Համերգ՝ ի հիշատակ թավշե բաս Վալերի Հարությունյանի

- in Մշակույթ
26
astx

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում օպերային արիաների երեկո էր.

Հայկական օպերային արվեստի երախտավոր Վալերի Հարությունյանի մահից ընդամենը 2-3 շաբաթ անց նրա հիշատակին կազմակերպված համերգն անցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում: «Երաժշտական հինգշաբթի» մշակութային միջոցառումների շրջանակներում անցկացվող համերգաշարի մեջ այս մեկը տարբերվում էր մնացյալից, նախ, այն հուզական մթնոլորտով, որ ստեղծվում էր, ասես, սիրելի երգչի, արվեստակից ընկերոջ, ուսուցչի կենդանի ներկայությունն այս դահլիճ բերած և իրենց կատարումներով դա անուղղակիորեն ընդգծող մարդկանցով, և ապա ընտրված երկացանկով՝ սիրված արիաներ՝ օպերաներից::

Հայ հանդիսականը Վալերի Հարությունյանին ճանաչում և գնահատում է Հայաստանի օպերային թատրոնում իր ստեղծած՝ ավելի քան քսան կերպարներով. նաև փոքր կտավի դասական երգերի և ռոմանսների նրբազգաց կատարող էր: Նրա դերերգերը «Սևիլյան սափրիչում», «Իոլանտայում», «Ռոմեո և Ջուլիետում», Մոցարտի, Վերդիի, Ռոսսինիի, Ֆորեի, Չուխաջյանի, Ա. Սպենդիարյանի, Ալ. Հարությունյանի, Է. Հովհաննիսյանի և բազում այլ հեղինակների հոգևոր և աշխարհիկ ստեղծագործությունների կատարումները թե՛ փոքր ու մեծ բեմերից և թե՛ հայոց տաճարներում, հիշվել են, տպավորվել, հուզել ունկնդրին…

Գնահատելով Վ. Հարությունյանի վաստակը հայ արվեստում՝ ՀՀ մշակույթի նախարարությունը երգչին ոսկե մեդալ է շնորհել, իսկ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արժանացրել է Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ շքանշանների: Ինքն էլ տասնամյակներ առաջ հայրենադարձվել էր Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով և օպերային թատրոնում արգասաբեր գործունեությանը զուգահեռ երկար տարիներ երգել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում:

Ի հիշատակ երգչի՝ նրա երկարամյա գործընկեր և համախոհ, դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան երաժշտանոցի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը կազմել էր համերգային ծրագիր՝ օպերային երգիչ-երգչուհիների՝ Նարինե Անանիկյանի (Մեցցո-սոպրանո), Դիանա Հարությունյանի (սոպրանո), Անդրանիկ Մալխասյանի (բարիտոն) և Սերգեյ Սարգսյանի (բաս) մասնակցությամբ: Համերգին հնչած՝ բացառապես օպերային արիաները քաղված էի Բերլիոզի, Բելինիի, Բոյտոյի, Րոսինիի, Մոցարտի, Վերդիի, Կորնգոլդի, Դոնիցետտիի, Վագների, Չայկովսկու, Բորոդինի ստեղծագործություններից:

Մինչ համերգի սկիզբը զրուցեցինք Մարգարիտ Սարգսյանի հետ այն արվեստագետի մասին, ում նվիրված էր երեկոն:

«ՀՈՅԱԿԱՊ ԲԱՍ ՄԸ ԹԱՎՇԱՆՄԱՆ ՁԱՅՆՈՎ»

-«Քո ձայնով երբեք գումար մի՛ վաստակիր: Քո ձայնը արվեստին է պատկանում, և ոչ՝ գումարին»,- Վազգեն Ա Կաթողիկոսի այս խրատը, որ ժամանակին Հայրապետն է տվել Վալերի Հարությունյանին, սիրում էր կրկնել երգիչն իր սաներին: Հետո ուսուցիչն իր կողմից ավելացնում էր,- գնացե՛ք, բեռնակիր աշխատեք կամ մեկ ուրիշ բան, բայց ձայնին «ձեռք չտաք»: Բեմ ելեք ազատ, ձերբազատված»: Մի քանի տասնյակ սերնդի երգիչներ են դասեր առել նրանից: Որտեղի՞ց էր բխում նրա նման հավատավոր մոտեցումը:

Մ. Սարգսյան.- Հոգևորին իր նվիրվածությունը գալիս էր դեռ իր վաղ երիտասարդության տարիներից, երբ ծագումով ղարաբաղցի, Բաքվում ապրող և ուսանող Վ. Հարությունյանը ծանոթանում է տեղի հայկական եկեղեցում ծառայություն մատուցող հոգևոր հոր՝ Հայր Գրիգորի հետ: Վերջինիս հորդորով էլ ծանոթանում է հայ հոգևոր երաժշտությանը, իսկ 1969թ.-ի մայիսին Վազգեն Ա Կաթողիկոսի այցից առաջ՝ կազմավորում եկեղեցական երգչախումբ: Հայր Գրիգորի ջանքերով իր հոգու դատարկ տարածքը լցվում է նոր արժեքներով, նոր վերաբերմունք է մշակվում կյանքի հանդեպ, ոնց Վ. Հարությունյանն էր խոստովանում՝ բացվում է ուղին դեպի Արարիչ: Արդեն ուներ ետևում մի շարք հաջողված օպերային դերերգեր, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսից առաջարկ է ստանում գալ Հայաստան, ու երիտասարդ երգիչն անհապաղ որոշում է կայացնում հաստատվելու հայրենիքում, որտեղ իր ապրած առաջին տարիները, բնավ, դյուրին չէին: Միայնակ էր, մայրենի լեզվին չէր տիրապետում: Բայց Հայրապետի հայրական ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատված՝ հաղթահարում է դժվարությունները, շուտով դառնում Սուրբ Էջմիածնի երգչախմբի մենակատար. սուրբ կապերով էր կապված նա այդ երգչախմբին ու հոգևոր երաժշտությանը, և խորհրդային տարիներին անգամ անանուն մատնագրերն ի զորու չեն լինում կտրելու այդ կապը: Ամեն կիրակի, հոգում սերն առ Արարիչ, իր թավշե ձայնով Վալերի Հարությունյանը հոգևոր երգեր էր հնչեցնում, և շատ ունկնդիրներ իրավացիորեն գնահատում էին, որ անգերազանցելի Լուսինե Զաքարյանից հետո նման հոգեկան թրթիռ ու հույզ ապրում են Վ. Հարությունյանի երգեցողությունն ունկնդրելիս: Դա լավագույն գնահատականն էր երաժշտի համար, որի կյանքում արվեստը բարձրագույն արժեք էր: Պետական մրցանակները, կոչումները հաճախ մանրուք են հանդիսականի սիրո ու ճանաչման հանդեպ:

-«Ես պրոֆեսիոնալ երգիչ եմ դարձել եկեղեցու շնորհիվ: Երգեցողության մշակույթին և ճշգրիտ ձայնարձակությանը ես սովորեցի՝ շնորհիվ այդ երաժշտության»,- ասել է Վ. Հարությունյանը, մարդ, որ կոնսերվատորիայում ունեցել է լավագույն ուսուցիչ, և որին երկրպագել է՝ չնայած նրա խստությանն ու պահանջկոտությանը:

Մ. Սարգսյան.- Երևանի կոնսերվատորիայում ուսանել է Թամար Շահնազարյանին: Հիշում էր. «Ես գործարանային կոփվածքով 28-ամյա տղամարդ լինելով՝ տանում էի նրա դիտողությունները. գոռում էր վրաս, ոնց կգոռան փոքր տղայի վրա, հանդիմանում էր, նոտաները գետին շպրտում…»: Բայց ուսուցիչ ու սան հարգում էին ու գնահատում իրարու. ուսուցիչը գիտեր, որ իր սանը Հայաստանի օպերային ապագա աստղն է դառնալու, իսկ սանը հասկանում էր, որ այդ «անխնա կինն» իրենից երգիչ է կերտում: Նրանից էլ քաղում է նաև մանկավարժական գիտելիքներ, որոնք հետագայում գործածում է՝ որպես երգիչների նոր սերունդներ աճեցնող արժեքավոր մասնագետ:

-Օպերային դերերգեր, մենահամերգներ, համերգային շրջագայություններ աշխարհի տարբեր երկրներում, Հայաստանի ակադեմիական երգչախմբի կազմում անզուգական մեներգեր,- այս ամենը խիստ համառոտ և ոչ ամբողջական ցանկն է նրա ստեղծագործական ուղու:

Մ. Սարգսյան.- Վ. Հարությունյանը հզոր ստեղծագործ անձնավորություն էր, որ սիրում էր աշխատել «խոշոր վրձնահարվածներով»: Նրա կատարողական ոճը միշտ առանձնացել է մասշտաբայնությամբ և մոնումենտալությամբ: Հրաշալի իմանալով իր ձայնի կառույցը՝ լավագույնս կառավարում էր այն, իր ձայնի հզոր բնույթը ենթարկում էր իրեն՝ դրանով կյանք հաղորդելով իր մարմնավորած հերոսներին՝ լիներ դա օպերային թե մեկ դերասանի թատրոնի, ամենում զգացմունքային և հոգեբանական բազմազանությամբ, դրանով հանդերձ իր երգեցողության անհատական ձեռագիրը պահպանելով:

-«Basso exstraordinairy, brillannt»,- այսպես է նրան որակել ֆրանսական մամուլը՝ ակադեմիական երգչախմբի կազմում Ֆրանսայում հյուրախաղերի ժամանակ: Իսկ 1984-ին Եգիպտոսում հյուրախաղերի ժամանակ արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների երկերը ներկայացնելուց հետո Վ. Հարությունյանին գնահատել են. «Հոյակապ բաս մը, անգնահատելի արվեստագետ, կտիրապետե հզոր, թավշանմանձայնով, ազատ թեքնիկ մը»:

Մ. Սարգսյան- Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վալերի Հարությունյանի յուրահատուկ բասը Հայաստանում հնչեց շուրջ հիսուն տարի՝ հզոր, գեղեցկաձայն, մինչև վերջ երգեց այնպես, որ շատ երիտասարդներ կնախանձեին իրեն՝ խորը, հյութեղ, վառ վերին նոտաներով: Դասավանդելիս էլ այնպիսին էր, ոնց կյանքում՝ մաքսիմալիստ՝ գունեղ բնավորությամբ և ամուր ձեռքով: Նա իր «դպրոցն» էր ստեղծել. դա երգեցողության ձևն է, դասավանդման ձևը և դաստիարակելու ձևը: Ծայրահեղ պահանջկոտ էր, հուզական, քունը կորցնում էր, եթե իր որևէ ուսանողի մոտ որևէ բան չէր ստացվում: Հարյուրից ավելի երգիչներ են աշակերտել իրեն, անցել իր դպրոցը, դարձել զանազան բարձր մրցանակների դափնեկիրներ: Եվ ահա նրան ուսանած անձանցից երեքը շուտով մասնակցելու եմ մի կարևոր մրցույթի: Դ. Հարությունյանը, Անդրանիկ Մալխասյանը և Սերգեյ Սարգսյանի հետ համերգային ծրագիր ենք պատրաստել, որ յուրահատուկ փորձություն է Արամ Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթի նախօրեին: Համերգի ծրագիրը դեռ վաղ էր կազմված, բայց հարգված երգչի մահից հետո միակամ որոշեցինք այն նվիրել իմ վաղեմի գործընկերոջ և հոգևոր բարեկամ Վալերի Հարությունյանի հիշատակին, քանի որ ինքը ժամանակին եղել է փայլուն օպերային երգիչ: Համերգը նաև կարծես երիտասարդ օպերային երգիչների շնորհակալական խոսքն է, իրենց խոնարհումը նրա հիշատակի առջև: Մեկ այլ համերգ ևս (այս անգամ հայ հեղինակների օպերային արիաները ներկայացնող)՝ ի հիշատակ երգչի, կկայանա հունիսի 2-ին Կոմիտասի ինստիտուտ-թանգարանի համերգասրահում:

ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐԻԱՆԵՐԻ ԵՐԵԿՈՆ՝ ՉՈՐՍ ԵՐԳՉԻ ՀԵՏ

Այս համերգին բացառապես հնչեցին արևմտաեվրոպացի և ռուս հեղինակների օպերաներից առնված արիաների լավագույն նմուշներ: Դրանցից մի քանիսը ներկայացրեցին Անդրանիկ Մալխասյանը և Սերգեյ Սարգսյանը՝ երկուսն էլ ՀՀ Նախագահի սահմանած մրցանակի դափնեկիրներ են, աշակերտել են Վ. Հարությունյանին: Նրանից վարպետության դասեր է առել նաև Դիանա Հարությունյանը:

Հղկված վարպետությամբ, արտաքնապես անջանք, մեցցո-սոպրանոյի հյութեղ հնչմամբ կատարեց Նարինե Անանիկյանը Ադրիանոյի արիան Վագների «Րիենցի» օպերայից, Մարգարիտայինը՝ Բերլիոզի «Ֆաուստի դատապարտումը» օպերայից, Նունիցայինը՝ Վերդիի «Օբերտո» օպերայից: Դրամատիկ խտացումներ, հուզականության հավասարակշիռ արտահայտություն, սեփական ձայնը կառավարելու հղկվածություն,- սա է հատուկ Ն. Անանիկյանի երգեցողությանը: Այս ամենին գումարվում է բեմական նույնչափ համակրելի պահվածքը՝ յուրաքանչյուր կատարմանը համահունչ մտքի ու հույզի հավասարակշիռ բաշխմամբ:

Անտարակույս, իր բեմականությամբ աչքի է ընկնում երիտասարդ բարիտոն Անդրանիկ Մալխասյանը: Արտիստիկ է, իր դերերի մեջ գլխովին մխրճվող, մշակված ձայնի իր յուրահատուկ հունչով, հանդիսականի հետ անմիջապես «կապ հաստատող» հմայչությամբ: Նրա կատարմամբ Ֆիգարոյի կավալտինան «Սևիլյան սափրիչից» աշխույժ ու միաժամանկ թեթև է հնչում, չնայած դերերգի դժվարությանը: Նույն ընդգծված արտիստիզմով՝ ձայնի և պահվածքի, Ա. Մալխասյանը կատարում է Կոմսի ռեչիտատիվը և արիան Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից և Մալատեստայի արիան Դոնիցետիի «Դոն Պասկուալե» օպերայից: Բոլոր դերերում համոզիչ է, ունի հանդիսականին իր ելույթի առաջին իսկ պահերից գրավելու, իր մարմնավորած կերպարներով համակելու բնատուր շնորհ:

Այլ է Սերգեյ Սարգսյանի բասի հմայքը: Բայց ընդգծեմ՝ միայն խորը, հզոր ձայնի հմայքը չէ, որ շոշափելի է նրա երգեցողությունում. երաժշտական ֆրազների ճիշտ ընթերցումը, անգամ մեկ բառի մեջ ձայնի գունեղ ելևէջումը, հնչման փոփոխությունը կարճ ակնթարթի «սուղ տարածքում», երաժշտական ստեղծագործությունը գրագետ կերպով իր կատարմամբ «ընթերցելու» մշակված ունակությունը նրա երգեցողության առանձնահատկություններից են: Համերգային երեկոյին հանդես եկավ իրարից ոճով ու երաժշտական մտածողությամբ զանազանվող չորս հեղինակների ստեղծագործություններից քաղված արիաների կատարմամբ: Բայց առավելապես տպավորիչ էին նրա զորեղ բասով կատարված Կոնչակի արիան Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայից և Մեֆիստոյի արիան Բոյտոյի համանուն ստեղծագործությունից:

Դիանա Հարությունյանի մարմնավորած՝ Մոցարտի, Կորնգոլդի, Բելլինիի և Չայկովսկու կերտած կերպարները (համապատասխանաբար՝ «Այդպես են վարվում բոլորը», «Մեռած քաղաք», «Նորմա», «Պիկովայա դամա» օպերաներից) հնարավորություն են տալիս ամբողջությամբ բացահայտելու երգրուհու ձայնային բոլոր հնարավորությունները. անկեղծ է իր կատարումներում, հույզի զուսպ արտահայտությամբ՝ կնոջ ապրումների տարբեր արտահայտությունները ձայնով վերարտադրելու ունակ:

Օպերային արիաների երեկոյի գեղարվեստական ղեկավարն էր դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը, որ բարդ այս ծրագրի շրջանակներում դարձյալ համախմբել էր իր հետ մշտապես համագործակցող երգիչ-երգչուհիներին, և որոնց հետ ստեղծագործական նորանոր մտահղացումներ իրականացնելու հեռանկարներ ունի:

Հասմիկ Սարգսյան

Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...