառը ավազ վերցրեց, շրջվեց ետ ու տեսավ անծայրածիր անապատ, որ նոր-նոր էր արթնանում գիշերվա քնից:

    • Տնակը, տնակը չքացավ: Նայի՛ր…

    Վազեց ծերունու ետևից: Երբ հասավ ծերունուն, նա հանգստացրեց իրեն՝ ասելով, որ տնակը չի անհետացել, պարզապես Կիկոն չի տեսնում այն:

    • Արի՛, ես քեզ ցույց կտամ իմ նոր այգին, որ ուզում եմ տնկել:
  • Բայց չէ՞ որ այստեղ ջուր չկա:
  • Ջուր կա. այն ավազների տակ է:

  • Նրանք միասին բարձրացան ավազե բլրի վրա, ու այնտեղից մի հրաշալի տեսարան բացվեց: Անապատի սրտում ժայռոտ բլուրներն ափի մեջ պահում էին փոքրիկ օազիս: Ներքևումլանջերից մեկի տակ, սկիզբ էր առնում փոքրիկ առվակ:  Այն կտրում-անցնում էր փոքրիկ կանաչ կղզին ողջ երկայնքով ու հետո կորչում ավազների մեջ: Դա կյանքի երակ էր, որի երկայնքով երեքից չորս քայլաչափ հեռավորության վրա, շարված էին  արմավենիներ ու թզենիներ: Կիկոն հասկացավ, որ դրանք տնկվում ու խնամվում էին իր նոր ընկերոջ կողմից: Բլրի հակառակ կողմը նույնպես քարքարոտ էր, ու կես ժամ խլեց, մինչև որ հասան արմավենիների մոտ:

    Կիկոն իմացավ, թե ինչ պետք է անել օազիսը մեծացնելու համար: Դա դժվար աշխատանք էր: Պետք էր առվակին զուգահեռ խոր ակոսներ փորել, քարերն ու հանված աղքատիկ հողը լցնել առվակի կողմը:  Հետո չորացած ամեն տերև ու ճյուղ լցնել ակոսի մեջ, ապա տնկել նոր ծառեր ու առատ ջրել դրանք: Կիկոն իմացավ, որ այդպես խոնավությունն ավելի երկար կմնա ակոսում, ու տնկիները չեն չորանա անգամ անապատի չոր կլիմայում: Իսկ երբ նրանք մեծանան ու արմատներով հասնեն ավազների տակ թաղված ջրերին, այլևս խնամքի կարիք չեն ունենա: Նրանց ստվերում կարելի կլինի նոր ակոսներ փորել, լցնել չոր տերևներով, ու այդպես շարունակ:

    Արմավենիները աճում ու անապատի մի մասը լցնում էին իրենց կանաչով: Աննկարագրելի գեղեցիկ էր ոսկեգույն ավազների ծովի մեջ առնված հրաշագործ ծերունու կանաչ կղզին: Քամին Սահարայից փոշու ալիքներ էր քշում-բերում օազիս: Բայց այդ ալիքները փշրվում էին ծերունու կանաչ կղզյակի կուռ սահմանների վրա: Արմավենիների ստվերում զով էր, ու այնտեղ կյանք կգտներ ավազների ծովի ցանկացած նավաբեկված:

    Կիկոն չնկատեց, թե երբ արեգակը բարձրացավ բլուրների ետևից` իր ջերմությամբ լցնելով գիշերվա ընթացքում սառած անապատը: Կիկոն տարված աշխատում էր ծերունու հետ, հարցեր տալիս ու լսում այն, ինչի մասին երբեք ոչ մի տեղ չէր լսել ու չէր կարող պատկերացնել անգամ: Հետո, երբ արևն արդեն բարձացել էր, նրանք վերջացրեցին իրենց գործն ու բարձրացան բլրի վրա: Այնտեղից մեկ անգամ ևս նայեցին կանաչ կղզուն ու շարժվեցին դեպի անապատ:

    Կիկոն առաջին անգամ էր տեսնում նման գեղեցկություն: Անապատի գեղեցկությունը սովորական գեղեցկություն չէր. այն խորհրդանշական էր: Ու նա կարծես կռահում էր, թե ինչու ծերունին իրեն բերեց հենց այնտեղ: Այն նման էր նրան, ինչի մասին նրանք խոսում էին տնակում: Գեղեցկությունը միշտ չէ, որ բարիք ու կյանք է: Ինքնին գեղեցիկը ոչինչ է, եթե չի լցնում իրենով ու բարիք ճառագում: Այո՛, անապատը գեղեցիկ, բայց և մահացու էր: Ու Կիկոն հասկացավ, որ մարդիկ նման գեղեցկություն ավելի ու ավելի  շատ էին ստեղծում: Նա սկսում էր հասկանալ ծերունու լեզուն:

    • Ավազը չի՞ վառում ոտքերդ:
  • Ինձ դուր է գալիս զգալ արևի ջերմությունը  ոտքերիս տակ: Այն ինձ ուժ է տալիս, – ժպիտով պատասխանեց ծերունին ու հետո ձեռքով նշան արեց կանգնել:
  • Նա բարձրացրեց ձեռքերն ու փչեց: Շուտով Կիկոն տեսավ ոսկյա շողեր ու տնակի ներսը: Երբ նրանք մտան ներս,  Կիկոն հայտնաբերեց, որ անտառում արդեն երեկո է: Նա հոգնած էր ու քնել էր ուզում, բայց վախենում էր բաժանվել ծերունուց: Նրանք վառեցին բուխարին, ծերունին նշումներ արեց իր մատյանների մեջ ու հետո բարի գիշեր մաղթեց:

    Նա դուրս եկավ տնակից ու շուտով կորավ ծառերի ետևում: Կիկոն մնաց Մոմոյի հետ: Այդ ամենից հետո նա այլ կերպ էր նայում Մոմոյին: Կիկոն սկսեց պատմել նրան այն ամենը, ինչ տեսել էր: Մոմոն նրան լսում էր բուխարու վրա նստած, ու այս անգամ Կիկոն նրա հայացքում բարյացակամություն ու վստահություն տեսավ: Այդ երեկո նրանք ընկերացան: Կիկոն երկար չէր կարողանում քնել: Նա վախենում էր, որ եթե փակի աչքերը, ապա երազն իսկույն կկորչի, ու նա կարթնանա ինչ-որ այլ տեղ:

    Թեպետ նախքան ծերունուն հանդիպելը Կիկոն ոչ մի ծառ չէր տնկել, նրան դուր եկավ աշխատել հողի հետ: Նա զգում էր, որ իր սրտի մի մասնիկը թողեց այնտեղ` տաք ավազներում, իր տնկած արմավենիների հետ: Նա երկար մտածում էր, թե կկանաչե՞ն արդյոք  իր ծառերը, թե՞ կչորանան, և արդյոք կլինե՞ն մարդիկ, որ կնստեն նրանց հովի տակ: Կիկոն չգիտեր այդ: Նա գիտեր, որ ուզում է գոնե մեկ անգամ ևս լինել այնտեղ ու լսել, թե ինչպես է անանուն ծերունին խոսում արմավենիների հետ:

    Սպիտակ հսկան (այդպես էր մտքում Մոմոյին կոչում Կիկոն) պառկած էր իր կրծքի վրա  ու բոլոր կատուների պես մռռում էր: Թեպետ նա ծանր էր ու դժվարացնում էր Կիկոյի շունչը, բայց նա ձեռք չէր տալիս իր նոր բարեկամին: Ի վերջո, դա Կիկոն էր Մոմոյի տեղում պառկած ու, բացի դա, ‹‹սպիտակ հսկայի››  վստահությունը հաճելի էր վայելել:

    Վաղ էր, երբ նա արթնացավ ու դուրս եկավ տնակից: Թեպետ գիշերվա ընթացքում անձրև չէր եկել, բայց անտառն ասես մի լավ լվացված լիներ: Ամեն ինչ թարմությամբ շնչում էր նրա դեմքին: Ծառերի տակ մացառներ չկային: Ծերունին չէր սիրում թափթված ու գզգզված տեսնել անտառը: Նա ճարտարապետի նման նախագծում էր ամեն մի ծառի, թփի տեղը. ասես տեսնելիս լիներ անտառ տարիներ անց: Դա բնության լեզուն էր, որով նա խոսում էր անտառի հետ: Դրախտային պարտեզ հիշեցնող անտառը հիացնում էր Կիկոյին:

    Շատ չանցածհսկա շագանակագույն բների ետևից երևաց ալեհեր ծերունին իր կապույտ հագուստով: Նա դանդաղ էր  գալիս՝ մտազբաղ հայացքը ձգած ոտքերի տակ: Ծխամորճից սպիտակ քուլաներ էին բարձրանումձուլվելով իր՝ նույնքան սպիտակ մորուքին: Միայն Կիկոյին հասնելով նա բարձրացրեց գլուխը, ու սպիտակ հոնքերի տակից ծով կապույտ աչքերը գրկեցին երիտասարդին.

    • Բարի լույս, – ուրախ ողջունեց նրան Կիկոն:
  • Լույսը միշտ էլ բարի է:
  • Վերջին անգամ ծխի ամպեր բաց թողեց ծերունին ու երկար սև ծխամորճը խոթեց գոտու ետևը:

    Կիկոն փորձեց վեճի բռնվել ծերունու հետ` փորձելով ապացուցել, թե լույսը ոչինչ է առանց ստվերի ու խավարի, բայց շուտով ինքն էլ շփոթվեց իր մտքերի մեջ: Հետո Կիկոն հետաքրքրվեց, թե որտեղ է անծանոթի մյուս տնակը: Բայց պատասխանից բան չհասկացավ: Ծերունին ասաց, որ իր մյուս տնակը լճակի հատակին է: Նա չմանրամասնեց, ու Կիկոյին թվաց, թե ինչ-որ բան այնպես չէ: Նախաճաշ Կիկոն միայնակ արեց անապատից բերված արմավով, մրգերով ու անտառի հատապտուղներով: Նա չէր հարցնում, բայց կռահում էր, որ միս ուտել չի կարելի իրեն հյուրընկալող այս տնակում:

    • Ինչու՞ դու ոչինչ չես ուտում:

    Ծերունին ծիծաղեց ու բացահայտեց ևս մի գաղտնիք.

    • Ես մարդ չեմ, Կիկո՛: Ես նույնպես ստեղծված եմ Նրա պատկերով, բայց ունեմ այլ շնորհներ: Ես երբեք ոչինչ չեմ ուտում ու չեմ խմում: Դա ինձ հարկավոր չէ: Իմ ուժը բնությունից է ու իմ ծխած տերևներից: Այս տերևները հասարակ ծխախոտ չեն: Միայն մի քանի մարդ է տեսել այն ծաղիկը, որի տերևը ես ծխում եմ: Ծաղիկն ապրում է տիեզերքի տարերքով, որ ձեզ անհայտ է: Նա կլանում  ու ուժ է ստանում աստղերից ու երկրից: Այդ ուժը մնում է նրա մեջ, իսկ երբ ես ծխում եմ այն, դրա մի մասը անցնում է և ինձ: Մարդկանց ու կենդանիների համար այն նույնպես օգտավետ է, ես դա հայտնաբերել եմ ոչ շատ վաղուց:

    Նա ցույց տվեց նշաձև փոքր մանուշակագույն հաստ տերև: Պատմեց, որ շատ տարիներ առաջ լուսանի հետ կռվի բռնված Մոմոյին բուժել էր տերևով: Արդյունքում իր սիրելի կատուն ոչ միայն չսատկեց, այլև կենդանի է մինչ օրս ու շատ ավելի ուժեղ ու մեծ է սովորական կատուներից: Եվ վերջապես նա այդ ծաղկի տերևներով թուրմ էր պատրաստել Կիկոյի համար, ու նա նույնպես ապաքինվեց:

    • Ուրեմն ես Մոմոյի նման երկա՞ր կապրեմ, – վախեցած, բայց և ուրախ տեղից վեր թռավ Կիկոն:

    Ծերունին հանգստացրեց նրան ու ասաց, որ կյանքի ամեն վայրկյան տալիս է միայն Աստված, այլ ոչ թե ծաղիկը, որ նույնպես ստեղծված է Նրա կողմից:

    • Ընդունի՛ր այն, ինչպես որ կա: Եթե հարկ լինի, որ դու ապրես հազար տարի,  դու կապրես առանց ծաղկի: Բայց կարևորը այն չէ, թե քանի տարի է քեզ տրված: Կարևորն այն է, թե ինչով դու կլցնես այդ տարիները: Չկա անհնար ոչինչ նրա համար, Ով ստեղծում է ամեն ինչ: Հիշի՛ր դա :

    Երբ նրանք վերջացրեցին զրույցն ու նախաճաշը,  Կիկոն խնդրեց կենդանացնել նկարը, որպեսզի նրանք ստուգեն երեկվա տնկիների վիճակը: Բայց ծերունին ասաց, որ այնտեղ ամեն բան կարգին է, ու որ այսօր նա ցանկանում է Կիկոյին ցույց տալ անտառը: Կիկոն սիրով համաձայնեց, ու նրանք դուրս եկան: Ճանապարհին ծերունին պատմում էր անտառի մասին, թե երբ ու ինչպես է այն առաջացել: Կիկոն լսում էր ուշադրությամբ ու հետևում նրան: Երբ նրանք հասան մի բացատ, ծերունին կանգնեց ու ասաց, որ նախկինում ամբողջ շրջակայքը այս բացատի պես էր` ծածկված խոտով ու հատուկենտ մացառներով:

    Ծերունին Կիկոյին զգուշացրեց չվախենալ ու կտրուկ շարժումներ չանել: Սկզբում Կիկոն չհասկացավ, թե ինչի մասին է խոսքը, բայց գլխով արեց: Հետո ծերունին չորս կողմը  նայեց. ասես հոտոտելիս լիներ օդը որսորդի նման: Ապա նրա հայացքը կանգ առավ ինչ-որ կետի բացատի մյուս կողմում, ու նա կանչեց: Դա նման էր այն կանչին, որով մարդիկ իրար են կանչում, երբ իրարից հեռու են.

    • Էէուուու՜… Էէուուու՜…

    Կիկոյին զվարճալի թվաց այդ ամենն, ու նա  չկարողացավ զսպել ժպիտը: Նա կախեց գլուխն ու մինչ  քթի տակ ծիծաղում էր, ծերունին զգաց, որ իրեն լսել են: Կիկոն չգիտեր, որ այդ պահին գայլերի ոհմակը ուրախ շների պես շտապում է իրենց մոտ: Նրանք, լեզուները դուրս գցած ճեղքում էին թփերն ու իրարից առաջ անցնելով վազում դեպի սիրելի կանչը: Ոհմակը բաց թողնված աղեղների նաման սուլում էր առաջ, մեթ կորչելով բարձր խոտերում, մերթ ակնթարթային հայտնվում ու նորից սուզվում վայրի մասրենիների մեջ: Շատ չանցած՝ նրանց ձայները սկսեց լսել և Կիկոն: Նա միանգամից չկռահեց գայլերի ձայնը, բայց երբ հասկացավ, ժպիտն անմիջապես սառավ նրա դեմքին.

    • Սա գայլերի ձայն է, – վախեցած արտաբերեց նա՝ չիմանալով ինչ անել: – Ի՞նչ ես անում, արի՛  գնանք, քանի ուշ չէ:
  • Ուշ է, – ծիծաղով հանգստացրեց նրան ծերունին:
  • Հիմա արդեն նա էր զվարճանում, բայց և հանգստացնում էր երիտասարդին` ասելով, որ իր կողքին գայլերը նրան չեն վնասի:

    • Մի՛ վախեցիր, Կիկո, կանգնի՛ր հանգիստ ու կտրուկ շարժումներ մի՛ արա: Ես քեզ չեմ փրկել, որպեսզի գայլերի բաժին դարձնեմ: Հանգստացի՛ր:

    Շուտով բացատի եզրին երևացին առաջին գայլերը: Առջևից վազում էր մոխրագույն մի հսկա գայլ: Նա սլանում էր բաց թողնված նետի պես` հայացքն ուղիղ իրենց կողմը: Շուտով երևաց երկրորդը, երրորդը և մյուսները. քսանից ավելի գայլեր շների նման վնգստալով ուրախ վազում էին իրենց կողմը: Կիկոն ձյան պես սպիտակել էր, նա ոչ միայն չէր խոսում, կարծես անգամ շունչն էր պահել: Նա չէր մտածում, մտքերն անհետացել էին, հայացքը  չէր կտրվում  ոհմակից:

    Գայլերն ասես շներ դարձած լինեին, երբ հասան ծերունուն: Նրանք լիզում էին նրա ձեռքերը, քսվում ոտքերին` ուրախ ողջունելով նրան: Կիկոն կանգնած  էր մեկ-երկու քայլ ավելի հետ ու չէր կարողանում հավատալ տեսածին: Գայլերը հերթով սառը աչքերով նայում էին նրան, մոտ գալիս հոտոտելու, պտտվում նրա շուրջը զգուշավորությամբ ու նորից գնում ծերունու մոտ: Կիկոն բարի նախանձով էր նայում ծերունուն, որն անվախ ու ինքնամոռաց խաղում էր գայլերի հետ: Դա իսկական հեքիաթի էր նման: Կիկոն ուզում էր գնալ ու խառնվել նրանց, բայց չէր համարձակվում: Նա զգում էր, որ գայլերն իրեն այլ հայացքով են նայում: Նրանք չեն վնասում իրեն ու չեն վնասի, բայց միայն ծերունու շնորհիվ: Դա անբացատրելի մի բան էր ու դիպչում էր Կիկոյի հոգուն:

    • Եվ ի՞նչ,  դու վայրի գազաննե՞ր ես տեսնում քո առաջ, Կիկո՛:

    Գայլերն իսկապես վայրի գազանների նման չէին: Նրանք մեծ  սիրով էին պտտվում ծերունու շուրջը, և Կիկոն մտքւմ սկսեց երկմտել՝ մի՞թե սերը հատուկ է նաև գազաններին :

    • Դե, արի՛,  մի՛ վախեցիր: Ընկերացի՛ր նրանց հետ, արի՛…

    Կիկոն անվստահ մոտեցավ, ու գայլերը շրջապատեցին նրան: Նրանք հոտոտում էին, դնչով հրում նրան, բայց վնաս չէին տալիս: Րոպեներ անց Կիկոն ու ծերունին նստած էին խոտերի վրա, իսկ նրանց շուրջը անհոգ ու խաղաղ շրջում էր ոհմակը:

    Կիկոն ասես ինչ-որ հեքիաթում լիներ: Նա նայում էր շուրջ բոլորն ու հասկանում, որ, իր աշխարհից բացի, կա մի այլ աշխարհ: Այն թաքնված չէր ու ոչ էլ հեռու հեռուներում էր, ուր հասնելն անհար է: Այդ աշխարհն իր կողքին է եղել միշտ, ու  ինքը  չի նկատել այն: Դա գեղեցիկ մի բան էր, այնքան գեղեցիկ, որ Կիկոն սրտի խորքում կուզեր ապրել ծերունու պես: Ու անգամ եթե բոլորը նրան խելառ համարեին, դա մազաչափ իսկ չէր խանգարի իրեն:

    • Ասում են, թե գայլերն ամենից անհնազանդ կենդանիներն են, միգուցե դա այդպես է, բայց նրանք գազան չեն: Մարդիկ պարզապես չեն տեսնում այն, ինչ չեն ուզում տեսնել:
  • Իսկ ինչպե՞ս դու կարողացար:
  • Դու նունպես կարող ես: Բայց դու նախ պետք է ուզես:

  • Ես ուզում եմ, բայց ինչ-որ բան պակասում է ինձ: Օգնի՛ր տեսնել այնպես, ինչպես դու ես տեսնում, լսել՝ ինչպես դու:

  • Ես կօգնեմ քեզ, Կիկո՛, բայց շնորհներն արդեն քեզ տրված են, ու դու պարզապես պետք է հասկանաս դա: Երբ հասկանաս, դու կսկսես տեսնել ու լսել:  Չկա շնորհ, որ ես կարող եմ տալ: Շնորհներ տալիս է միայն Նա:

  • Հետո Ծերունին վեր կացավ ու ասաց, որ իրենք  այսօր պետք է տեսնեն անտառը: Նա ասաց, որ անտառն, ի տարբեություն անապատի, հնարավոր չէ տեսնել` նայելով հեռուն: Ապա ավելացրեց.

    • Բայց որպեսզի դու ավելի լավ տեսնես, ես քեզ բարձրից ցույց կտամ: Բռնվի՛ր ինձնից:

    Այդ ասելով` նա Կիկոյին վերցրեց ձախ թևի տակ այնպես հեշտ, ասես փոքրիկ ճնճղուկ վերցներ: Կիկոն առաջին անգամ զգաց նրա անսահման ուժը: Հետո, երբ ի պատասխան ծերունու հարցին՝ նա գլխով արեց, ծերունին մի փոքր ծալեց ծնկներն ու ահռելի ուժով հրվեց գետնից: Մի ակնթարթում նրանք կտրվեցին գետնից: Կիկոյի շունչը  քիչ մնաց կտրվի, նրա աչքերն արցունքոտվեցին, ևս մի վայրկյան ու նրանք արծվի թռիչքի հասան: Ծերունին թռչում էր այնպես հեշտ, ինչպես ձկներն են լողում: Նա ոչ մի ճիգ չէր գործադրում: Հերիք էր, որ հայացքն ուղղեր ինչ-որ կողմ, ու ներքին մի ուժ հրում էր նրան ուղիղ այնտեղ: Քամին փչում էր Կիկոյի դեմքին , ու երբեմն արցունքները լցվում էին նրա՝ ուրախությունից փայլող աչքերը:

    • Տեսնու՞մ ես՝ որքան մեծ է այն, –  հարցրեց ծերունինցույց տալով լեռները մագլցող անտառը, որը վերևից շատ ավելի գեղեցիկ էր: Կիկոն սկզբում չէր նկատում այդ ամենը: Նա թռչելու զգացումից ուրախ էր  երեխայի պես: Երբ մի քանի մղոն այլևս մնաց ետևում, Կիկոն սկսեց նորից լսել: Նա տեսավ, թե որքան գեղեցիկ էր երկիրը վերևից: Սպիտակաձյուն գագաթներից ներքև լանջերը պատված էին կարմիր, դեղին ու շագանակագույն անտառներով: Ստորոտները լցված էին դեռ կանաչ սաղարթով: Բարձր լանջերի վրա տեղ-տեղ մշտադալար եղևնիների գոտիներ կային, որ փակում էին հզոր լեռների մերկությունը: Նրանք անցան երկար ճանապարհ սառը օդում պտույտներ գործելով: Հետո հեռվում բացվեց մի լճակերկնքից կապույտ: Կիկոն իմացավ, որ լճակը նույնպես ծերունին է ստեղծել փոխելով գետի հունը: Նրանից երկար ժամանակ էր պահանջվել, որպեսզի գետն ուղղի լեռների արանքում ընկած գոգավորությունն ու լիճ գոյացնի այնտեղ:

    Ծերունին պատմում էր բոլոր մանրամասնություններով ու բացատրում, թե ինչու էր այդպես արել: Կիկոյին անհավանական էր թվում այդ ամենը, բայց նա չէր կարող չհավատալ: Նա սավառնում էր ծերունու թևի տակ առնված, ու սառը քամին փչում էր նրա դեմքին: Դա երազ չէր:

    • Դու դեմ չե՞ս լինի, եթե ես քեզ նկարիչ անվանեմ, – հանկարծ խոսեց Կիկոն
  • Նկարի՞չ, ինչո՞ւ նկարիչ:
  • Հիմա ես գիտեմ, թե ինչ էր երկիրը` դատարկ ու անձև: Դու իսկական վարպետ ես, ու քո կտավն աշխարհն է: Դու երկրի երեսին ես նկարում: Քո կտավները մեռած չեն, դրանք շնչում են ու շարժվում: Քո նկարները դու փռում ես Աստծո ու նրա հրեշտակների առաջ:

  • Ծերունին ժպտաց: Նա իսկապես շատ կուզենար, որ հրեշտակները, ցած նայելով, մերկ ու միապաղաղ չտեսնեն աշխարհը: Նա գիտեր, որ անթիվ մոլորակներից և ոչ մեկի վրա չկան նման գույներով կտավներ: Ու իսկապես ինքն այն քչերից էր, որ նկարում էին երկրի երեսին` երկնքի համար:

    Նա համաձայնեց, ու այսուհետ Կիկոն նրան կոչում էր Նկարիչ: Նա Կիկոյին պատմեց, որ գոգավորության մեջ գտնվող տնակը կառուցվել է նախքան լճի գոյանալը: Այն սյուների վրա է ու գմբեթի տեսք ունի: Նրա մուտքը տան հատակից է` այնտեղ, ուր սյուներն ամուր պահում են տան հատակն ու հիմքերը: Դրա համար այնտեղ ջուր չի լցվում, պատուհաններ նույնպես չկան:  Բայց նկարիչը շատ բան չպատմեց: Նա պտույտ գործեց ու վերադարձավ անտառ: Կիկոն ուրախացնում էր նրան, ու, չգիտես ինչու, նա այլևս չէր կասկածում: Նա չէր անհանգստանում, թե արդյո՞ք Կիկոն կկատարի իր առաջին խոստումը, ու չէր երկմտում իր արածների համար: Կիկոն բարի սիրտ ու ազատ հոգի ուներ: Դա էր ամենից կարևորը, ու նկարիչը որոշեց տալ նրան ավելին: Բայց նախքան դա Կիկոն ինքը պետք է ավելիին ձգտեր: Ու միայն իրեն հայտնի պատճառով Նկարիչն ասաց Կիկոյին այն, ինչը շատ անսպասելի էր նրա համար:

    • Ես ուրախ եմ, որ դու ամեն ինչ հասկացար: Վաղը ես քեզ կտանեմ մոտակա բնակավայրի մոտ, ու դու կկարողանաս վերադառնալ տուն:

    Այդ խոսքերը շիկացած երկաթի պես վառեցին Կիկոյի սիրտը: Նա չուզեց անգամ հավատալ իր ականջներին: ‹‹Մի՞թե հիմա՝ այս ամենից հետո, նա կարող է վանել ինձ ու ուղարկել այնտեղ…››

    ‹‹Մի՞թե  ես ինչ-որ սխալ եմ թույլ տվել, ու այդպես նկարիչը պատժում է ինձ››, – մտածեց Կիկոն  ու  այդ մտքից ավելի սրտնեղեց:

    • Բայց ինչո՞ւ ես ինձ քշում: Խնդրում եմ թույլ տուր մնալ. ես չեմ ուզում գնալ:
  • Դու ծնվել ես քաղաքում, դու մարդ ես, ու քո կյանքն այնտեղ է: Դու պիտի գնաս: Քո մտերիմները քեզ են սպասում: Մոռացե՞լ ես նրանց մասին:
  • Բայց չէ՞ որ դու ինքդ էիր ասում, որ ես ազատություն եմ ուզում, որ ես պետք է բացվեմ ու քեզ  պես լինեմ:

  • Կիկոն երկար ու թախանձագին խնդրում էր չվանել իրեն: Նկարչի հետ ապրած երկու օրերն ավելի թանկ էին, քան տարիները դրանից առաջ:

    • Իմ միակ հարազատները ծնողներս են, որ ապրում են Նահանգներում:
  • Դու իմ ուսուցիչն ես: Սովորեցրու՛ ինձ. ես չեմ ուզում կես ճանապարհին մնալ:
  • Դու դեռ չես բացվել, Կիկո՛: Դու ինքդ կարող ես քեզ բացել: Բայց դրա համար դու պետք է կատարես երկրորդ պայմանը:

  • Բայց ինչի՞ց կամ ումի՞ց պետք է ես վախենամ:

  • Քեզ կխանգարեն, – Նկարչի աչքերում մարտնչելու ցանկություն ցոլաց  այս կարճ խոսքից հետո: Կիկոն մի պահ շփոթվեց, բայց Նկարչի կողքին նա իրեն պաշտպանված էր զգում:

  • Ես չեմ վախենա, եթե դու ինձ հետ լինես, – վճռական ասաց Կիկոն:

  • Ուրեմն դու պետք է մաքրվես ու միայանակ մնաս: Ես քեզ կօգնեմ, բայց դու ինքդ պիտի բացես քո հոգին ու ընտրություն կատարես: Միայն հիշի՛ր, որ ընտրելը քեզ տրված շնորհ է ու ոչ թե բեռ: Դա մեծ շնորհ է, այնպես, ինչպես իմ շնորհները: Երբ դու դա հասկանաս, դու մոտ կլինես ճշմարտությանը: Իսկ հիմա ես պետք է մենակ թողնեմ քեզ մինչ վաղը: Եթե մինչ այդ միտքդ չփոխես, ես կտանեմ քեզ այնտեղ, ուր դու կկարողանաս ընտրություն կատարել:

  • Այդ ասելով` ծերունին բացեց տնակի պատերից մեկն այնտեղ, որտեղ լեռներ կային, ու գնաց:

    Կիկոն չգիտերինչ է սպասվում իրեն, բայց նա պատրաստ էր ամեն ինչի: Միգուցե նա անապատում կլինի, ուր մենակ կմնա, կամ մի այլ տեղ. դա կարևոր չէր: Կիկոն միայն ուզում էր վերադառնալ դեպի ակունքներ ու նորից սկսել ամեն ինչ: Նկարչից լսած ամեն բան չէր, որ Կիկոն հասկանում ու ընդունում էր: Նա իր համար բացահայտել էր մի նոր աշխարհ, որը շատ ավելի մեծ ու խորն էր հասկանալու համար: Միայն կարելի էր զգալ ու սիրել այն հավատալով, որ դա երազ չէ: Նա նորից հիշում էր այն ամենը, ինչ լսել էր Նկարչից: Պատմությունները Կիկոյին տանում էին հեռու հեռուներ, որտեղ ամեն ինչ շատ պարզ և, միևնույն ժամանակ, անհասկանալի էր: Այդ գիշեր նա գրեթե չքնեց:

    Անապատի սպիտակ տունը

    ‹‹Արծաթափայլ լուսինը մոտալուտ ցրտերի մասին է վկայում››, – հանկարծ անցավ տնակի շեմին նստած տղայի մտքով: Նա մի պահ կտրվեց Նկարչից, ու նրա միտքն այլևս կապվեց անտառից եկող ձայներին: Դա Նկարչի ստեղծած կտավի ձայներն էինկյանքի ձայները: Կիկոն հիշեց մարդկանց ստեղծած կտավների քաղաքների ձայները: Դրանք կյանքի ձայներ չէին. անտառի գայլերի ոռնոցն անգամ չէր կարելի համեմատել անշունչ մեքենաների ոռնոցի հետ, որ պատում էին բոլոր քաղաքները:  Մեքենաները անդադար հևում ու ոռնում էին քաղաքում` ստիպված լինելով ենթարկվել մարդկանց ու ճշգրտորեն կատարել նրանց հրամանները:  Քաղաքի ձայներն ահավոր  գույժի մասին էին ոռնում, որ մարդկանց համար լսելի չէր: Այդ ամենը զարհուրելի պատկերներ ստեղծեցին Կիկոյի երևակայության մեջ:

    Սովորաբար գիշերը թաքցնում է, բայց այնտեղ` տնակի շեմին, գիշերը Կիկոյին բացեց մի գաղտնիք ևս: Երբ պատկերները կորան, ու Կիկոն կարող էր միայն լսել, նա մի անգամ ևս համոզվեց, որ Նկարչի ստեղծած կտավում կյանք կա:  Ու որքան էլ որ մարդիկ լուսավորեն իրենց ստեղծած քաղաքները, միևնույն է, դրանք չեն կենդանանա, ու որքան էլ գիշերը մութ լինի խուլ անտառում, միևնույն է, կյանքն այնտեղ կվկայի իր մասին: Հետևաբար, չկա հարաբերական ոչինչ, ու իզուր էր Կիկոն դեռ ցերեկը փորձում համոզել Նկարչին, թե անգամ լույսն է հարաբերական:

    ‹‹Առանց խավարի ու ստվերների լույսը, միևնույն է, կա, ու այն բարի է››, – հասկացավ Կիկոն այդ գիշեր:

    Նկարիչը նրան ասել էր, որ լույսը ստվեր չի թողնում, ու որ ստվերը անլույս մարմիններից է, որոնք պատի պես կանգնում են լույսի ճանապարհին ու փակում նրա ընթացքըիրենց խավարի մի մասը փռելով լույսի ճանապարհին: Բայց այն ժամանակ Կիկոն չէր հասկանում, մինչև որ փակ աչքերով տեսավ: Նա տեսավ, թե որքան գեղեցիկ էր անտառը ցերեկը թռչնի բարձունքից, ու որքան գեղեցիկ է այն հիմա անգամ երբ չի երևում:

    Գիշերը հմայում էր ու տանում Կիկոյի մտքերը հեռու-հեռու, որտեղ չկան ստվերներ ու կասկածներ: Կիկոն չիմացավ, երբ փակվեցին  աչքերը, և արդյոք երազ էր այն ամենը, ինչ տեսնում էր այդ գիշեր: Իսկ գիշերը նրա ձեռքից բռնած տանում էր անիրական թվացող մանկության աշխարհներ, որտեղ չկային ստվերներ:

    Երբ Կիկոն բացեց աչքերը, մեծ ծանրություն զգաց իր ուսերին. ասես աշխարհն իր ողջ ուժով ճնշում էր իրեն ու սպառնում ճզմել: Բայց Նկարիչը կանգնած էր նրա դիմաց, ու Կիկոն գիտեր, որ ետ չի դառնա, որքան էլ որ մեծ լինի փորձությունը:

    Նրանք հասան լճակի մոտ, երբ կեսօրն անց էր: Ճանապարհին Նկարիչը գրեթե ոչինչ չէր խոսում, ու, չգիտես ինչու, Կիկոն նույնպես: Նա քայլում էր իր ուսուցչի կողքով, ու այս անգամ իր գլխում ոչ մի միտք չկար: Երբ հասան լճակի մոտ, Նկարիչը կանգ առավ` հայացքով դեպի ջրի կապույտ հայելին: Նա նայում էր ջրի՝ հազիվ երևացող ալիքներին այնպես, կարծես ինչ-որ մեկի աչքերին՝ խորասույզ ու վճռական: Կիկոն նստեց ափին: Նա չգիտեր՝ ինչու կանգ առան ու ինչու են սպասում:

    Ծերունին լսում ու տեսնում էր ամբողջ լիճը: Նա լսում էր լճակի հանդարտ շնչառությունն ու հասկանում նրա ամեն շարժում: Լճակը քնած էր խաղաղ մանկան պես: Քամին շոյում էր նրա ջրերը, իսկ երկիրն  իր գիրկն էր առել նրան, որ ոչ ոք չանհանգստացնի իր սիրեցյալի քունը: Նկարիչը  նույնպես չէր արթնացնում նրան: Նա սպասում էր արևին, որ պիտի նշան տար իրեն: Նկարիչը գիտեր այն լեզուն, որով  խոսում են տիեզերքի հետ: Ցերեկը նա կարող էր տեսնել հեռավոր աստղերն այնպես, կարծես դրանք իր ափի մեջ լինեին: Նա խոսում էր այդ լեզվով և հիմա ու ինչ-որ կարևոր բան էր խնդրում Կիկոյի համար: Նա գիտեր, որ մինչ արեգակը մայր կմտնի ու իր շողերը կգցի Կիկոյի դեմքին, ինքը կտեսնի ու կխոսի ստվերի հետ: Ժամանակն արագ էր մոտենում, ու Նկարչի սրտում անհանգստություն կար Կիկոյի համար: Հորիզոնի վրա բացվում էին հոգևոր դարպաները: Կիկոն չէր տեսնում այդ ամենը: Նա չտեսավ՝ ինչպես լճակի՝ հազիվ նշմարվող մյուս ափի կողմից երևացին դարչնագույն դարպասները: Դրանց փեղկերը ավելի բարձր էին ծառերի կատարներից: Նրանք բացվում էին զարհուրելի ճռռոցով, ու կիսաբաց փեղկերի արանքից դարջնագույն թանձր ծուխ էր  թափվում, բայց չէր տարածվում: Այն միաձուլվում էր հաստ դարպասներին, ու եթե Կիկոն կարողանար տեսնել դրանք, կկարծեր, թե իրենքդարպասները, թանձր ծխից են: Իսկ Նկարիչը տեսնում էր: Նա մեկն էր այն պահապաններից, որի կամքին հակառակ դարպասներից ոչինչ դուրս գալ չէր կարող: Նրան ընդառաջ էին գալիս մարտակառքեր վայրի նժույգների խրխնջյունով: Սև նժույգները անսանձ էին, բայց հնազանդ՝ կառապաններին:

    Նկարիչն անթարթ՝ սրատես բազեի հայացքով նայում էր  մոտեցող մարտակառքերին: Սմբակները ջրերին չէին դիպչում: Ձիերն արագ սլանում էին դեպի ափը՝ պտույտներ գործելով օդում իրենց տրված միջանցքով: Միջանցքը մերթ բարձրացնում էր ձիերին՝ հանելով նրանց տասնյակ մետրեր վեր, մերթ ընդհուպ մոտեցնում ջրի հայելուն: Փոշին նույնպես չէր անցնում անտեսանելի միջանցքի սահմաններից: Նկարիչը հայացքով սաստում էր ծառս եկող ձիերին ու նրանց կառապաններին, որ շարունակ փորձում էին խախտել սահմաններն ու ցրվել անտառով մեկ:  Ձիերի տհաճ տրոփյունից լճակն արթնանում էր: Նա ալեկոծեց իր երեսը` ասես ուզելով դեն նետել իր կապույտից մարտակառքերը, բայց Նկարիչը հանգստացրեց լճակին:

    Կառքերից միայն մեկը մարտակառքով մոտեցավ Նկարչին և կանգնեց մի քանի քայլ հեռավորության վրա: Կառապանը շրջեց ձիուն ու աջ ուսի վրայից ուղիղ նայեց Նկարչին, ապա սև աչքերը թեքեց ափին նստած Կիկոյի վրա: Ափի վրա կատարյալ լռություն իջավ: Նա նայեց Կիկոյին քննող հայացքով: Միաժամանակ, նրա հայացքում որսորդի զգուշավորություն կար: Թեև Կիկոն նրան չէր տեսնում, բայց կառապանը մարաղ մտած գիշատիչի պես էր պահում իրեն: Անսովոր հասակ ունեցող նիհար կառապանի համար Կիկոն մարդու որդի էր, որի նկատմամբ իր թշնամանքը սահմաններ չուներ: Միայն նրա տեսքն ատելություն էր բորբոքում կառապանի աչքերում: Ու եթե Կիկոն լիներ անպաշտպան, ապա վայրկյան անգամ չէր հապաղի նրան որսալու համար: Վեճ չեղավ, քանի որ դա Նկարչի կամքը չէր, ու կատաղի կառապանը միայն ժպտաց: Նրա ժպիտը ծանոթ էր Նկարչին. նա բազում անգամներ էր տեսել այն: Այն նման էր մերկ յաթաղանի` լուսավորված լուսնի լույսով ու կարծես ասելիս լիներ.

    • Ես կրկին կհաղթե՛մ, ու դու դա գիտես:

    Բայց Նկարիչն անշարժ էր:  Նա հանգիստ էր իր լճակի պես, ու այդ հանգստության համար նկարիչը նույնպես ատելի էր իր համար:

    Իսկ Նկարիչն այլ բանի համար էր ստեղծվել, ու նա չէր մարտնչում այդ բանակի դեմ, թեպետ նրա մուգ կապույտ աչքերը վառվում էին մարտի բոցով: Նա պատրաստ էր մի նշանի դեպքում առաջ մղվել ու խորտակել անթիվ մարտակառքերը: Նա պատրաստ էր հալածել ստվերը մինչ խավարի սահման ու ընդմիշտ փակել նրա ճանապարհը: Կառապանը նույնպես զգաց դա, ու նրա դեմքին կնճիռներ երևացին: Ձիերը որոտացին ու սլացան ետ` փոշու ամպեր բարձրացնելով լճակի հայելուց: Ձեռնոցը նետվեց, ու դա նոր սկիզբ էր նոր պատմության:

    Շուտով լճակն ազատության դրոշի պես ծածանեց իր հայելին: Վայրի ձիերը պոկվեցին իր հայելուց ու երկինք սլացան, բայց երկինքն էլ թափ տվեց նրանց: Ու նրանք անցան իրենց միջանցքով դեպի դարպասները: Երբ դարպասները փակվեցին, Նկարչի հայացքը փոխվեց: Նա նորից նայեց հորիզոնին, ապա շոյեց լճակը: Կիկոն նայում էր նրան  մերթընդմերթ ու սպասում նրա խոսքին:

    Հանկարծ Նկարիչը կիսաձայն խոսեց.

    • Մենք սպասում ենք մայրամուտին: Երբ արևը մոտ լինի հորիզոնին, կգա ժամանակը: Ջուրը քեզ կլվանա, ու մինչ առավոտ դու կմաքրվես: Դրա համար լավ կլինի ժամանակ ձգել:

    Կիկոն ուզում էր հարցնել, բայց բառեր չգտավ: Նա հասկանում էր, որ Նկարչի ասածը ինչ-որ կարևոր բանի մասին է, բայց ծածուկ՝ իրենից: Նա որոշեց լռել և սպասել:

    • Երբ դժվարանաս, հիշի՛ր, որ Նա միշտ քեզ հետ է: Այնտեղ դու կկտրվես մարդկանցից ու աշխարհից, որքանով որ դա հնարավոր է, բայց Նա միշտ քեզ հետ է: Եղի՛ր նման նրան, ով աղոթում է անգամ երազում,  ու դա կօգնի քեզ:

    Նկարիչը խորհուրդներ տվեց Կիկոյին, ու երբ ժամանակը մոտեցավ, վերջապես ասաց, թե ուր պիտի տանի նրան: Նա տեսավ ժամանակը, երբ արեգակը նրան ժպտաց: Նկարիչը  խնդրեց լճակին օգնել ու բաց պահել դռները Կիկոյի համար: Լճակն էլ ժպտաց Նկարչին ու մի թեթև ալիք ուղարկեց նրա ոտքերի մոտ:

    • Դու կմնաս լճի տակ` իմ տանը: Այնտեղ ջուր չկա, բայց օդ էլ չկա: Բայց այդ տնակում ես պահում եմ իմ ծաղիկը, որի մասին քեզ պատմել եմ: Երբ զգաս, որ ուժերդ քեզ լքում են, պոկիր նրա ամենափոքր տերևներից մեկն ու կեր: Այդպես դու կկարողանաս կենդանի մնալ: Մեկ տերևը պետք է որ քեզ մեկ օր պահի: Մնացածը դու ինքդ կզգաս, կամ՝ ոչ, երբ գա ժամանակը դու՛րս արի, ես քեզ սպասելիս կլինեմ այստեղ:

    Կիկոն չգիտեր՝ ինչ ասել. նա նայեց Նկարչին այնպես, կարծես ուզում էր լսել, որ կկարողանա ամեն ինչ անել: Բայց ոգևորիչ խոսքեր չեղան: Նկարիչը հարցրեց նրան, թե արդյո՞ք նա պատրաստ է, ու երբ Կիկոն վախվորած գլխով արեց, Նկարիչը վերցրեց նրան թևի տակ ու սլացավ վեր: Նրանք արագ անցան լճի վրայով: Կիկոն այս անգամ ուրախ չէր, թեև դա անկրկնելի հաճույք կարող էր թվալ: Այս անգամ Կիկոն տեսնում էր սառը ջրեր իր ոտքերից մեկ-երկու քայլ ցած, որ պիտի դառնային իր փորձության առաջինամենափոքր պատվարները: Նրանք արագ էին սլանում, ու մի պահ Կիկոն ուզում էր բարձր գոռալ, որ չի ուզում գնալ: Նրա ձայնը խեղդվեց կոկորդում դեռ դուրս չեկած, ու երբ Նկարիչը լճի կենտրոնում ուղղահայաց վեր սլացավ մի քանի մարդաբոյ, Կիկոն հասկացավ, որ այնտեղ պիտի սուզվեն: Վերջին անգամ նա կարողացավ մի հայացք ձգել Նկարչի վճռական դեմքին, որն իրեն էլ վճռականություն հաղորդեց: Կիկոն հազիվ էր խորը շունչ քաշել, երբ գլխիվայր մխրճվեց սառը ջրերի մեջ: Արևն արդեն գրեթե չէր լուսավորում ջուրը: Կիկոն ոչինչ չէր տեսնում, բայց զգում էր, որ անսովոր արագությամբ է ճեղքում ջուրը: Մի քանի վայրկյան անցավ, մինչև որ Նկարիչը կտրուկ շարժումով Կիկոյին տան հատակի բացվածքից ներս նետեց, ինչպես ծովի փոթորկոտ ալիքներն են ափ շպրտում խորտակվող նավը: Կիկոն հայտնվեց ներսում, բայց  Նկարիչը չերևաց:

    Ուշքի գալովԿիկոն անմիջապես կանգնեց կիսախավար սրահում բացվածքից երկու քայլ հեռավորության վրա: Բացվածքը շրջանաձև էրմոտ մեկ քայլաչափ շառավղով: Օդը ծանր էր: Կիկոն արդեն նկատել էր ծաղիկը, որ սրահի շրջանաձև կառույցի  պատերից մեկի տակ էր բացվածքի դեմ դիմաց:

    Ծաղիկը կարծես աճում էր հատակից. նրա մանուշակագույն ցողունը թզուկ ծառի բուն էր հիշեցնում: Միայն ավելի մոտ գալով` Կիկոն նկատեց, որ ծաղիկն իրականում արմատներով մխրճված է նկարազարդ պատի մեջ: Նրա ոսկեգույն անհամար թերթիկները թույլ լուսավորում էին սրահը մոմի լույսի պես: Տերևները փոքր էին, բայց հաստ, և  բուրում էին թարմությամբ, որի նմանը Կիկոն երբեք չէր զգացել: Ծաղիկը Կիկոյից քիչ ավելի բարձր էր: Նրա ճյուղերը պատված էին մանուշակագույն մանր տերևներով, որոնց միջից Կիկոյի դեմքը լուսավորում էին հրաշք ծաղիկները: Դրանք այնքան խիտ էին, որ ճյուղերը տեղ-տեղ միայն կարելի էր տեսնել:

    • Ահա թե ինչպիսին ես դու, – ժպտաց  Կիկոն:

    Օդն ավելի էր ծանրանում, ու Կիկոն զգուշավորությամբ պոկեց փոքրիկ մի տերև ու նույնքան զգուշորեն դրեց բերանըասես նշխարհ: Նա վախենում էր անգամ ծամել այն ու շուտով որոշեց պարզապես կուլ տալ թթվաշ տերևը: Ակնթարթներ տևեց, մինչև Կիկոն հսկայական էներգիա զգաց իր երակներում: Սենյակն ասես ավելի լուսավորվեց, ու անգամ լճի շնչառությունը դարձավ լսելի: Կիկոն ավելի պարզորոշ տեսավ սրահը: Այստեղ պատերը նույնպես նկարազարդ էին, բայց ողջ սենյակը պատված էր մի տեսարանով: Դա գեղեցիկ պարտեզ էր ծածկված ծաղիկներով ու կանաչով: Իրար դեմ հանդիման պատկերված էին երկու անսովոր ծառեր: Դրանք վեր էին խոյանում կանաչի միջից, տարածվում սենյակի կիսաշրջանի մեջ ու միայն գմբեթաձև առաստաղի մոտ մոտենում իրար: Նրանց բաժանում էր սպիտակ ամպ, որի ետևում ինչ-որ բան էր թաքցրել Նկարիչը: Հետո Կիկոն նկատեց, որ նկարում կենդանի կա: Ստվերով պատված մի տեղծառերից մեկի ճյուղի տակ, օձանման մի ստվեր դունչը պտուղներին էր ձգել: Նկարիչը, կարծես դիտմամբ, ստվերով էր պատել նրան թողնելով միայն ուրվագծեր:

    Կիկոն չգիտեր, թե որքան ժամանակ խլեց իրենից նկարը: Նա կորցրել էր ժամանակի ու տեղի զգացողությունը: Պատկերը, չգիտես ինչու, նրան կլանել ու բաց չէր թողնում: Հանկարծ կայծակի պես մի միտք արագ անցավ նրա գլխով՝ այնքան արագ ու որոտալի, որքան գարնանային ամպրոպը՝ լեռներում: Կիկոն շիկնեց վախից, ու շփոթվեց նրա միտքը:

    ‹‹Միթե՞ սա դրախտի այգին է` կենաց ու իմաստության ծառերով: Այո՛, կասկած լինել չի կարող. սա հենց դրախտն է: Ես զգում եմ, որ այդպես է››:

    Ինչ-որ բան Կիկոյին հուշեց, որ այդպես է: Նրա հոգու խոր անկյունում մի հարազատ աստղ վառվեց:  ‹‹Չէ՞ որ Ադամն այստեղ էր ստեղծվել››: Եվ, հետևաբար, Կիկոն նույնպես իրեն զգում էր ինչպես  իր հայրական տանը:

    Բայց ստվերով պատվածը վախեցնում էր նրան: Կիկոն հասկանում էրինչ է պատկերված այնտեղ: Այո, օձը Եվային գայթակղելուց առաջ ինքն էր գայթակղվել ու կերել արգելված պտուղը: Բայց նա կերել էր կենաց պտուղը: Հիմա Կիկոն տեսավ ամեն ինչ, նա զգաց այն, ինչ գրված չէ, ու մեծ տխրություն իջավ նրա վրա: Սենյակը պտտվում էր Կիկոյի գլխին, ու նա ցած ընկավ ծկների վրա աստղազարդ երկնքին:

    Այստեղ հատակը նույնպես աստղազարդ էր: Տիեզերքը պատկերված էր խաղաղ ծովի նման, որի վրա հանդարտ լողում էին աստղեր: Երկնային մարմինները անթիվ նավակների պես լողում էին այդ անծայր ծովում, երբեմն-երբեմն բախվում իրար, բայց և նորից ծնվում:

    Կիկոն ասես տեսներ ինքն իրեն բարձր՝ տիեզերքում, բայց, միևնույն ժամանակ,   աշխարհումանթիվ նավակներից մեկի մեջ: Նա չէր համարձակվում անգամ մտածել, որ Նկարիչը ի զորու է բացել այստեղի պատերը նույնպես ու իր թևից բռնած քայլ անել պարտեզ: Նա տեսնում էր հրաշք ծաղիկն ու հասկանում, որ այն իր արմատներով այնտեղից է աճում, ու հրաշագործ տերևներն իրենց ուժը ստանում են դրախտից: Այդպես Կիկոն երկար լողաց իր նավակում: Տիեզերքն անծայր էր ու լի գաղտնիքներով: Կիկոն չէր կարող ո՛չ նվաճել ու ո՛չ էլ բացահայտել անսահման ծովը: Նա պարզապես զմայլվում էր՝ փոքրիկ նավակի մեջ նստած: Նա իրեն զգում էր ուղևորի պես, որ կարողանում է նայել պատուհանից: Նկարիչը նրան տոմս էր տվել ու նստեցրել նավակ, ու նա սահում էր տիեզերքում: Հետո նա հասկացավ, որ Նկարիչը  միայն օգնել է նավ բարձրանալ, ու որ տոմս տվողն ուրիշ մեկն էր: Կիկոն ուրախ, բայց և տխուր էր: Նա ուրախ էր, որ հանդիպեց Նկարչին ու սովորեց նրանից: Ընկերացավ գայլերի հետ ու անցավ անտառների վրայով տեսնելով դրանց գեղեցկությունը: Նա իմացավ գաղտնիքներ, որ չգիտեր ոչ մի մարդ, ու զգաց անսահման երջանկություն: Ո՞վ կարող էր մտածել ու հավատալ այդ ամենին:

    Կկարողանա՞ արդյոք վարձահատույց լինել` հասկանալով բարության ամբողջ չափը, թե՞ կծնվեն նոր ոսկե ցլեր ու կտապալեն իր հոգին, և Նկարիչն ու ամենը մշուշ կդառնան նրա մտքում: Մի գեղեցիկ երազ, որ կխամրի ու կկորչի նույնքան անսպասելի, որքան որ եկավ: Հետո Կիկոն արտասվեց: Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչու ինքը, որ ոչինչ չէր ներկայացնում իրենից, արժանացավ այդ ամենին: Մի՞թե ինքն  արժանի է տեսնելու և զգալու այդ ամենը:

    ‹‹Որքա~ն մեծ է մեր նկատմամբ Նրա սերը, որը մենք չենք վաստակել: Ու որքա՜ն շռայլ է Նա գծուծներիս նկատմամբ՝ մեր, որ չենք հավատում անգամ Նրա գոյությանը››:

    Այս մտածելով` Կիկոն մոռացավ ամեն ինչ: Նա մոռացավ Նկարչին և սրահը, որտեղ գտնվում էր, և անգամ ինքն իրեն: Միայն հետո պիտի հիշեր այդ ամենը ու հասկանար, թե ինչ նկատի ուներ Նկարիչը, երբ ասում էր, թե ինքը նախ պիտի կտրվի աշխարհից:

    Կիկոն միայն երբեմն-երբեմն էր ուշքի գալիս, երբ մարմինը թելադրում էր նրան հերթական տերևը պոկել: Կիկոն չգիտեր` որքան ժամանակ է անցել. նա չէր մտածում այդ մասին: Աղոթելիս նա զգում էր, որ կտրվում է գետնից: Ինչ-որ հոսանք նրան դանդաղ պոկում էր հատակից ու վեր բարձրացնում: Բայց հերիք էր, որ մի ակնթարթ նա շեղվի ու մտածի դրա մասին, ու նույն վայրկյանին քարի պես զարնվում ու մեխվում էր գետնին: Նա նորից փակում էր աչքերն ու բացում սիրտը, մոռանում բոլոր մտքերն ու թույլ տալիս հոգուն կանգնել գիտակցությունից վեր: Ու նորից ինչ-որ բան բարձրացնում էր նրան: Դա նման էր երազի:

    Ու մի անգամ այդ երազում  ինչ-որ մեկն արագ մոտեցավ ու հրեց իրեն: Կիկոն քիչ մնաց գլխիվայր ընկնի: Նրա մտքերը սկսեցին շեղվել, ու նա մի պահ կորցրեց իրեն: Կիկոն հաստատ գիտեր, որ մենակ չէ: Նա զգում էր իրեն խանգարողին, որ անսպառ հարվածում էրասես փորձելով ներս խուժել: Վախը պատում էր նրան: Դա նման չէր վատ երազի, որից վեր թռչելով մարդ իսկույն թեթևանում է: Այնտեղ` երազում, դա անիրական մի ցնորք է, որ կարող է խափանել քունը, մինչդեռ արթուն ժամանակ այն կարող էր պատել ու բաց չթողնել:

    Կիկոն սառը քրտինքի մեջ սեղմվեց պատին ու ձեռքերում ամուր սեղմեց իր փոքրիկ խաչը: Շշուկը Կիկոյի ականջների տակ սառը քամու պես շշնջում էր.

    ‹‹Դա ընդամենը թզենու փոքրիկ տերև է ու չի ծածկի քո մերկությունը: Թո՛ղ այդ, թո՛ղ, դու ծիծաղելի ես, միայն քեզ նայի՛ր: Այդ խելագար ծերուկի վրա ես հույսդ դրել: Նա ինքն իրեն չի օգնի: Դու խելացի ես: Բա՛ց թող, բա՛ց թող, ազատությունը քոնն է, վերցրու՛ու գնա՛, դե՛  դե՛, հա՛,  հաաա…››:

    Եվս մեկ վայրկյան, ու Կիկոն կկորցներ իրեն` հավերժորեն անձնատուր լինելով խելագար  ցնորքներին: Այդ անծայր ծովում նա միայնակ կլիներ ու առանց նավակ:

    • Հիշի՛ր, որ դու մենակ չես, Նա միշտ քեզ հետ է …

    Հանկարծ նրան երևաց Նկարչի սաստող հայացքը, ու նա հիշեց այդ խոսքերը: Եվ իսկապես, եթե խանգարողը կա, ուրեմն Նա նույնպես իր կողքին է: Վախը սկսեց նահանջել: Կիկոն կանգնեց, ու նրա հայացքում այլևս սարսափ չկար: Հետո նա հիշեց.

    • Եղի՛ր նման նրան, ով աղոթում է անգամ երազում…

    Կիկոն սկսեց աղոթել: Հազիվ էր վերջացրել, երբ շնչակտուր վեր թռավ քնից: Նա չգիտեր՝ երբ էր քնել և, կամ, քնած էր, թե արթուն: Այդպես Կիկոն մնաց մեն-մենակ ինքն իր հետ: Նրա մտքերը հյուսվում էին տիեզերքի հետ ու տանում նրան անծայր ծովի խորքերը: Մեղմ քամին բարձրացնում ու իջեցնում էր նրան հաջորդաբար, ու թվում էր, թե դրան վերջ չկա: Կիկոն արդեն շատ բան էր հասկացել ու, այդուհանդերձ, զգում էր, որ կարևոր մի բան պակասում է դեռ:

    Նա պայքարում էր անձնվեր: Նրա միտքն այլևս չէր ուզում անպատճառ հասկանալ: Նա այլևս չէր երկմտում: Նա տեսնում էր այնպես, ինչպես Նկարիչը, բայց միայն ինքն իրեն: Նա գիտեր, որ աշխարհը  հասկանալու համար,  նախ, պետք է հասկանար իր անձը: Ու հիմա նա տեսնում էր իրեներեկ ու այսօր: Դա նման էր ճանապարհների, որոնց վրա ինքը քայլել էր անվստահ ու մոլորվածի պես: Հիմա Կիկոն տեսնում էր այդ ճանապարհները վերևից ու ինքն իրեն՝ դրանց վրա, այնպես, ինչպես թռչելիս նա տեսնում էր Նկարչի կտավը: Բայց նա չէր տեսնում, թե ինչ է ճանապարհի վերջում, որի վրա նա հիմա էր կանգնած: Այն պատված էր մշուշով, ու Կիկոն չէր կարողանում ճեղքել այն: Անցյալն այնպիսին էր, ինչպիսին որ կար: Երբեմն՝ գեղեցիկ, երբեմն՝ ծիծաղելու չափ անմիտ: Մութ ու լուսավոր ճանապարհներին նա երբեք մենակ չէր եղել մինչ  հիմա, ու հիմա ամենից կարևոր ճամփաբաժանն էր: Կիկոն ուզում էր ճիշտ ընտրություն կատարել, բայց ինչպե՞ս ընտրել՝ նա չգիտեր: Ընտրությունը ծանր էր ու լի անակնկալ շրջադարձներով, որ կանխատեսելն անհնար էր: Հետո նա հիշեց Նկարչի մեկ այլ խոսք ‹‹Հիշի՛ր, որ ընտրելը քեզ տրված շնորհ է ու ոչ թե բեռ››:  Ուրեմն կարևոր չէ ճանապարհը, կարևոր չեն ուղևորները: Կարևոր է այն, թե  ինչպես դու կանցնես այն: Ինչպես ու ինչ  կընտրես դու հաջորդ շրջադարձին:

    Երբեմն Կիկոն շրջում էր սրահով, լվացվում լճի սառը ջրով ու ժամեր շարունակ հմայվում պարտեզի գեղեցկությամբ: Ավելի ու ավելի հազվադեպ էին նրան խանգարում ու շեղում իր մտքերից:

    Մեջքով դեպի ծաղիկը՝ ծալպատիկ նստած էր նա` ուղիղ հատակի շրջանաձև բացվածքի մոտ: Նրա գլխավերևում երկու ծառերն էին, որ նկարել էր Նկարիչը: Կիկոն կռվում էր իր մտքերի հետ: Դրանք անվերջ համոզում էին, որ կարելի է անցնել մյուս ափ: Բայց ճշմարտության գետը նման էր լեռնային գետի, որ փակում է մյուս ափ անցնելու ամեն ջանք: Հորձանուտներում մի տասնյակ գաղափարներ ու համոզմունքներ չէին արդեն խորտակվել, ու ամեն անգամ Կիկոն ինքն էլ քշվել ու ճշմարտության գետից ջախջախվել էր: Նորից ու նորից նա մտնում էր այդ գետը՝ փորձելով կտրել ու անցնել այն: Ու նորից հոսանքը նրան հաղթում էր:

    Բայց մի անգամ աղոթքի ժամանակ անտեսանելի  մի  բան դիպավ նրա գլխինասես շոյելով նրա մազերն ու բացելով Կիկոյի հոգին: Կարծես նրա ջանքերը գնահատվեցին, ու նա իրավունք ստացավ անցնել գետը: Այժմ նա մտավ չվախենալով հոսանքից : Նա անցավ այն հեշտ` ասես մի վազող առվակով: Բայց երբ շրջվեց ու տեսավ ետևում մնացած ափը … գետն առաջվա պես զորեղ էր, ու բոլորը չէ, որ կանցնեին այն: Կիկոն մի ակնթարթում բացեց աչքերն ու նույնքան արագ նետվեց հատակի ջրհորը: Նա արդեն ազատ էր:

    Նա լավ լողորդ էր ու արագ ձգվեց դեպի լույսի թույլ շողերը:  ‹‹Լավ է, որ ցերեկ է, ու կարող եմ տեսնել լույսը››, – մտածեց Կիկոն ու արագացրեց շարժումները:

    Երբ ջրի երես դուրս եկավ ու տեսավ պայծառ արեգակը, ժպտաց նրան ու ապա լողաց դեպի ափը: Նոր էր սկսում հստակ նշմարվել այն, ու Կիկոն անչափ ուրախացավ: Դեղին անտառի ֆոնին` ափի վրա, կանգնած էր  կապույտ երկար սքեմով ալեհերը: Կիկոն արցունքները խառնեց ջրի ալիքներին: Մինչ նրան հասնելն ու գրկելը՝ ժպիտը նրա դեմքից չէր անցնում:

    Նկարիչը նույնպես ժպտում էր: Նրա մուգ կապույտ աչքերը շողշողում էին` տեսնելով նոր մարդուն, որ դուրս էր գալիս ջրի ալիքների միջից: Կիկոյին թվում էր, թե շատ բան պիտի ասի Նկարչին, երբ տնակ հասնեն … Բայց երբ դա եղավ, ու նա նայեց իր ուսուցչի աչքերին,  հասկացավ, որ ոչինչ չի կարող ասել: Նրանք երկուսն էլ գիտեին ամեն ինչ… Կիկոն գիտեր, որ Նկարիչն իր աչքերում տեսնում է անսահման շնորհակալություն, ու որ այն արտաբերելը նույնպես անիմաստ է: Նկարիչը կարող էր լսել ու կարդալ նրա հոգին, ու Կիկոն նախընտրում էր բաց պահել այն իր ուսուցչի դիմաց:

    Կիկոն գիտեր, որ պիտի գնա, ու Նկարիչը դա նույնպես գիտեր: Նա խոնարհվեց, ապա Նկարիչը Կիկոյի հայացքում կարդաց …

    • Արդյո՞ք մենք նորից կհանդիպենք…

    Ծերունին ժպտաց: Նրա աչքերում Կիկոն անթիվ նոր օրեր էր տեսնում իր համար: Ճանապարհներն ազատ էին ու սպասում էին իրենց ճամփորդին: Կիկոն հրաժեշտ տվեց: Մոմոն, որ նստած էր բուխարու վրա, երկար ինչ- որ բան էր կարդում Կիկոյի հայացքում: Կատուների արքան այս անգամ ևս չէր սխալվել: Նրա մուգ կանաչ աչքերը գոհ էին, ու Կիկոն երկար չէր կարողանում բաժանվել սպիտակ հսկայից …

    Աղմկոտ քաղաքում Կիկոն քայլում էր մոլորվածի պես: Դա նրա հարազատ քաղաքն էր, ուր ամեն փողոց հայտնի էր Կիկոյին: Նա նայում էր իր հարազատ քաղաքին ու բարեկամ մարդկանց, որ շտապում էին ինչ-որ գործերով: Կիկոն հիշեց լճի տակ եղած ժամանակ իր տեսած պատկերը, որտեղ ինքն իրեն տեսնում էր տիեզերքի անծայր օվկիանոսում` անթիվ աստղերի նավարկության կենտրոնում: Հիմա նա, աշխարհի երեսին անշարժ կանգնած ու շրջապատված մարդկային անհամար բազմության իրարանցմամբ, այլ կերպ էր տեսնում ամեն բան: Քաղաքի քարե մայթերի մեջ բանտարկված ծառեր կային, որ հիշեցնում էին վանդակում փակված թռչուններ, որոնց ազատել նա չէր կարող: Մարդիկ հողը պատել էին քարերով ու ձյութով ու իրենք էլ կոշիկներ հագել իրենց ոտքերին՝ ասես ավելի կատարյալ կտրվելու համար հողից: Կիկոն հիշեց Նկարչին, որ անապատի տաք ավազների վրայով բոբիկ քայլում ու ուժ էր ստանում արեգակի շողերից շիկացած ավազից, ու Գիլգամեշի պատմությունը, որ պարիսպներով էր կտրվել աշխարհից:

    Նախկինում նա, շատերի նման, համոզված էր, որ Վանկուվերը ամենից ներդաշնակ քաղաքն է աշխարհում: Այն այնքան համահունչ էր ձուլվում բնության հետ իր այգիներով ու պուրակներով, որ կախարդական էր թվում: Բայց հիմա ամեն բան այլ էր: Կիկոն քայլում էր բարձր շենքերի արանքում սեղմված մայթերով ու տեսնում քաղաքը վերևից: Նա տեսնում էր այն իր ստեղծման առաջին օրվանից ու տեսնում էր դրա ճանապարհն ամբողջությամբ: Այդ ճանապարհը  տարբերվում էր իր ընտրած ճանապարհից…

    Երկար բացակայության պատճառով Կիկոյի գործատուն որոշել էր հեռացնել անպատախանատու աշխատակցին: Երբ նա իմացավ այդ մասին՝ կարդալով իր փոստարկղի երկու նամակներից առաջինը, շատ ուրախացավ: Նա այլևս ստիպված չէր լինելու գնալ ու երկար զրույց ունենալ իր գործատուի հետ: Երկրորդ նամակը Կիկոյին ավելի ուրախացրեց: Ծնողների մոտ ամեն բան կարգին էր, ու նրանք, ինչպես միշտ, անհանգստանում էին իր համար: Կիկոն ժպիտով կարդաց այդ նամակը, բայց որոշեց չպատասխանել դրան: Միևնույն է, իր առաջին գործը պիտի լիներ նրանց այցելության գնալը:

    Կիկոն ապրում էր բարձրահարկ շենքում: Իր հարմարավետ բնակարանում նա չկարողացավ երկար մնալ: Նա բարձրացավ տանիք` սենյակից  իր հետ վերցնելով միայն մի աթոռ: Գորշ ու սառը դեմքերով  փողոցները արտացոլվում էին նրա աչքերում: Հսկա երկնաքերները կնճիռներ էին առաջացրել քաղաքի դեմքին: Նրանց տակ անդադար աղմկում էին մեքենաներն ու մարդիկ: Ինչ-որ մեկը փախչում էր մեքենայից, իսկ ոմանց՝ մեքենաները նույնքան շտապ տանում էին դեղահոտ հիվանդանոցներ: Այդ ամենը խլացնող աղմուկ էր տարածում շուրջ բոլորը: Ինչպես ճակատամարտի թոհուբոհի մեջ հնչող թմբուկների զարկերը, որ խլացնում են ընկնողների աղաչանքի ձայները: Քաղաքը խլացնում էր աղերսող երկրի խուլ ձայնը, որը լսելի էր միայն Կիկոյին:

    Կիկոն նայում էր բարձր տանիքից ամբոխի իրարանցմանը ու փորձում գտնել իր տեղը: Նա գիտեր, որ ներքևում իր  համար տեղ չկա, ու որ իր ուժերից վեր է փոխել այն ամենը, ինչ տեսնում է ներքևում: Անգամ Գիլգամեշը  չկարողացավ դա անել իր իսկ ստեղծած քաղաքում: Ուր մնաց՝ Կիկոն … Նա երկար մնաց, մինչև որ մոռացված բջջայինը կրկին հիշեցրեց իր մասին բաճկոնի գրպանից: ‹‹Քո մասին ես անգամ մոռացել էի››, –  մտածեց նա :

    Վթարից հետո քաղաքակրթության բոլոր պարագաները մնացել էին մեքենայի մեջ, ու Կիկոն սովորել էր ապրել առանց դրանց: Բայց քաղաքում կյանքն այլ կանոններ ունի, ու Կիկոն, չցանկանալով, ենթարկվում էր դրանց: Զանգողը Բոբն էր` Կիկոյի լավագույն ընկերը մանկության տարիներից: Նրանք լավ գիտեին իրար, ու Բոբն արդեն սկսել էր անհանգստանալ Կիկոյի համար: Արդեն քանի օր նա չէր կարողանում գտնել նրան:

    • Կիկո՛, գրողը քեզ տանի, որտե՞ղ ես, – լսվեց բջջայնից Բոբի՝ մշտապես ուրախ ձայնը:
  • Իմ սենյակում: Ի՞նչ կա:
  • Ի՞նչ կա,  արի՛ մեր բարը. խոսելու բան կա: Ես արդեն այստեղ եմ:

  • Կիկոն անջատեց հեռախոսն ու վար ցատկեց աթոռի թիկնակից, որի վրա նստած էր: Հետո վերելակը երկար իջեցրեց նրան ցած, ու Կիկոն վերջապես դուրս եկավ շենքից: Մի որոշ ժամանակ խլեցին նաև քաղաքի կարմիր ու կանաչ լույսերը՝ մե՛կ արգելելով, մե՛կ թույլ տալով շարժվել առաջ, մինչև որ Կիկոն հասավ բար:

    Կիսախավար բարում Բոբի շիկակարմիր մազերը մուգ շագանակագույն էին երևում, բայց նրամիշտ ինչ-որ բան փնտրող աչքերը նույնն էին: Բոբը բնավորությամբ նման էր իր աչքերին: Նա շարունակ նոր մտքեր էր հղացնում ու կիսվում Կիկոյի հետ, շտապում ու փնտրում միայն իրեն հայտնի հորիզոններ դուրս չգալով քաղաքից: Թերևս դրա համար այդ մտքերը մնում էին միայն մտքեր` Բոբի մտքեր: Երբ նրանք ողջագուրվեցին ու նստեցին նկուղային հարկի՝ իրենց սիրած սեղանի մոտ, Բոբն իրեն հատուկ առույգությամբ հետաքրքրվեց.

    • Դե՛, ծերու՛կ, խոստովանի՛ր: Որտե՞ղ էիր կորել:

    Ի ուրախություն Բոբի` այստեղ կարելի էր ազատ ծխել, ու նա արդեն երկար մատների արանքում ծխացող ծխախոտը անդադար աջ ու ձախ էր անում: Խոսելիս Բոբի ձեռքը հանգիստ չուներ: Այն, որպես կանոն, շարժվում էր նրա ձայնի բարձրության ու մտքի շարադրմանը զուգահեռ: Ասես իր երկրորդ լեզուն լիներ: Կիկոն նրան հակիրճ պատմեց, որ վթարվել, բայց ոչ մի վնաս չէր ստացել, ուստի, որոշել էր մնալ հենց վթարի տեղին մոտ  փռված գեղեցիկ վայրում: Բոբը ժպտաց.

    • Տղա՛, դու իսկապե՞ս խելառ ես: Այստեղ բոլորը պատրաստվում էին քեզ որոնել, եթե ես չասեի, որ դու, իբր, զանգել ես ինձ, ու քեզ  հետ ամեն բան կարգին է, ապա քո հանգիստը հաստատ կարճ կտևեր: Հա՛, հատկապես քո սիրելի ղեկավարը… Այդ տհասն անդադար ինձ էր զանգում: Խոսե՞լ ես նրա հետ, ի՞նչ ասացիր:
  • Ոչինչ: Ես ազատ եմ, – շատ հանգիստ ձայնով ասաց Կիկոն` գարեջրի ծանր գավաթը բերանին մոտեցնելով:
  • Բա հիմա ի՞նչ ես անելու:

  • Ոչի՛նչ: Համենայնդեպս, ես արշավից դուրս եմ եկել:

  • Արշա՞վ,  ի՞նչ արշավ :

  • Ձիերի, – բերանը մի փոքր ծռելով` ասաց Կիկոն: Ապա, Բոբի հայացքում զգալով պարզաբանման կարիք, ավելացրեց.

  • Մենք նման ենք ձիերի, որ վազում ենք ձիարշավարանում, իսկ մեզ վճարողները մեր ժոկեյներն են: Լավ ձիուկներին լավ են նայում, իսկ վերջինը եզրագծին հասնողներին` դուրս շպրտում:

  • Հա՛, եղբայր, ճիշտ ես: Ամբողջ աշխարհն է հիմա այդպիսին: Ուրեմն ի՞նչ, դու որոշել ես վերջապես ժոկե՞յ դառնալ:

  • Չէ՛, դա ավելի վատ է: Ձիու դերում լինելը լավ չէ, բայց ձիերին տանջողի դերում լինելն ու նրանց հաշվին հարստանալն ավելի վատ է:

  • Բոբը բաց թողեց թոքերի ծուխն ու, միևնույն ժամանակ, հանգցրեց ծխախոտը: Նրա ունքերն իրար մոտեցան ծխից կկոցած աչքերի վրա, ու նա զարմացած հայացքով հարցրեց Կիկոյին.

    • Ինչի՞ մասին ես խոսում: Կարծես հանդիպած լինես բուսակեր մի օրիորդի, որ կարգին քչփորել է ուղեղիդ մեջ ու քեզ իրենով արել: Այդպիսին է կյանքը:

    Այդ ասելով` Բոբը ձեռքերը պարզեց, ու նրա բարձր ձայնի մեջ խորը համոզմունք լսվեց:

    • Թե՞ ուզում ես ինչ-որ կրոնական խմբակ բացել ու քարոզել այդ ամենը: Եթե այդպես է, ինձ վրա հույս չդնես : Ավելի լավ է՝ քաղաքական կուսակցություն կամ հոսանք հիմնենք: Հա՛, հա՛, կգնաս թատերական արվեստի դասերի ու մարդկանց կխոստանաս լավ ապագա: Ես էլ քո օգնականը կլինեմ:

    Բոբը, իհարկե, զվարճալի զրուցակից էր, բայց Կիկոն իսկապես դեռ չէր որոշել ոչինչ: Ու թեպետ նա խոսում ու կատակում էր Բոբի հետ, նրա մտքերն այլ տեղ էին: Ծխախոտի ծուխը, անվերջ խմող մարդիկ, որոնք միշտ ինչ-որ ‹‹կարևոր›› բաներից էին սկսում խոսել սկզբում, իսկ հետո դատարկությունների անցնում, խիստ ճնշող էին: Կիկոն հասկանում էր, որ ժամանակ շատ չունի: Նա գիտեր, որ քաղաքը կլանում է ուժեղներին ու ճահճի պես դանդաղ քաշում նրանց իր խորքերը,  մինչև  որ խորտակի: Բայց Կիկոն չգիտեր՝ ուր փախչել: Ամենից հավանականը լեռներն էին` ազատության կղզիները, կամ հյուսիսում ինչ-որ գյուղաքաղաք գտնելը:

    Նրա միտքը  կտրվեց  Բոբի լուրջ ձայնից.

    • Լսի՛ր, եթե իսկապես հանդիպել ես այդ օրիորդին, ապա հնարավորինս արագ գրողի ծոցն ուղարկիր նրան, քանի դեռ ուշ չէ:
  • Չէ՛, չէ՛, ոչ մի օրիորդ էլ չկա: Պարզապես այս ամենը հոգնեցրել է ինձ: Մենք ստրուկների նման բանում ենք առավոտից գիշեր աղբի համար: Մեր ժամանակը դարձնում ենք փող: Դրա մի մասը տալիս ենք պետությանը, իսկ մյուս մասը, ի վերջո, դառնում է աղբ: Հարուստ ու աղքատ ստրուկներիս միակ տարբերությունն աղբի քանակի մեջ է: Հարուստներինը ավելի շատ է:
  • Չէ՛,  դու իրոք պետք է կուսակցություն բացես: Ես քվեարկում եմ պարոն Պելլեգրիի օգտին:

  • Տեղից վեր թռավ Բոբը, աջ ձեռքը բարձրացրեց ու ամբողջ բարով մեկ բարձրաձայն կանչեց: Հետո նա դարձավ բարմենին, որ բոլորի պես զարմացած նայում էր իր կողմը, և ամենայն լրջությամբ հարցրեց.

    • Իսկ Դու՞ք, պարո՛ն :
  • Ես էլ, – ժպտադեմ պատասխանեց նա` բացելով սպիտակ ատամները:
  • Այո՛,  բոլորս՝ Պելլեգրիի համար …

  • Բոբը կշարունակեր ներկայացումը, եթե Կիկոն նրան չնստեցներ: Դա Բոբին հատուկ էր, ու Կիկոն ամենևին չզարմացավ: Ներսում բոլորը ժպտում էին, բացի նրանց դեմ հանդիման նստած երկու տղամարդուց: Նրանց դժգոհ հայացքները նկատելի էին անգամ կիսախավար բարի մյուս ծայրում:

    • Դե լավ, Բո՛բ, վերջացրու՛: Բոլորը մեզ են նայում:
  • Թո՛ղ նայեն, մի՛ զրկիր նրանց կյանքի փոքր պարգևներից:
  • Բոբի էներգիան կհերիքեր ամբողջ քաղաքին: Նա հասկանում էր Կիկոյին, բայց և նախընտրում էր լինել ռեալիստ: Ու, եթե կարող էր ընտրել, ապա, առանց  դույզն-ինչ կասկածելու, գերադասում էր լինել, ինչպես ինքն էր պնդում, ‹‹հաջողակների շարքերում››: Բոբի համար՝ հանուն հոսանքին հակառակ լողալու՝ հարմարավետ կյանքից հրաժարվելը կատարյալ անհեթեթություն էր: Նա բարի սիրտ ուներ, բայց,  ինչպես Նկարիչն էր ասում, բոլորի պես թաքցնում էր այն: Նրանք զրուցում էին, իսկ մոռացված քաղաքում վաղուց վառվել էին լույսերը: Բոբը փորձում էր հետ պահել Կիկոյին իր մտքերից ու բացատրել, որ նա սխալվում է: Բայց արդեն լուսանում էր, ու նրանք պիտի բաժանվեին: Չնայած ամենին` Բոբի հետ միշտ ուրախ էր, ու այս անգամ նույնպես Կիկոն կարողացավ մի կարճ ժամանակ կտրվել իր մտքերից: Ընկերները բաժանվեցին՝ մի օր անպայման հանդիպելու պայմանով: Կիկոն Բոբին նայում էր կարոտով լի աչքերով, չնայած դեռ չէին բաժանվել: Իսկ ընկերոջ՝ միշտ ուրախ հայացքում առաջին անգամ տխրություն էր նշմարվում:

    Ծնողներին այցելելուց հետո Կիկոն մի որոշ ժամանակ ճամփորդեց, մինչև որ գտավ իր նոր հանգրվանը  …

    Մեքսիկական չոր տափաստաններում սուլում էր միայնակ ու անսանձ քամին: Նոսր թփերից ու կակտուսներից բացի, ոչինչ չկար նրա ճանապարհին: Քամին խաղում էր բարձրահասակ երիտասարդի գանգուրների հետ, որ միայնակ կանգնած էր փոքրիկ բլրակի վրա կառուցված սպիտակ տնակի առջև: Նա խոր հայացք էր ձգում ակոսների մեջ դրված տնկիներին, որոնք ձգվում էին մինչև հովտի ծայրը: Ջրհորի պոմպը խախտում էր գիշերվա լռությունը՝ անդադար ջուր լցնելով ակոսների մեջ: Տնկիները մեծանում էին, տնակը՝ նույնպես: Նրա` բոլոր կողմերից շրջապատված նեղ կամարաձև պատուհանները այլևս անապատի չէին նայում: Իսկ տնակի դիմաց կանգնած գանգրահեր տղամարդը հայացքով հսկում էր այգու ստվերներում վազվզող երեխաներին: Քամին միայն շոյում էր նրա գլուխը:

    Այգին փոխում էր դարչնագույն տափաստանըազատելով նոր հողեր: Կիկոն այլևս չէր տեսնում իր անտառի ծայրը: Դեպի հյուսիս շտապող քամու հետ նա ջերմ ողջույններ էր ուղարկում հուսալով, որ իր ստեղծած կտավը կերկարացնի Նկարչի կյանքն ու ուժ կտա նրան: 

    Վերջաբան

    Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր: Եւ ահա մի մարդ, Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ,  ուզում էր տեսնել, թէ ո՛վ է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր:  Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու:  Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»:  Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ:  Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին եւ ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու: Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կը տամ աղքատներին, եւ եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ»:  Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է,  որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտրելու եւ փրկելու կորածին»:

    Spread the love
    •   
    • 83
    •  
    •  
    •  
    •  
      83
      Shares
    • 83
    •  
    •  
    •  
    •  
    •  

    Leave a Reply

    Your email address will not be published.

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.