Վաղվա Հայաստանը. Այդ պետությունը մենք այսօր չունենք

- in Վերլուծական
100
hayastan-armenia

Այսօր ապրիլի 24-ին է, հայ ժողովրդի, համայն հայության համար օրացուցային ողբերգական մի օր: Այդ օրը հարյուր հազարավոր քաղաքացիներ Երևանում, միլիոնավոր հայեր աշխարհում մասնակցում են հիշատակի արարողություններին և սգում Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության և անմեղ զոհերի հիշատակը:

Հայության համար որևէ անհրաժեշտություն չկա նկարագրել ցեղասպանության դաժանությունը, դրա ծանր հետևանքները հայության համար թե՛ մարդկայնորեն, թե՛ որպես ազգ, հավաքական միավոր: Հայությունը կորցրեց միլիոնավոր մարդիկ, կորցրեց հայրենիք, կորցրեց զարգացման մեծ հեռանկարներ:

Բայց, այդ ամենով հանդերձ, հայն ուժ գտավ ապրելու, ուժ գտավ պայքարելու և այսօր ունի փոքր, բայց իր հայրենիքը, որն արդեն 20 տարի է, ինչ անկախ է: Եվ այս անկախ հայրենիքով սկսվում է պատմության արժևորման և վերարժևորման մի նոր շրջան, և թե՛ մեր հաղթանակները, թե՛ մեր ողբերգությունները բոլորովին նոր լույսի, նոր հայացքի ներքո ենք մենք դիտարկում, պարտավոր ենք դիտարկել: Եվ այդ նոր հայացքի ներքո մեզանում այսօր, թերևս, չի մնացել մեկը, որը կասկածի տակ դնի պարզ մի իրողություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի լավագույն տուրքը, անմնացորդ, անբեկանելի տուրքը կլինի հզոր հայկական պետականությունը, որը լիարժեքորեն կինտեգրվի համաշխարհային կյանքին, ազգերի համաշխարհային ընտանիքին, որը կլինի օրինակելի պետություն աշխարհում, որը գրավիչ կլինի թե՛ իր, թե՛ այլ պետությունների քաղաքացիների համար, որտեղ ապրելը կհամարվի պատիվ, բարեբախտություն, երջանկություն: Մեր անմեղ զոհերի հարգանքի լավագույն տուրքը կլինի այն պետությունը, որտեղ հայը հային չի գնդակահարում իշխանության համար, չի բանտարկում, չի սպառնում մարդու իրավունքին, ազատությանը, խոսքի ազատությանը, որտեղ օրենքի և իրավունքի իշխանություն է, որտեղ բոլորը հավասար են Սահմանադրության և օրենքի առաջ, որտեղ իշխանությունը հաշվետու է հասարակությանը, իսկ դատական համակարգն էլ օրենքի, ոչ թե իշխանության ու փողի պաշտպանն է:

Այդ պետությունը մենք այսօր չունենք: Մենք ունենք դե յուրե պետություն, բայց որը դե ֆակտո չի արտահայտում մեր երազանքները, մեր նախնիների, այդ թվում և ցեղասպանության զոհերի երազանքները: Եվ հետևաբար մենք այսօր արժանիորեն չենք հարգում մեր անմեղ զոհերի հիշատակը, որը միայն ապրիլի 24-ներով չէ, միայն աշխարհին ուղղված պահանջատիրությամբ չէ: Մենք մեզանից, մեր առօրյա կյանքից, մեր տեսակից, մեր որակից և կենսակերպից, մեր աշխարհայացքից ու մտածողությունից պետք է պահանջատեր լինենք և կառուցենք այն պետությունը, որի պարագայում հնարավոր կլինի ասել, որ հիմա արդեն մեր անմեղ զոհերը հանգիստ ննջում են, որովհետև նրանց սերունդները, նրանց զավակները, թոռները, ծոռները, ստեղծել են այն պետությունը, որ նաև իրենք էին երազում, որ նաև իրենց մտքում կար, հոգում կար, երազներում կար: Ուրեմն, մերը հիշատակի երթ չէ դեպի Ծիծեռնակաբերդ, մերը պետականաշեն ճանապարհ է դեպի ապագա, դեպի վաղվա Հայաստան, դեպի Նոր Հայաստան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...