Կարապետյանին խոստացել են իշխանություն սկուտեղի վրա

- in Ով ով է ..., Պնակալեզներ
170
Karen Karapetyan

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է՝ նոր կառավարությունում էական փոփոխություններ չեն լինի, որովհետև այն գործելու է մինչև 2018 թ.-ը:

Կարապետյանի խոսքի մեջ, իհարկե, կա տրամաբանություն. ի վերջո, չարժե առանձնապես լուրջ հեռանկար տեսնել մի կաբինետի մեջ, որ հեռանալու է ընդամենը տասը ամսից: Կառավարության ժամանակավորությունն այնքան ակնհայտ է, որ դրանից հեռանում են անգամ դրա անդամները, եթե համարժեք ընտրության հնարավորություն ունեն:

Խոսքս, մասնավորապես, Արփինե Հովհաննիսյանի մասին է: Մյուս կողմից՝ գործող կաբինետը, որը փաստորեն կոսմետիկ փոփոխություններով վերանշանակվելու է, բովանդակություն չունի՝ թե՛ կազմի և թե՛ ծրագրային առումով:

Հոկտեմբերին Կարեն Կարապետյանի շուրջ դրական էֆեկտ առաջացավ ոչ թե նոր կառավարության կազմի կամ գործունեության, այլ այն բանի շնորհիվ, որ նա չէր ասոցացվում համակարգի հետ ու մի քանի օդիոզի հեռացրեց պաշտոններից: Խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցավ համակարգի ու Կարապետյանի «մերումը», ինչի հետևանքով Կարապետյանը համակարգի համար ավելի յուրային չդարձավ, բայց կորցրեց իր քաղաքական «կուսությունը»:

Գործող և վերանշանակման սպասող կառավարությունն արդեն բեռ է Կարապետյանի համար, որովհետև, առաջին հերթին, չի դառնում այն գործիքը, որի միջոցով վարչապետը կարող է հաղթել ներքաղաքական դիմակայությունում: Այնտեղ չկա ու չի երևում Կարապետյանի թիմը, եթե, իհարկե, նման բան գոյություն ունի առհասարակ: Փոխարենը կառավարությունն «ականապատված» է Սերժ Սարգսյանին հավատարիմ կադրերով, նրա դաշնակից դաշնակցականներով: Սա, իհարկե, ազգային համաձայնության կառավարություն չէ, նույնիսկ ստվերը չէ այն բանի, ինչ Սերժ Սարգսյանը խոստանում էր ձևավորել անցյալ տարի օգոստոսին՝ «Ծռերին» հնազանդեցնելուց հետո: Այս կառավարությունն առավելագույնը գործող համակարգի տարբեր սեգմենտների կոալիցիա է, ներհամակարգային համաձայնության ծնունդ: Այն համակարգի, որին Սերժ Սարգսյանն ուզում է տրանսֆորմացնել, ավելի շուտ՝ փոխարինել նորով:

Ստացվում է՝ Կարեն Կարապետյանը, ով «նոր ոգի» պետք է բերեր, կարող է և, ամենայն հավանականությամբ, իր քաղաքական հեռանկարը կխորտակի հին համակարգի փլատակների տակ: Բայց այդ ընտրությունը հենց Կարապետյանն է կատարել՝ համաձայնելով «նոր ոգի» լինել հին համակարգում, «նոր ոգով» լեգիտիմացնել ռեյտինգայինների շռնդալից «տոկոսխփոցին»:

Հիմա էլ Կարապետյանը համաձայնում է քաղաքական կապիտուլյացիային, երբ իր հրապարակային դեմքով ապահովված հաղթանակը մեջ-մեջ է արվում՝ վարչապետության «ժամանակավորությունը» սահմանադրական պարտադրանքից վերածելով քաղաքական կարգավիճակի: Այնպիսի տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը հետևողականորեն նախապատրաստում է իր քաղաքական կապիտուլյացիան:

Սակայն գուցե ինչ-որ բան կա, խորհրդավոր ինչ-որ պայմանավորվածություն, որը հասու չէ հասարակ մահկանացուներիս: Գուցե համակարգային տրանսֆորմացիան Կարեն Կարապետյանին տանելու է նախագահական պալատ, որը 2018-ից հետո առանձնապես բան չի որոշելու ու իսկը գեղեցիկ ժպիտի ու վիրտուալ սպասումների խորհրդանիշ կարող է դառնալ: Կամ գուցե Կարեն Կարապետյանը որոշել է «փաստացի վարչապետ» լինել, այսինքն՝ 2018-ի ապրիլից հետո, առաջին փոխվարչապետի կարգավիճակում, «առաջընթաց» ապահովել Սերժ Սարգսյանի «անվտանգ Հայաստանում»: Կամ էլ իշխանության հարցը Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը չեն որոշում, և ընդհանրապես այդ հարցը Երևանում չի որոշվում, իսկ որոշողները Կարապետյանին խոստացել են իշխանություն սկուտեղի վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20