Ամերիկյան նոր ծրագրում, ի թիվս այլ երկրների, ներառված է նաև Հայաստանը

- in Վերլուծական
404
usa-spitak-tun

Միացյալ Նահանգների Կոնգրեսը 100 միլիոն դոլար է հատկացնելու «Ռուսաստանի ազդեցությանն ու ագրեսիային» հակազդելու և Եվրոպայում ու Եվրասիայում քաղաքացիական հասարակությանն աջակցելու համար:

Հատկացման գաղափարի հիմքում Ներկայացուցիչների պալատում և Սենատում վերջին ամիսներին հնչեցված անհանգստությունն է Եվրոպայում և աշխարհի այլ շրջաններում Մոսկվայի վարած հուժկու և ագրեսիվ քարոզարշավի, այլ երկրների ներքին գործերին միջամտելու, ընտրական գործընթացների և հանրային կարծիքի վրա ազդելու առնչությամբ: Նշված գումարը տրամադրվելու է ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, Մոսկվայի ազդեցությունը զսպելու և քաղաքացիական հասարակությանն օժանդակելու համար:

Կոնգրեսի այս որոշումն, անշուշտ, կարևոր է և առնվազն իրավաքաղաքական հարթության մեջ ամրագրում է անհերքելի այն իրականությունը, որ Ռուսաստանում պետական քաղաքականության մակարդակի հասցված նեոկայսերականությունը սպառնում է հարևան երկրների ինքնիշխանությանը, դրանցում ժողովրդավարության հաստատմանը:

Ամերիկյան նոր ծրագրում, ի թիվս այլ երկրների, ներառված է նաև Հայաստանը, և թերևս հարկ կա անդրադառնալու մեր երկրում ռուսական ազդեցության գործիքներին, դրանց հակազդելու հնարավորություններին: Ռուսական ազդեցության հիմնական գործիքներից մեկը ավտորիտար, կոռումպացված իշխանության գոյությունն է: Կարելի է նույնիսկ համարձակ պնդել, որ իշխանության նման հատկանիշը ցեմենտող դեր ունի բոլոր այն երկրների համար, որոնք Կրեմլի ինտեգրացիոն նախագծերի՝ ԵՏՄ, ՀԱՊԿ, անդամ են: Ռուսաստանի ռեսուրսները սահմանափակ են, այդ երկրի ազդեցության հիմքում ոչ թե պոզիտիվ գործոններն են, ռացիոնալիզմը, այլ հարկադրանքը, շանտաժը:

Օբյեկտիվորեն Հայաստանի իշխանություններին ձեռնտու է կառավարման եվրասիական մոդելը: Դա, իհարկե, մեծացնում է կախվածությունը Կրեմլից, բայց իշխանությունը պահպանելու միակ միջոցն է, ձևը: Ողբերգությունն այն է, որ Հայաստանի քաղաքական համակարգում տակավին ձևավորված չէ այլընտրանքային այն կենտրոնը, որն իր բնույթով բաց մինի համակարգ կլինի և Հայաստանի հասարակությանն ընտրության հնարավորություն կտա արժեքային կողմնորորշման, երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերում:

Ապրիլի 2-ի «անաղմուկ ընտրության» կոնցեպցիան հենց կառավարման եվրասիական մոդելի վավերացումն է, որովհետև ենթադրում է համակարգի փակվածություն, քաղաքական և տնտեսական ստվերի պահպանում: Մանդատային սկանդալները, խորհրդարանական և Երևանի ընտրություններում քաղաքական օրակարգի բացակայությունն ասվածի դրսևորումներն են: Համակարգը, բնույթով լինելով եվրասիական, իր ազդեցությունը տարածել է մոտիվացիայից ու նպատակներից զրկված հասարակական նորանոր խմբերի վրա:

Բանաձևը շատ հստակ ու պարզ է. եթե ուզում ենք ազատվել ռուսական դեստրուկտիվ ազդեցությունից, պետք է Հայաստանում փոխենք կառավարման փիլիսոփայությունը, համակարգը: Խոսքը միայն իշխանության առաջին դեմքերի կամ բուրգի անվանական փոփոխության մասին չէ, որովհետև վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ բուրգը կարող է ավելի սարսափելի ու վտանգավոր դառնալ, եթե, ասենք, դրա ՀՀԿ անունը փոխարինվի ԲՀԿ-ով: Ես խոսում եմ բաց համակարգի ձևավորման անհրաժեշտության մասին, որն «անաղմուկ» կգերադասի գործել ոչ թե հասարակության հետ հարաբերություններում, այլ արտաքին մարտահրավերները չեզոքացնելու հարցում:

Օրինակ՝ ՀՅԴ-ն կարծում է, թե պատմական առաքելություն է կատարում՝ համակարգին ինտեգրվելով և այն ներսից բարեփոխելով: Դաշնակցականները գուցե իսկապես անկեղծ են իրենց մղումներում, բայց խնդիրն այն է, որ ավանդական կուսակցությունը ևս մինի փակ համակարգ է՝ ժամկետանց քաղաքական օրակարգով:

Խորհրդարանում ներկայացված չորս ուժերից միայն «Ելքն» է, որ արտահամակարգային է՝ արժեքային կողմնորոշմամբ և մտածողությամբ: Այս դաշինքի հաջողությունն, անշուշտ, Հայաստանի ազատ մտածող քաղաքացիների հաղթանակն է: Բայց արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու մյուսները կգնան «ազատության օաիզիսի» մեծացման ճանապարհով, որպեսզի իրենց գաղափարներն ու արժեքները հարազատ դառնան ոչ թե 120 հազար, այլ ավելի շատ մարդկանց, թե՞ տուրք է տրվելու «Սերժին չսիրողներին» դուր գալու հեշտ գայթակղությանը, ինչը հանգեցնելու է «Ելքի» որակների չեզոքացմանը: Ապավինենք ժամանակին՝ այսօր չունենալով այս հարցի պատասխանը:

Ռուսական ազդեցությունը Հայաստանում պահպանվելու է, քանի դեռ ունենք չկարգավորված հակամարտություններ ու փակ սահմաններ հարևանների հետ, ռուսական ռազմաբազայի ներկայություն, որն արդեն էապես խաթարում է հասարակական անդորրը Գյումրիում, էներգետիկ միակողմանի կախվածություն Մոսկվայից: Սակայն բոլոր այս հարցերը պահանջում են կոնցեպտուալ լուծումներ, որոնց ձևակերպումը վեր է այսօրվա համակարգի ուժերից՝ նախ այն պատճառով, որ այսօրվա իշխանությունը ռուսական ազդեցության պրոդուկտ է և չի կարող ինքնիշխան երկրի օրակարգ մշակել:

Գալով ամերիկյան նոր ծրագրին՝ նկատենք, որ այն աշխատող կամ արդյունավետ կլինի այն երկրներում, որոնցում քաղաքական համակարգն ու հասարակությունը ոչ թե ռուսական ագրեսիվությանը հարմարվելու, այլ այն չեզոքացնելու խնդիր ունեն: Ի վերջո, սերմը բարեբեր հողում է արմատ տալիս:

Մեզ կարող է ուրախացնել ԱՄՆ Կոնգրեսի որոշումը, բայց դրանից մեր քաղաքական, հանրային «հողն» ավելի բարեբեր չի դառնում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20