Մերձավոր Արեւելքում հայ համայնքներն ավարտված են

- in Վերլուծական
217
Hayastan

Հայաստանի ու արաբական աշխարհի հարաբերությունները.

Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունների սահմանափակությունն անդրադառնում է հարեւան տարածաշրջանների՝ Սեւծովյան-Բալթյան, Կենտրոնասիական եւ Մերձավորարեւելյան երկրների հարաբերությունների զարգացման վրա:

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ է ստեղծել այդ շրջանների առանցքային երկրներում, սակայն դա բավարար չէ Հայաստանի շահերի պաշտպանության համար:

Ադրբեջանն ու Թուրքիան հետեւողական իրականացնում են Հայաստանի աշխարհքաղաքական ու գեոտնտեսական շրջափակման քաղաքականություն, եւ շրջափակման հաղթահարումը շատ բանով կախված է այդ երեք շրջաններում Հայաստանի քաղաքականությունից, որտեղ շատ պետություններ շահագրգիռ են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ, ինչը ցույց են տալիս Բուլղարիայում Հայոց ցեղասպանության ճանաչման տապալումն ու Հունգարիայի կողմից հանցագործի հանձնումը, Ուկրաինայի կողմից զենքի մատակարարումներն Ադրբեջանին, Հայաստանի հանդեպ Վրաստանի երկիմաստ քաղաքականությունը եւ այլն:

Արաբական պետությունները, որոնք կազմում են իսլամական աշխարհի հիմքը, Հայաստանի հանդեպ ընդհանուր առմամբ թշնամական կամ անբարեհաճ վերաբերմունք չեն ցուցաբերել:

Բացառությամբ Սաուդյան Արաբիայի, որը վարում է սպեցիֆիկ արտաքին քաղաքականություն, արաբական պետությունները Հայաստանը դիտարկում են որպես պետություն, որը կատարում է աշխարհքաղաքական որոշակի դեր 4 պետությունների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի հատման տեղում, որոնց հետ արաբներն ունեն միաժամանակ եւ փոխադարձ շահեր, եւ լուրջ հակասություններ:

Հայաստանը հաջողություններ ունի արաբական առաջատար պետությունների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Քաթարի, Քուվեյթի ու Իրաքի, արաբական աշխարհի «հանգուցային» պետության՝ Լիբանանի հետ հարաբերությունների զարգացման հարցում:

Հայաստանը սերտ հարաբերություններ է ձեւավորել Իրանի հետ, որոնք կարելի է համարել ռազմավարական: Հայաստանը զուսպ է վերաբերվում Իսրայելի հետ հարաբերության զարգացմանը, որի հետ ունի քաղաքական լուրջ խնդիրներ:

Ռուսաստանի ու նրա ստեղծած ռազմա-քաղաքական բլոկի հետ վասալային ու նվաստացուցիչ «համագործակցությունը» սահմանափակում է Հայաստանի քաղաքականությունը Եվրոպական միության ու ՆԱՏՕ-ի ուղղությամբ: Կարող է տարօրինակ թվալ, սակայն սա կարեւոր հանգամանք է արաբական երկրների համար՝ Հայաստանի դերի ու հնարավորությունների դիտարկման հարցում:

Ընդհանուր առմամբ, արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունները շատ բանով տապալվել են, եւ հասկանալի է դարձել, որ Հայաստանը կորցրել է արժեքավոր ժամանակ: Չի հաջողվել ամուր ու բլոկային հարաբերություններ հաստատել Մերձավոր Արեւելքում, Հայաստանի դեսպանատները բավական զգուշավոր են պահել իրենց, չարտահայտվելով նույնիսկ շրջանի հայ բնակչության անվտանգության կապակցությամբ:

Միեւնույն ժամանակ, այս շրջանը կարող էր դառնալ շուկայական լայն ասպարեզ, այդ թվում սպառազինության մասով: Հայաստանի նույնիսկ փոքր ջանքերը կարող էին հանգեցնել լուրջ փոփոխությունների ազգային անվտանգության մասով:

Հայաստանն արդեն փորձել է դիվանագիտական հարբերություններ հաստատել իրաքյան Քրդստանի հետ, ինչը դարձավ շրջանի քաղաքական իրողություններին ներգրավվելու միակ փորձը:

Հայաստանը հետեւում է իրադարձություններին, մշտապես հետ մնալով դրանցից եւ ձգտում է դուրս չգալ Ռուսաստանի ակտիվության շրջանակներից: Դա երկիրը հասցրել է քաղաքական հետնպահաի վիճակին:

Հայաստանը խիստ պասիվ էր սիրիական հայերի ճակատագրի հարցում, այդպիսով նրանց դատապարտելով անկազմակերպ տեղահանության: Հայաստանն այդպես էլ ոչ մի էական բան չի արել Մերձավոր Արեւելքի հայ համայնքների փրկության հարցում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ջանքերը ներգրավելու ուղղությամբ:

Վախվորած քայլերը ներկայացվում են որպես ակտիվ քաղաքական գործողություններ: Ըստ էության, այն ամենը, ինչ փորձում է անել Հայաստանը Մերձավոր Արեւելքում, ենթարկված է Ռուսաստանի շահերին:

Ժամանակն է ընդունել, որ շրջանում հայկական համայնքներն ավարտված են, եւ ներկայում ինչ տեղի է ունենում, «մնացուկային երեւույթներ» են:

Պետք է նշել, որ արաբական երկրներից դուրս եկած հայերը կարեւոր դիրքեր ունեն ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում: Հայաստանում նրանք դարձան ընդամենը արհեստավորներ: Ըստ ամենայնի, արաբական երկրներից Հայաստանում վերաբնակված հայերը հույս չունեն, որ կդառնան իրենց պատմական հայրենիքի մշտկան քաղաքացիներ:

Ներկայում արաբական երկրները բազմաթիվ խնդիրներ ունեն եւ հետաքրքրություն չեն ցուցաբերում Հարավային Կովկասի հանդեպ, բացի իսլամական տրամադրություններից: Սակայն այս մոտիվացիան էլ չի դարձել պետական ակտիվ քաղաքականության մաս:

Պետք է ասել, որ եգիպտական ծառայությունները շատ բան են վերահսկում շրջանում եւ փորձում են հասկանալ, թե Հարավային Կովկասում ինչ մտադրություններ ունեն արաբական այլ խոշոր պետությունները, Իրանը եւ Թուրքիան: Արաբական երկրների մի մասը Եգիպտոսին բավական շատ տեղեկատվություն է տրամադրում այս հարցում:

Հայկական համակարգային հատուկ ծառայությունում մինչ այժմ չկա ու չի նախատեսվում որեւէ «արաբական թեմա»: Իսկ արաբական երկրներում Հայաստանի դեսպանատները զբաղված են արաբական մամուլից «արտագրություններ» անելով:

Արաբական շատ երկրներ քննադատաբար են վերաբերվում Թուրքիային ու Ադրբեջանին, եւ որքան էլ տարօրինակ է, արաբները զգուշանում են նրանից, որ թուրքական ներկայիս քարոզչությունը ներառում է իսլամական գաղափարներ: Հասկանալի է, որ Պարսից ծոցի արաբական երկրները զգուշանում են Թուրքիայից՝ թուրքական իսլամական քարոզչության հնարավոր ուժեղացման պատճառով:

Արաբական երկրները լավ տեղեկացված են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին: Արաբական այդ երկրները Հայաստանը դիտարկում են որպես երկիր, որը մոտ ապագայում հայտնվելու է ԱՄՆ միանշանակ ազդեցության տակ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20