Կարեն Կարապետյանը հակադրվում է «ժամանակակից Երևանի» մասին խոսող Կարեն Կարապետյանին

- in Ով ով է ..., Պնակալեզներ
155
Karen Karapetyan

Կարեն Կարապետյանը Երևանի ավագանու ընտրություններում, բնականաբար, քվեարկել է հարազատ կուսակցության և նրա թեկնածուի օգտին: Սա, թերևս, բնական է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ վարչապետի քվեարկությունը հակասում է Երևանի մասին ունեցած նրա տեսլականին:

Հարցին, թե ինչպիսին կցանկանար տեսնել Երևանը, վարչապետը պատասխանել է. «Ժամանակակից, ճկուն կառավարման համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջներին»: Գուցե Կարապետյանը կարծում է, թե Երևանին կառավարման այլ մոդել է պետք: Սա նույնպես տարբերակ է, սակայն քիչ հավանական, քանի որ գոնե մինչև այս պահը չենք լսել վարչապետի որևէ հրապարակային հայտարարություն, որ «ժամանակակից Երևանի» կայացման խոչընդոտն օրենսդրորեն ամրագրված կառավարման համակարգն է:

Եթե անկեղծ լինենք, սպասելի էր, որ Երևանի ընտրությունների քարոզարշավի ժամանակ դիսկուրս կծավալվի նաև այս հարցի շուրջ, սակայն ծրագրային բաղկացուցիչն այս ընտրություններում առհասարակ բացակայում էր: Սակայն վերադառնանք վարչապետի այսօրվա տեսակետին և գրեթե վստահաբար արձանագրենք, որ «ճկուն կառավարման համակարգ» ասելով` Կարապետյանն, ըստ ամենայնի, նկատի ունի Երևանի կառավարման որակի բարձրացման, գլոբալ առումով` որակապես նոր իշխանության ձևավորման անհրաժեշտությունը: «Ժամանակակից Երևանի» կոնցեպտը հենց սա է ենթադրում, և Կարեն Կարապետյանը տեսականորեն ճիշտ է:

Այլ խնդիր է, որ քվեարկություն կատարող Կարեն Կարապետյանը հակադրվում է «ժամանակակից Երևանի» մասին խոսող Կարեն Կարապետյանին, որովհետև այն, ինչ այսօր Երևանում, մեծ հավանականությամբ, վերարտադրվելու է քրեաօլիգարխիայի մինի մոդելն է, նրա մայրաքաղաքային դրսևորումը: Սակայն քաղաքական դուալիզմը Կարապետյանին բնորոշ է: Օրինակ, նա հավակնում է պետության ղեկավարի կարգավիճակին` առանց քաղաքական դիմագիծ ու թիմ ձևավորելու կամ հրապարակավ կարևորում է հակամենաշնորհային քաղաքականությունը` մերվելով այն համակարգին, որը «կենսունակ» է բացառապես մրցակցության բացակայության պայմաններում:

Բայց Կսրապետյանը միշտ արդարացում կարող է գտնել: Օրինակ, նա այսօր չի գովել Տարոն Մարգարյանին, ուղղակի ասել է, որ «այլ ավելի լավ թեկնածու չկա»:

Ցավալին այն է, որ Կարապետյանի ասածի մեջ ճշմարտության հատիկ կա ու ստացվում է, որ հակասական են ոչ միայն Կարապետյանի խոսքն ու քվեարկությունը, այլ ամբողջ ընտրական գործընթացն ու մեր պատկերացումները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20