Արփինե Հովհաննիսյանն առանցքային պաշտոն է ստանձնելու նոր ԱԺ-ում

- in Ով ով է ...
272
arpine-hovhannisyan

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, լսել է նրա զեկուցումը, տվել է հանձնարարականեր:

Ինքնին հասկանալի է, որ, այս դեպքում, նախագահ-նախարար հանդիպման ձևաչափը նույնիսկ ձևական է, որովհետև Արփինե Հովհաննիսյանը վերցրել է նոր խորհրդարանի պատգամավորական մանդատը և կառավարությում նրան, ըստ էության, հրաժեշտ են տվել:

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում ընդգրկված նախարարը դարձել է ՀՀԿ-ի նոր «աստղերից» մեկը և ինչ-որ տեղ հասկանալի է, որ նա իր քաղաքական հեռանկարը կապում է ոչ թե, ըստ էության, ժամանակավոր կառավարության, այլ խորհրդարանի հետ: Հովհաննիսյանը նոր ԱԺ-ում առանցքային պաշտոն է ստանալու. դա անկասկած է ու զարմանալի չի լինի նույնիսկ, որ ինչ-որ կոնֆիգուրացիայի դեպքում` Արփինեն նույնիսկ խորհրդարանի նախագահ դառնա:

Կասկածից վեր է նաև, որ այսօր Սարգսյանը Հովհաննիսյանի հետ քննարկել է նրա ապագա գործունեության հարցը: Չնայած Էդուարդ Շարմազանովն երեկ ասել էր, թե խորհրդարանի ղեկավար կազմի հարցը ՀՀԿ գործադիր մարմինն ու խորհուրդը քննարկելու են մայիսի 17-ին` ակնհայտ է, որ այս հարցերում միանձնյա որոշումներ կայացնում է Սերժ Սարգսյանը, իսկ կուսակցության ղեկավար մարմինները միայն դակում են նրա որոշումները: Եթե վերանանք անձերից և որոշակի տրամաբանությամբ քննարկենք ԱԺ նոր ղեկավարության ձևավորման հեռանկարն, ապա նախագահն, ըստ էության, մի քանի տարբերակ ունի:

Չնայած խորհրդարանը ձևավորվել է հինգ տարվա մանդատով, բայց ակնհայտ է, որ մինչև նախագահական պալատից Սերժ Սարգսյանի հեռանալը` գործելու է, այսպես ասած, անցումային ռեժիմով: Ըստ այդմ` չի բացառվում, որ առաջիկա մեկ տարվա համար Սարգսյանը պահպանի խորհրդարանի ղեկավար կազմի ստատուս քվոն կամ գտնի ժամանակավոր լուծումներ` ԱԺ նոր ղեկավարության ձևավորման հարցը հետաձգելով մեկ տարով և դիտարկելով համակարգային տրանսֆորմացիայի մեծ փաթեթում:

Իհարկե, այս սցենարը քիչ հավանական է ու ավելի մեծ է հավանականությունը, որ Սարգսյանը հենց խորհրդարանից կսկսի կադրային «վերակառուցումը»: Օրինակ, նա կարող է ներհամակարգային կոմպրոմիսների կամ մրցակցության տրամաբանությամբ` համաձայնության գալ Կարեն Կարապետյանի միլիարդատեր «ներդրողի»` Սամվել Կարապետյանի հետ ու վերջինիս եղբոր համար նախատեսել խորհրդարանի նախագահի պաշտոնը: Սակայն Սարգսյանը կարող է նաև «կոշտացման» գնալ` համակարգային «ճակատամարտերից» առաջ ուժեղացնելով իր դիրքերը: Այս դեպքում` խորհրդարանի ղեկավար կազմը կերիտասարդացվի` Շարմազանովի, Աշոտյանի, մյուսների դեմքերով:

Սերժ Սարգսյանն ունի մի քանի տարբերակներ, որոնք բոլորը, սակայն, դիտարկվում են 2018-ի զարգացումների համստեքստում: Ամեն դեպքում Արփինե Հովհաննիսյանն առանցքային պաշտոն է ստանձնելու նոր ԱԺ-ում և այսօրվա հանդիպումը կարելի է համարել նրա խորհրդարանական գործունեության բեմելը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20