«Թուրքական մեծ խաղը». Ինչ է սպասվում Հարավային Կովկասում

- in Վերլուծական
Erdoghan

Դոնալդ Թրամփի վարչակազմն առարկայական հետաքրքրություն չի ցուցաբերում Հարավային Կովկասում:

Անգամ Վրաստանը՝ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հատուկ գործընկերը, ամերիկացիների համար առանձնապես մեծ հետաքրքրություն չի առաջացնում: Հարավային Կովկասում ամերիկյան շահագրգռվածություն կարող է ծագել միայն աշխարհքաղաքական առաջնահերթությունների արմատական փոփոխության դեպքում: Խոսքը նախ եւ առաջ Ռուսաստանի շրջափակման ու մեկուսացման ուժեղացման, Ռուսաստանից մի շարք տարածաշրջաններ պոկելու մասին է:

Ճիշտ չէր լինի Թուրքիան ու թուրքական շատ խնդիրներ կապել եվրոպական ուղղության հետ, չնայած Թուրքիան, անկասկած, մնալու է եվրոպական քաղաքականության ուղեծրում: Չնայած Հարավային Կովկասը եվրոպական խնդիրների միջոցով ներգրավված է Թուրքիայի հետ կապված խնդիրների համալիրում, Թուրքիան հանդես է գալիս որպես միջազգային քաղաքականության ինքնուրույն «բեւեռ», եւ Թուրքիայի խնդիրներով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները տարածաշրջանային խնդիր են՝ զգալիորեն անջատված Եվրոպայից:

ԱՄՆ-ն փուլ առ փուլ ձեւավորում է Թուրքիայի զսպման հայեցակարգ եւ փորձում ակտիվորեն օգտվել մի շարք տարածաշրջանային խնդիրներից՝ Թուրքիայի շրջափակման ու մեկուսացման համար: ԱՄՆ-ն որոշ ուղղություններում ակտիվորեն դիմակայում է Թուրքիայի էքսպանսիային, որոշ ուղղություններում էլ չի սահմանափակում նրա ձգտումները՝ հուսալով, որ Թուրքիայի շահերը կբախվեն խոշոր տարածաշրջանային տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի դիրքերին:

ԱՄՆ-ն փորձում է Թուրքիային ներգրավել Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներում կամ, ավելի ճիշտ, չի զսպում տարածաշրջանում սեփական ռազմաքաղաքական ներկայությունն ապահովելու նրա փորձերը Ռուսաստանին հակադրելու նպատակով, սակայն դրա հետ մեկտեղ ավելի սկզբունքային, ռազմավարական հեռանկարում ձգտում է խոչընդոտներ ստեղծել տարածաշրջանում թուրքական քաղաքականության համար:
Այս խնդրի լուծումը ենթադրում է հայկական գործոնի օգտագործումը դեպի Կովկաս Թուրքիայի ճանապարհին հուսալի «ամրոց» ստեղծելու համար: Միաժամանակ, ԱՄՆ-ն մտադիր չէ նպաստել Թուրքիայի հետ Վրաստանի ու Ադրբեջանի մերձեցմանը:

Ռազմավարական հեռանկարում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ինչպես նաեւ եվրոպական առաջատար ու այլ պետություններ թուրքական խնդրի ընդհանուր ընկալում կձեւավորեն, ինչպես ներկայում տեղի է ունենում Իրանի եւ Չինաստանի նկատմամբ: Դրանով հանդերձ, եթե Իրանը վաղ թե ուշ դիտարկվելու է որպես Արեւմտյան հանրության առավել հուսալի գործընկեր, ապա Թուրքիան սպառնալիք կդառնա երկար տասնամյակների համար, իսկ Արեւմուտքի հետ ներկայիս հարաբերությունները շուտով կքանդվեն:

Մոտ հեռանկարում ԱՄՆ-ն ձգտելու է եթե ոչ հակամարտություն, ապա գոնե քիչ թե շատ հակամարտային հարաբերություններ ձեւավորել Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ: Դա առավել ցայտուն կդրսեւորվի էներգահաղորդակցությունների ոլորտում, սակայն այդ քաղաքականությունը կարող է տեղի ունենալ շատ ուղղություններում:

Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի քաղաքականությունը նկատելիորեն տարբերվում է եվրոպացիների քաղաքականությունից, որոնց ավելի շատ հետաքրքրում է Թուրքիային Եվրամիություն չթողնելը: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փորձում են, եւ դրա համար կան բոլոր հնարավորությունները, մանեւրի եւ հաճախ դեմագոգիկ խաղ վարել Թուրքիայի նկատմամբ:

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ենթադրում են, որ շահավետ ու հաղթական դիրքում են եւ կարող են օգտագործել Թուրքիայի պահվածքը՝ խաղալով նրա դրության վրա, այդ թվում՝ նկատի ունենալով եվրոպական ու մերձավորարեւելյան ուղղություններում նրա քաղաքականության բարդությունները:

Նկատի ունենալով Բալկաններից Կենտրոնական Ասիա ընկած տարածությունում ԱՄՆ եւ Ռուսաստանի մի շարք ռազմավարական խնդիրների առկայությունը՝ կարելի է ենթադրել, որ «մեծ թուրքական խաղը» կդառնա ասպարեզներից մեկը, որտեղ երկու տերություններն իրագործելու են բազմաբարդ քաղաքականություն:

Հարավային Կովկասը նոր դեր է ստացել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում, այսինքն՝ նոր նշանակություն՝ կապված «մեծ թուրքական խաղի» հետ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20