«Ծառուկյան» դաշինքի ու հայաստանյան քաղաքականության համախտանիշը

- in Ով ով է ..., Պնակալեզներ
208
Gagik Tsarukyan

Այն, ինչ տեղի է ունենում կամ տեղի ունեցավ, կամ դեռևս կշարունակի տեղի ունենալ «Ծառուկյան» դաշինքի հետ՝ մանդատների պատմության համատեքստում, իրականում ոչ միայն «Ծառուկյան» դաշինքի, այլ ընդհանրապես հայաստանյան քաղաքականության համախտանիշն է:

Այստեղ կարող ենք փնտրել անուններ, վարկածներ, դավադրության տեսություններ, խորհրդավոր գործարքներ ու հավակնություններ, պայմանավորվածությունների խախտում և այլն, կարող ենք տալ տարբեր անուններ, բայց այդ ամենն իրականում խնդրի միայն մակերեսն է: Բուն խնդիրը խորքում է, քաղաքական համակարգում, դրա հիմքում: Այդ արատները այսօր դրսևորվում են «Ծառուկյան» դաշինքում, երեկ դրսևորվում էին «Արդարություն» դաշինքում, դրանից առաջ ԱԺՄ-ում, մինչ այդ՝ ՀՀՇ-ից ՀՀԿ կամ Երկրապահ առնետավազքում, վաղը դրանք կդրսևորվեն մեկ այլ քաղաքական ֆորմատում:

Այդ ամենը անխուսափելի է լինելու և Հայաստանը դուրս չի գալու այդ արատավոր շրջանից, եթե տեղի չունենա քաղաքական համակարգի կազմակերպման սկզբունքների, մոտեցումների, մտածողության արմատական փոփոխություն: Իսկ այդ փոփոխությունը պետք է նախաձեռնի իշխանությունը, որովհետև դրանում շատ կարևոր նշանակություն են ունենալու օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնց ուժով է միայն հնարավոր ներդնել նոր մտածողությունն ու նոր հարաբերությունների մշակույթը: Հակառակ պարագայում, եթե այդ ամենը տեղի ունենա այսպես ասած ինքնըստինքյան, դրա համար կպահանջվեն տասնամյակներ, իսկ այդքան ժամանակ Հայաստանը չունի: Հայաստանի շուրջ կատարվում են ահռելի տեկտոնական շարժեր, փոխվում են տարածաշրջանային անվտանգության համակարգեր, կոնֆիգուրացիաներ, ձևավորվում են խաչաձև դաշինքներ և գործընկերային վեկտորներ: Մինչ Հայաստանում հանրությունն ուշի ուշով դիտում էր մանդատների տեսարանը, Սոչիում հանդիպում էին Պուտինն ու Էրդողանը: Հայաստանի մասին նրանք չեն ասել հրապարակային որևէ բան, բայց ռուս-թուրքական օրակարգում Հայաստանը չի կարող չլինել, անգամ, եթե Պուտինն ու Էրդողանը չեն հանդիպում:

Մինչ Էրդողանը հանդիպում է Պուտինի հետ, մյուս ձեռքով զարավարժություն է անում Ալիևի հետ: Այդ ընթացքում Հայաստանում ռուսական ռազմակայանում մի քանի ամիս շարունակ չի վճարվում սպասարկող անձնակազմի աշխատավարձը՝ հերթական անգամ ռազմակայանը դարձնելով սկանդալային պատմության առանցքային կետ: Դրան զուգահեռ խոսակցություն է ծավալվում այն մասին, որ Թուրքիան մտադիր է ռազմակայան ստեղծել Նախիջևանում, որտեղ արդեն իսկ Բաքվի հետ ստեղծել է համազորային բանակ: Սա միայն խնդիրների այն փոքրաթիվ ծավալն է, որ առկա է Հայաստանում մանդատների պատմությանը ժամանակային առումով գրեթե զուգահեռ:

Այդ զուգահեռ խնդիրների ցանկը հնարավոր է անվերջ շարունակել, որտեղ ոչ միայն Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն են, այլ գործնականում ամբողջ աշխարհը: Ի վերջո, մինչև Էրդողանին ընդունելը, Պուտինը Սոչիում հանդիպեց Գերմանիայի կանցլեր Մերկելին և հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Օրակարգում Հայաստանին վերաբերող հարց իհարկե չկար, սակայն աշխարհաքաղաքական զարգացումների խտությունն առավել ևս այսօր այնքան մեծ է, որ օրակարգում լինել-չլինելը, մեղմ ասած, պայմանական է արդեն վաղուց: Ահա այս փոթորկի ֆոնին մենք տեսնում ենք, թե ինչպիսի գործընթաց է ծավալվում Հայաստանի խորհրդարանի կազմի որոշման հարցում, ինչն է հանդիսանում հայաստանյան ներքաղաքական օրակարգի ամենահնչեղ հարցը: Այդ ամենի վրա հարկ կլիներ ծիծաղել, եթե խոսքը չվերաբերեր պետության ճակատագրին, անվտանգությանը, պարզապես գոյության հեռանկարին: Հայաստանն աշխարհաքաղաքական խիստ գործընթացում կենսունակ լինելու համար կարիք ունի էապես վերափոխել քաղաքական համակարգը և այդ գործընթացը պետք է լինի ոչ թե այսպես ասած էվոլյուցիոն, այլ ռևոլյուցիոն՝ հեղափոխական ճանապարհով, և իշխանությունը պետք է հանդես գա արմատական նախաձեռնություններով, որոնք կներդնեն քաղաքական նոր կանոններ ու նոր մշակույթ: Մյուս կողմից, սակայն, դրա համար պետք է իշխանություն, որին այդ ամենը անհրաժեշտ է և հետաքրքիր: Մինչդեռ, Հայաստանի ներկայիս իշխանությունը քառորդ դար հենց առկա «մշակույթի» և «հարաբերությունների» շնորհիվ է անընդհատ վերարտադրվել իր տնտեսական և քաղաքական դիրքերում:

Հետևաբար չկա որևէ անհրաժեշտություն փոխելու իրերի այդ դրվածքը, առնվազն այնպես, ինչպես անհրաժեշտ է պետությանը: Այդ դրվածքը կփոխվի այնպես և այնքան, որքան իշխանությանն է անհրաժեշտ: Իսկ իշխանությանն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտում հանրային ուշադրությունը գրավեն հենց տեսարանները, ոչ թե լրջագույն տնտեսական ու քաղաքական հարցեր պարունակող օրակարգային նախաձեռնությունները, որոնք կստիպեն իշխանությանը հաշվետու լինել հանրությանն իր որոշումներում և գործողություններում: Իսկ եթե հարց չկա, տեսարանների նշանակությունն իշխանության համար առավել ևս մեծանում է: Ամբողջ խնդիրն այն է, որ տարիների ընթացքում տեսարանային մտածողությունը սկսել է գերիշխել նաև հակադիր բևեռում՝ ընդդիմադիր դաշտում, և այդ առումով իշխանության վրա չկա նաև ճնշում, այսպես ասած, ներքևից: Ընդդիմադիր դաշտում տեսարանները ստացել են ձեռքբերման ընկալում, ձեռքբերման նշանակություն, և այդ իմաստով ընդդիմությունը, կամա թե ակամա, դարձել է երկրորդ ձեռքը, որով իշխանությունը ստանում է տեսարանների համար անհրաժեշտ ծափը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20