Զույգի համար էական չէ, թե որ «ութնյակը» կիրականացնի իր պայմանավորվածությունների կատարումը

- in Կեղտոտ լվացք
191
Serzh Gagik

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած քննարկումից հետո հրապարակել է նոր խորհրդարանում դաշինքին հասանելիք խորհրդարանական պաշտոններում առաջադրվելիք թեկնածուների անունները:

«Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, ԱԺ երեք փոխնախագահների մեկի պաշտոնի համար կառաջադրվի Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Դաշինքին հասանելիք 3 հանձնաժողովների նախագահների պաշտոններում կառաջադրվեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը:

Ինչպես նկատեցիք` պոտենցիալ պաշտոնյաների ցուցակից բացակայում է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, դաշինքի ցուցակի երկրորդ համար, մինչև վերջերս Ծառուկյանի «աջ ձեռքի» համարում ունեցող Իշխան Զաքարյանը, որը նաև նախընտրական շտաբի պետն էր: Զաքարյանն, ըստ էության, մեկուսացվել է Գագիկ Ծառուկյանի թիմից և լուսանցքային կարգավիճակ ունի: Նրան չի ներվում այն հանգամանքը, որ «Ծառուկյան» դաշինքում զվաղված է եղել Հովիկ Աբրահամյանի, երբեմն նաև` Ռոբերտ Քոչարյանի շահերի լոբբինգով: Ծառուկյանի համբերությունը վերջնականապես հատել է այն բանից հետո, երբ Զաքարյանը կազմակերպեց ինքնաբացարկի դիմումներից հրաժարված ու մանդատ վերցրած ութնյակի «բունտը»` էապես սասանելով ԲՀԿ առաջնորդի հեղինակությունը թե՛ թիմի ներսում, թե՛ Սերժ Սարգսյանի մոտ, որի հետ Ծառուկյանը համաձայնեցրել էր իր դաշինքի ապագա խմբակցության անվանական կազմը: Դատելով Նապոլեոն Ազիզյանի այսօրվա բարձր տրամադրությունից` կարելի է ենթադրել, որ նա ու գուցե «ըմբոստ ութնյակից» էլի ոմանք Ծառուկյանի կողմից «համաներվել» են և, այնուամենայնիվ, կպահպանեն իրենց մանդատները:

Ի վերջո, մեծ հաշվով, Ծառուկյան-Սարգսյան զույգի համար այնքան էլ էական չէ, թե որ «ութնյակը» կիրականացնի իր պայմանավորվածությունների կատարումը, մանավանդ՝ իրական այլակարծություն «Ծառուկյան» դաշինքում չի եղել ու չկա: Էականն` այն մարդուն պատժելն է, ով համարձակվել է խռովություն կազմակերպել դաշինքում, այն էլ` Սարգսյան-Ծառուկյան պայմանավորվածությունների դեմ, որոնք միայն առերևույթ են վերաբերում խորհրդարանական մանդատներին ու ավելի շատ շոշափում են ապագա իշխանության ձևավորման հարցը:

Փաստն այն է, որ Զաքարյանը ոչ միայն չստացավ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, այլ Ծառուկյանի կողմից կանխվեց Զաքարյանի միջոցով Հովիկ Աբրահամյանի լարած ինտրիգը, որի նպատակը` դաշինքում նախկին վարչապետի ստվերային ազդեցության մեծացումն էր: Ընդ որում, Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի միջոցով «խաղից դուրս» թողեց Իշխան Զաքարյանին, իսկ վերջինիս «կնքահայր» Հովիկ Աբրահամյանը հենց նախագահի շրջապատից ստացավ հստակ մեսիջներ, որ իշխանություն հետդարձի կամուրջներն այրված են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20