Ահա` ինչն է սարսափեցնում Մոսկվային

Makron France

Այսօր Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Ինչքան էլ փորձագիտական վերլուծություններն ու սոցիոլոգիական հարցումները կանխատեսեն հետևողական եվրոատլանտիստ Էմմանուել Մակրոնի վստահ հաղթանակը, ինտրիգը պահպանվում է:

Չափազանցություն չէ և սխալված չեմ լինի, եթե արձանագրեմ, որ այսօր Ֆրանսիան դարձել է արևմտյան աշխարհի և ռուսական կայսերականության, երկու հակադիր քաղաքակրթությունների, դեմոկրատիայի և տոտալիտարիզմի բախման թատերաբեմը:

Ֆրանսիայի ընտրությունները համաեվրոպական, համաշխարհային մասշտաբի իրադարձություն են, գլոբալ նշանակություն ունեն: Դրանցում նժարին են` ոչ միայն ֆրանսիական դեմոկրատիայի, Եվրամիության, այլ նաև լիբերալ արժեքների վրա հիմնված արևմտյան համակարգի ճակատագիրը:

Մոսկվայում սարսափած են Մակրոնի հաղթանակի հեռանկարից, որովհետև նա, առաջին հերթին, եվրոպական ինտեգրացիայի և ինստիտուցիոնալ բարեփոխումների խորհրդանիշն է:

«Լռության օրվանից» հաշված րոպեներ առաջ, երբ թեկնածուները, քաղաքական ուժերն այլևս զրկված են հայտարարություններ անելու, քաղաքական հակազդեցության այլ մեխանիզմներ գործադրելու հնարավորությունից, կիբերհարձակման են ենթարկվել Մակրոնի նախընտրական շտաբի սերվերները, ինչի հետևանքով «գողացվել» է նախընտրական արշավի ֆավորիտի թիմակիցների` իննը հեգաբայթ ծավալ պարունակող նամակագրությունը: Սա շատ նման է այն կիբերհարձակումներին, որոնք ԱՄՆ նախագահական ընտրություններում տեղի են ունեցել Հիլարի Քլինթոնի շտաբի վրա:

Գրեթե կասկածից վեր է այս հարձակումների «ռուսական» հետքը, Կրեմլի հուսահատ ջանքը` ընտրություններից ժամեր առաջ, ազդել դրանց անխուսափելի թվացող արդյունքի վրա: Այսօր Մակրոնը պետք է հաղթի ոչ այնքան ուլտրաաջ Մարին Լը Պենին, որքան` Եվրոպայի միասնությունը խաթարող նրա քաղաքականությանը, արևմտյան ժողովրդավարությանը մարտահրավեր նետած նրա հայտին, Ֆրանսիայի ու Եվրոպայի ազգայնականության թիկունքում երևացող «ռուսական ականջներին»:

Այո, Արևմուտքում մարդիկ հոգնել են բյուրոկրատիայից, հանրային տրամադրություններից ու սպասումներից կտրված վերնախավից ու դրա լավագույն դրսևորումն են ԱՄՆ նախագահական ընտրությունները, Բրեքզիթը, հենց Ֆրանսիայի ընտրությունների առաջին փուլը: Բայց ֆրանսիական ընտրությունները բացահայտեցին նաև արևմտյան ժողովրդավարության ուժը, մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու նրա պոտենցիալը: Դրա խորհրդանիշը Մակրոնն է, Եվրոպան բարեփոխելու և նրա միասնականությունն ամրապնդելու նրա ծրագիրն է, որը բացառում է պոպուիզմը, ազգայնականությունը, կոմպրոմիսը ռուսական կայսերականության հետ: Ռուսաստանը պարտվում է, որովհետև սնանկ դուրս եկավ Եվրամիությունը սպառված համարելու նրա քարոզչական հաղթաթուղթը:

Մակրոնի հաղթանակը եվրաինտեգրացիայի ու բարեփոխումների ազդակ է ոչ միայն ԵՄ շրջանակներում, այլ նաև` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, հետխորհրդային տարածքում: Ահա` ինչն է սարսափեցնում Մոսկվային:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20