«Եվրոպայի օրը» հարմար առիթ` Սերժ Սարգսյանի հերթական ֆոտոսեսիայի համար

- in Ով ով է ...
892
Serj Sargsyan

Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն:

Արարողակարգային այց է, որը սովորական ընթացակարգ է գործընկերների պարագայում: Այսուհանդերձ, Սարգսյանի այսօրվա այցը զուգակցվում է մի քանի փաստերի հետ, որոնք որոշակի ինտրիգայնություն են հաղորդում իրավիճակին: ԵՄ-ն որոշակի ներդրում ունեցավ վերջին խորհրդարանական ընտրություններում` նպաստելով Սերժ Սարգսյանի ծրագրերի լեգիտիմացմանը: Մյուս կողմից` ԵՄ-ն անընդհատ բարձրաձայնում է հայաստանյան կոռուպցիայի խնդիրն` ահազանգելով, որ այն արմատներ է ձգել նաև քաղաքական և ընտրական համակարգերում: Շատերը կարծում են, որ ԵՄ Հայաստանի գրասենյակում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալը Հայաստանի իշխանության «դիպուկ» պատասխանն էր եվրոպացիների կրկնվող դիտողություններին:

Գուցե, բայց Հայաստանի իշխանությունների և Երևանում ԵՄ պատվիրակության հարաբերությունները, գոնե ֆորմալ առումով, գործընկերային են: Ֆորմալ բառը հատուկ եմ շեշտում, որովհետև Հայաստանն ու Եվրոպան բովանդակային հարաբերություններ, ըստ էության, չունեն: Հայաստանի իշխանության համար Եվրոպան սահմանափակվում է բրյուսելյան բյուրոկրատիայով, որի հետ մերոնք հակված են առևտուր անել` համակարգի լեգիտիմության և կայունության խնդիրները լուծելու համար: Նույնիսկ ընդդիմության համար Եվրոպան չհասկացված, չյուրացված մի բան է, որովհետև ընդդիմադիրները «կուշտ» ժամանակ օրհնում են Պուտինին, իսկ երբ նվաստացված ու ծեծված են լինում, եվրոպական դեսպանատների դռներն են վազում: Մեր հարուստների ու փողատերերի համար Եվրոպան ասոցացվում է կոմֆորտի հետ, որտեղ կարելի է փող ծախսել, լավ սպասարկվել, ժամանակ անցկացնել:

Իշխանության ու ռուսական պրոպագանդան իրենց «սև գործն» արել են և հասարակության աչքին Եվրոպան նույնացրել են աղանդների, միասեռականների հետ: Մինչդեռ մեր քաղաքական, տնտեսական էլիտաները, հասարակությունը չեն մարսել կամ գուցե չեն էլ ուզում մարսել Եվրոպա կոչվածի քաղաքակրթական նշանակությունը: Եթե իշխանություններն իրապես ապրեն եվրոպական ստանդարտներով, ապա հաջորդ առավոտ իսկ հրաժարական կտան` բացահայտելով, որ իրենց «վայրենի ոտքերի» համար դիսկոմֆորտ է եվրոպական «կոշիկներում»:

Եվրոպական ստանդարտը կբացահայտի մեր ընդդիմության անտաղանդությունն ու դատարկությունը: Մեր բիզնեսմենները իրենց գրասենյակները կահավորում են եվրոպական ճաշակով, դրանց հարմարեցնում իրենց կենցաղը, բայց գերադասում են կոնյակով հարցեր լուծել մոսկվաներում, որտեղ ոչ թե ապրանքի, ծառայության որակն է գնահատվում, այլ մաղարիչի չափը: Նույնը մեր հասարակությունն, որն, ինչքան ես եմ հասկացել, ոչ թե արդարության ձգտում ունի, այլ բարիքներին մոտ գտնվելու ցանկություն:

Եվրոպան, առաջին հերթին, քաղաքակրթական ընտրություն է, արժեքային համակարգ, ավելի ընդգրկուն հասկացություն, քան եվրոպական կառույցները՝ միասին վերցրած: Եվրոպական արժեհամակարգի հիմքում մարդն է, նրա ազատությունը: Արժեքներ, որոնք արհամարհված ու ստորադասված են Հայաստանի էլիտայի կողմից: Դա է պատճառը, որ մեր եվրոպական քաղաքականությունը զուրկ է բովանդակությունից, իսկ «Եվրոպայի օրը» հարմար առիթ` Սերժ Սարգսյանի հերթական ֆոտոսեսիայի համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20