Մոդել՝ դուրս մնացած և ներս անցած ուժերի միջև

- in Կարծիք

Խորհրդարանի ընտրությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորվել է որոշակի աննախադեպ իրավիճակ՝ մի քանի առումներով:

Ըստ էության, երբեք անցողիկ շեմից դուրս չեն մնացել այնքան թվով քաղաքական ուժեր, այսպես ասած, մինչ այդ եղած ներկապնակի հիմնական գույներից, որքան ապրիլի 2-ի քվեարկության արդյունքում: Մեծ հաշվով, եթե դիտարկենք իրավիճակը, ապա ակնհայտ է, որ անցողիկ շեմը հաղթահարած և չհաղթահարած ուժերի միջև տարբերությունը շատ մեծ չէ:

Խոսքն, իհարկե, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ու նաև ՀՀԿ կոալիցիոն ընկեր ՀՅԴ-ի մասին չէ, այլ «Ելք» դաշինքի: Դաշինքը հավաքել է մոտ 8 տոկոս, սակայն եթե դիտարկենք, որ այն երեք կուսակցությունների միավորում է, ապա կարձանագրենք, որ առանձին կուսակցական մասնակցության դեպքում անցողիկ շեմը նույնքան անհաղթահարելի կլիներ, որքան ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի, «Ազատ դեմոկրատների», ՀՎԿ-ի կամ ՕՐՕ դաշինքի դեպքում: Թեև դաշինք են թե՛ «Կոնգրես-ՀԺԿ»-ն, թե՛ ՕՐՕ-ն, այնուհանդերձ՝ հստակ է, որ առաջինի դեպքում դա ըստ էության ՀԱԿ կուսակցությունն է, այսինքն՝ դե ֆակտո մեկ կուսակցություն, իսկ ՕՐՕ-ի դեպքում էլ խոսքը դե ֆակտո մեկ գործոնի՝ Սեյրան Օհանյանի գործոնի մասին է:

Այսպիսով, ստեղծվում է մի իրավիճակ, երբ մինչ ապրիլի 2-ը հիմնական կազմի խաղացողներ համարվող ուժերի մեծ մասը մնում է խորհրդարանից դուրս, արտախորհրդարանական կարգավիճակում: Մտածել, թե նրանք հրաժարվելու են քաղաքական գործունեությունից և լուծարվելու են, իհարկե՝ կլինի միամտություն: Առավել ևս, որ Հայաստանն էլ Ֆրանսիա չէ, որտեղ անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցությունները օրենքով նույնիսկ դուրս են մնում քաղաքականությունից: Հետևաբար բավական ուշագրավ կլինի տեսնել, թե ինչ է տեղի ունենալու այս՝ արտախորհրդարանական դաշտում:

Ակնհայտ է, որ դուրս մնացածների ավտոմատ, այսպես ասած՝ ինքնըստինքյան միավորում հետընտրական զարգացումների շուրջ տեղի չի ունենալու, քանի որ չեն լինելու հետընտրական զարգացումներ ընդհանրապես՝ չկան դրա նախադրյալներն ու իմաստը: Հնարավո՞ր է որևէ այլ ֆորմատի, այլ նպատակի և իմաստի շուրջ այս ուժերի կամ նրանցից որոշների միջև գործակցություն: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ դուրս մնացած բոլոր ուժերը այս կամ այն չափով ունեն զուտ իրենց արդյունավետության հետ կապված խնդիրներ, բովանդակային վերանայումների, մարտավարական ու ռազմավարական վերանայումների և արդիականացման խնդիր: Նրանց այժմ միավորում է, այսպես ասած, միևնույն «դժբախտությունը», բայց դա, իհարկե, շատ քիչ է միասնական որևէ հետագա գործողության համար:

Հետընտրական իրավիճակում անելիքի մասին կողմնորոշվել կամ, համենայնդեպս, իբրև բովանդակային պատկերացում ուղենշել է միայն Հայ ազգային կոնգրեսը, որի առաջնորդը հայտարարել է, որ շարունակելու են քարոզել Արցախի խնդրի լուծման իրենց մոտեցումն ու նույնիսկ ձգտել շարժում ձևավորելու: ՕՐՕ դաշինքը հայտարարել է միայն, որ կլինի իշխանափոխության ցանկացած շարժման առաջնագծում, բայց պարզ չէ՝ դաշինքն ինքն արդյո՞ք հանդիսանալու է նման շարժման հետևորդ, արդյո՞ք դնելու է իր առաջ նման խնդիր, թե՞ կարձագանքի ընդամենը իրավիճակին և այդպիսի այլ նախաձեռնության առաջին աջակիցը կլինի:

Ինչ են անելու «Ազատ դեմոկրատներն» ու «Հայկական վերածնունդը»՝ դեռ պարզ չէ: Միևնույն ժամանակ պարզ չէ, թե դուրս մնացածները կմասնակցե՞ն Երևանի ավագանու, այսպես ասած, կիսահամապետական ընտրությանը, որը արդեն առնվազն երեք տարի ըստ էության, այսպես ասած, համապետական ընտրությունների «մխիթարական լիգան» է: Համենայնդեպս, ակնհայտ է, որ զուտ ընդդիմադիր դաշտում դիսկուրսի տեսանկյունից խորհրդարանում ձևավորված ստատուս քվոյին զուգահեռ բավականին ուշագրավ ստատուս քվո է ձևավորված նաև խորհրդարանից դուրս: Անկասկած է նաև, որ իշխանությունը այդ դաշտը հազիվ թե թողնի ուշադրությունից դուրս, և այս իմաստով ամենևին չի բացառվում որոշակի մրցակցությունը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր «դիսկուրսների» միջև:

Միևնույն ժամանակ հետաքրքրական է նաև, թե արդյո՞ք կարող է լինել գործակցության որևէ տարբերակ կամ մոդել դուրս մնացած և ներս անցած ուժերի միջև:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments