Ռուսաստանի վտանգավոր մտադրությունը Արցախում

- in Վերլուծական
247
paterazm

Արեւմուտքը, Հյուսիսն ու Արեւելքը բավարար հնարավորություններ են ունեցել համոզվելու, որ Հարավային Կովկասում միայն երկու պետություն կա, որոնք ընդունակ են ռազմավարական գործընկերներ լինել՝ Հայաստանն ու Արցախը:

Հայաստանի գործընկերները վաղուց եկել են այդ համոզման: Սակայն այս հանգամանքը պարզվեց բարդ ու անհասկանալի է հայկական քաղաքական դասի շրջանում, որը զբաղված է անիմաստ ինտրիգներով, ներգրավելով արտաքին կողմերին:

Ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի քաղաքականությունը տարբեր փուլերում բավական ադապտիվ էր թվում իր ոճով ու բովանդակությամբ, թեեւ քաղաքական գրականության մեջ կան գնահատականներ, թե Ռուսաստանը միշտ ցուցաբերել է ղարաբաղյան խնդրի լուծման նույն մոտեցումներն ու սկզբունքները:

Երկար ժամանակ Ռուսաստանն իրականացնում էր սպասելու քաղաքականություն եւ գերադասում էր ստատուս-քվոյի պահպանումը, չնայած նրան, որ ժամանակ առ ժամանակ նախաձեռնություններ էր ձեռնարկում ի հակակշիռ վճռական դեր խաղալու ԱՄՆ-ի փորձերի:

Երկար տարիների ընթացքում, հատկապես 1995-2003 թթ. Ռուսաստանը ղարաբաղյան խնդիրը դիտարկում էր ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի վրա ճնշում ու ազդեցություն գործելու նպատակով: Ռուսաստանը հաճախ էր ազդանշաններ տալիս Ադրբեջանին՝ այդ խնդրում իր դիրքորոշման փոփոխության հնարավորության վերաբերյալ, եթե Բաքուն վերանայեր իր որոշ դիրքորոշումներ:

Այս փորձերն էական փոփոխությունների չհանգեցրին ռուս-ադրբեջանական հարաբերություններում, սակայն հայ հանրության ու քաղաքական ղեկավարության մեջ անվստահություն առաջացրեցին Մոսկվայի քաղաքականության հանդեպ:

Անվստահությունը հատկապես պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանն անտեսեց Հայաստանի սպառազինության պահանջմունքները:

Միաժամանակ, Ռուսաստանն այս կամ այն ձեւով իրագործում էր սպառազինության մատակարարումներն Ադրբեջանին: Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ այս իրավիճակը փոխվեց, ներկայում Հայաստանը ստանում է անհրաժեշտ սպառազինության մեծ մասը:

2008-2009 թթ. Ռուսաստանը փորձեց նոր դիրքեր ձեռք բերել շրջանում, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում իր դերի ակտիվացման միջոցով: Հայաստանում Ռուսաստանի այս քաղաքականությունն ու մտադրություններն անհանգստություն էին առաջացնում:

Հայաստանի ղեկավարությունն այդ ժամանակաշրջանում փորձում էր պարզել այդ հարցը Մոսկվայում եւ բավարարված չէր պարզաբանումներով:

Միեւնույն ժամանակ, ղարաբաղյան թեման սկսեց անհանգստացնել Ռուսաստանին, քանի որ այն դադարել էր լինել տարածաշրջանային քաղաքականության արդյունավետ գործիք, ավելին՝ այն աստիճանաբար դառնում էր ամերիկյան քաղաքականության գործիք:

Ռուսաստանը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում երեւում է հետագայում էլ է փորձելու շահագրգռել Հայաստանին ու Ադրբեջանին: Ռուսաստանի առաջ կանգնած է Ադրբեջանի հետ նոր, առավել վստահելի հարաբերություններ հաստատելու խնդիրը, ինչը թույլ կտա ղարաբաղյան խնդրի լուծումն իրագործել կարգավորման հիմնական գործընթացի, այսինքն՝ Մինսկի խմբի շրջանակներից դուրս:

2008-ի աշնանը, երբ Ռուսաստանի նախաձեռնությամբ ստորագրվեց Մայնդորֆյան համաձայնագիրը, ԱՄՆ-ն հասկացնել տվեց, որ չի ընդունի «այլընտրանքային» լուծումներ, որոնք ինքը լեգիտիմ չի ճանաչի: Դա իհարկե որոշակի դեր խաղաց մայնդորֆյան նախաձեռնության տապալման հարցում, սակայն 2010-ի սկզբին Ռուսաստանը փորձեց վերադառնալ լուծման այդ ձեւաչափին:

Մոսկվայում հասկանում էին, որ բոլոր շահագրգիռ կողմերի ընդունած Մադրիդյան սկզբունքների վրա բազավորված կարգավորման գործընթացը տապալվել է ու որոշակիորեն սպառվել:

Այդ պատճառով ուժի համաշխարհային կենտրոնները վաղ թե ուշ կառաջարկեն ղարաբաղյան խնդրի լուծման նոր ձեւաչափ եւ նոր սկզբունքներ:

Ռուսաստանը չի պատրաստվում սպասել նոր նախաձեռնություններին ու փորձում է առաջ քաշել իր առաջարկները, հաշվի առնելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի հետ իր հարաբերություններն առավել կարեւոր ու բովանդակալից են, քան այս երկու պետությունների հարաբերություններն ԱՄՆ-ի ու ընդհանրապես Արեւմուտքի հետ:

Ղարաբաղյան խնդիրն, անկասկած, ապագայում նոր բարդությունների կհանգեցնի հայ-ռուսական հարաբերություններում, եթե Ռուսաստանն առաջարկի տարածքային անթույլատրելի զիջումներ: Առայժմ սակայն խոսքը Ադրբեջանի հետ «նոր» հարաբերություններ ձեւավորելու մասին է, որոնք դեռ հեռու են հեռանկարի բավարար ընկալումից:

Բաքվում հասկացել են, որ 2008-2009 ժամանակաշրջանում կորցրել են կարգավորման գործընթացում առավելության հասնելու իրական հնարավորությունները: Այդ պատճառով Բաքվում առավել ուշադիր են դարձել Ռուսաստանի առաջարկներին, որոնք երեւում է անայլընտրանքային կդառնան խնդրի լուծման հարցում:

2013 թ. Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների պարիտետային պայմաններ ստեղծելու Ռուսաստանի փորձերը տապալվեցին, ոչ միայն Ադրբեջանի զգուշավոր դիրքորոշման, այլեւ ԱՄՆ-ի համապատասխան հակազդեցության պատճառով:

Այս գործընթացը Ադրբեջանի աբսորբացիայի եւ նրան Ռուսաստանի գործընկեր դարձնելու գագաթնակետն էր: 2013-ից հետո, երբ ռուսները Հայաստանին ստիպեցին հրաժարվել Եվրամիության հետ ասոցիացիայից, եկավ Հայաստանի շահերը լիովին անտեսելու ժամանակաշրջանը: Ավարտվեց այն ժամանակաշրջանը, երբ Ռուսաստանը գերադասում էր գործընկերային հարաբերություն ունենալ Հայաստանի հետ:

Հայաստանում ու Արցախում ամենաշատ մտահոգված են ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների վերաբերյալ առաջարկներից: Կասկած չկա, որ խաղաղապահները վերջին հաշվով խաղալու են Ադրբեջանին ձեռնտու կանոններով, եւ դա անհնար է հաղթահարել որեւէ համաձայնագրով:

Մտահոգություն է պատճառում ցանկացած պետության խաղաղապահների մասնակցության հնարավորությունը, եւ լիովին հասկանալի է, որ վաղ թե ուշ խաղաղապահ կոնտինգենտում դոմինանտ դեր է ունենալու Ռուսաստանը:

Ռուսաստանի բանակը տխուր հիշողություններ է թողել Արցախում, քանի որ երկու անգամ՝ 1991-ին ու 1992-ին մասշտաբային պատժիչ արշավ է ձեռնարկել հայերի դեմ, ոչնչացնելով տասնյակ հայկական բնակավայրեր եւ հանգեցնելով հազարավոր հայերի սպանությանը, իրականացնելով ցեղասպանական ու տեղահանման գործողություններ:

Որքան էլ փոխվեն քաղաքական եւ այլ պայմանները, այդ իրադարձությունները չեն կարող անտեսվել ու հաշվի չառնվել հակամարտության գոտում ռուս խաղաղապահների մասնակցության հարցում:

Պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը, որն անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի ու ԱՄՆ-ի հետ, կարող է համաձայնվել ռուսական խաղաղապահների ներկայությանը միայն իր պայմաններով խնդրի լուծման դեպքում:

Հայաստանը կարող է խաղաղապահներին համաձայնվել միայն իր պաշտպանունակության էական անկման, հաղորդակցական ու ֆունկցիոնալ լիակատար շրջափակման ու մեկուսացման դեպքում, որը ներկայում մասնակի առկա է տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, ապագայում կարգավորման գործընթացի տարբեր պայմաններում հայ-ռուսական հարաբերության իրագործման մասով առավել վտանգավորը լինելու է հակամարտության գոտի խաղաղապահ զորքեր մտցնելու Ռուսաստանի մտադրությունը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20