Անչափահաս դստեր աչքի առաջ մորը բռնաբարելու համար մեղադրվող նախկին ոստիկանը «հիասթափված» 6-րդ պաշտպանն է փոխում

- in Իրավունք
219
brnabarutyun

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Էդգար Վարագյանի գործով դատական քննությունը:

Այս գործը դատական քննության երկրորդ շրջանն է անցնում, այն մեկ անգամ արդեն իսկ քննվել է նույն ընդհանուր իրավասության դատարանում մեկ այլ դատավորի՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Կայացված դատավճիռը բեկանվել է վերաքննիչ քրեական դատարանի կողմից, ու գործը վերադարձվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության՝ ըստ վերաքննիչի սահմանած ծավալի:

Օրերս 32 տարեկան դարձած ամբաստանյալ Էդգար Վարագյանը նախկին ոստիկան է: Նա կալանքի տակ է 2013 թվականի սեպտեմբերի 24-ից:

Վարագյանին մեղադրանք է առաջադրված բռնաբարության, սեքսուալ բռնի գործողությունների, երկու մարդու, այդ թվում՝ անչափահասի առևանգման, ավազակային հարձակման և այլ հանցավոր արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով և 139 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ հանցավոր արարքների կատարման պահին 28-ամյա արթիկցի Էդգար Վարագյանը 2013 թվականի սեպտեմբերի 22-ին կոտրել է Նորքում բնակվող Քրիստինեի (անունը փոխված է) տան պատուհանի ապակին, դիմակավորված մուտք է գործել տուն, իր մոտ եղած, որպես զենք օգտագործված խաղալիք ատրճանակով և իսկական դանակով բռնություն է գործադրել, հարձակվել Քրիստինեի ու նրա անչափահաս դստեր՝ 2000 թվականի նոյեմբերին ծնված Կարինայի (անունը փոխված է) վրա:

Տուժողների դիմադրությունը կանխելու նպատակով Էդգարը պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց  դեմքերին, ինչից նրանց աչքերը մռմռացել են:

Էդգարը Քրիստինեի ձեռքերը կապել է ձեռնաշղթայով, Կարինայի ձեռքերը՝ կպչուն ժապավենով, ու պահանջել է տանը եղած ոսկեղենն ու հինգ հազար դոլար:

Վարագյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ավազակային հարձակմամբ հափշտակել է 4 միլիոն 127 հազար 396 դրամի գույք:

Դրանով չբավարարվելով՝ Վարագյանը ատրճանակի ու դանակի գործադրմամբ Քրիստինեին ու նրա դստերը մտցրել է նրանց իսկ ավտոմեքենայի բեռնախցիկը, առանց հափշտակելու նպատակի տիրացել է այդ ավտոմեքենային՝ բացահայտ առևանգելով տուժողներին:

Նա տուժողներին տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մերձակա ամայի դաշտ, բեռնախցիկից դուրս է բերել Քրիստինեին, նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ, հետո կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Այդքանից հետո Էդգար Վարագյանը անչափահաս աղջկան էլ է հանել մեքենայի բեռնախցից, մորն ու դստերը թողել է դաշտում, իսկ ինքը նրանց մեքենայով հեռացել է՝ հետագայում մեքենան թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում:

Էդգար Վարագյանը, ըստ գործի տվյալների, տուժողներին ճանաչել է՝ նրանց առանձնատանը դեպքից կարճ ժամանակ առաջ վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում…

Գործի առաջին դատաքննության ավարտին մեղադրող դատախազ Գ. Գևորգյանը միջնորդել էր Վարագյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 18 տարի ազատազրկման:

Իրեն մեղավոր չճանաչող Էդգար Վարագյանը մեղավոր էր  ճանաչվել դատավճռով ու վերջին հաշվով դատապարտվել էր 15 տարի ազատազրկման:

Ըստ դատավճռի՝ հօգուտ տուժողի՝ ամբաստանյալ Վարագյանից պետք է բռնագանձվեր 3 միլիոն 907 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:

Որպես դատական ծախսեր՝ ամբաստանյալից պետք է բռնագանձվեր  265 հազար 470 դրամ:

Գործի առաջին դատաքննությունը սկսվել էր 2014 թվականի փետրվարից: Վերը ներկայացված դատավճիռը կայացվել է 2014 թվականի նոյեմբերի 17-ին:

Այդ դատավճիռը բողոքարկվել է ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է բողոքարկված դատավճիռը 2015 թվականի ապրիլի 28-ին:

Գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով, վերաքննիչի սահմանած ծավալով նոր քննության:

Վերաքննիչի կողմից դատավճռի  բեկանման համար հիմք էր ծառայել այն, որ առաջին դատաքննության ժամանակ գործում եղած ապացույցները, մասնավորապես՝ փաստաթղթերը, պատշաճ ձևով ու մանրակրկիտ չէին հետազոտվել, այլ միայն թվարկվել էին՝ ըստ մեղադրական եզրակացության: Վերաքննիչի սահմանած ծավալով՝ նոր դատաքննության ժամանակ առաջին ատյանի դատարանը պետք է հենց գործում առկա ապացույցներն ու փաստաթղթերը ամենայն մանրամասնությամբ հետազոտի:

Գործի նոր դատաքննությունը սկսվել է  2016  թվականի փետրվարին: Արդեն 1 տարի 3 ամիս ընթանում է երկրորդ դատական քննությունը: Նախորդ նիստերից մեկում հայտարարվել էր դատաքննությունն ավարտելու, դատական վիճաբանությունների անցնելու մասին:

Գործով մեղադրող դատախազ Գ. Գևորգյանը, ինչպես առաջին դատաքննության ավարտին, այնպես էլ հիմա միջնորդել է Էդգար Վարագյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 18 տարի ազատազրկման:

Դատախազի մեղադրական ճառի ժամանակ ամբաստանյալ Էդգար Վարագյանը դատարանի դահլիճում չի եղել: Ոչ պատշաճ վարքագծի, դատական նիստը խանգարելու համար դատարանն ավելի վաղ նրա նկատմամբ դատական սանկցիա էր կիրառել և 10 ժամով հեռացրել էր դատարանի դահլիճից:

Մեղադրողի ճառի թղթային տարբերակը, ինչպես նաև ձայնագրության լազերային սկավառակը ուղարկվել էին ՔԿՀ՝ ամբաստանյալին:

Ամբաստանյալը դիմում էր գրել դատարանին՝ խնդրելով սահմանված ժամանակից շուտ վերականգնել իր մասնակցությունը դատական նիստին կամ կրճատել սանկցիայով սահմանված ժամանակը՝ 10 ժամը:

Դատարանը, կողմերի կարծիքները լսելով, որոշեց պատշաճ մակարդակով և ամբողջ ծավալով ամբաստանյալի իրավունքները, մասնավորապես՝ պաշտպանական ճառով հանդես գալու  իրավունքը ապահովելու համար ժամանակից մոտ 8 ժամ շուտ դադարեցնել ամբաստանյալի նկատմամբ սահմանված սանկցիան, թույլ տալ, որ ամբաստանյալը մասնակցի դատական նիստին:

Դատարանին հղած դիմումի մեջ ամբաստանյալը նաև նշել էր, թե բազմաթիվ միջնորդություններ ունի դեռ կատարելու, բացի այդ ՝ միջնորդելու է նաև, որ դատարանը վերսկսի դատաքննությունը:

Դատարանի դահլիճ վերադարձած ամբաստանյալին դատավորը բացատրեց, թե ինչպես կարող է միջնորդություններ ներկայացնել այս փուլում, երբ դատաքննությունը արդեն հայտարարվել է ավարտված:

Ամբաստանյալն իր առաջին միջնորդությունը սկսեց՝ ասելով, թե իր շահերի պաշտպանի հետ կապված ինքը խնդիր ունի:

Պետք է ասել, որ ամբաստանյալ Էդգար Վարագյանը շատ խրթին պաշտպանյալ է դարձել մեր փաստաբանների համար, քանի որ դատական երկու քննությունների ընթացքում նա ոչ ավել, ոչ պակաս՝ 6 անգամ պաշտպան է փոխել, որոնցից 3 պաշտպանները հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններ էին:

Ներկա դատական նիստին Էդգար Վարագյանի շահերի պաշտպանը հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էդուարդ Աղաջանյանն էր, ում դեմ էլ ուղղված էր ամբաստանյալի միջնորդությունը:

Մինչև դատարանում միջնորդություն ներկայացնելը՝ ամբաստանյալն արդեն իսկ դիմել էր Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ բողոքելով, որ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էդուարդ Աղաջանյանի աշխատանքից դժգոհ է, կարծում է, որ նա պատշաճ չի իրականացնում իր պաշտպանությունը: Ամբաստանյալը հայտնել էր, թե հրաժարվում է այդ փաստաբանի ծառայություններից ու առաջարկում է իրեն նոր հանրային պաշտպան կամ Աղաջանյանին զուգահեռ՝ նաև երկրորդ հանրային պաշտպանը տրամադրել:

Էդգար Վարագյանը դատարանում ներկայացրեց հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Բարսեղ Կարապետյանի պատասխանը վերոհիշյալ դիմումին, որում ասված էր, որ փաստաբան Էդուարդ Աղաջանյանը գրասենյակին է ներկայացրել զեկուցագիր, կետ առ կետ հերքել է ամբաստանյալ Էդգար Վարագյանի կողմից առաջ քաշված «մեղադրանքները»: Գրասենյակի ղեկավարը հանգել է հետևության, որ Էդուարդ Աղաջանյանը ամբաստանյալի շահերի պաշտպանությունն իրականցրել է պատշաճ կերպով, այլ հանրային պաշտպանով նրան փոխարինելու հնարավորություն չկա, բացի այդ՝ մեկ քրեական գործով երկու հանրային պաշտպան չի տրամադրվում:

Դատարանում ելույթ ունեցավ նաև փաստաբան Էդուարդ Աղաջանյանը՝ դարձյալ կետ առ կետ հերքելով ամբաստանյալի «մեղադրանքները», միաժամանակ նշելով, որ ամբաստանյալը, չլինելով իրավաբան, ցանկանում է, որ ինքը թելադրի պաշտպանության մարտավարությունը, ինչը փաստաբանի մասնագիտական կարողություններին ու գիտելիքներին դեմ է, փաստաբանը օրենքով ինքն է ընտրում պաշտպանական մարտավարություն այնպես, որ այն բխի իր պաշտպանյալի շահերից:

Ամբաստանյալը փաստաբան Էդուարդ Աղաջանյանին մեղադրում էր նաև դատախազ Գ. Գևորգյանի հետ խորհրդակցելու, գործի նյութերին ծանոթանալու փոխարեն մեղադրողի ասածներով առաջնորդվելու համար: Փաստաբանը նշեց, որ ինքը դատախազի հետ չի խորհրդակցել, ուսումնասիրել է գործի նյութերը: Միևնույն ժամանակ փաստաբան Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ պաշտպանից հրաժարվելը ամբաստանյալի իրավունքն է, նա իրացնում է իր իրավունքը, այդ առումով ինքը դեմ չէ նրա միջնորդությանը:

Ամբաստանյալ Էդգար Վարագյանը նշեց, որ ինքը երրորդ հանրային պաշտպանն է «փոխում», բոլորը  «նույն ոճով»՝ իրեն չբավարարող «ոճով» են իրականացրել  իր պաշտպանությունը, ինքը «հիասթափվել է» հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների աշխատանքից: Իսկ փաստաբան Էդուարդ Աղաջանյանը, ըստ ամբաստանյալի, անհիմն կերպով է հերքել իր ներկայացրած դժգոհությունները. «Փաստաբանը, փաստորեն, ինձ ստահորդ է անվանել… միշտ իմ  շահերին վնաս է պատճառել… միտումնավոր հետաձգել է դատական նիստերը կամ միջնորդել է, որ նիստերը կարճ տևեն, քանի որ քրեական գործի նյութերին ծանոթ չի եղել… Նա հանդես է եկել մեղադրողի կողմից, ես այլևս վստահություն չունեմ նրա նկատմամբ»:

Ամբաստանյալը հայտարարեց, թե մեղադրող Գ. Գևորգյանն ընդհանրապես ազդեցություն է գործել իր բոլոր պաշտպանների վրա, չի թողել, որ նրանք պատշաճ կերպով իրականացնեն իր պաշտպանությունը:

Ամբաստանյալի այս հայտարարությունը մեղադրող Գ. Գևորգյանն անվանեց «հերյուրանք», իսկ ամբաստանյալի կողմից անընդհատ պաշտպաններ փոխելու վարքագծի մեջ  դատախազը գործի քննությունն անհարկի ձգձգելու միտում տեսավ:

Այնուամենայնիվ, դատարանն ընդունեց ամբաստանյալի հրաժարումը հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանից:

Ամբաստանյալ Էդգար Վարագյանը հանդես եկավ նոր միջնորդությամբ՝ խնդրելով որպես իր շահերի պաշտպաններ ներգրավել պայմանագրային հիմունքներով աշխատող փաստաբաններ Նինա Կարապետյանցին ու Արայիկ Պապիկյանին: Ամբաստանյալը հայտնեց, թե այդ փաստաբանների հետ պայմանագիր են կնքել իր հարազատները:

Չնայած փաստաբանները ներկա չէին, բայց դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը: Հաջորդ նիստին այդ պաշտպանների ներկայությունն ապահովելու պատասխանատվությունը դրվեց ամբաստանյալի վրա: Դատարանը նշեց, որ նոր պաշտպանների ներգրավումը չի կատարվելու դատական նիստերը ձգձգելու հաշվին:

Լիլիթ ՔԱԼԱՇՅԱՆ; 1in.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20