ԱԺ այնպիսի նախագահ, որն անցնցում կերպով կապահովի իշխանության պահպանումը

- in Ով ով է ..., Պնակալեզներ
172
Karen Karapetyan

Չորեքշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրելու՝ քննարկելու ԱԺ նախագահների, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ու այլ ղեկավար պոստերի թեկնածությունների հարցը:

ԳՄ-ից հետո ՀՀԿ-ն հավանաբար նաև խորհրդի նիստ է հրավիրելու իր կուսակցական ակտիվին տեղեկացնելու, թե ինչ որոշումներ են ընդունել կամ ում են նշանակելու վերը նշված պաշտոններին: Խորհրդարանի բոլոր պաշտոններից ամենակարևորն ու ամենաինտրիգայինն, իհարկե, ԱԺ նախագահի պաշտոնն է, այդ պատճառով էլ հնարավոր թեկնածուների հարցը չի իջնում քաղաքական դաշտի, մամուլի և հասարակության քննարկումների առաջին սանդղակից:

Իսկ ԱԺ թեկնածուների չորս անուններ են շրջանառվում, ու դեռևս անհնար է հասկանալ, թե նրանցից ով է այդ պաշտոնի իրական հավակնորդը, կամ Ս. Սարգսյանն ում է առաջարկելու այդ պաշտոնին: Այդ մասին առայժմ գիտի միայն Ս. Սարգսյանն ինքը, հավանաբար ևս մեկ- երկու հոգի: Բացառված չէ նույնիսկ, որ այդ մասին չգիտի անգամ ԱԺ ապագա նախագահն ինքը, և նա դա իմանալու է հենց ԳՄ նիստի ժամանակ՝ վերջին օրը: Իսկ այս պահի դրությամբ այդ պաշտոնի համար շրջանառվում է չորս՝ պատգամավոր Կարեն Կարապետյանի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի անունները: Որքանով են այս թեկնածուները նպատակահարմար ԱԺ նախագահի պաշտոնին, և իրենց ո՞ր արժանիքների համար Ս. Սարգսյանը կարող է նրանցից յուրաքանչյուրին առաջարկել այդ պաշտոնին: Սկսենք վերջից:

ՀՀԿ-ն դեռևս աշնանից սկսեց երիտասարդացնել իր ղեկավար կազմը: Օրինակ՝ ԳՄ անդամ դարձրեց նույն Ա. Հովհաննիսյանին, Սամվել Ֆարմանյանին և Վիգեն Սարգսյանին: Ա. Հովհաննիսյանին նաև որպես կին անդամ ընդգրկեցին այդ մարմնում, որ ԳՄ-ի կազմի մեծացումը միայն տղամարդկանց միջոցով չլինի: Իսկ նա ԱԺ նախագահ լինելու համար ունի ներկայանալի կեցվածք, միջազգային կառույցների՝ մասնավորապես ԵԽԽՎ-ի հետ աշխատելու և գերատեսչություն ղեկավարելու որոշակի փորձ: Բայց թե խորհրդարանական դիվանագիտության, թե ղեկավար լինելու նրա ունեցած հնարավորություններն այնքան էլ բավարար չեն ԱԺ նախագահ լինելու համար: Նա թեև մի քանի տարի եղել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, բայց դա քիչ է ամբողջությամբ տիրապետելու այդ արվեստի նրբություններին: Մյուս կողմից խորհրդարանը նախարարություն չէ, որ ԱԺ նախագահը լինի պատգամավորների ղեկավարը: Վերջինս բոլոր 105 պատգամավորների հետ հավասար է ընտրվել, և պատգամավորները պարտավոր չեն ենթարկվել ԱԺ նախագահին: Հատկապես այս խորհրդարանում, որտեղ կան Ա. Հովհաննիսյանից տարիքով շատ ավելի մեծ, փորձառու, իրենց կոպիտ կեցվածքով հայտնի պատգամավորներ: ԱԺ նախագահը նաև պետք է կարողանա գլուխ հանել ոչ միայն կոալիցիոն, այլև ընդդիմադիր խմբակցությունների հետ հարաբերություններից: Եվ դժվար է ասել՝ նրա փորձն ու հեղինակությունը կբավարարե՞ն նման հարաբերություններում ընկալելի լինելու համար: Բացի այդ, Ա. Հովհաննիսյանը հայտնի է որպես Հովիկ Աբրահամյանի կադրը, որի հրաժարականից հետո էլ սահուն անցավ նոր վարչապետ Կ. Կարապետյանի թիմը: Այդ առումով նա այնքան էլ վստահելի չէ Ս. Սարգսյանի համար:

Ա.Աշոտյանը գործադիրից ու ընդհանրապես պետական պաշտոնից զրկվեց հանրության մոտ իր հեղինակության անկման պատճառով, ինչը տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին ակտիվ արտահայտվելու, «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների ժամանակ ցուցարարների կողմից քննադատվելու և նման այլ դրսևորումների արդյունքում՝ հիմնականում իր ակտիվ բնավորության պատճառով: Իսկ թե այս մեկ տարվա ընթացքում նա հասցրե՞լ է վերականգնել կորցրած վարկանիշը, պարզ կդառնա այս օրերին Ս. Սարգսյանի վերաբերմունքից: Բացի այդ, Ա. Աշոտյանն ամբիցիոզ է և ունի դեպի վեր ձգտելու անսահման ցանկություններ, ինչն արդեն վերևում գտնվողներին կարող է դուր չգալ: Ի վերջո, նա խնդիրներ ունի Գ. Ծառուկյանի հետ, և վերջինս, որպես ԱԺ մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավար, կարող է պահանջել՝ չնշանակել նրան ԱԺ նախագահ: Եվ եթե Ծառուկյանն իր կուսակցության բոլոր հարցերը համաձայնեցնում է Ս. Սարգսյանի հետ, կարող է փոխարենը նման զիջում պահանջել: Բայց Ա. Աշոտյանը մյուս բոլոր թեկնածուներից առավել ունի մեծ փորձ պետական կառավարման համակարգում, ունի գրագիտության բարձր մակարդակ, տիրապետում է լեզուների, ինչը կարևոր է ԱԺ նախագահի համար: Ի վերջո, նա ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատուն է և վարում է ԵԺԿ-ի հետ հարաբերությունները:

Կ. Կարապետյանն ունի բավականին անկախ և ըմբոստ բնավորություն: Նա երբեմն խորը տարաձայնություններ է ունենում տարբեր պաշտոնյաների, անգամ Ս. Սարգսյանի հետ և սուր քննադատության ենթարկում այն իշխանությանը, որին ինքն է ներկայացնում: Եթե նա լինի ԱԺ նախագահ, ապա դժվար թե հլու հնազանդորեն կատարի Ս. Սարգսյանի պահանջները: Ավելին, շատ հարցերում կարող է հակադրվել՝ առաջացնելով մեծ խնդիրներ: Այդ առումով նա Ս. Սարգսյանի համար ԱԺ նախագահի ցանկալի թեկնածու չէ: Թեև, եթե Կ. Կարապետյանը նշանակվի այդ պաշտոնին, նրա եղբայրը՝ Սամվել Կարապետյանը ներդրումների վերաբերյալ իր բոլոր խոստումները կյանքի կկոչի շատ ավելի եռանդով: Դեռ մի բան էլ ավելին: Իսկ այդ ներդրումները շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև մեր իշխանությունների համար:

Եվ վերջապես՝ Է. Շարմազանովը: Նա թերևս Ս. Սարգսյանի համար ԱԺ նախագահի ամենահարմար թեկնածուն է: Երբեք նրան չի հակադրվում, շատ ավելի հեռուն գնացող վտանգավոր ամբիցիաներ չի դրսևորում, խորհրդարանական դիվանագիտության՝ ԱՊՀ և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում ու հատկապես ՌԴ խորհրդարանի հետ հարաբերություններում բավականին փորձ ունի: Անգամ հպարտանում է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ ունեցած հարաբերություններով: Եվ վերջապես լինելով ԱԺ փոխնախագահ՝ տիրապետում է խորհրդարանը ղեկավարելու հմտություններին:

Չի բացառվում, սակայն, որ Ս. Սարգսյանը ԱԺ նախագահի բոլորովին այլ թեկնածուի ներկայացնի, որը չունի այս չորսի հնարավորություններից որևէ մեկը: Ինչպես, օրինակ, Գալուստ Սահակյանն է: Եվ վերջապես Ս. Սարգսյանը կարող է ԱԺ նախագահ նշանակել ընդամենը մեկ տարով: Եվ 2018-ին մենք ունենանք ինչպես նոր վարչապետ, այդպես էլ ԱԺ նոր նախագահ: Իսկ այս մեկ տարվա համար նրան անհրաժեշտ է ունենալ այս անցումային շրջանի ԱԺ այնպիսի նախագահ, որը որոշակիորեն հակակշիռ կլինի կառավարությանը՝ այս մեխանիզմը Ս. Սարգսյանը միշտ է ապահովել: Եվ վերջապես՝ ԱԺ այնպիսի նախագահ, որն անցնցում կերպով կապահովի իշխանության պահպանումն արդեն նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20