Կարեն Կարապետյանի «քաղաքական փչացումը»

- in Ով ով է ..., Պնակալեզներ
288
Karen Karapetyan

Այսօր ԿԸՀ-ն կհրապարակի նոր խորհրդարանի պատգամավորների անվանական կազմը: Այն արդեն, ըստ էության, պարզ է, որովհետև երեկ հայտնի են դարձել այն թեկնածուները, ովքեր ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:

Խորհրդարանական այս ընտրությունների հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջատար երկու կուսակցությունների պատգամավորների անուններն իմացվում են ընտրություններից մեկ ամիս անց: Հասարակության քվեն, ռեյտինգային թեկնածուի հավաքած քվեները, համամասնական ցուցակում թեկնածուի զբաղեցրած տեղը վճռորոշ գործոններ չեն: Այս առումով նոր խորհրդարանի պատկերն իսկապես պարադոքսալ է, որովհետև, որպես քաղաքական խճանկար, դասավորություն, այն ձևավորվել է մի ընտրություններով, որոնցից հնարավորինս դուրս են մղվել քաղաքականությունը, քաղաքացիականությունը, ծրագրային բաղկացուցիչն ու մրցակցությունը:

Սակայն դա քիչ էր: Իշխանության փոխանցման, համակարգային տրանսֆորմացիայի հայելային արտացոլում հանդիսացող խորհրդարանում անհրաժեշտ է ձևավորել անխափան մեծամասնություն: Խոսքն այն ֆորմալ, «թղթային» մեծամասնության մասին չէ, որը առաջիկա ամսում դառնալու է նոր, ըստ էության, դարձյալ ժամանակավոր կառավարության խորհրդարանական հենարանը: Այդ խնդիրը լուծվել էր դեռ ապրիլի 2-ին. հիմա, երբ հասարակությունը վերջնականապես օտարված է գործընթացից, լուծվում է համակարգի համար ավելի սկզբունքային հարց՝ խորհրդարանական իրական, ոչ ֆորմալ մեծամասնության խնդիրը: Այն մեծամասնության, որը «ազգային համաձայնության» կամ բարձրագոչ այլ փաթեթավորմամբ ստվերից դուրս է գալու 2018-ի ապրիլին՝ լեգիտիմացնելու համար իշխանության վերարտադրության գործընթացը, դառնալու համար այն վերահսկիչ փաթեթը, որի միջոցով Սերժ Սարգսյանն ուղղակի կամ անուղղակի շարունակելու է ղեկավարել երկիրը:

Մեկ ամիս շարունակ Սարգսյանը ստվերային բանակցությունների մեջ էր Գագիկ Ծառուկյանի, վարչապետի, ՀՅԴ-ի հետ, ու այդ բանակցությունների արդյունքը դարձան ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի «ֆիլտրված», հասարակության «մատնահետքից» վերջնականապես մաքրված ցուցակները:

ՀՀԿ-ի պարագայում «ինքնամաքրման» գործընթացը սահուն և անաղմուկ եղավ՝ հար և նման ապրիլերկուսյան ընտրությունների տրամաբանությանը: Նախ՝ ՀՀԿ համամասնական և վարկանիշային ցուցակները ի սկզբանե «ֆիլտրված» և համապատասխանեցված էին Սերժ Սարգսյանի ծրագրերին, և հետո՝ իշխանության պարագայում միշտ հնարավոր է գտնել լուծումներ, որոնցով բավարարված լինեն բոլորը: Եթե կուզեք, վերջին «խորհրդավոր» ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանը նույնիսկ լուծել է ներհամակարգային «արդարությունը» վերականգնելու հարցեր, օրինակ՝ որպեսզի մեկ ընտանիքից երկուսը պատգամավոր չդառնան, կամ մանդատ ստանա Վլադիմիր Գասպարյանի փեսան և այլն: Ասածս այն է, որ գործող նախագահն ավելի է «ցեմենտել» համակարգը՝ հնարավորինս կոնսոլիդացնելով այն:

Այլ է «Ծառուկյան» դաշինքի պարագան, որտեղ ցուցակները «ֆիլտրվել» են դրանք Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածություններին համապատասխանեցնելու համար: Այստեղ արդեն կան և էլի կլինեն սկանդալներ, որովհետև, օրինակ, վարկանիշային ընտրակարգով պատգամավորներ դարձած Խաչիկ Մանուկյանն ու Նապոլեոն Ազիզյանը պնդում են, որ ինքնաբացարկի դիմումներ չեն գրել, կամ առնվազն տարօրինակ ու հակաքաղաքական և անտրամաբանական է, երբ ինքնաբացարկի դիմում է գրում դաշինքաստեղծ կուսակցություններից մեկի միակ անցողիկ թեկնածուն, իսկ Արագածոտնի մարզից և Երևանի Նոր Նորքի ընտրատարածքներից պատգամավոր են դառնում մարդիկ, ովքեր կուսակցության վարկանիշային թեկնածուների մեջ ընդամենը երրորդն են եղել՝ իրենց ստացած աննշան քվեներով:

«Ծառուկյան» դաշինքը հայտնվելու է սկանդալների կիզակետում, սակայն այս հանգամանքն ամենաքիչն է հետաքրքրում Սերժ Սարգսյանին: Ստեղծված վիճակը նույնիսկ ձեռնտու է նրան, որովհետև վարկաբեկված միավորին ավելի հեշտ է հակել համաձայնությունների: Գուցե պարադոքսալ հնչի, սակայն իր անունը կրող դաշինքի հեղինակությունն ու վարկանիշն այլևս հետաքրքիր չեն նույնիսկ Գագիկ Ծառուկյանին: Իշխանության վերարտադրության և համակարգային տրանսֆորմացիայի գործընթացում մեծահարուստ գործարարին հետաքրքրում են իր անձի ապահովության ու բիզնեսի անձեռնմխելիության հետ կապված երաշխիքները: Ընդ որում, դրանք նա ցանկանում է ստանալ Սերժ Սարգսյանից՝ լարված հարաբերություններ ունենալով վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա հովանավոր Սամվել Կարապետյանի հետ: Երաշխիքների նոր «փաթեթը» ստանալուց հետո Ծառուկյանին չեն հետաքրքրելու ոչ քաղաքականությունը, ոչ էլ հարազատ կուսակցությունը: Ենթադրելի է, որ ԲՀԿ-ին սպասվում է ՕԵԿ-ացման անխուսափելի հեռանկարը:

Առանձնակի հույսեր չեն առաջացնում նաև այն ուժերը, որոնք հայտնվեցին խորհրդարանից դուրս: Պարտվելը կամ խորհրդարանում չհայտնվելն ինքնին ողբերգություն չէ: Ողբերգությունն այն է, որ քաղաքական ուժերը չունեն ռեաբիլիտացվելու, իրավիճակն ադեկվատ գնահատելու և ելքեր առաջարկելու ռեսուրս: ՀԱԿ-ի ամբողջ ընտրարշավը, նաև հետընտրական հռետորաբանությունը կառուցված են «մունաթի» վրա: Տպավորություն է ստեղծվում, թե Տեր-Պետրոսյանի թիմը հաշվեհարդար է տեսնում հասարակության հետ: Խաղաղության ծրագիրը փորձում են դարձնել հասարակական կոնսենսուսի առարկա՝ այն ժողովրդին պարտադրելու անպտուղ ջանքերի փոխարեն: Այս ֆոնին ադեկվատությունից զուրկ են թվում ՀԱԿ-ի սպառնալիքները՝ փողոցային պայքարի անցնելու մտադրության մասին, մանավանդ՝ այս կուսակցության անգամ ինստիտուցիոնալ հեռանկարը վիճահարույց է քաղաքական թատերաբեմից Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո:

Ավելի մշուշոտ է ՕՐՕ դաշինքի հեռանկարը, որը ձևավորվեց քաղաքական «աբիժնիկության» հենքով և ընտրարշավում առաջնորդվում էր «քաղաքական դիվերսիայի» մարտավարությամբ: Այս դաշինքը, որի ֆիասկոն արձանագրվեց ոչ թե ապրիլի 2-ին, այլ ՕՐՕ-ի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանի ձերբակալության օրը, չի հաղթահարել պարտության շոկը ու դեռ երկար ժամանակ չի կարողանալու որևէ նշանակալից քայլ կատարել՝ անկախ ֆորմատային միասնականությունը պահպանել-չպահպանելու հանգամանքից:

Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ն՝ իր սոցիալական կազմով, չի կարող դառնալ դասական ընդդիմություն և առիթ է փնտրելու ինտեգրվել իշխանության համակարգին: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ռեաբիլիտացիայի շանս կունենա, եթե հրաժարվի իր այսօրվա սխալ մեկնակետից, երբ ձախողման պատճսռ է համարվում ոչ թե ընտրված ոչ արդյունավետ մարտավարությունը, քաղաքական լղոզվածությունը, այլ այն մտացածին կարծիքը, թե մեր հասարակությունն իբրև թե հեռու է արևմտյան արժեհամակարգից: Մեր հասարակության ներսում կան սոցիալական խմբեր, որոնք այդ արժեհամակարգի կրողներ են: Այլ խնդիր է, որ նրանք չվստահեցին քաղաքական ուժի, որի համար արևմտամետությունը ոչ թե բովանդակություն է, այլ ֆորմալություն:

Առաջիկա մեկ տարում տեսանելի չեն քաղաքական նախաձեռնություններ, զարգացումներ, որոնք կարող են չեղարկել Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերը: Կարելի է նույնիսկ պնդել, որ ոչ միայն մեկ կամ մի քանի կուսակցության համամասնական ցուցակ է հարմարեցված Սերժ Սարգսյանի քաղաքական ճաշակին, այլև, կամա թե ակամա, ամբողջ քաղաքական համակարգը՝ իր իռացիոնալությամբ և անգործությամբ:

Ինչևէ, ավարտված է իշխանության վերարտադրության գործընթացի հերթական փուլը, տրված է նորի մեկնարկը, որի հիմնական դրսևորումը լինելու է վարչապետ Կարեն Կարապետյանի «քաղաքական փչացումը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20