Հայաստանին երջանիկ լինելու համար ի՞նչ է պակասում

- in Կարծիք
44
Hayastan

Հիշում եք, երբ թևակոխում էինք 2000-ականներ, արդեն համակարգչային «կախվածության» մեջ գտնվող մարդկությունը կանգնած էր համակարգիչների 2000-ի խնդիրը լուծելու անհրաժեշտության առաջ:

Խնդիրը լուծվեց, բարեբախտաբար ապոկալիպսիս տեղի չունեցավ, բայց մինչ այդ քանի-քանի միլիոններ կամ հարյուրավոր միլիոններ էին անցկացրել անքուն գիշերներ այդ խնդրի մասին մտածելով: Ընդ որում, մտածելով այն դեպքում, երբ անմիջականորեն իրենց կյանքը թերևս այնքան էլ կախված չէր դրանից:

Այդպիսի մի վիճակում է հայտնվել նաև այժմ Հայաստանը, պարզապես 2000-ի խնդրի փոխարեն Հայաստանը հայտնվել է 2018-ի խնդրի «պատանդի» կարգավիճակում: Կարելի է ասել՝ Հայաստանը կախվել է 2018-ի վրա և այդպես կմնա թերևս առաջիկա մեկ տարվա ընթացքում: Դժվար է հաշվել, թե քանիսն են անքուն գիշերներ անցկացնում 2018-ի վերաբերյալ պատասխանների փնտրտուքում, բայց մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ ամենամտահոգվածների և անքունների շարքում չեն նրանք, ովքեր անմիջականորեն պետք է լուծեն այդ խնդիրը և հանդիսանում են դրա շահառուն, իշխանության բաժանման և բնականաբար նաև տնտեսական ռեսուրսների ու քվոտաների բաժանման խնդրում:

Հենց այդ ամենին է ենթարկված ներքաղաքական կյանք կոչվածը, բացարձակապես, ամբողջությամբ, ամեն մի սանտիմետրով կամ մանդատով, շրջանառվող թեմաներով, դրա մեջ են ներքաշված բոլորը, կամա թե ակամա: Իսկ այդ ընթացքում հանրային օրակարգը դատարկ է, Հայաստանում օրակարգ չկա: Թեև, Հայաստանի շուրջ օրակարգը ուղղակի «փթթում» է, ընդ որում՝ բառի թե դրական, թե բացասական իմաստով, որովհետև կատարվում են իսկապես հուսադրող իրողություններ, մյուս կողմից, անկասկած, շարունակում է պահպանվել անվտանգության մարտահրավերների գերբարձր մակարդակը: Օրինակ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարում է, որ վերականգնվող էներգետիկայում կա 8 միլիարդ ներդրումային գործընկերության հնարավորություն:

Բայց դրա վերաբերյալ արձագանք չկա, որովհետև 8-ից առաջ բացակայում է մոգական ևս երեք թիվ՝ 2, 0 և 1: Ու քանի որ չի ստացվում 2018՝ Հայաստանում 8 միլիարդ դոլարի մասին հայտարարության վրա ուշադրություն դարձնող չկա: Կարելի է վստահաբար պնդել, որ եթե օրինակ՝ 8 միլիարդի փոխարեն ԱՄՆ դեսպանն ասեր, թե կա 2018 դոլարի գործընկերության ներուժ, այդ հայտարարությանն ուշադրություն դարձնողների թիվը կլիներ անհամեմատ մեծ: Փոխարենը Հայաստանում կարող է բուռն քննարկումների առարկա դառնալ Ազգային ժողովում հանձնաժողովների քանակի խնդիրը, դառնալ ընդդիմություն-իշխանություն սուր բանավեճերի, հարցադրումների և քննարկումների առարկա: ԱԺ հանձնաժողովների թիվը Հայաստանում, անկասկած, բազմակի անգամ կարևոր է պոտենցիալ ներդրումների թվից և իշխանությանը կարևոր է հարցախեղդ անել դրանց, ոչ թե ռազմավարական նշանակության ներդրումների վերաբերյալ հարցերով: Որովհետև Հայաստանին երջանիկ լինելու համար երևի պակասում է ԱԺ ևս մեկ կամ երկու հանձնաժողով, և բոլոր հարցերը կլինեն լուծված:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...